Գրքեր

Ո՞ւր է եղբայրդ

«Տերը հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»» (Ծննդ 49)։

Սուրբ Գրքի առաջին գլուխներում ընթերցողի ուշադրությունը գրավում են հետևյալ երկու հարցումները, որոնք Աստված ուղղել է մարդուն.

  • «Ո՞ւր ես» (Ծննդ. 3.9),
  • «Ո՞ւր է եղբայրդ» (Ծննդ. 4.9):

Այս երկու հարցադրումներից է սկիզբ առել ողջ աշխարհի՝ ինչպես անհատական, այդպես էլ համայնական փրկությունը: Այս հարցումներն այսօր էլ Աստված ուղղում է մեզ նույնքան հանդիսավորությամբ՝ մեր խղճի միջոցով: Մեզ համար կարևոր է, որ այդ հարցումներին որոշակի պատասխաններ տանք:

Այս հարցումներից առաջինը հազիվ էր ուղղվել պատվիրանազանց առաջին մարդուն, երբ վերջինս սարսափահար փախավ ու թաքնվեց ծառերի հետևում՝ կարծելով, որ կարող է խուսափել Աստծուց, ասես Աստված իր ոխերիմ թշնամին էր:

Այս փախուստով մարդն իր վրա է բերում ծանր աղետ ու անխուսափելի քայքայում, քանի որ երբ մեկ անգամ հեռանում է Աստծուց, հեռանում է նաև իր նմաններից: Եվ եթե մարդ վստահություն չի ունենում Աստծու հանդեպ, այլևս դադարում է վստահել նաև իր նմաններին ու այդուհետև մարդկանց միջև պատերազմ է սկսվում, տեղի է ունենում ավերածություն և քայքայում:

Երկրորդ հարցումը, որն ընտրել եմ իբրև իմ քարոզի բնաբան, ուղղված է Ադամի անդրանիկ որդուն՝ Կայենին, որը սպանել էր իր Աբել եղբորը: Երկու եղբայրն էլ Աստծուն ընծաներ էին մատուցել. Կայենն՝ իր հողի պտուղներից, իսկ Աբելն՝ իր պարարտ ոչխարներից: Տիրոջ համար ընդունելի եղավ Աբելի զոհաբերությունը, իսկ Կայենինը՝ ոչ: Անշուշտ պատճառն այն չէր, որ մեկի զոհաբերությունը պտուղներից էր, իսկ մյուսինը՝ կենդանիներից, այլ այն էր, որ այդ երկու զոհաբերությունների մատուցման ոգին էր միմյանցից տարբեր: Զոհաբերության սրբությունը կապված է այն մատուցողի մաքրությանը. արտաքինը նշանակություն չունի:

Կայենը, իր զոհաբերության բացասական արդյունքից սրտնեղած, հարձակվեց իր եղբոր վրա ու սպանեց նրան: Ահա այդ ժամանակ էր, որ Գերագույն Դատավորը Կայենի խղճի միջոցով այս հարցը տվեց նրան. «Կայե՛ն, ո՞ւր է քո եղբայր Աբելը: Այդ ի՞նչ արեցիր: Քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ»:

Այդ օրից ի վեր միևնույն հարցումն ուղղվում է ամեն մարդու, և կարծում եմ, որ ունկնդիրներիս մեջ, եթե իհարկե անկեղծ լինեք, չկա այնպիսի մեկը, որն իր ներքին ձայնին ուշադիր լինելով՝ չի լսել, թե ինչպես է իր խիղճը ձայնում իրեն. «Ո՞ւր է քո եղբայրը»:

Այս ցնցող հարցմանը երեք պատասխան կարող է տրվել: Միտքս հասկանալի դարձնելու համար ցանկանում եմ քարոզս պատկերազարդել «Բարի Սամարացու» առակով (Ղուկ. 10.30-37): Մարդ շատ հաճախ Կայենի պես սպանում է իր Աբել եղբորը կամ վիրավում և կիսամեռ վիճակի է հասցնում Երիքովի ճամփորդ իր եղբորը: Եվ երբ Աստված մարդուն հարցնում է՝ «ո՞ւր է եղբայրդ», ոմանք ոճրագործ Կայենի նման պատասխանում են. «Մի՞թե եղբորս պահապանն եմ»:

Ոմանք պատասխանում են քահանային և ղևտացուն բնորոշ անտարբերությամբ ու անհոգությամբ, իսկ ոմանք էլ Բարի Սամարացու ազնիվ ու անձնվեր սրտով պատասխանում են՝ ասելով. «Եղբորս տեղավորել եմ պանդոկում, հոգ եմ տանում և խնամում եմ նրան, ամեն կարգադրություն արել եմ նրա առողջության ու հանգստության համար»:

Այս երեք պատասխանները ներկայացնում են մարդկանց մեջ ի հայտ եկած մտայնությունները: Մեզ համար որքա՜ն կարևոր է գիտենալ, թե մենք ինչպիսի մտայնություն ունենք մեր վիրավոր եղբայրների հանդեպ:

Նախ և առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք անխղճորեն սպանում են իրենց ընկերոջը: Այդպիսինների մասին պետք է ասեմ, որ նրանք նվազ չափով են բարեշրջվել, այսինքն՝ բնույթով ավելի մոտ են անասուններին: Ճիշտ է, նրանց ոճրագործությունները ներկված չեն կարմիր արյամբ, ճիշտ է, նրանք բանտում չեն և ոչ էլ մահվան են դատապարտված, ու թեպետև նրանք այնքան զգայուն են, որ չեն կարող անգամ հավ մորթել, և նույնիսկ նրանց սիրտը խռովվում է, երբ արյուն են տեսնում, բայց միևնույն է, նրանք իրական ոճրագործներ ու ավազակներ են՝ այն տարբերությամբ միայն, որ ստացած կրթության շնորհիվ անարյուն սպանությամբ են մեռցնում իրենց եղբորը:

Ոճրագործները միայն նրանք չեն, ովքեր հարձակվելով ու զենքով են սպանում իրենց նմաններին, այլև է՛լ ավելի մեծ ոճրագործներ են նրանք, ովքեր տզրուկի պես ծծում են իրենց նմանների արյունը, շահագործում են նրանց կյանքը՝ վտանգելով ֆիզիկական կամ բարոյական առողջությունն ու քայքայելով նյութականը:

Երբ դրամատիրական սխալ մոտեցման հետևանքով աշխատավորին բավարար վարձատրություն չի տրվում, երբ չեն ապահովվում նրա հանգստյան ժամերը, երբ հոգ չի տարվում նրա նյութական և մանավանդ հոգեկան բարեկեցության մասին՝ դա նշանակում է սպանել նրան ֆիզիկապես ու հոգեպես:

Գործատուները կարող են մեծ գումարներ վաստակել, կարող են ապարանքների մեջ ապրել, սակայն քանի դեռ նրանք վիրավոր կամ կիսամեռ են թողնում իրենց աշխատողին, իրենց ձեռք բերած գումարը և ունեցած սեփականությունը պիտի արատավորված լինեն արյամբ:

Դարձյալ, երբ մենք զրպարտությամբ արատավորում ենք մեր նմանների համբավն ու պատիվը, երբ զրույցներ ու շշուկներ ենք հերյուրում, մենք ոճիր ենք գործած լինում, և այդպիսի սպանությունն ավելի անգութ է, քան ֆիզիկական սպանությունը:

Նրանց անմեղ արյան համար վրեժ է պահանջելու Նա, Ով տասնաբանյայի միջոցով ասաց. «Մի՛ սպանիր»: Արդ, երբ մեր խիղճը ձայնում է մեզ և մեր վիրավոր ընկերոջ մասին տեղեկություն է պահանջում, մենք մեր արյունակալած աչքերը վեր չբարձրացնենք ու Կայենի պես չասենք. «Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»:

Բայց բարեբախտաբար Կայենի այս «դասակարգին» պատկանող անձինք շատ քիչ են: Շատ ավելի մեծ թիվ են կազմում Բարի Սամարացու առակում հիշատակվող քահանայի ու ղևտացու նմանները՝ երկրորդ դասակարգի ներկայացուցիչները: Քահանան ու ղևտացին ի՞նչ արեցին Երիքովի ճանապարհին. նրանք բացառիկ անտարբերությամբ և անհոգությամբ անցան վիրավորի կողքով: Մինչդեռ վերջինս մեծապես ուրախացավ և հույսով լցվեց՝ տեսնելով Աստծու մարդկանց մոտենալը:

Անշուշտ նրանք գալիս էին Երուսաղեմից կամ, հավանաբար, գնում էին Երուսաղեմ՝ իրենց պաշտամունքը մատուցելու ա՛յն Տաճարում, որի՝ հանուն Աստծու անվան կանգնեցված լինելու համար պարծենում էին: Որքա՜ն երջանիկ էր զգում իրեն վիրավորվածը, երբ երևակայում էր, որ անպայմանորեն արժանանալու էր կրոնի պաշտոնյաների հոգածությանը և գուրգուրանքին: Ինչպիսի՜ մեծ ուրախություն էր զգում ու փառք էր տալիս Աստծուն այն բանի համար, որ Նա Իր «հրեշտակների» միջոցով օգնության էր հասնում իրեն:

Սակայն որքա՜ն մեծ եղավ նրա սարսափը, երբ տեսավ, որ նրանք իր կողքով անցան՝ առանց նույնիսկ մեկ պահ կանգնելու: Թերևս նրանք իրենց շուրթերը շարժելով՝ աղոթք էին մրմնջում: Բայց ավա՜ղ, ոչինչ չարեցին և կարեկցանքի որևէ բառ իսկ չարտաբերեցին:

Կարո՞ղ եք երևակայել, թե որքա՜ն մեծ եղավ վիրավոր մարդու վիշտը, որքա՜ն աննկարագրելի եղավ նրա ցասումն ու նույնիսկ գայթակղությունը, երբ նա ապշահար տեսավ նրանց անգութ վերաբերմունքը: Այդպիսի վարմունքը ոճրագործների վարմունքից ավելի բիրտ է, քանի որ կան բարոյական վերքեր, որոնք շատ ավելի ծանր ու որևէ կերպ բուժելի չեն: Եվ խորհեցե՛ք, թե որքա՜ն ավելի ցավալի է, երբ մանավանդ Սիրո կրոնի ներկայացուցիչներն են այդ «վիրավորողները»:

Եթե Աստված այս քահանային ու ղևտացուն հարցներ՝ «ո՞ւր է եղբայրդ», նրանք պիտի պատասխանեին. «Ճանապարհին հանդիպեցինք մահամերձ մեկին, բայց այդպես թողեցինք-հեռացանք, քանի որ ոչինչ չէինք կարող անել»: Կարո՞ղ եք երևակայել, թե ամոթի ինչպիսի՜ ստվեր մթագնեց նրանց ճակատը, և պատկերացնո՞ւմ եք, թե Աստծու սուրբ բարկությունն ինչպես դրսևորվեց Իր պաշտոնյաների նկատմամբ:

Հարյուրավոր այսպիսի մարդիկ կան, որ նմանատիպ անտարբեր ու անզգա վերաբերմունք են ցուցաբերում, որոնք անգամ ուշադրություն չեն ցանկանում դարձնել իրենց եղբայրների տառապանքին, որոնք այնքան են տարված դրամ վաստակելու մոլուցքով կամ աշխարհային զբաղումների պարգևած հաճույքներով, որ նրանց սիրտը մեռած է և չեն զգում, որ իրենց աչքերն այլևս կուրացել են ու չեն տեսնում, որ իրենց ականջները խլացել են ու չեն լսում:

Որքա՜ն տխրալի է այս անտարբերների վիճակը: Նրանք կարծում են, որ մարդու արժանիքն ինքն իր համար ապրելու մեջ է, և հավակնում են երևակայելու, որ իրենք ազնիվ մարդիկ են, որովհետև ո՛չ սպանություն են գործել, ո՛չ գողություն և ո՛չ էլ որևէ այլ չարիք են կատարել:

Վստահ եղեք, որ եթե այսօր աշխարհն այսքան անհավատ ու ըմբոստ է դարձել և շատ դժվարություններ են ի հայտ եկել՝ այն առաջնորդելու և բերելու Ավետարանի Աստծու մոտ, ապա դրա պատճառն այն է, որ անզգաներն ու անտարբերներն իրենց գարշելի կյանքից գոլորշիացած ամպերով ծածկել են Աստծու լույս երեսը՝ այդպիսով արգելք դառնալով աշխարհի փրկությանը:

Աստված ծիսական ու արարողակարգային պաշտամունքներից առավել պահանջում է, որ մարդ ողորմություն և կարեկից վերաբերմունք ցուցաբերի իր նմանների նկատմամբ: Ողջամիտ հավատացյալ մարդն իր բարոյական պարտականությունների կատարումով է, որ փառաբանում է Աստծուն և այդպիսով կատարում է իր կրոնական պարտականությունը:

Մի՞թե չեք կարդացել Ավետարանը: Եվ դո՛ւք, ո՜վ հոգևորականներ, որ մշտապես ձեր ձեռքին ունեք Սուրբ Գիրքը, արդյոք չե՞ք կարդացել Աստծու կամքը հայտնող այս խոսքը. «Կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից, ձեր գառների ճարպը, ցլերի ու նոխազների արյունը չեմ կամենում» (Եսայի 1.11): Եվ դարձյալ. «Ողորմություն եմ կամենում, և ոչ թե՝ զոհ» (Օսէէ 6.6):

Եթե ուզում ենք, որ այդ վիրավորը, այսինքն՝ մարդկային ցեղը բժշկվի,  ոտքի կանգնի ու վերսկսի իր ընթացքը, բացարձակ անհրաժեշտություն է, որ կրոնասեր ու բարեպաշտ համարվող մարդիկ Երիքովի ճանապարհով անցնող քահանայից ու ղևտացուց ավելի մեծ արժեք ունենան, ավելին լինեն և ավելին անեն:

Օ՜հ, գիտեմ՝ նրանք, ովքեր քարացել են կրոնական բարեպաշտության մեջ, իրենց սևեռամտածումն ունեն: Նրանք ուզում են զգույշ լինել ուրիշների նկատմամբ, բնավ չխառնվել ուրիշների գործերին և տեղի չտալ ասեկոսեներին: Այս առարկություններն անհիմն են, իսկ իրականությունն այն է, որ նրանք տակավին չեն ըմբռնել բարոյական օրենքի առաջին, երկրորդ ու հաջորդ կետերը, այսինքն՝ նրանք չգիտեն, թե ինչ ասել է՝

ա) Սիրել ընկերոջը սեփական անձի պես (Մատթ. 19.19):

բ) Անել այն ամենը, ինչ մարդ կուզեր, որ ուրիշներն անեին իր հանդեպ (Մատթ. 7.12):

Եթե իմ ունկնդիրների մեջ կան այնպիսիք, ովքեր ապրում են Երիքովի քահանայի ու ղևտացու մտայնությամբ, պիտի խնդրեի, որ ինքնահայացք նետեին և ունկնդրեին հոգու խորքում արձագանքող խղճի ձայնը, որ շարունակ հարցնում է նրանց. «Ո՞ւր է եղբայրդ»: Հարցում, որին պետք է մի այնպիսի պատասխան տալ, որը կլիներ Բարի Սամարացու պատասխանը:

Երբ Բարի Սամարացին հայտնվեց այդ ճանապարհին, շատ հնարավոր է, որ վիրավորը նրա հագուստից ճանաչեց, որ այդ մարդը սամարացի էր և հավանաբար նաև անհանգստացավ, քանի որ, ինչպես գիտեք, հրեաների ու սամարացիների միջև այնպիսի ատելություն և խորը անդունդ կար, որ ոչ միայն խնդրված մեկ բաժակ ջուրն էին դժվարանում տալ միմյանց, այլև նույնիսկ չէին բարևում իրար:

Արդ, այստեղ խոսքը մի բաժակ ջրի մասին չէր, այլ նկատելի նեղություն պետք էր կրել: Հազար ու մի խնամքի կարիք, ժամանակ և դրամ ծախսելու անհրաժեշտություն կար, ու կար դրանից ավելի մեծ մի բան. հարկ էր վտանգի ենթարկել սեփական անձը:

Եվ ահա այս սամարացին չվարանեց այդ ամենն անել՝ առանց մեկ վայրկյան իսկ կորցնելու: Տեսնելուն պես, որ իր ընկերը գետնին է ընկած, ցած իջավ իր ավանակից, մոտեցավ նրան, փաթաթեց նրա վերքերը, վիրավորին դրեց իր ավանակի վրա ու տարավ պանդոկ, պետք եղած դարմանը տալուց հետո պանդոկապանին հանձնարարեց, որ մինչև իր վերադարձը ըստ պատշաճի հոգա վիրավորի մասին՝ խոստանալով հետդարձին վճարել բոլոր ծախսերը:

Օ՜հ, ինչպիսի՜ օրինակելի վարմունք, օ՜հ, լավ ըմբռնված գթասրտության ինչպիսի՜ գլուխգործոց-նկարագրություն: Չգիտեմ՝ այդ մարդը հավատացյա՞լ էր: Չեմ կարծում, որ նա իրավունք ուներ Երուսաղեմի Տաճարից ներս մտնելու, քանի որ նրա տեղը, եթե իհարկե նա տեղ ուներ, Տաճարի՝ հեթանոսների գավիթն էր:

Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ այս սամարացին քահանայից ու ղևտացուց ավելի հավատացյալ էր և անշուշտ ավելի մեծ ուրախություն պիտի զգար, երբ երեկոյան իր խղճի հարցին պատասխաներ. «Պանդոկում է, փափուկ ու հանգստավետ անկողնու մեջ, ջերմ և ապահով ձեռքերում»:

Վստահեցնում եմ ձեզ, որ անհավատ և անկրոն համարվող սամարացին իր այս գթասրտության օրինակելի վարմունքով ուսուցանում է գերազանց բարեպաշտություն, որն Աստծու առաջ ավելի ընդունելի է, քան քահանայի ու ղևտացու ձևական ծիսական բարեպաշտությունը:

Մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք արել մեր եղբոր համար, որին Աստված դրել է մեր կյանքի ճանապարհին: Ի՞նչ խնամք ենք տարել նրա նկատմամբ, ո՞ւր ենք տարել նրան, որտե՞ղ ենք պատսպարել:

Օ՜հ, որքան երջանիկ են նրանք, ովքեր կարող են պատասխանել Բարի Սամարացու պես: Եվ անշուշտ իմ ունկնդիրների մեջ էլ կան շատերը, ովքեր կարող են ասել. «Ես իմ վիրավոր եղբոր համար պետք եղած խնամքը տարել եմ և տանում եմ, նրա համար լավ պայմաններ եմ ապահովել, նրա համար արել եմ այն ամենը, ինչ սիրտս ինձ թելադրում էր»:

Դուք գովելի կարգավիճակում եք, քանի որ բարի ուղին եք ընտրել: Եվ եթե երբեմն ստացվի այնպես, որ ձեր ջանքերն ապարդյուն լինեն և անհույս չարչարված լինեք, նույնիսկ եթե հանդիպեք նախատինքների ու քննադատությունների և մտածեք, որ գուցե քահանան ու ղևտացին իրավունք ունեին անտարբեր և անկարեկից լինելու, այդժամ մի՛ հուսահատվեք, ամո՛ւր եղեք, ո՜վ սիրելի հավատացյալներ:

Հիրավի, մեր վիրավոր եղբայրների հարուցած հոգսերն ու անձկությունները կարող են մեզ շատ զբաղեցնել, ձանձրույթ ու տաղտուկ պատճառել և հաճախ ծանր ու ջախջախիչ ազդեցություն ունենալ մեզ վրա, սակայն դարձյալ պիտի կրկնեի՝ մի՛ հուսահատվեք, մի՛ վհատվեք, ետ մի՛ դարձեք, այլ հաստատո՛ւն մնացեք:

Այո՛, պի՛նդ կացեք, և ինչ էլ որ լինի՝ մի՛ հրաժարվեք ձեր պարտականությունը կատարելուց: Անախորժությունները որքան էլ անտանելի դառնան՝ հաստատո՛ւն և ամո՛ւր մնացեք: Ինչ էլ որ խոսեն, ինչ շշուկներ էլ որ շրջանառեն՝ ամուր հավատքով շարունակե՛ք ձեր գթասիրտ գործը:

Եվ վստա՛հ եղեք, որ կարող եք վայելել լավագույն վարձատրությունն ու ունենալ մաքուր խիղճ, որն Աստծու անունից քաղցր ու հաշտ ձայնով պիտի մրմնջա. «Ազնիվ, բարի և հավատարիմ ծառա, մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ». ամեն:

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

10.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․