19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

«Ուխտ ունենք մեր Երկնավոր Տիրոջ հետ»

«Ուխտ անելը փոխադարձ է, ստանալով հանդերձ, պետք է կարողանանք նաև տալ». նոյեմբերի 8-ին կիրակնօրյա Սբ. Պատարագին այս խոսքով սկսեց իր քարոզն Ախթալայի Սբ. Աստվածածին վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա գտնվող ամենամեծ վանքում՝ Ախթալայի վանական համալիրում, այդ օրվա Սբ. Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել ԱՀԹ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ:

13-րդ դարի որմնանկարներով հարուստ այս սրբավայրում խորհուրդների խորհրդին մասնակից ներկաներին Տեր Վիգենը, իր պատգամը շարունակելով, նշեց, թե որքան կարևոր է քրիստոնյայի կյանքում սրբերի բարեխոսությունը և այսօրվա մեղքերի հեղեղի մեջ մշտապես պատսպարվելը փրկության «տապանում» և երկրի վրա գտնվող Երկնքում, որ եկեղեցին է. «Սբ. Աստվածածին անունը կրող այս տաճարում Աստվածամոր և մյուս սրբերի բարեխոսությամբ ակնկալում ենք Տիրոջ ողորմածությունը: Այս աշխարհում սրբերը նախընտրեցին մեռնել Քրիստոսի հետ, քան ապրել առանց Նրա»: Իսկ թե ուխտավորն ինչով պետք է փոխադարձի Տիրոջ օրհնությանն ու ողորմածությանը, Տեր Վիգենը մատնանշեց՝ մեղքի դեմ պայքարելու ձգտում ունեցող առաքինի կյանքով:

Ուխտավորները վաղ առավոտյան, աղոթքի ճանապարհ անցնելով, շտապել էին մասնակիցը լինելու իրենց հոգիների համար դեղ համարվող Քրիստոսի փրկարար պատարագմանը: Իսկ արարողությանը Սբ. Խորանի վարագույրը բացվելուց հետո, երբ հնչեց հետևյալ կոչը, թե՝ «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք», Սբ. Հաղորդությունը ստանալու պատրաստ ուխտավորները ճաշակեցին Քրիստոսի Մարմինն ու Արյանը՝ իրենց գոհությունը հայտնելով Տիրոջից Սուրբ, անմահ և աստվածային խորհրդի համար:

Սբ. Պատարագից հետո ուխտավորներն ունկնդիր եղան վանական համալիրի բազմադարյան պատմությանը Տեր Վիգեն քահանա Ղազարյանից, ապա մասնակից եղան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գեղեցիկ ավանդություններից մեկին, որ հաջորդում է Սբ. Պատարագին՝սիրո ճաշին կամ ագապեին:

Հարուստ պատմություն ունեցող Ախթալայի վանական համալիրին մինչ հրաժեշտ տալը Տեր Վահանը ուխտավորներին մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը Տիրամոր բարեխոսությամբ. «Մեր կյանքն էլ մի ուխտ է և մի ճանապարհ, որով անցնում ենք բոլորս: Ուխտ ունենք Երկնավոր Տիրոջ հետ և այդ ուխտի մեծ ճանապարհի մեջ ամեն մի ուխտագնացությամբ առավել ենք զորանում մեր հավատի մեջ: Հավատը խոսքեր չեն, այլ՝ կյանք և գործ: Աստված առաջնորդում է մեզ մեր կյանքի ողջ ընթացքում և Նրա ներկայությունն ենթադրում է բարի և գեղեցիկ ընթացք: Իսկ խոտոր ընթացքը հեռվացնում է մարդուն Աստծուց՝ դարձնելով նրա ուղին տառապանքի և դառնության մի ընթացք: Քայլում ենք մեզ համար կյանք դարձած այն ճանապարհով, որը մատնանշեց մեզ մեր Տերը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Տարբեր լինելով հանդերձ՝ բոլորս մի ընդհանրություն ունենք՝ մեկ հավատ և մեկ Տեր: Սիրով շաղկապված համայնքային մեր ընտանիքում մեկս մյուսին զորացնում ենք առանց խոսքերի»:

Հոգևոր ճամփորդությունը Սբ. Պատարագի մասնակցությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին հնարավորություն տվեց իրենց աղոթքը միախառնելու սրբավայրի բազմադարյան աղոթքի շնչին՝ ևս մեկ անգամ փառաբանելով Տիրոջը լիառատ բարերարության և անսպառ ողորմության համար:

 

Կարինե Սուգիկյան

09.11.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․