Գրքեր

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Թեբայիդայում մի կրոնավոր կար, որ Աստծուց շնորհ էր ստացել, որպեսզի որքան ողորմություն աներ, ոչինչ չպակասեր նրա ունեցվածքից, այլ բավական լիներ ամենքին, ով գար նրա մոտ, քանզի լցնում էր մախաղը ոսկով, արծաթով, դրամով և ելնելով գյուղերը` բաշխում էր աղքատներին: Մի օր զարմանահրաշ մի դեպք եղավ: Ըստ սովորության՝ ծերը մի անգամ գնաց ոսկի և արծաթ բաժանելու աղքատներին, և պատառոտած և աղքատ հանդերձներով մի կին եկավ նրա մոտ՝ ողորմություն ստանալու: Երբ տեսավ նրան ծերը այնպես մերկ և գծուծ շորերով, շատ խղճաց և կամեցավ շատ դրամ տալ նրան: Երբ ձեռքը մտցրեց մախաղից հանելու` ձեռքը կապվեց, և չկարողացավ շատ հանել, այլ ակամա քիչ տվեց: Եվ ահա մեկ ուրիշ կին եկավ, որ վայելուչ հանդերձանք  ուներ, իսկ նա ձեռքը մտցրեց և կամենում էր քիչ տալ նրան, սակայն ձեռքն, ինքնիրեն բացվելով, ակամա շատ տվեց նրան: Զարմանալով` այս ծերը հարցրեց այդ երկու կանանց մասին նրանց, ովքեր կային այդտեղ, և նրան տեղեկացրին, որ Աստված արդար դատաստան արեց, քանի որ նա, ով վայելուչ հանդերձանքով էր, ուրիշներից էր խնդրել և ամոթից էր հագել, քանզի մեծահարուստի դուստր էր եղել և աղքատացել էր: Իսկ նա, ով պատառոտուն հանդերձներ էր հագել, նույնպես ուրիշներից էր խնդրել և հագել էր՝ ողորմություն ստանալու համար, թեև իրեն անհրաժեշտ ամեն բան ուներ: Դրա համար էլ Աստված, որ ամենուրեք է և ամեն ինչ տեսնում  է, ի հայտ բերեց երկուսի գործերն էլ` այն աղքատասեր մեծ ծերի միջոցով, ով սուրբ էր և ողորմած:

 

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․