Գրքեր

«Ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց»

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շարքն իր արձագանքներն է ունենում: Բազում հավատավոր հայորդիներ՝ թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից, արձագանքելով ծրագրին, փորձում են իրենց աջակցությունը բերել այն ընտանիքներին, որ սոցիալապես անապահով վիճակում են հայտնվել:

Այս անգամ ծրագրին արձագանքեց սփյուռքահայ մի բարերար, ով չցանկացավ, որ իր անունը նշվի: Բարերարի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար), որ իր վաղամեռիկ հարազատի՝ Մարտիրոս Կոնդակչյանի հիշատակի համար էր, համայնքը հոկտեմբերի 5-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փոխանցեց Խանջյան 7/8 հասցեում բնակվող Գզրարյան ընտանիքին:

91-ամյա Մարգուշ Գզրարյանը, ով կույր է և I-ին կարգի հաշմանդամ, բնակվում է իր դստեր՝ Թամարա Ավետիսյանի (52 տ.) հետ, ով նույնպես առողջական խնդիրներ ունի, II-րդ կարգի հաշմանդամ է և անաշխատունակ: Թամարան նշեց, որ իրենք գոյատևում են իրենց հատկացվող թոշակների և ընտանեկան նպաստի գումարներով: Այս խնդիրներից զատ, սոցիալապես անապահով ընտանիքը բնակվում է նախկին հանրակացարանային շենքում, որ մի քանի տարի է, ինչ հայտնվել է վթարային վիճակում՝ շենքի առաջին հարկում իրականացվող շինարարության պատճառով: Իսկ սանհանգույցը, որ ընդհանուր է տվյալ հարկի բնակիչների համար, գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում:

Համայնքի տնայցն ուրախություն էր պատճառել կարիքի մեջ հայտնված ընտանիքին: Զրույցից և նրանց խնդիրների հետ ծանոթանալուց հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում հոգեհանգստյան արարողությունից բացի, սովորություն կա նաև ննջեցյալների հիշատակի համար ողորմություն տալ. «Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13): Աստվածաշնչում հանդիպում ենք հանգուցյալների համար աղոթելու և նրանց համար ողորմություն անելու օրինակների: Այսպես, Հին ուխտի եկեղեցում սովորություն է եղել մահացածների հիշատակի համար հաց կտրել և աղքատներին բաժանել (Բ Օրենք 26:14; Երեմիա 16:7), հարազատների մահվան առիթով պահք պահել (Բ Թագավորներ 1:12):

Սբ. Հովհան Ոսկեբերանն իր ուսուցումներից մեկում խրատում է, որ մահացածին չենք օգնի արցունքներով, այլ աղոթքներով, ողորմածությամբ և ընծաներով: Ապա՝ հարգիր մահացածի հիշատակը ողորմածությամբ և բարեգործությամբ, քանի որ ողորմածությունը ծառայում է հավիտենական տանջանքներից ազատմանը: Աստվածաշնչում պարզորեն ասված է այս մասին. «…ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում են կյանքով» (Տոբիթ 12:9):

 

 

Կարինե Սուգիկյան

05.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․