Գրքեր

Օրհնված ջուր

Հունվարի 6-ին, ի հիշատակ Քրիստոսի մկրտության, եկեղեցիներում Պատարագից հետո կատարվում է ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը բաժանում են հավատացյալներին. այն մարդկանց օրհնություն, սրբություն ու նաև ըստ հավատի` բժշկություն է պարգևում։ Օրհնված ջրի կամ սուրբ ջրի գաղափարը հայտնի էր դեռևս հնում հրեաներին, ինչպես տեղեկանում ենք Հին Կտակարանից։ Աստված Մովսեսի միջոցով պատվիրել էր հրեաներին, որ մի կարմիր երինջ հանեն բանակատեղիից դուրս, որը քահանան պետք է զոհաբերեր և այրեր։ Այրվող երինջի վրա քահանան գցում էր կարմիր թել, զոպա, այսինքն` սպունգ, և եղևնու փայտ (Թվեր 19.2-5)։ Ըստ Եբրայեցիներին ուղղված թղթում Պողոս առաքյալի տված ցուցումների` երինջի զոհաբերությունը խորհրդանշում էր Քրիստոսի զոհագործությունը (Եբր. 9.11)։ Այս ցուցումներին հետևելով` Եկեղեցու Հայրերը հետևյալն են ուսուցանում։ Այրվող երինջի վրա գցվող կարմիր թելը խորհրդանշում էր Քրիստոսի արյունը, սպունգը` մեղքերից մաքրվելը (Սաղմ. 50.9), իսկ եղևնու փայտը Քրիստոսի խաչափայտի խորհրդանիշն էր։ Երինջի զոհաբերությունը բանակատեղիից դուրս խորհրդանշում էր Քրիստոսի խաչելությունը Երուսաղեմից դուրս։ Այս այրված երինջի մոխիրը հրեաները խառնում և լուծում էին ջրի մեջ և այն օգտագործում կրոնական ծիսական լվացումների համար։ Անմաքրություն ունեցող մարդն այս ջրով լվացվելով` այլևս մաքուր էր համարվում Աստծո և մարդկանց առջև (Թվեր 19.9)։ Եվ եթե հնում այրված երինջի մոխրով ջուրը մաքրություն էր պարգևում, ուրեմն որքան առավել ևս այժմ հավատացյալներին կարող է մաքրություն, օրհնություն և բժշկություն պարգևել Քրիստոսի Սուրբ Խաչի նշանով օրհնված ջուրը։ 

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը»

 

05.01.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․