Գրքեր

«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…»

«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…» (Հռոմ. 12:14)

Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի վրա՝ կամենալով ոչնչացնել այն, և ժողովուրդն աղոթում է, որ չարիք պատահի նրանց, այսինքն, որպեսզի ջարդուխուրդ լինեն նրանց մարտակառքերը, հիվանդանան նրանց ձիերը, որպեսզի ինչ-որ բան խանգարի նրանց, դա լա՞վ է, թե՞ վատ: Սուրբ Գիրքը հենց այդ նկատի ունի, որ նրանք խոչնդոտի հանդիպեն իրենց ճանապարհին: Դա անեծք չէ»:

- Հա՛յր, իսկ անեծքը ե՞րբ ուժ ունի:

- Անեծքը միայն այն ժամանակ ուժ ունի, երբ անարդարության հետևանքով է լինում: Օրինակ, եթե մի կին ծաղրի մեկ այլ կնոջ, որը տառապում է, կամ որևէ չարիք պատճառի նրան, և տուժողն անիծի, ապա անարդարացիորեն վարվողի սերունդը կընդհատվի: Այսինքն, եթե ես չարիք եմ պատճառում մեկին և նա անիծում է ինձ, ապա նրա անեծքն ուժ ունի: Աստված թույլ է տալիս, որ անեծքներն ուժ ունենան, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, թույլ է տալիս, որ մի մարդ սպանի մյուսին: Սակայն, եթե անարդարություն չի եղել, ապա անեծքը հետ է վերադառնում նրան, ումից դուրս է եկել:

- Իսկ ինչպե՞ս կարելի է անեծքից ազատվել:

- Մեղքերի խոստովանությամբ և ապաշխարությամբ: Ես շատ այդպիսի դեպքեր գիտեմ: Անեծքից տուժած մարդիկ, ովքեր գիտակցել են, որ իրենց անիծել են, որովհետև մեղավոր են եղել ինչ-որ բանում, մեղքերի խոստովանության են գնացել, ապաշխարել են, և նրանց բոլոր դժբախտությունները դադարել են: Եթե մեղավորն ասի. «Տե՛ր Աստված, ես այս ու այս անարդարությունն եմ գործել, ների՜ր ինձ»,- և ցավով ու անկեղծորեն իր մեղքերը պատմի հոգևորականին խոստովանության ժամանակ, ապա Աստված կների նրան, քանի որ Նա Աստված է:

- Իսկ պատիժվում է միայն այն մարդը, ում ուղղվա՞ծ է անեծքը, թե՞ նրան էլ, ումից դուրս է գալիս:

- Նա, ում ուղղված է անեծքը, տանջվում է այս կյանքում: Սակայն նա, ումից դուրս է գալիս անեծքը, տանջվում է այս կյանքում և կտանջվի նաև մյուսում, որովհետև եթե չխոստովանի իր մեղքն ու չապաշխարի, ապա այնտեղ կպատժվի որպես հանցագործ: Դե լավ, ենթադրենք՝ ինչ-որ մեկն իսկապես նեղացրել է քեզ: Բայց քեզ նեղացնող մարդուն անիծելով՝ կարծես ատրճանակ ես առնում ձեռքդ ու սպանում նրան: Ի՞նչ իրավունքով ես այդպես վարվում: Քեզ նեղացնողն ինչ էլ արած լինի, դու նրան սպանելու իրավունք չունես: Եթե մարդ անիծում է մեկին, նշանակում է, որ նրա մեջ չարություն կա: Մարդ անիծում է մեկին, երբ ողջ ուժով ու վրդովմունքով չարիք է ցանկանում նրան:

Եթե մարդ իրավացի է ու անիծում է, ապա դա մեծ զորություն ունի: Հատկապես զորեղ է այրու անեծքը: Հիշում եմ, մի ծեր կին մի ձիուկ ուներ, որին թողնում էր անտառեզրին՝ արածելու, իսկ քանի որ անհանգիստ ձի էր՝ պինդ կապում էր պարանով : Մի անգամ այդ նույն գյուղից երեք հարևանուհի անտառ գնացին՝ փայտ հավաքելու: Նրանցից մեկը հարուստ էր, մյուսը՝ այրի, իսկ երրորդը՝ որբ ու շատ աղքատ: Կապած ձին տեսնելով՝ ասացին. «Եկեք վերցնենք պարանն ու փայտերը կապենք»: Նրանք պարանը երեք մասի բաժանեցին ու ամեն մեկը մի մաս վերցրեց իրեն: Իսկ ձին փախավ: Պառավ կինը եկավ, չգտավ ձիուն ու սկսեց վրդովվել: Սկսեց ամեն տեղ փնտրել ու մի լավ չարչարվեց մինչև գտավ: Վերջապես, երբ գտավ, զայրույթով ասած. «Թող այդ պարանով քարշ տան նրան, ով այն վերցրել է»: Որոշ ժամանակ անց այն հարուստ հարևանուհու եղբայրը խաղ էր անում զենքով (որ իտալացիներից հետո էր մնացել), մտածելով, որ այն լիցքավորված չէ: Բայց պարզվեց, որ լիցքավորված է, կրակոց լսվեց և փամփուշտն այդ հարուստ կնոջ կոկորդը մտավ: Պետք էր հիվանդանոց տանել նրան: Որոշեցին փայտե աստիճանին պառկեցրած տանել, պատգարակի պես, և որպեսզի վիրավորը վայր չընկնի անհրաժեշտ էր աստիճանին կապել նրան: Եվ ահա գտան այն գողացված պարանի կտորը, բայց չբավականացրեց: Վազեցին հարևանների տուն, բերեցին մյուս երկու կտորներն էլ, կապեցին խեղճին ու հիվանդանոց տարան: Այսպիսով իրականացավ պառավ կնոջ անեծքը: Վերջիվերջո խեղճը մահացավ, Աստված հոգին լուսավորի: Տեսե՛ք, թե ում վրա ազդեց անեծքը՝ հարուստի, որը նյութական կարիք չուներ: Մյուս երկու կանայք աղքատ էին, ուստի իրենց հանցանքը մեղմող հանգամանքներ ունեին:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

30.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․