Գրքեր

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Աղքատները գալիս էին Տերենութ և եղբայրներից ողորմություն էին խնդրում. եկավ մի խաբեբա և ընկնելով ծերի առաջ՝ մեծ տառապանքով թախանձում էր, իսկ ծերը այլ բան չուներ` բացի երկու մազեղեն քուրձերից, և լավագույնը տվեց նրան, և նա գնաց: Եղավ այնպես, որ ծերը գնաց քաղաք և տեսավ խաբեբային, որ հավաքել էր իր նման ընկերներին, և գալով գինեվաճառի մոտ՝ ասաց նրան. «Խաբեցի մի անմիտ մենակյացի և առա այս մազեղեն քուրձը. վերցրո՛ւ քեզ և գինի՛ տուր, որ զվարճանանք»: Եվ երբ լսեց այս ծերը, խիստ տրտմեց և գալով անապատ` նեղվում էր հույժ և այսպես էր ասում. «Թեև մարմինս զրկեցի, սակայն առավել ևս՝ հոգիս կորցրի և արժանի չեղա կարոտյալներին տալու, այլ տվեցի այն խաբեբային, որ չարախնդորեն վաճառելով` իր մեղսակիցը դարձրեց ինձ»: Ապա երազում տեսավ սաստիկ պայծառությամբ մի լուսավոր մարդու, որ հագել էր մազեղեն պարեգոտը և ասաց իրեն. «Ինչո՞ւ ես տրտմած. ճանաչո՞ւմ ես այս մազեղեն քուրձը»: Ծերն ասաց. «Այո՛, Տե՛ր, իմն է»: Տերը նրան ասաց. «Դու ի՛նձ տվեցիր պարեգոտը, և ահա Ես եմ հագել, քանզի երբ դու սա տվեցիր Իմ անունով, Ե՛ս ընդունեցի սա: Արդ, եթե ուզում ես՝ վերցրո՛ւ պարեգոտը, կամ եթե ուզում ես՝ վերցրո՛ւ անկապտելի փառքը»: Արթնանալով՝ ծերը փառք տվեց Աստծուն, շատ ուրախացավ և պատմեց մենակյացներին, և դրանից հետո աղքատների միջև խտրականություն չէին դնում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․