1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Ո՞վ է մեծը

«Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը» (Ղուկ. 22:26):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Փա՜ռք և գոհություն Ամենախնամ Տիրոջը նոր տարվա, հերթական բացվող օրվա և օրհնաբեր կիրակիի համար: «Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով»,- խրատում է սուրբ Պողոս առաքյալը և մաղթանքս է, որպեսզի անկախ ամեն ինչից, անկախ փորձությունների ու դժվարությունների ծանրությունից, սովորենք մեզ պարգևված յուրաքանչյուր նոր օրը առ Աստված փառաբանությամբ սկսել՝ մեր կյանքն ամբողջովին Նրա հայրական հոգատարությանը հանձնելով:

Ամանորի գիշերը, երբ ազդարարվում է տարեմուտի մեկնարկը, բազում երազանքներ ու բարեմաղթանքներ են վերառաքվում Երկինք և դրանք միշտ նորի՝ ավելի լավի, ավելի լուսավորի ակնկալիքով են: Մեզ՝ քրիստոնյաներիս, անկախ մեր մանր ու մեծ երազանքներից, միավորում է մեր կյանքի ամենամեծ ու կարևոր իղձը կամ նպատակը՝ ժառանգել Աստծու խոստացած Արքայությունը: Իսկ դրա համար, ինչպես գիտենք, կարևոր նախապայման կա, որի մասին խոսում է Քրիստոս. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մտթ. 18:3): Այնուհետև մատնանշում է խոնարհությունը, որ պիտի ձեռք բերենք: Իսկ «դառնալ»-ն այստեղ «փոխվել» իմաստն ունի, սիրելի՛ հավատացյալներ, և այդ է պատճառը, որ մեր սիրասուն երկնային Մայրը՝ Եկեղեցին, Ավետարանի ու սուրբ հայրերի շուրթերով մեզ մշտապես հիշեցնում է փոխվելու անհրաժեշտության մասին. եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, ապա առաջին հերթին ինքդ պիտի փոխվես:

Ազնիվ ու անկեղծ ինքնաքննության դեպքում, վստահ եմ՝ մեր հոգում փոխելու շատ բան կգտնենք, սակայն այդ ամենի մեջ կա մի բան, որից ծնունդ են առնում մյուս բոլոր ախտերը և որից, ցավոք, անմասն չէ և ոչ մեկը՝ անկախ դիրքից ու ծագումից: Հպարտությունն է դա:

Հպարտությունն ի հայտ է գալիս ամենազանազան եղանակներով, երբեմն՝ ծածուկ, երբեմն՝ բացահայտ, բայց միշտ կործանարար ազդեցություն է ունենում դրանով բռնված հոգու համար: Եկեղեցու հայրերը բազում գրվածքներ ունեն և՛ այդ ախտը բնորոշող, և՛ դրանից զգուշացնող, և՛ դրան հակազդելու ուղիները մատնանշող: Սակայն այսօր ուզում եմ ձեզ համար ընթերցել Եսայի մարգարեի խոսքերը, որտեղ նկարագրվում է այն պահը, երբ առաջին անգամ արուսյակի կամ բանսարկուի հոգում ծնվեց այդ մահաբեր ախտը և թե ինչ հաջորդեց դրան. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր. կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա. կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»: «Բայց ահավասիկ,- ամփոփում է մարգարեն,- դժոխք ես իջնելու և երկրի խորքերը» (Եսայի 14:13):

Սիրելինե՛ր, այս կործանարար կրքի դրսևորումների մասին մտորելիս՝ հիշեցի դասականի խոսքը. «Հպարտությունն այն է, ինչ մենք ենք մեր մասին մտածում»: Ես կասեի՝ սխալաբար մտածում: Իսկ մենք հաճախ, առանց որևէ հիմնավորման, մտածում ենք, որ ամենախելացին ենք, ամենագետը, ամենաճիշտը… Իսկ դա իր հերթին հանգեցնում է այսօր մեր ազգի մեջ արմատացող մեկ այլ աղետալի երևույթի, որը հեղինակազրկումն է և որն իմ կարծիքով ամենաիսկական հպարտության քողարկված արտահայտություն է. ԵՍ ոչ մի հեղինակություն չեմ ճանաչում, քանի որ ԻՆՔՍ ամեն ինչ գիտեմ և որևէ մեկից սովորելու կարիք չունեմ…

Խորհրդային շրջանը հիշող մարդիկ կվկայեն, թե այն ժամանակ ինչպիսի՜ հարգանքով ու ակնածանքով էին վերաբերվում ուսուցիչներին՝ բարձր գնահատելով նրանց կոչումը, նրանց կատարած աշխատանքն ու մեծագույն ավանդը մանուկներին ու երիտասարդներին կրթելու և դաստիարակելու գործում: Ուսուցիչը, դասախոսը, գիտական այրն իսկական հեղինակություն էր, նրա խոսքը կշիռ ուներ և անգամ ծնողն էր գլուխը խոնարհում, երբ ուսուցիչը նախատում էր աշակերտին: Այսօր ծնողն իրեն թույլ է տալիս ողջ դասարանի ներկայությամբ ամենավերջին անպատիվ խոսքերն ասել իր մանկանը կրթողին և անգամ ապտակել նրան…

Արևելքում բնակվողները կվկայեն, թե ինչպիսի՜ հարգանքով ու մեծարանքով են երիտասարդները վերաբերվում տարեցներին՝ զանազանություն չդնելով իրենց և այլոց ծնողների միջև: Կյանքի զանազան փորձությունների, հիվանդությունների ու տառապանքի բովով անցած և երիտասարդների համեմատ իմաստնություն ձեռք բերած տարեցն իսկական գանձ է համարվում արևելքում և մարդիկ հաշվի են նստում մեծի կարծիքի հետ: Հարգում են նրա անցած ճանապարհը, գնահատում նրա փորձը ու հաճախ են խորհուրդ հարցնում կյանքի տարբեր իրադրություններում: Մեզ մոտ, ցավոք, կամաց-կամաց սկսում է մարել անգամ տարրական հարգանքը տարեցների նկատմամբ, էլ չեմ խոսում ակնածալից վերաբերմունքի մասին: Զանազան փորձություններից ճերմակած գլուխը, վշտերից կնճիռներով ակոսված դեմքը, աշխատանքից կորացած մեջքն ու դողդոջուն քայլքն այլևս չեն ազդում մեզ վրա…

Հրեաների կամ մահմեդականների մեջ ապրողները կվկայեն, թե ինչպիսի՜ գնահատանքով ու մեծարանքով են և՛ առաջինները, և՛ վերջինները վերաբերվում իրենց հոգևոր առաջնորդներին՝ անկախ ամեն ինչից, և ի՜նչ նշանակություն են տալիս նրանց խոսքին: Առնվազն միամտություն կլինի կարծելը, թե վերջիններս սուրբ են ու կատարյալ: Ոչ իհարկե. մարդիկ հրաշալի տեսնում են ու գիտեն իրենց հոգևոր հայրերի ախտերն ու սխալական լինելը, սակայն իրենց թույլ չեն տալիս դատել և քննարկման առարկա դարձնել նրանց: Որովհետև հոգևորականի հեղինակությունը անսասան է նրանց մշակույթում, նրանց հոգեկերտվածքում և այդ ազգերի համար սկզբունքային ու սեփական արժանապատվության հարց է իրենց հոգևոր առաջնորդների վարկը բարձր պահելը: Թե ինչ է կատարվում մեր երկրում այս առումով, կնախընտրեմ լռել… Եվ սա, ցավոք, վերաբերում է բոլոր ոլորտներին:

Իսկ թե ինչու է անհրաժեշտ խոնարհաբար հարգալիր վերաբերմունք դրսևորել հեղինակավոր, վաստակաշատ մարդկանց հանդեպ, ինչու է անհրաժեշտ գնահատել ու պահպանել նրանց, ինչու է անհրաժեշտ ունկնդիր լինել նրանց խոսքին ու սովորել նրանցից, կարծում եմ՝ ակնհայտ է. հասարակությունը կրթվում, զարգանում ու պահպանվում է հենց նման արժեքների շնորհիվ: Մարդիկ միասնական, համերաշխ, ուժեղ ու գաղափարական են դառնում հենց այս մարդկանց օգնությամբ: Ժողովուրդը չի պառակտվում, դյուրությամբ չի մոլորվում, երբ գիտե հարգել հեղինակավոր մարդկանց խոսքը, գիտե գնահատել նրանց վաստակը, գիտե ականջալուր լինել նրանց խրատներին: Սա խոնարհության դրսևորում է և շա՜տ ու շատ կարևոր է, սիրելի՛ հավատացյալներ: Քանի որ ի՞նչ կպատահեր Իսրայելի ժողովրդին առանց Մովսեսի առաջնորդության: Ի՞նչ արժեք կունենային գալիլիացի ձկնորսներն առանց Վարդապետի: Արդյո՞ք նրանք սուրբ առաքյալներ կդառնային, եթե խոնարհաբար ընդունելու փոխարեն, հպարտությունից մղված՝ մերժեին Քրիստոսի առաջնորդությունը: Արդյո՞ք կժառանգեին Աստծու երանելի Արքայությունը, եթե Քրիստոսի խրատներն ընդունելու փոխարեն, սեփական փուչ ու մեծամիտ կարծիքն առաջ մղեին: Ո՛չ և կրկին ո՛չ:

«Խոնարհվող մեղավորները առանց բարի գործերի էլ են արդարանում, իսկ արդարները, իրենց ձեռք բերածն էլ են կորցնում հպարտության պատճառով»,- ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Եվ քարոզիս այսօրվա բնաբանն էլ. «Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը», նրա համար է, որ չկորչենք, այլ Քրիստոս Աստված, մեր խոնարհությունը տեսնելով, ի վերջո արդարացնի մեզ ու փրկի: Եվ էլի նույնի համար է, որ Տերն ասում է. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մտթ. 11:29): Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է հեզությունը կամ խոնարհությունը և երբևէ չշփոթենք դրանք վախկոտության, թուլության կամ անտարբերության հետ: Քրիստոս ասում է՝ ես հեզ եմ ու սրտով խոնարհ: Իսկ մի՞թե կարող ենք ասել, որ Նա, ով իշխանություն ուներ բնության տարերքների, հիվանդությունների ու մահվան վրա, անզոր էր ու թույլ: Ո՛չ: Մի՞թե կարող ենք ասել, որ Նա, ով փարիսեցիներին ու քահանայապետերին հրապարակավ քննադատում էր՝ «կեղծավորներ» ու «իժերի ծնունդներ» կոչելով, վախկոտ էր կամ չարի ու կեղծիքի հանդեպ անտարբեր: Իհարկե՝ ո՛չ: Ուղղակի Քրիստոս հրաշալի գիտեր, թե ով է Ինքը և որևէ մեկին որևէ բան համոզելու, հարկադրելու կամ ապացուցելու կարիք չուներ: Չուներ ինքնահաստատվելու, ինքն իրեն խաբելու կարիք, ուստի և Նրա զորությունն ու համարձակությունը չէին ուղեկցվում ամբարտավանությամբ, ցուցամոլությամբ կամ հանդգնությամբ: Այլ Նրա խոնարհությունը հոգին զմայլող մաքրության ու պարզության միջոցով էր դրսևորվում:

Արդ, այսօր և միշտ մեզ համար անչափ կարևոր է, անկախ մեր դիրքից, իրական խոնարհ միտք ունենալ ամենքի և ամեն ինչի, իսկ առաջին հերթին՝ ինքներս մեր մասին: Չտրվե՛նք հպարտության առաջարկած կեղծիքին, սիրելինե՛ր, որքան էլ այն հաճելի թվա: Մեզ վեր չդասե՛նք արդար հայր Աբրահամից, որն իր մասին ասում էր. «Ես հող եմ ու մոխիր» (Ծննդ. 18:27): Միշտ հիշե՛նք, որ Աստծու ողորմությանը կարոտ մեղավորներ ենք՝ կավից ստեղծված, որ մի օր անպատճառ կանգնելու ենք Արդար Դատավորի առջև՝ դատվելու: Ուստի խոնարհեցնե՛նք մեր անձը և ամեն ժամ հոգանք մեր «կավե անոթները» հոգևոր գանձերով լցնելու մասին՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության այսօր և միշտ. ամեն

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

03.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․