Գրքեր

Ուխտի ճանապարհ. «Արթուն կացեք և ամենայն ժամ աղոթեցեք»

Կան զենքեր, որոնք տեսանելի չեն, քանի որ մարդու հոգու և գիտակցության մեջ են: Այդ զենքերը զորեղ են և փորձության ժամանակ ընդունակ են հրաշագործելու. պայքարի դուրս եկած մարտիկն անհաղթահարելի է դառնում, երբ գործածում է և՛ հոգևոր, և՛ տեսանելի զենքերը: Ոչ տեսանելի զենքերից են՝ սերն առ Աստված և առ հայրենիք: Դարեր շարունակ հայ ազգն այս զենքերի գործածմամբ է պահպանել իր հավատն ու հայրենիքը: Հայրենիքի հանդեպ սերը, հայրենիքը խաղաղության մեջ տեսնելու մեծ փափագն էր, որ դրդեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդկանց, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 14-ին աղոթքի ճանապարհ անցնելու: Այս անգամ ուխտավորները Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ուղղված միասնական աղոթք հնչեցրին առ Աստված Վայոց Ձորի թեմի հնագույն վանքերից մեկում՝ Գնդեվանքում (10-րդ դ.):

Միասնական աղոթքից հետո Տեր Գրիգորը ուխտավորների հետ խոսեց փորձություններն Աստծով հաղթահարելու մասին և օրինակ բերելով Գալիլիայի ծովի ջրերի վրայով Հիսուս Քրիստոսի քայլելու մասին հրաշալի դրվագը՝ ասաց. «Փրկության ճանապարհին կանգնելը նույնն է, թե ծովի ջրերի վրայով քայլելը: Եվ չափազանց կարևոր է, որ ամբողջովին վստահենք Աստծուն դեպի Նա ընթանալիս և ուշադրություն չդարձնենք մեր շուրջն ալեկոծվող կյանքի ծովին, որպեսզի Պետրոսի նման չսկսենք սուզվել: Պիտի հիշենք, որ Հոգատար Հայրը մեր կողքին է, Նրա ամենազոր Աջը միշտ մեզ է ուղղված, միայն թե վստահենք ու բռնենք, և այդժամ կհաղթահարենք նույնիսկ անհնարին թվացող փորձությունները: Մենք էլ Պետրոս առաքյալի պես միշտ պատրաստակամ պիտի լինենք հետևելու Տիրոջ օրինակին: Նրա կատարյալ կերպարը մեր հոգում պահած՝ պիտի գնանք՝ առանց որևէ բանից վախենալու, առանց ուշադրություն դարձնելու մեր շուրջը փոթորկող խնդիրներին: Պիտի առաջ գնանք Տիրոջ հարթած ճանապարհով՝ աչքի առջև ունենալով Նրա սուրբ պատկերը, և երբեք չենք սուզվի: Բայց նույնիսկ սխալվելու, ճշմարիտ ուղուց շեղվելու ու խեղդվելու դեպքում, կրկին պիտի օրինակ վերցնենք Պետրոս առաքյալից և ի խորոց սրտի աղաղակենք. «Տե՛ր, փրկի՛ր. խեղդվում եմ»: Եվ այնժամ Բարեգութն ու Ողորմածն անկասկած կմեկնի Իր ամենազոր Աջն ու դուրս կհանի մեզ»:

Ուխտավորները վերադարձան Երևան՝ հոգեպես նորոգված ու զորացած: Յուրաքանչյուր ուխտի ճանապարհ ուխտավորի համար հնարավորություն է վերանայելու և վերաիմաստավորելու իր կյանքը, վերականգնելու իր մեջ Աստծու պատկերն ու նմանությունը և ամրապես կառչելու իր հոգևոր արմատներին: Ուխտի ճանապարհներով կյանքի է կոչվում տերունական պատգամը, որն ասում է. «Արթուն կացեք և ամենայն ժամ աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է» (Մատթ. 26:41):

 

Կարինե Սուգիկյան

 

14.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․