Գրքեր

Ո՞ւր են տները

Մի մարդ մահացավ ու հայտնվեց Աստծո դատաստանի առջև: Աստված երկար նայում էր նրան տարակուսանքով ու մտահոգությամբ լռում: Մարդը չդիմացավ ու հարցրեց.

- Տեր, ի՞նչ որոշում ես կայացրել ինձ համար: Ինչո՞ւ ես լռում: Չէ՞ որ արժանի եմ Երկնային Արքայությանը: Ես տառապել եմ,- արժանապատվությամբ հայտարարեց մարդը:

- Այդ երբվանի՞ց են տառապանքները որպես արժանիք համարվում,- զարմացավ Աստված:

- Ես քուրձ եմ կրել,- համառորեն խոժոռվում էր մարդը,- թեփ ու չոր ոլոռ եմ կերել, ջրից բացի ոչինչ չեմ խմել, կանանց չեմ դիպչել: Ես տանջել եմ մարմինս պահքով ու աղոթքներով…

- Հետո ի՞նչ,- հարցրեց Աստված,- Հասկանում եմ, որ տանջվել ես, բայց հատկապես ինչի՞ համար ես տանջվել:

- Քո փառքի համար,- առանց մտածելու պատասխանեց մարդը:

- Համա թե փառք ունեմ ես,- տխրությամբ քմծիծաղեց Տերը,- Նշանակում է մարդկանց սովի եմ մատնում, ստիպում եմ քուրձ ու փալաս հագնել և զրկում սիրո՞ւց:

Լռություն տիրեց: Աստված նույն մտահոգությամբ նայում էր մարդուն:

- Դե ի՞նչ որոշում ես կայացնում ինձ համար,- իր մասին հիշեցրեց մարդը:

- Ասում ես տանջվել ես,- կամացուկ արտասանեց Աստված,- Ինչպե՞ս բացատրեմ, որ հասկանաս: Օրինակ՝ փայտագործը, որ քեզանից առաջ էր այստեղ: Իր ողջ կյանքը տներ էր կառուցել մարդկանց համար, ցրտին ու տապին, երբեմն սոված էր մնացել և հաճախ մուրճով մատերին էր հարվածել, այդ կերպ էլ տառապել էր: Բայց միևնույն է շարունակել էր տներ կառուցել: Եվ հետո ստացել իր արդար վաստակածը: Իսկ դու ստացվում է ողջ կյանքդ մուրճով մատերիդ ես հարվածել միայն:

Աստված լռեց մի պահ…

- Իսկ կառուցածդ տներն ո՞ւր են: Ո՞ւր են տները, հարց եմ տալիս:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

01.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․