Գրքեր

Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ

«Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ  գնա:  Տո՛ւր  նրան,  ով  քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մատթ. 5:41-42):

Մարդուն օգնելու տեսակներն ու կերպերը բազմազան են, սակայն, երբ հարցը վերաբերում է օգնելուն, շատ մարդիկ այն տեսնում են միայն նյութական, դրամական աջակցություն մեջ և առաջ քաշում իրենց «աղքատությունը»: Սակայն, անշուշտ, կարելի է օգնել նաև առանց դրամի: Աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, որ տառապում են սոսկալի աղքատության զգացումից, և ամենևին էլ դրամի պակասը չէ, որ կեղեքում է նրանց հոգին: Նրանք քաղցում են սիրո պակասից` «Աշխարհում ավելի շատ սիրո ու գնահատանքի քաղց կա, քան` հացի» (Մայր Թերեզա):

Աստվածաշնչում շատ հատվածներ կգտնենք, որտեղ խոսվում է օգնության տեսակների զանազանության մասին: Գուցե շատերն են նկատել, թե ինչպես կարելի է մի բարի, սրտացավ խոսքով դարմանել ինչ-որ մեկի չսպիացած վերքը: Եվ հատկանշական է, որ նրան օգնելով` չեն էլ զգացել, թե որքան են օգնում իրենք իրենց. նրան բարձրացնելով` իրենք են շատ բաների հասու դառնում նրա միջոցով: 

Կարևոր չէ, թե մարդն ինչ ունի կամ չունի, ով է, ինչ է իրենից ներկայացնում, ինչ փորձություններ է կրել, ինչի միջով է ստիպված եղել անցնել, կարևոր է օգնության ձեռք մեկնել այն մարդուն, ով դրա կարիքն ունի:

Կյանքն ամեն ինչ վերադարձնելու սովորություն ունի. գուցե չկարողանանք տալ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է մարդուն կամ գուցե չկարողանանք արդարացնել նրա սպասելիքները, սակայն կարող ենք փոքր թվացող, չերևացող մեկ այլ բան անել մեծ նվիրումով, ինչպես Մարկոս Ճգնավորն է ասում. «Եթե կամենում ես սակավ խոսքերով օգուտ տալ նրան, ով փափագում է սովորել, խոսի՛ր նրա հետ աղոթքի, ճշմարիտ հավատքի և պատահելիք ամեն ինչ համբերությամբ տանելու մասին, որովհետև սրանց  միջոցով է ձեռք բերվում մնացած ամեն ինչ, որ բարի է»։ Եվ հաճախ, երբ աղթում ենք մերձավորի համար, մեծ թեթևություն ու խաղաղություն ենք զգում՝ տեսնելով նրա երանելի, հանգիստ վիճակը, ինչպես Մարկոս Ճգնավորն է ասում` «Հարցնողներին խոսքով օգնելը լավ է, սակայն ավելի լավ է աղոթքով և առաքինություն գործելով նրանց գործակցել։ Որովհետև ով այսպիսի միջոցներով է իրեն նվիրում Աստծուն, ընկերոջն օգնելու հետ օգնում է նաև իրեն»:        

Մեր կյանքում էլ եղել են և կան մարդիկ, ովքեր օգնել և օգնում են մեզ ընկած տեղից վեր կենալ, ամուր կանգնել երերացող գետնի վրա և չդողալ խարխուլ տանիքի տակ: Երբեմն մարդու համար ամենամեծ օգնությունը հոգեպես աջակցությունը կարող է լինել, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Պետք չէ ձուկ տալ, այլ պետք է ձուկ բռնել սովորեցնել»: Նման օգնությունն ուղեկցում է մեզ, և դարձել է ամուր հենարան, որով առաջնորդվելով՝ փորձում ենք նեցուկ դառնալ նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Արդարև, ավելի երանելի է տալը, քան առնելը (Գործք 20:35), քանզի մեծ է այն մարդու վարձքը, ով դա անում է սիրահոժար կերպով. «Սուրբ  հայրերն ասում են, որ մարդկության թշնամին հատկապես ատում է գթասրտությունը» (Սբ. Հովհան Ոսկեբերան): «Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել» (Էրիխ  Ֆրոմ):

Պետք չէ բարեգործություն անել՝ նկատի ունենալով անձնական շահը: Այլ պետք է ականջալուր լինել աստվածաշնչյան այն խոսքին, թե` «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9): Բազում շնորհներ կան մարդկանց ի վերուստ տրված, որոնցով մարդը ծառայում է ուրիշներին ու ծառայեցնում իր բարօրության համար: Հաճախ ենք ականատես լինում կամ լսում այս կամ այն մարդուց, թե` «Մարդուն բարիք արեցի, իսկ նա երախտամոռ դուրս եկավ»: Իսկ Աստված ասում է` «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք»։ ...«Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս 25:35-40): Երբ մենք առաջնորդվում ենք ավետարանական այս խոսքերով, ապա ըմբռնում ենք, որ բարիք գործելիս կատարում ենք մեր պարտականությունը՝ այն է օգնել մեր նմանին ի փառս Աստծո:

Ինչպես որ մարդիկ են տարբեր, այնպես էլ նրանց տրված շնորհներն են տարբեր, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ունեցածը կիսել և ի շահ ամենքի բանեցնել իր կարողությունները՝ լինի հավատի գործեր, բարի կամեցողություն ու խոսք, աղոթք, նյութական թեկուզև փոքր օգնություն, որոնք, իհարկե, պետք է գործածվեն ըստ Աստծո կամքի և Նրա փառքի համար: Մեզանից և ոչ ոք զորավոր չէ այնպես, ինչպես Աստված, բայց մեզանից ամեն մեկն, իր գործն անելով, կարող է մի մեծ բան անել իր եղբորը, քրոջը, ծնողին, որդուն, բարեկամին, նույնիսկ կարծեցյալ թշնամուն, որոնք մեկ են ի Քրիստոս Հիսուս: Մեր Տերը պատգամում է. «Սիրիր ընկերոջդ քո անձի պես» (Մատթեոս 22:39), ի վերջո, ինչ անում ենք, ինքներս մեզ ենք անում, ինչ տալիս ենք և թվում է, թե այլևս չունենք, որոշ ժամանակ անց կրկնապատկված վերադառնում է մեզ:

Այսպիսով, մեր շուրջը եղող ամեն փոքրից մեծն արարելու շնորհն ունենք, և ունակ ենք դառնալու աստվածային զորության կրողները: Բարեգութ Աստված ողորմում և իմաստություն է շնորհում մեզ, որպեսզի մենք բարիք գործելուց երբեք չձանձրանանք, չթուլանանք ու չտկարանանք:

 

Պատրաստեց` Նարինե Նահապետյանը

 

 

12.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․