Գրքեր

Օտարասիրություն

Մի անգամ հայրերից ոմանք գնացին Պանեփոս` Հովսեփ ծերի մոտ, որպեսզի հարցնեն նրան, թե ինչպե՞ս պետք է ընդունեն հյուր եկած օտար եղբայրներին, թե արդյոք պե՞տք է ուրախանան նրանց հետ՝ նրանց գալու կապակցությամբ և մխիթարեն նրանց: Նախքան նրանց հարցնելը՝ ծերն իր աշակերտին ասաց. «Տե՛ս, թե ինչ եմ անելու այսօր»: Եվ դրեց երկու աթոռներ` իր աջ և ձախ կողմերում, և նրանց ասաց` նստե՛ք: Եվ մտնելով իր խուցը` հագավ աղքատի հանդերձներ, ապա դուրս գալով` անցավ նրանց միջով լռելյայն: Ապա կրկին ներս մտնելով` հանեց մուրացկանի զգեստները, հագավ իր շորերը և նստեց նրանց միջև, իսկ նրանք զարմացած էին ծերի արարքների վրա: Եվ նա հարցրեց. «Տեսա՞ք՝ ես ինչ արեցի»: Նրանք ասացին` այո՛: Նրանց հարցրեց. «Ի՞նչ արեցի»: Նրանք ասացին. «Նախ հագար մուրացկանի շորեր, հետո` մենակյացի»: Եվ նրանց ասաց. «Մի՞թե ես փոխվեցի՝ հանդերձները փոխելուց»: Ասացին` ո՛չ: Ծերը նրանց ասաց. «Արդ, եթե ես նույնն եմ՝ երկու զգեստները փոխելուց հետո, ուրեմն դրանցից և ոչ մեկը ո՛չ վնասեց ինձ, ո՛չ էլ փոխեց ինձ: Այդպես և դուք  պետք է արժանի ընդունելություն ցույց տաք օտար եղբայրներին, ինչպես Տերն է ասում. «Տվե՛ք կայսրինը` կայսեր, և Աստծունը` Աստծուն (Մատթ. ԻԲ 21, Մարկ. ԺԲ 17, Ղուկ. Ի 25): Երբ եղբայրները գան ձեզ մոտ, ուրախությա՛մբ ընդունեք նրանց, իսկ երբ մենակ լինեք, ողբը թող ձեր ընկերը լինի, որպեսզի միշտ Աստծո երկյուղի մեջ  լինեք»:  Եվ նրանք լսելով` զարմացան, որովհետև ինչ հարց որ ունեին իրենց մտքում, նա պատասխանեց՝ առանց հարցնելու: Փառավորեցին Աստծուն և գնացին խնդությամբ, և իբրև Աստծուց ընդունեցին այն խոսքը, որ ասվեց իրենց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․