Գրքեր

Ոտքով ուխտագնացություն՝ համայնքի հոգևոր աճին և զորացմանն ուղղված

Մարդու տարիքը որոշվում է նրա ապրած տարիներով, իսկ այդ տարիներին մարդ հոգևոր աճ կունենա թե ոչ, կապված է իր հոգևոր ջանքերից: Այսինքն՝ հոգևոր աճն ուղիղ կապ չունի մարդու տարիքի հետ, հնարավոր է երիտասարդը հավատի մեջ առավել հասուն լինի, քան տարեցը: Քրիստոնյայի հասունությունը որոշվում է նրանով, թե որքանով է Փրկչի կյանքն իր կյանքում արտացոլում: Տիրոջ հետ կենդանի հաղորդակցություն չունեցողը չի կարող հավատի մեջ աճել և կատարելագործվել: Այդ պատճառով Քրիստոս ասաց. «Ինչպես որ ճյուղը ինքն առանձին պտուղ չի տա, եթե միացած չլինի որթատունկին, նույնպես և դուք չեք կարող պտուղ տալ, եթե միացած չլինեք Ինձ: Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:4-6): 

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հոգևոր աճին և զորացմանն էր ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության հերթական ոտքով ուխտագնացությունը դեպի Ս. Էջմիածին: Ապրիլի 16-ին՝ Ավագ շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Հայոց հոգևոր կենտրոն: «Զորավոր արանց» միության աղոթքի ուղին կանգ առավ Երևանի Կենտրոնի Ս. Սարգիս, Փարաքարի  Ս. Հարություն, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Աստվածածին, Ս. Հրեշտակապետաց, Ս. Գայանե եկեղեցիներում և Մայր Տաճարում: Յոթ սրբավայրերում  ուխտավորները համախմբվեցին ընդհանրական աղոթքի շուրջ:
Վերադառնալով Երևան՝ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Զատկի ճրագալույցի Պատարագին: Ս. Պատարագի ավարտին խորանից հնչեց Հարության ավետիսը, որ պատմական իրողություն լինելուց բացի, հայ քրիստոնյայի համար կենդանի ապրում է և հաղթանակի տոն, «զի յարեաւ Քրիստոս ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»: 

 

Կարինե Սուգիկյան

16.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․