Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Երկու մենակյացներ սպասավորության նպատակով շրջում էին Տյուրոսում: Երբ նրանցից մեկն անցնում էր փողոցով, մի պոռնիկ ձայն տվեց նրան և ասաց. «Ապրեցրո՛ւ ինձ, հա՛յր, ինչպես որ Քրիստոսն ապրեցրեց պոռնիկին»: Իսկ մենակյացը, բոլորովին չքաշվելով մարդ­կանցից, նրան ասաց. «Ե՛կ իմ հետևից»: Եվ բռնելով նրա ձեռքից՝ բոլորի աչքի առաջ գնաց նրա հետ` ամենևին չմտահոգվելով նրանց պարսավանքներից: Եվ համբավը տարածվեց, թե աբբան իրեն կին արեց տիկին Պորփյուրային, քանզի այդպես էին կոչում նրան: Աբբան նրան տարավ, որպեսզի որևէ վանք մտցնի, իսկ կինը եկեղեցում մի ընկեցիկ մանուկ գտավ և վերցրեց նրան՝ խնամելու: Մի տարի անց ոմանք քաղաքից եկան այդ կողմերը, ուր աբբան ու Պորփյուրան էին, տեսան մանկանը և նրան ասացին. «Արդարև, «ազնի՛վ» աբեղա, որդի ունեցար. այլևս արժան չես այդ սուրբ սքեմը կրելու»: Եվ վերադառ­նալով Տյուրոս` տարածեցին, թե տիկին Պորփյուրան աբբայից որդի է ծնել, և որ իրենք իրենց աչքով են տեսել մանկանն ու աբբային: Իսկ երբ աբբան Աստծուց հայտնություն ստացավ իր մոտալուտ վախճա­նի մասին, Ամաղեգեին (քանի որ նրա անունը փոխեց այն ժամանակ, երբ նրան սուրբ սքեմ տվեց) ասաց. «Ե՛կ գնանք Տյուրոս, որովհետև այնտեղ մի փոքր բանի կարիք ունեմ և կամենում եմ, որ դու էլ գաս ինձ հետ»: Նա ասաց. «Ինչպես կհրամայես»: Եվ նրանք մանկան հետ եկան, որն արդեն մոտ յոթ տարեկան էր: Եվ լուր տարածվեց քաղա­քում, թե եկել է Պորփյուրան իր մենակյաց ամուսնու հետ: Մի քանի օր անց մենակյացը հիվանդացավ, և քաղաքից մոտ հարյուր մարդ եկան նրան հիվանդատես: Աբբան խնդրեց ածուխներ վառել, և երբ բերին լի ամանով, վերցնելով՝ թափեց իր պարեգոտի վրա և ասաց. «Ինչպես որ Աստված անկեզ մորենին պահեց հրի մեջ (Ելից Գ 2-3), այն­ պես և այս ածուխները չմերձեցան իմ պարեգոտին, և ես կնոջ մեղք չգիտեմ՝ իմ ծննդից ի վեր»: Եվ երբ այս ասաց, խաղաղությամբ Աստծո ձեռքն ավանդեց իր հոգին, և բոլորը՝ սքանչացած հրաշքի վրա, քա­նի որ ամենևին չայրվեց պարեգոտը հրից, փառավորեցին Աստծուն, որ այնքան ծածուկ ծառաներ ունի: Իսկ Ամաղեգեի դարձի շնորհիվ, ում Պորփյուրա էին անվանում, այլ պոռնիկներ ևս, նրան հետևելով, գնացին և կրոնավորություն հանձն առան և բարեպաշտորեն ճգնում էին վանքում: Սա նրա համար եմ ասում, որդյակնե՛ր, որ չշտապեք դատել որևէ մեկին, քանզի բազմիցս պոռնկացածների, գողերի կամ երդմնազանցների մեղքերը իմացաք, սակայն ապաշխարությունը, հառաչանքններն ու արտասուքները, որ ծածուկ մատուցեցին նրանք Աստծուն և ընդունելի եղան Աստծո առջև՝ չիմացա՛ք:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․