19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Ողորմությունն` աղոթքի թևեր

Սոցիալական աջակցության ծրագրի մասին զրուցեցինք Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի հետ:

Մի օր` գիշերը, մի մարդ երազում մի ձայն է լսում, որը նրան ասում է. «Արի գնանք, ես քեզ ցույց կտամ դժոխքը»: Այդ ժամանակ նա հայտնվում է մի սենյակում, որի կենտրոնում մի սեղան էր դրված՝ շուրջը բազմաթիվ մարդիկ նստած: Սեղանին սնունդով լի կաթսա կար, բայց մարդիկ սոված էին. նրանք փորձում էին երկարապոչ գդալներով ուտել, բայց զուր, քանի որ հնարավոր չէր՝ դրանց երկարության պատճառով: Այդ պատճառով նրանցից մեկը փնթփնթում էր, մյուսը՝ գոռում, երրորդը՝ լաց լինում: Ապա նա լսում է նույն ձայնը. «Արի գնանք, հիմա ես քեզ ցույց կտամ դրախտը»: Այդ ժամանակ նա հայտնվում է նմանատիպ սենյակում միայն մի տարբերությամբ, սեղանի շուրջ նստած մարդիկ հագեցած էին և ուրախ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր երկարապոչ գդալով դիմացինին էր կերակրում: Ձայնն ասաց այդ մարդուն. «Այժմ հասկանում ես, թե ինչպես կարելի է զգալ դրախտը դեռևս այս կյանքում»: Բարին գործողը մխիթարություն է ապրում, քանի որ մխիթարվում է աստվածային մխիթարությամբ: Իսկ չարիք գործողի համար երկրային դրախտը վերածվում է երկրային դժոխքի: Այսինքն՝ արդեն այս կյանքում մարդը կարող է զգալ դրախտը կամ դժոխքը:

Յուրաքանչյուր մարդ իր արարքներով, ուշադրությամբ ու սիրով մերձավորի հանդեպ կարող է իր շուրջը դրախտ կամ դժոխք ստեղծել, օգնել կամ վնասել։ Մերձավորի հանդեպ սիրո անհրաժեշտության մասին Տերը հստակ ասել է. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 7:12):

Ահա այս ամենի հստակ գիտակցումով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, արդեն երկու տարի է, ինչ իրականացնում է սոցիալական ծրագրերի մի շարք, որի շրջանակներում այցելում է կարիքավոր, անապահով ընտանիքների: Սոցիալական աջակցության ծրագրի մասին ավելի մանրամասն զրուցեցինք Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի հետ:

- Օրհնեցե՛ք, Տե՛ր Հայր: Տեսնում ենք, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն իր գործունեության շրջանակներում ակտիվորեն իրականացնում է նաև սոցիալական աջակցության ծրագրեր: Պատմեք, խնդրեմ, ե՞րբ եք սկսել իրականացնել Սոցիալական աջակցության ծրագիրը: 
- Եկեղեցին, իր հիմնադրման օրվանից միշտ էլ իրագործել է սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են եղել տարաբնույթ խնդիրների լուծմանը: «Եվ եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները», - կարդում ենք Ա Կորնթացիների 12-րդ գլխում։ Ահա այս ճշմարտությունը մեր առջև ունենալով, երկու տարի առաջ, Ս. Զորավոր եկեղեցու համայնքը, Մեծ Պահքին ընդառաջ, որոշեց իր ապաշխարության շրջանը համեմել բարի գործերով՝ իր աջակցությունը բերելով կարիքավոր ընտանիքներին։ Տիրոջ կամքով նախաձեռնությունը չավարտվեց միայն այդ շրջանով, այլ դարձավ կայուն մի ծրագիր, որ շարունակվում է մինչ օրս։

- Ո՞րը եղավ առաջին ընտանիքը, որով սկսվեց ծրագիրը: 
- Եկեղեցու ծխական խորհրդի անդամների որոշմամբ առաջնահերթությունը տրվեց բազմազավակ ընտանիքներին։ Քանի որ եկեղեցին գտնվում է Կենտրոն համայնքում, այս համայնքից էլ ընտրվեցին առաջին ութ բազմազավակ, անապահով ընտանիքները: Դրական արձագանքն իրեն սպասեցնել չտվեց, և համայնքի անդամների դրսևորած սիրո և հոգատարության շնորհիվ այս ծրագիրը շարունակական դարձավ և դուրս եկավ Կենտրոն համայնքի շրջանակներից:

- Ինչպե՞ս եք ընտրում ընտանիքներին, Տե՛ր հայր։ 
- Նախնական շրջանում, երբ ծրագիրն իրականացվում էր համայնքի շրջանակներում՝ տեղյակ լինելով համայնքի անդամների կարիքներին, օգնում էինք նրանցից առավել կարիքավորներին: Ծրագրի ընդլայնումից հետո անապահով ընտանիքների մասին տեղեկությունները վերցնում ենք Արարատյան Հայրապետական թեմի սոցիալական բաժնից։ Հաճախ մարդիկ իրենք են մեզ դիմում ՝ մեր մասին տեղեկանալով համացանցում առկա եկեղեցու էջերից:

- Այս նախաձեռնությունը բացի ցանկությունից նաև ներդրում է պահանջում։ Ինչպե՞ս եք բարերարներ գտնում: 
- Փառք Տիրոջը, ես երբևէ ջանք չեմ թափել բարերարներ գտնելու համար, առավելագույնը եղել է մարդկանց խորհուրդ տալը, որպեսզի ողորմության իրենց գործերն այս տեսքով իրականացնեն: Երբ ծրագիրն արդեն մեծ արձագանք ունեցավ, արտերկրում բնակվող իմ ընկերները որոշեցին աջակցել համայնքի այս հոգեշահ ծրագրին, ինչի համար, առանց անուններ նշելու, բոլորին հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Եվ այսպես, արդեն միասնական ուժերով շարունակում են իրականացնել ծրագիրը և վստահ եմ, ապագայում էլ պիտի շարունակվի այն՝ ավելի մեծ թափ ստանալով։

- Ո՞րն է անձամբ Ձեզ համար ողորմության առաքինությունը: 
-Իր ուսուցումներում մեր Տեր Հիսուս Քրիստոս բազմիցս ընդգծում է ողորմածության կարևորությունն ու անգնահատելիությունը: Քանզի այս հասկացության հետ սերտորեն միահյուսված ու անբաժանելի են բազում առաքինություններ, որ քրիստոնյայի անփոխարինելի զարդարանքներն են: Սակայն, առաջին հերթին, դա մեր մերձավորին մեր անձի պես սիրելու պատվիրանի կյանքի կոչումն է, քանի որ այս կերպով փորձում ես մերձավորիդ ցավն ինչ-որ չափով քեզ վրա վերցնել։ Սա Քրիստոսի ուսուցանած զոհաբերության պատրաստ սիրո մի դրսևորում է, և որքան ժամանակ, որ ապրում է այդ սերը, կյանքը չի դադարում: Այն մոտեցնում է մեզ Տեր Աստծուն և Նրա կենարար լույսով սրբում մեր հոգիները: «Պետք է ողորմել հանուն բարության, հանուն մեկս մյուսի հանդեպ կարեկցանքի և այդպես գոհացնել ուրիշներին, կարծես թե մենք կընդունեինք նրանցից ծառայություններ։ Տալ այնպես, կարծես թե մենք ենք ստանում: Եվ սա է ողջամիտ ողորմությունը, այսպես մենք հասնում ենք որդու աստիճանին»,- ասում է Աբբա Դորոթեոսը ողորմության առաքինության մասին:

- Եվ վերջում, Ձեր խոսքը մեր ընթերցողին, Տե՛ր Հայր: 
- Մենք պիտի հասնենք այն գիտակցությանը, որ ամենքս քույր և եղբայր ենք ի Քրիստոս, որը մեր ժամանակներում դժվարությամբ է ընկալվում մարդկանց կողմից։ Մենք պիտի հասկանանք, որ կարիքի մեջ հայտնված, բառիս բուն իմաստով հացի կարոտ այդ երեխաները ուրիշինը չեն, նրանք մեր Երկնավոր Հոր զավակներն են, և որ պարտավոր ենք սիրով հոգ տանել նրանց մասին: Եվ եթե այս գիտակցումով կարողանանք ապրել, ապա և՛ մենք, և՛ մեր ընտանիքները կմնան Տիրոջ քաղցր օրհնության մեջ՝ թե՛ այստեղ՝ երկրային կյանքում և թե՛ հանդերձյալ կյանքում։

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Թամամյանը

18.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․