Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մի վանական ամուսնացած որդի ուներ և ստեպ­ստեպ գնում էր նրա մոտ: Վանահայրն ասաց. «Գյուղ մի՛ գնա, եթե ոչ` սատանան կգտնի քեզ»: Ծերն ասաց. «Գրքին հմուտ եմ և ծեր եմ, որդուս մոտ եմ գնում միայն»: Վանահայրն ասաց. «Դու ծեր չես և ոչ էլ՝ Գրքին ավելի հմուտ, քան սատանան»: Եվ երբ վանականը չանսաց, բերեց նրան եղբայրների առջև և ասաց. «Ձեր վկայությամբ անպարտ եմ ես այս ծերի արյունից: Եթե կամենա նշխար վերցնել, չեմ արգելի, սակայն Աստծո առջև պատասխանատու չեմ սրա համար, քանզի վկա չեմ սրա գործերին»: Մի օր ծերը, գնալով տուն, հարսին մենակ գտավ, ցանկացավ նրան և ասաց. «Եղի՛ր ինձ հետ»: Հարսն ասաց. «Աստծուց երկյուղի՛ր և կարգիդ նայի՛ր, չկա ավելի չար բան, քան այն, ինչ ասում ես: Խաչի՛ր զգայարաններդ և հեռացրո՛ւ սատանային»: Եվ երբ չենթարկվեց ծերին, սա սրով սպանեց հարսին և ինքն էլ կուրացավ: Եկան դրացիները և տեսան կատարվածը: Ծերն ասաց. «Վա՜յ ինձ, հանուն պոռնկության սպանեցի որդուս և ինքս կուրացա»: Տարան նրան իշխանի մոտ, սաստիկ տանջեցին և բանտ գցեցին: Լուրը հասավ վանք. վանահայրը եկավ և վանք տարավ ծերին, իսկ սուրբ հարսին մեծ պատվով թաղեցին իրենց գերեզմանում: Եվ տեսիլքի մեջ ասացին վանահորը. «Երբ չար խորհրդով նեղվի եղբայրներից մեկը, ուղարկի՛ր նրան Քրիստոսի աղախնի գերեզմանին, այնտեղ թո՛ղ աղոթի և կառողջանա»: Եվ այդպես էլ անում էին. և մեծ ուրախություն եղավ: Ծերը երկու տարի ապաշխարելով` մեծաջան ճգնությամբ և արտասուքներով լվաց իր մեղքը: Եվ աղջիկը երևալով վանահոր տեսիլքում՝ ասաց. «Ասա՛ ծերին, թե` մի՛ տրտմիր, Աստված հաշտվեց քեզ հետ, որովհետև ես աղաչեցի նրան»: Եվ դրանից հետո վանահայրը ոչ մի կրոնավորի չէր թողնում որևէ տեղ  գնալ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․