Ուխտագնացություն. քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է | Okhtagnacutyun Qristoneakan Kyanqi Himqy Ekeghecin E



Գրքեր

Ուխտագնացություն. քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է

Հինանց շրջանի երկրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ապրիլի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց դեպի Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցի: Վաղ առավոտյան աղոթքի ճանապարհ անցնելը և դեպի Աստծո տուն առաջնորդվելը՝ Տիրոջով նորոգվելու և զորանալու նպատակով, համահունչ էր սաղմոսերգուի այս աղերսին. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ, ինչպես մի անապատ և անջուր երկիր, ուր ճամփա չկա: Այդպես էլ պիտի երևամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ և զորությունդ» (Սաղմ. 62:2-3):

Հասնելով Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտում գտնվող Եղիպատրուշ գյուղը՝ ուխտավորներն առիթ ունեցան կիսելու գյուղի հավատավոր համայնքի ուրախությունը. 13-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին, որ չգործող եկեղեցիների շարքում էր, և Վերափոխումն Սուրբ Աստվածածնի տոնի օրը՝ որպես ուխտի օր ուներ, այդ օրը Սուրբ Սեղանի տեղադրմամբ և Սուրբ Պատարագի մատուցմամբ, վերածվել էր թագավորական և աստվածային սեղանի, որտեղից բաշխվում էր Քրիստոսի կենարար Մարմինը և Արյունը: Սուրբ հարկից ներս, Աստծո հավերժական սիրո արտահայտությունը ներկայացնող արարողությունը՝ Սուրբ Պատարագը, մատուցեց Տեր Գրիգորը, ով քարոզին, անդրադառնալով Աշխարհամատրան կիրակիին, մասնավորաբար ասաց. ««Աշխարհամատրան» բառը, որ կազմվել է «աշխարհ» և «մատուռ» բառերից, արդեն իսկ հուշում է, որ խոսքն աշխարհի քրիստոնյաների առաջին մատուռի կամ եկեղեցու մասին է, որ Վերնատանը հիմնադրվեց Եկեղեցու գլխի՝ Հիսուս Քրիստոսի կողմից: Այստեղ էր, որ առաջին անգամ, հենց Իր՝ Տիրոջ կողմից հաստատվեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, առանց որի չկա փրկություն և չկա քրիստոնեություն: Եկեղեցու շինությունը դարձավ կենդանի եկեղեցու անդամների հանդիպման վայրը, որտեղ բնակվեց Քրիստոս՝ Իր Սուրբ Հոգով և շարունակվեց պատարագվել յուրաքանչյուր մեղավորի փրկության համար: Եկեղեցու հիմնադրման օրվան ընդառաջ՝ հոգևոր մեծ ուրախություն ապրեցինք, որ երկար դադարից հետո «կենդանի Աստծո եկեղեցում, որ ճշմարտության սյունն է և խարիսխը» (Ա Տիմոթ. 3:14), Սուրբ Պատարագ մատուցվեց: Թող այս օրը առիթ լինի հոգևոր զարթոնքի և Աստծո հետ ձեր ուխտի վերանորոգման: Թող Աստծո սերն ու շնորհները լուսավորեն ամենքիս հոգիները»:

Քրիստոսի հետևորդի համար հստակ է այն, որ «քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է» (Եփեսացիներ 5:23) և որ Ս. Իրինեոս Լիոնացու հորդորի համաձայն՝ «Պետք չէ այլոց մոտ փնտրել ճշմարտությունը, որը դյուրությամբ կարելի է ստանալ Եկեղեցուց, քանզի առաքյալները, ինչպես մեծահարուստը գանձարանի մեջ, նրա մեջ լիովին հավաքել են այն ամենը, ինչ վերաբերում է ճշմարտությանը, ուստի ամեն ցանկացող վերցնում է նրանից կյանքի ջուրը: Նա է հենց կյանքի դուռը…»:

 

Կարինե Սուգիկյան

14.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․