Գրքեր

«Ո՛վ մեղավոր, ինչո՞ւ ես փախչում Ինձնից»

Աշխարհում երբևէ չի գտնվի այնպիսի խենթ վաճառական, որ իր ողջ ունեցվածքը ծովը նետի՝ հուսալով, որ կորցրածն ամբողջովին ետ կվերադարձնի: Ցավալիորեն, երբեմն մարդը, իր հոգու փրկության հանդեպ անտարբեր գտնվելով, մեղանչում է՝ հեշտությամբ կորցնելով Տիրոջ կողմից պարգևած հոգու մաքրությունը և չարի թակարդն ընկնելով, այն կեղծ հույսով է ապրում, որ մոտ ապագայում կխոստովանի իր մեղքերը և կվերականգնի կորցրած մաքրությունն ու օրհնությունը: Իսկ զղջալու համար մոտ ապագան այդպես էլ կորչում է անորոշության մեջ:

«Դեռ ժամանակ կա, առջևում երկար տարիների կյանք ունեմ, մի օր կխոստովանեմ մեղքերս»՝ չարի խորտակիչ ծուղակներից առաջնայինը, որ նպատակ ունի հետաձգել այն ամենն, ինչ վերաբերում է հոգևոր կյանքին և հոգու փրկությանը: Մարդկության փորձիչն այս ծուղակը փորձարկել էր դեռևս դրախտում՝ Եվային դրդելով խախտել Տիրոջ պատվիրանը: Ի՞նչ ասաց փորձիչը. «Չեք մահանա» (Ծննդոց 3:4): «Տեսնո՞ւմ ես, թե ինչպես չարը գերեվարեց կնոջը, զբաղեցրեց նրա միտքը՝ ստիպելով երազել իրենից ավելի բարձր արժանիքների մասին, որպեսզի դատարկ հույսերով հրապուրվելով, կորցնի և այն, ինչ արդեն Արարիչը պարգևել էր իրեն»,- մեկնում է Ս. Հովհան Ոսկեբերանը:  

Չարի անպատկառության աստիճանը հասավ այնտեղ, որ նա առաջարկեց Քրիստոսին ցած նետվել տաճարի աշտարակից՝ ասելով. «Եթե Աստծո Որդին ես, Դու Քեզ այստեղից ցած գցիր, որովհետև սաղմոսներում գրված է՝ Աստված Իր հրեշտակներին պիտի պատվիրի քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ քարին չխփվի» (Մատթեոս 4:6):

Առ այսօր փորձիչը շարունակում է փորձել մարդկանց՝ այն ստահոդ միտքը ներշնչելով, որ մի օր կզղջան և կխոստովանեն իրենց մեղքերը: Ցավոք, շատերը չնկատելով այս կործանարար թակարդը, դառնում են անտարբեր Աստծո և Նրա նախախնամության հանդեպ: Այս չար և խաբուսիկ հույսով ապրողներն ընթանում են դեպի կործանում տանող ճանապարհով՝ կործանարար անհոգության մեջ շարունակելով մեղսալից կյանքը:

Վարդան Այգեկցին «Չզղջացող մեղավորը» առակում ջրաղացպանի կերպարով նկարագրում է ապաշխարությունը հետաձգելու կործանարար արդյունքն ու հետևանքը:

Խաչատուր անունով մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին.

- Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։

Հրեշտակը Աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով՝ Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։

Եվ նա, առողջանալով, մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարելու համար. տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»: Երբ տասը տարին անցավ, մտածեց. «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։

Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասնմեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց. «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։

Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։

Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։

Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց.

- Ո՞ւր ես գնում, ջրաղացպան։

Նա սկսեց արաբերեն խոսել.

- Քեզ չեմ ճանաչում, (աշտա խալ սադի):

Եվ ասում է հրեշտակին.

- Ի՞նչ ես ասում, պարոն։

Հրեշտակն ասում է.

- Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ: Հոգին առավ և տարավ դժոխք։

Ս. Ամբրոսիոսն ասել է. «Մարդը, չարաշահելով կյանքի դեղամիջոցը, չարին տոնախմբելու առիթներ է տալիս»: Զղջումն ու խոստովանությունը հոգու դեղամիջոց է, բայց այդ բուժումն ապարդյուն է, երբ մարդն իր խոստովանելու մտադրությունը վերածում է մեղանչման առիթի՝ ավելի ու ավելի սուզվելով մեղքի ճահճի մեջ: «Ամբարիշտն արհարմարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրա էլ անարգանք ու նախատինք են հասնում» (Առակներ 18:3): Մեղքի ճահճում հայտնվածի միտքն սկսում է մթագնել, սիրտը քարանում է, և նա այլևս ի վիճակի չի լինում մտածել իր մեղքերի մասին: Մեղքերի մեջ ապրելը դառնում է նրա համար սովորություն, սովորությունն էլ՝ բնավորություն, իսկ վատթարագույնն այն է, երբ մեղսալից արարքն է որպես սխրանք գովաբանվում: «Ովքեր կուրախանան չարիքներ գործելով և կխնդան դեպի չարը խոտորվելով: Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, և շավիղները՝ խոտորնակ» (Առակներ 2:14):

Ս. Եփրեմ Ասորին «Ապաշխարության հորդորակ»-ում նկարագրում է Տիրոջ մեծ սերն ու ողորմածությունը մեղավորի հանդեպ. «Ո՛վ մեղավոր, ինչո՞ւ ես փախչում Ինձնից: Քանի որ բազմիցս մեղանչեցիր, ե՛կ Ինձ մոտ, որդյա՛կ Իմ ողորմելի, քանզի չեմ բարկանում և չեմ մեղադրում, որովհետև Իմ արարածն ես դու, Իմ պատկերն ու նմանությունը, Իմ անարատ ձեռքի ստեղծածը: Դրա համար էլ խնայում եմ ու չեմ վերացնում պատկերդ, չեմ ավերում ստեղծվածիդ, չեմ ապականում նմանությունդ, քանզի ողորմած եմ և գթած, երկայնամիտ ու բազումողորմ: Դժվար բան չեմ խնդրում քեզնից, ինչո՞ւ ես տարակուսում, միայն դարձիր դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի Քեզ, միայն փութա ապաշխարության, միայն խոստովանիր մեղքերդ: Մի՛ տրտմեցրու քո Արարչին անդարձությամբ, մի՛ շնորհազրկիր մարդասիրությունս: Եվ եթե նայես Ինձ, որ սգում եմ քո կորստյան համար, կզղջաս չարիքներիդ համար: Ես այնպես ծարավի եմ քո փրկությանը, ինչպես եղջերուն՝ աղբյուրի ջրին»:

 

Կարինե Սուգիկյան

07.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․