Գրքեր

«Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության ուխտագնացությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Մարտի 1-ին Նոր Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունը, ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանի և Նոր Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի օրհնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի։ Երիտասարդներին ուղեկցում էր եկեղեցու սպասավոր Տիգրան սարկավագ Հակոբյանը: Եկեղեցում երիտասարդ ուխտավորներին ողջունեցին «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը և միության անդամները: Տեր Հայրը երիտասարդներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը, ապա ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, «Զորավոր» անվան բացատրությունը և թե ինչ սրբություններ, ուխտի օրեր ունի Երևանի հնագույն սրբավայրը: Այնուհետև եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում ուխտավորները խոնարհվեցին սրբի շիրիմի առջև՝ հայցելով նրա բարեխոսությունը: Տեր Հոր մաղթանքն էր երիտասարդներին, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Ապա երիտասարդները երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միության կողմից պատրաստած հյուրասիրության սեղանի շուրջը հոգեշահ զրույց ունեցան, խոսեցին իրենց անելիքների մասին՝ ծրագրելով իրենց հաջորդ հանդիպումը: Զրույցից հետո Տիգրան սարկավագը անդրադարձավ օրվա աստվածաշնչյան ընթերցումներին և դրանց մեկնություններին:

«Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության անդամ Վարդուհին տպավորված էր ուխտագնացությամբ. «Նախկինում այցելել էինք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, բայց եկեղեցու մասին չունեինք այսքան տեղեկություն: Կարևորում եմ եկեղեցիների երիտասարդաց միությունների հետ հանդիպումն ու շփումը՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամների»: «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության ատենապետուհի Մերինե Նիկողոսյանը նշեց, որ այս տարվա մեջ սա իրենց երրորդ ուխտագնացությունն է ԱՀԹ-ի եկեղեցիներ: «Մեր նպատակը Երևանում բնակվող եկեղեցասեր երիտասարդների միջև ջերմ և բարեկամական հարաբերությունների ստեղծումն ու ամրապնդումն է։ Լիահույս ենք, որ նմանօրինակ փոխայցելությունները մեր թեմում կլինեն շարունակական և կտան սպասված բարի պտուղները»,- ասաց նա:

Արարատյան Հայրապետական թեմից ներս երիտասարդաց միությունների կողմից իրականացվող ուխտագնացություններով երիտասարդները, իրենց հավատքի ուղին զորացնելով, հավատքի ընկերներ են ձեռք բերում և Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ միասին ընթանում դեպի նպատակակետ. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետը, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլ. 3:14):

 

Կարինե Սուգիկյան

01.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․