Գրքեր

«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում»

«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում» (Բ Կորնթացիներ 3:6):

Սիրելի՛ հավատացյալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս տողերը քարոզիս բնաբան եմ ընտրել Սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակից: Օրվա սուրբգրային ընթերցվածքից տեսնում ենք, որ շաբաթ օրով Քրիստոսի աշակերտները հասկեր էին պոկել և ուտում էին: Այդ քայլով նրանք արժանացան փարիսեցիների մեղադրանքին, որ շաբաթ օրով գործ անել օրինավոր չէ: Հիսուս Քրիստոս՝ մարդացյալ Աստված, նրանց համար օրինակ է բերում Դավիթ թագավորի արարքը, որն իր հետ եղողների հետ կերել էր առաջավորության հացերը, որը քահանաներին էր միայն թույլատրվում ուտել: Տերը նույնացնում է արգելված երկու իրողությունները՝ շաբաթ օրն աշխատելը և առաջավորության հացերն ուտելը, որովհետև, ինչպես շաբաթ օրն է մարդու համար և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա, այնպես էլ օրենքը մարդու համար է և ոչ թե մարդը՝ օրենքի համար: Օրենքի տառից կառչելով՝ փարիսեցիներն ու օրենսգետները մոռանում էին Աստվածային պատվիրանների միտքն ու հոգին: Փարիսեցիների քննադատության պատճառը սիրո և ողորմածության պակասն էր, որով առաջնորդվելով նրանք քննադատում էին Քրիստոսին և Նրա աշակերտներին: Ավետարանական այս հատվածի շարունակության մեջ պատմվում է, որ փարիսեցիները շտապեցին տեսնել, թե արդյո՞ք Քրիստոս շաբաթ օրով կբուժի գոսացած ձեռքով մարդուն: Աստծո Որդին հարց է ուղղում նրանց, թե արդյո՞ք նրանք շաբաթ օրով իրենց ոչխարը փոսից դուրս չեն հանի: Իսկ Մարդասեր Աստծո համար մի՞թե մարդը ոչխարից առավել չէ: «Ապա ուրեմն, պետք է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթեոս 12:12), – եզրափակում է Իր խոսքը Հիսուս: Քրիստոս Հիսուս Ինքն է ասում, որ օրենքը կամ մարգարեներին ջնջելու չեկավ, այլ՝ լրացնելու (Մատթեոս 5:17): Չնայած հարկ է նշել, որ հինկտակարանյան օրենքում անգամ Աստված խոսում է ողորմության և ոչ թե զոհաբերությունների առաջնայնության մասին: Դա է վկայում այսօրվա ընթերցվածքը Եսայու մարգարեությունից. «Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը, – ասում է Տերը, – Ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արյունը չէ, որ ուզում եմ, և ոչ էլ այն, որ գաք ու կանգնեք Իմ առաջ: Ո՞վ խնդրեց դա ձեզնից. Մի՛ շարունակեք կոխոտել իմ գավիթները: Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են Ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրը ևս անընդունելի են Ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տոները ատեց Իմ հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլևս չեմ ների ձեր մեղքերը: Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով» (Եսայի 1:11-15): Այս խոսքերում մենք տեսնում ենք, որ Երկնային Դատավորը չի հանդուրժում ձևական արարողությունները. «Եթե իմանայիք, թե ինչ է՝ ողորմություն եմ կամենում և ոչ զոհ» (Մատթեոս 12:7): Հովհաննես առաքյալն ասում է. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհաննես 4:20): Աստված մեզանից մաքուր և ողորմած սիրտ է ակնկալում. «Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, Իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեցե՛ք բարիք գործել, արդարություն փնտրեցե՛ք, փրկեցե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն» (Եսայի 1:16,17): Նույնպես և ձևական պահեցողությունն է ունայն Աստծո համար. Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. Դուք պիտի գաք բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ Ես ընտրեցի, – ասում է Տերը: – Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները: Քաղցածներին բաժանի՛ր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր (Եսայի 58:3-7): Մենք կարող ենք ամեն ինչ անել, սակայն պետք է սեր ունենանք, ողորմություններ անենք՝ ողորմած սիրտ ունենալով: Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում բացատրում է բարի գործեր անելու կարևորագույն պայմանը. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Կորնթացիներ 13:1-3): Մենք մեր իսկ վարքով և առաքինություններով պիտի դառնանք Աստծո խոսքի քարոզիչները, մեր քրիստոնեական պարտականությունները, գործերն ու բարիքները հարկ է, որ մշտապես առկա լինեն մեր կյանքում:

Երկու հարուստ մարդ գնում են Երուսաղեմ՝ Հիսուսի գերեզմանին ուխտի: Ճանապարհին նրանք հյուրընկալվում են մի աղքատ մարդու տանը, որն անգամ ուտելիք չուներ նրանց հյուրասիրելու, բայց շատ ջերմ վերաբերմունք է ցուցաբերում նրանց հանդեպ: Քնելուց առաջ ուխտավորներից մեկը տեսնում է, թե ինչպես այդ մարդը սենյակի մի անկյունում աղոթում է Աստծուն, որ ընդունելի անի իր հյուրերի ուխտը: Շատ է ազդվում ուխտավորը և իր ունեցած ողջ գումարը, որ նախատեսել էր ճանապարհածախսի համար, առավոտյան նվիրում է տանտիրոջը, այնուհետև ընկերոջը հայտնում, որ ինքը այլևս չի ցանկանում գնալ Երուսաղեմ և ուրախությամբ վերադառնում է իր տուն: Նրա ընկերը Երուսաղեմում մոմ վառելիս տեսնում է իր ընկերոջը, որ նույնպես մոմ է վառում և նրա գլխին լույսի մի գեղեցիկ շող կա: Զարմանում է և հետ դառնալով՝ գնում ընկերոջ մոտ և հարցնում, թե ինչո՞ւ իր հետ չցանկացավ գնալ, այլ մենակ այլ ճանապարհով գնաց Երուսաղեմ: Ընկերն էլ է զարմանում այս մեղադրանքի վրա: Գյուղացիներն էլ վկայում են, որ նա վաղուց է տուն եկել: Այսպես ավարտվում է այս պատմությունը: Սիրելինե՛ր, ժողովուրդն ասում է. «Ամեն մարդու վարձքը իր առջևից է գնում»: Այնպես որ եկեք ողորմած սրտով, ներողամտությամբ, չդատելով, չբամբասելով, չկռվելով, սիրով և հոգատարությամբ հավաստենք մեր հավատն առ Աստված: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

                                                                                                                         

Տեր Վահան քհն. Առաքելյան

25.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․