19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

«Ողորմությունը բխում է սիրուց»

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «ողորմութիւն ի սիրո ծնանի»: Նախ սիրելիների նկատմամբ տածած մարմնավոր սիրուց, ապա առ ընկեր, առ Աստված, առ Աստծո պատվիրաններ ուղղված սիրո հոգուց: Իսկ Ս. Ներսես Շնորհալի հայրապետն ասում է. «Եվ քանի որ  ողորմությունը սիրուց է բխում և սիրո պտուղ տալիս, Քրիստոս երանության է արժանացնում նրան, ով պտղաբերում է առաքինություններից ամենամեծը՝ սերը»: Ողորմությունը բարեգործություն է, որով հոգին, առաջին հերթին, ինքն իրեն է ողորմում՝ լցվելով բարությամբ ու սրբվելով մեղքերից: Ըստ հայրապետի՝ «Նախ հարկավոր է, որ յուրաքանչյուրն իր հոգուն ողորմի և լրացնի բարու պակասը»:  

Հունվարի 13-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Բեբեջյան Ալիսին (68 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Տիկին Ալիսն իր դստեր՝ Վարդանյան Թամարի (36 տ.), փեսայի և երեք անչափահաս թոռնիկների հետ վարձակալությամբ բնակվում է Չարենցի 25 հասցեում: Երեքուկես տարի է, ինչ ընտանիքը Սիրիայից տեղափոխվել է Երևան և մի շարք խնդիրների առջև է կանգնել: «Միայն փեսաս է աշխատում, այն էլ իր աշխատանքը սեզոնային է: Աղջիկս վարսավիրության անվճար դասընթաց անցավ, բայց նա էլ մշտական աշխատանք չունի: Սկզբնական շրջանում մեզ տան վարձը վճարելու հարցում օգնեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, էլեկտրաէներգիայի վարձը վեց ամսով վճարեց «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական կազմակերպությունը, այժմ տան և կոմունալ վարձերն ու մեր մյուս կարիքները հոգալը դարձել է մեզ համար խնդիր: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին, որ արձագանքեցին մեր խնդիրներին»,- ասաց տիկին Ալիսը:  

Մարդուն Աստծուց բաժանում է մեղքը՝ գործված մտքով, խոսքով և գործով: Մեղքի պարիսպը քանդվում է զղջումով, խոստովանությամբ և ողորմության գործերով, ինչի արդյունքում մարդկային հոգին հաղորդակցվում է իր Արարչի հետ:

                                    

Կարինե Սուգիկյան

 

13.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․