Գրքեր

Օտարի հանդեպ ողորմած լինելու մասին

Ոմն մագիստրոս թագավորի հրամանով ճամփա ընկավ և ճանապարհին ընկած մի մեռել տեսավ, որ մերկ էր, գթաց նրան և իր հետ եղողներին ասաց. «Վերցրե՛ք իմ երիվարը և փոքր­ինչ առաջացե՛ք»: Եվ իջնելով` իր ներքնազգեստը հագցրեց մեռելին և ծածկելով նրան`գնաց: Օրեր անց նույն մագիստրոսին մեկ այլ թագավոր ուղարկեց՝ որպես պատգամաբեր, որը, մեկ օրում հասնելով քաղաք, ընկավ երիվարից, ջարդվեցին ոտքերը, և ընկավ անկողին: Թագավորը տեղեկանալով պատահածի մասին` բժիշկներին հրամայեց շտապ մեկնել նրա մոտ, սակայն չկարողացան օգնել նրան: Հինգ օրից հետո նրա ոտքը սևացավ: Բժիշկները խորհրդակցեցին միմյանց հետ և որոշեցին կտրել նրա ոտքը, որպեսզի ամբողջ մարմինը չվարակվի, և չմեռնի, իսկ իրեն ասում էին. «Վաղը կգանք և կբուժենք քեզ»: Եվ նա հրաման տվեց երիտասարդին` գնալ բժիշկների հետևից և լսել, թե ինչ են խորհում իր մասին: Նրան ասացին. «Քո տիրոջ ոտքը սևացել է, եթե չկտրվի, մարդը կկորչի, սակայն կգանք առավոտյան, և ինչ կամենա` կանենք»: Գնալով իր տիրոջ մոտ` երիտասարդը ողբաց և ասաց. «Վա՜յ ինձ, տե՛ր իմ, որովհետև բժիշկները խորհում են վաղը կտրել քո վնասված ոտքը»: Եվ նա, լսելով և չդիմանալով սաստիկ ցավերին, ողջ գիշերը տնքում էր և դուրս հանելով ամենքին, ովքեր տանն էին, փակեց դռները և մի փոքր նիրհելով` տեսավ մի մարդու, որ դռնից ներս մտավ` ձեռքին ունենալով գավազան, որի գլխին խաչ էր փայլատակում: Սա նրան ասաց. «Մա՛րդ, ինչո՞ւ ես լալիս»: Եվ նա ասաց. «Չլա՞մ և չտրտմե՞մ, որ ոտքս կոտրվեց, իսկ բժիշկները ուզում են կտրել այն»: Իսկ տեսիլքի մեջ երևացողն ասաց նրան. «Ցո՛ւյց տուր ինձ քո ոտքը»: Եվ նա, հեռացնելով կտավը, ցույց տվեց նրան: Իսկ հայտնվածը խաչակնքեց նրան և ասաց. «Այժմ վե՛ր կաց և քայլի՛ր»: Հիվանդն ասաց. «Չեմ կարող, նեցո՛ւկ եղիր ինձ»: Նա ուժգին հարվածեց, և սա կաղում էր: Հայտնվածը նրան ասաց. «Այժմ է՞լ ես կաղում»: Եվ հիվանդն ասաց. «Տակավին կաղում եմ»: Ասաց նրան. «Ելի՛ր և շրջի՛ր ողջանդամ»: Եվ իսկույն վեր կենալով` շրջում էր առողջ: Եվ ասաց հայտնվածը. «Ահա այժմ  առողջացար. չմոռանաս ողորմությունը, ինչպես և լսեցիր. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն (Մատթ. Ե, 7), որովհետև դատաստանն իմ ողորմած է նրանց հանդեպ, ովքեր ինձ ողորմություն արեցին»: Եվ դուրս գալիս նրան ասաց` կեցցե՛ս: Առողջացածն ասաց. «Գնո՞ւմ ես»: Եվ նա ասաց. «Ի՞նչ ես կամենում, երբ արդեն առողջացար»: Մագիստրոսն ասաց. «Աստծով՝ որ առաքեց քեզ, ասա՛`ո՞վ ես դու»: Եվ նա ասաց. «Ո՜վ մարդ, ինչո՞ւ  ես ինձ երդվեցնում. նայի՛ր ինձ, չե՞ս ճանաչում այս ներքին զգեստները»: Ասաց. «Այո՛, տե՛ր իմ»: Եվ հայտնվածն ասաց. «Ես եմ, որ մեռած և ընկած էի ճանապարհին, և այս ներքնազգեստները գցեցիր ինձ վրա: Դրա համար Աստված ինձ ուղարկեց՝ առողջացնելու քեզ: Ամեն ինչում  գոհացի՛ր Աստծուց և հեռացրո՛ւ քեզնից  մարդկանց օգնությունը, որովհետև Աստված չի թողնում նրանց, ովքեր խնդրում են Իրեն»: Եվ դուրս եկավ այն դռնից, որից մտել էր: Եվ առողջացածը, քնից արթնացնելով, բոլորին պատմեց տեսածը և շրջում էր առողջ: Եվ մենք էլ տեսնելով` փառավորեցինք Աստծուն և գրեցինք ի օգուտ նրանց, որոնց կպատմվի:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

04.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․