Գրքեր

«Որովհետև դուք որդիներ եք»

«Եւ զի էք դուք որդիք, առաքեաց Աստուած զհոգի Որդւոյն Իւրոյ ի սիրտս մեր, որ աղաղակէ Աբբա, Հայր»։

«Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց Իր Որդու Հոգին, որ աղաղակում է Աբբա, Հայր» (Գաղատացիներ 4։6)։

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․

Մենք քրիստոնյա ենք, մենք Քրիստոսի հետևորդ ենք։ Մենք փորձում ենք ապրել Քրիստոսի պատվիրաններով միջանձնային հարաբերություններում՝ հիշելով մեր Վարդապետի սիրո ուսմունքը. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս 22։39)։ Եվ այս օրերին էլ փառք ենք տալիս Աստծուն ամեն բանի համար, որ մենք ականատեսն ենք լինում մեր ժողովրդի համախմբման, միասնության, սիրո։ Հիշում ենք Աստծո խոսքը. «Եթե մի թագավորություն ինքն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ» (Մարկոս 3։24, 25)։ Մենք բոլորս դարձել ենք մի ընտանիք, և մեր գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Եթե մենք հավատանք Նրան, աղոթենք, ապաշխարենք, միասնական լինենք, հետևենք Նրա պատգամներին, իրար դեմ դուրս չգանք, չքննադատենք իրար, չհուսալքվենք և չնպաստենք հուսահատական տրամադրությունների աճին, մեր տունը ամուր կլինի, մենք քաջ կլինենք, միմյանց ձեռք մեկնելով՝ առաջ կընթանանք, Աստված կառաջնորդի մեզ դեպի հաղթություն։ Այս օրերին հատկապես դժվար է մարդկանց համար հավասարակշիռ լինել, հավասարակշիռ դատողություններ կատարել, չհուսալքվել կորուստների ցավից։ Այո՛, դժվար է, բայց Աստծով ամեն ինչ հնարավոր է։ Պիտի աննկուն մնանք, պիտի չերկնչենք, չվախենանք, մեր քրիստոնեական ընտանիքի մասին հոգանք։ Մենք մկրտության մյուռոնով լուսավորվել ենք և պիտի թույլ չտանք, որ խավարը մթագնի մեր գիտակցությունը, հարության ավետիսը պիտի փարատի մեր սրտերի ընկճվածությունը, պիտի շարունակենք ապրել ու արարել։

Քրիստոս անցավ խաչի ճանապարհով, հայ ժողովուրդը ևս անցել է ու անցնում է իր խաչի ճանապարհը, բայց գիտի, որ առջևում հարությունն է։ Մեզ խաչել են, կարծել են՝ մեզ ոչնչացրին, սակայն մենք կրկին հարություն ենք առել։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունը ամեն հարցի պատասխանն է։ Նա դրանով ոչ թե վերջակետ է դնում ամեն հարցի, այլ մարդկության ու աշխարհի համար նոր սկիզբ է հռչակում։ Քրիստոնեությունը մարդուն սովորեցնում է արարել և ոչ թե ոչնչացնել, ստեղծել և ստեղծագործել և ոչ թե վնասել այլ մարդկանց։ Մենք մեր Աստծո անունով ավերածություններ և պատերազմներ չենք հնարում։ Սակայն մեր Տերը չի թողնում, որ մենք խեղճ լինենք, ընդհակառակը, սիրո և զոհաբերության ոգով զորացնում է մեզ, քաջ է դարձնում, մենք դառնում ենք մեր սիրելիների ու հարազատների անվախ պաշտպանները։     

Մենք բոլորս մի հոտի անդամ ենք, մեր Հովիվը Հիսուս Քրիստոսն է։ Եթե մենք հովվի փարախում լինենք, մեզ ոչինչ չի պատահի. «Ես եմ լավ հովիվը, լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է, և ոչխարների համար հոգ չի անում։ Ես եմ լավ հովիվը, և ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից» (Հովհաննես 10։11-14)։ Թող ոչ ոք չկասկածի, որ Տերը մեզ հետ է։ Քրիստոսի հետ քայլելիս հացը բազմանում է, հիվանդությունը բուժվում է, ծաղկում է չորացած որթատունկը, ներվում են մեղքերը, մարդու մեղավոր անցյալը նրա ապաշխարությամբ և Աստծո ողորմածությամբ կորցնում է իր ուժը, դատապարտություն չի հնչում, վերանում է սովը, արդարացի պայքարը ավարտվում է հաղթանակով։ Դրան ականատես կարող ենք լինել թե՛ անձնային և թե՛ համայնքային կյանքի բազում օրինակներով։ Հիշում ե՞ք Ղազարոսի նկատմամբ Հիսուսի սերը, նրա համար լաց եղավ, հետո հարություն տվեց։ Տերն ասաց, որ մեզ բարեկամներ է համարում և Սուրբ Պողոս առաքյալն էլ ասում է, որ մենք որդիներն ենք Աստծո և ոչ ծառաները։ Դա ենթադրում է, որ մենք մեր Ամենակարող Հոր ձեռքերում ապահով ենք, Նրա պաշտպանության ներքո ենք գտնվում։

Ավետարանը ընթերցելիս մեր մեջ խավարը չի՛ իշխում, այլ քրիստոնեական սերն ու հույսն են լուսավորում մարդու հոգին, և դա ոչ մեկը չի կարող ժխտել։ Ուստի չի կարող տխրությունը պատել ճշմարիտ քրիստոնյաներին Աստծուն սպասելիս։ Եվ միասնական պատվիրանապահության դեպքում կյանքը նոր երանգներ է ստանում, երբ որ մարդը կատարում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկաս 10։27)։ Այս պատվիրանի կատարումը միավորում է մեզ Աստծո հետ և միավորում է իրար, որը որ Աստծո ցանկությունն է։ Մենք անում ենք հնարավորը, անհնարինը մեզ համար կանի Աստված։ Թող մեր միջից սերը չպակասի։ Քրիստոսը մեր լույսն է, հույսն է, կենաց հացն է, մեր քաջ հովիվն է, անմահություն պարգևող ջուրն է և մեզ համար միշտ էլ հոգ կտանի։ Մենք անարդար պայքար չենք մղում։ Երկնատուր օրհնությամբ և շնորհով են կառուցվում մեր երկրային հաջողությունները, և միաժամանակ որպես անուշաբույր խունկ ու սաղմոսերգություն դեպի երկինք են բարձրանում երկրի վրա դրսևորված մեր սերն ու զոհաբերությունը միմյանց համար։

Քրիստոնեությունը բարդ փիլիսոփայություն չէ, և Աստծո Միածին Որդին, մարմնանալով և Իր ուսմունքը սովորեցնելով, չէր ձգտում վերացական ըմբռնումների, այլ ցանկանում էր, որ մարդիկ ապրեն ամենօրյա սիրո գործեր կատարելով։ Հետևաբար, սիրելինե՛ր, հավատարիմ մնանք Քրիստոսին և Նրա պատվիրաններին։ Չլքենք մեր ընտանեկան փարախը և պաշտպանված կլինենք երկնային զորքերով։   

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

18.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․