Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Աբբա Կրոնիոսը պատմեց մեզ և ասաց. «Իմ վարդապետից փա­խա և գնացի­ հասա այնտեղ, ուր նստում էին Մակարիոսը և սուրբ Անտոնի աշակերտ Մանգիսը: Այնտեղ հանդիպեցի նաև Եվագրոս մե­նակյացին, եկավ նաև Պաքմոն անունով մեկը, որը լեռան մյուս կող­մում էր նստում և յոթանասուն տարեկան էր: Այդ ժամանակ եկավ մի ծեր, ընկավ ծերերի ոտքերը և ասաց. «Դառնության դևն ինձ հար­վածեց և ինձ նեղում է կանանց ցանկությամբ. այսպես մահու չափ նեղում է ինձ գիշեր ու ցերեկ»: Եվ հայրերը նրան ասացին. «Իսկ դու քեզ պահքի և աղոթքի մեջ դի՛ր, և տե՛ս` ինչից է դա լինում»: Պաք­մեոս մենակյացն ասաց. «Ես հասկանում եմ քեզ, որովհետև ինքս էլ մի ժամանակ այդ վիճակում հայտնվեցի. դա ուրիշ ոչ մի բանից չի լինում, այլ միայն` ծուլությունից: Ահա տեսնում ես ինձ ծերացած: Քառասուն տարի է` ծերանում եմ այս խրճիթում և միայն իմ փրկու­թյան մասին եմ հոգ տանում, և փորձիչը մինչև հիմա չի հեռանում ինձնից: Տասներկու տարի օր ու գիշեր ինձ դադար չտվեցին իմ խոր­հուրդները, և արդեն կարծում էի, թե Աստված թողեց ինձ ձեռքից: Ես դրի իմ մտքում` լավ է մեռնել, քան մարմնիս կամքը կատարել: Ելա խրճիթիցս ու գնացի անապատ, այնտեղ գտա մի քարայր ու նրա ներ­սում տեսա ինձի երկու կորյուններ, մերկ ընկա մուտքի առջև` մտա­ծելով, թե երբ դուրս գան, կուտեն ինձ: Եվ երբ երեկո եղավ, ինչպես և գրված է` «Արեգակը իմացավ իր մուտքը. առյուծների կորյունները մռնչում են և իրենց կերակուրը փնտրում և արևածագին հավաքվում են և հանգչում իրենց որջերում» (Սաղմ. ՃԳ 21-22), ուրիշ ինձեր ևս եկան հավաքվեցին դրսում, ներսիններն էլ դուրս եկան: Կեսն այս կողմում էր, կեսն` այն, և ես` մեջտեղում: Նրանք սկսեցին հոտոտել ինձ ոտ­քից մինչև գլուխ, մի մասն սկսեց լիզել, և մինչ սպասում էի, որ ինձ կուտեն, թողին և հեռացան ինձանից: Ես այդպես մերկ մնացի երեք օր ու գիշեր, և չմոտեցան ինձ: Եվ ես հասկացա, որ Աստված պահեց ինձ: Այնժամ վեր կացա և վերադարձա իմ խուցը, և դադարեցին չար խորհուրդները: Իսկ հետո դարձյալ այլ խորհուրդներ սկսեցին խռո­վահույզ անել ինձ` ավելի չար, քան նախորդները. քիչ էր մնում ինձ հայհոյել տային Աստծուն: Դևը, մի աղջկա կերպարանքով, որին տեսել էի իմ մանկության շրջանում, եկավ և նստեց ինձ մոտ, և թվաց` իմ ազգականն է: Երբ տեսա նրան՝ իմ կողքին նստած, ապտակեցի նրան, և նա ի չիք եղավ իմ առջև: Եվ դարձյալ, խորհուրդներից խռովահույզ՝ ելա անապատ, շրջեցի և գտա մի օձի ճուտ, վերցրի և գցեցի ծոցս, որ­պեսզի թերևս խայթեր ինձ, և մեռնեի: Այնքան ճմռեցի նրա գլուխը, որ սպունգի պես փափկեց, սակայն չխայթեց ինձ: Սրանից հետո ձայն լսեցի, որ ինձ ասաց. «Այսուհետև գնա՛, դադարի՛ր և այլևս մի՛ հպար­տացիր, անձնապաստան մի՛ եղիր և քո անձի զորությանը մի՛ հուսա, այլ Աստծո օգնականության վրա դի՛ր հույսդ»: Դարձա այնտեղից և նստեցի իմ խրճիթում, քաջալերվեցի, և մոլորությունն այլևս չմերձե­ցավ ինձ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․