Գրքեր

Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ

Սիրելի՛ հավատավոր քրիստոնյաներ,

Օրվա ավետարանական հատվածում, որ ընթերցեցինք, Ղուկաս Ավետարանիչը պատմում է մի դեպքի մասին, երբ Քրիստոսի աշակերտները սկսեցին վիճել միմյանց հետ այն մասին, թե իրենց մեջ ով է մեծը և Տեր Հիսուս Քրիստոս, երբ իմացավ նրանց սրտի խորհուրդները, մի մանուկ կանգնեցրեց նրանց միջև և ասաց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ» (Ղուկ. 9:46-48):

Այս պատմությունը տեղ է գտել նաև Մատթեոսի (Մտթ. 18:1-5) և Մարկոսի (Մրկ. 9:33-37) ավետարաններում, սակայն այս երեքից ոչ մեկի մեջ չի բացահայտվում վեճի պատճառը, թե մեծահասակ, հասուն տղամարդիկ, որ օր ու գիշեր Վարդապետի հետ էին շրջում, ինչու էին հանկարծ նման հարց քննարկում: Ավետարանիչները շրջանցել են այս հատվածը՝ ավելի կարևոր համարելով Աստվածորդու պատասխանը, որովհետև նման հարցադրման առաջանալու պատճառները բազում ու բազմապիսի կարող են լինել, բայց պատասխանը մեկն է. «ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը»: Հատկանշական է, որ Տերը չի ասում, թե ինչ էլ անեք, բոլորդ հավասար եք, այլ հուշում է, որ կան բաներ, որ իրոք բարձրացնում են մարդուն:

Աշխարհիկ մտածելակերպը միգուցե այստեղ էլ չար կատակ խաղա մեզ հետ ու միտքը միանգամից տանի դեպի աշխարհի կողմից ընդունված ու մեծարվող «բարձունքները»՝ բարձր պաշտոններ, բարձր դիրք հասարակության մեջ, հռչակ, անուն, հարստություն, ունեցվածք… Բայց այս ամենը, բնականաբար, ընդհանուր ոչինչ չունի այն մանկան հետ, որին Քրիստոս օրինակ բերեց:

Մանուկ, երեխա, փոքրիկ… Վստահ եմ բոլորդ էլ սիրում եք երեխաներին: Սիրտդ գորովով ու լուսապայծառ ջերմությամբ է լցվում երեխա տեսնելիս: Քեզնից անկախ ժպտում ես, բարիանում, կարծես օդի խտությունն էլ է փոխվում փոքրիկների ներկայությունից: Ինչո՞ւ, երբևէ հարցրել եք ձեզ: Կարծում եմ հենց դրա պատասխանն էլ մեզ կմոտեցնի Քրիստոսի կողմից ակնկալվող այն նկարագրին, որին բոլորս պետք է ձգտենք: Արդ, միասին քննենք մանուկների այն հատկանիշները, որոնք այնքան գնահատելի եղան Աստվածորդու կողմից և որոնք ամենքս էլ կորցնում ենք ժամանակի ընթացքում:

Երեխան շեմից ներս է մտնում: Աչքերում կայծկլտացող ուրախություն է՝ առանց պատճառի կամ մեծերիս համար աննշան պատճառով, սակայն մեզ համար աննշան թվացող ամեն ինչով երեխան ուրախանում է: Պարզամտությունն է պատճառը, բարեհոգությունը, ոչնչով չպայմանավորված սերը շրջապատի հանդեպ, մանրուքներով բավարարվելու կարողությունը, չար ու բացասական ինֆորմացիայով չթունավորված միտքն ու հոգին, թե էլի ինչ-որ բան, ինքներդ քննեք, սիրելի՛ հավատացյալներ: Եթե ծանոթ ու հարազատ մարդիկ կան տեսադաշտում, ապա փոքրիկն անկեղծ ուրախության պոռթկումով վազում ու փաթաթվում է նրանց: Անկեղծորեն կիսվում իր մանկական ուրախություններով ու տխրություններով: Անծանոթներին էլ է նույն «բախտը» վիճակվում, եթե կարողանում են փոքրիկի հետ «նույն լեզվով» խոսել ու հարազատանալ նրա հետ: Եվ հաշվի առեք, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր, որ մանկիկն անկեղծորեն ձեզ իր ընկերն է համարում՝ առանց հաշվի առնելու ձեր սոցիալական դիրքը, դրամապանակի պարունակությունը կամ վարած մեքենան, եթե իհարկե մենք՝ մեծահասակներս, արդեն հասցրած չենք լինում փչացնել նրա մանկական մաքուր հոգին: Իսկ ծնողների հետ փոխհարաբերությունները բոլորովին այլ պատմություն է: Մանկիկը որևէ փոքրիկ հաջողության է հասել՝ առաջին հերթին շտապում է իր ուրախությունը ծնողի հետ կիսել: Տխուր է, միգուցե ընկել ու մի քիչ վնասվել է՝ կրկին ծնողի տաքուկ գիրկն է շտապում: Ամեն պարագայում ծնողն առաջին ու ամենավստահելի էակն է փոքրիկի համար: Նա անկեղծորեն սիրում, անվերապահորեն վստահում ու հավատում է իր ծնողին: Գիտի, որ ինչ էլ պատահի՝ ծնողն իրեն սիրելու է, օգնելու, հոգ տանելու ու միշտ իր պաշտպանության տակ է առնելու: Նա աներկբայորեն հավատում է դրան, քանի որ վստահ է դրանում և ոչինչ ու ոչ ոք ի զորու չէ նրան տարհամոզելու:

Կարծում եմ մանուկների ունեցած այս մաքրությունը, անկեղծությունը, անվերապահ սերն ու նվիրվածությունն էր, որ Տերը նկատի ուներ, երբ մանկան օրինակը բերեց: Մի՞թե հենց նույնպիսի հատկություններ չի կամենում մեր մեջ տեսնել մեր Երկնավոր Հայրը: Մի՞թե բնական չէ, որ մեզ արարող Աստված, մեզ անհամար բարիքներ պարգևող Հայրը, որի շնորհիվ ապրում ենք, շնչում, լսում, տեսնում ու հավիտանական երանության հույսն ունենք, ակնկալում է, որ իրական որդիական սիրով ու նվիրումով պիտի վերաբերվենք Իրեն՝ մեր Երկնավոր Ծնողին: Ինչո՞ւ ենք որդիական խոնարհություն ու հնազանդություն ցուցաբերում մեր մարմնավոր ծնողների հանդեպ, իսկ Երկնավոր Ծնողին հաճախ անտեսում ենք, ըմբոստանում Նրա առջև ու անհնազանդ գտնվում, այն պարագայում, երբ Քրիստոս ասաց. «Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ նրանից ուզում են» (Մտթ. 7:11):  Ուրեմն ի՞նչն է մեզ խանգարում մանկան մաքրությունն ու անկեղծ սերն ունենալ առ մեզ այնքան սիրող Երկնային Հայրը: Ի՞նչն է մեզ խանգարում մանկական անկեղծությամբ և ուրախությամբ վերաբերվել մեր հոգևոր եղբայրներին ու քույրերին: Եսասիրությո՞ւնը, շահամոլությո՞ւնը, հպարտությո՞ւնը, չարությո՞ւնը, մեծամտությո՞ւնը: Ի՞նչը, սիրելի՛ հավատացյալներ: Երեխան լիակատար վստահություն ունի առ Աստված, առանց դույզն իսկ կասկածի է ընդունում Նրա գոյության ու ամենակարող լինելու անժխտելի փաստը, ուստի աղոթելիս վայրկյան անգամ չի կասկածում, որ իր աղոթքը լսվելու է: Իսկ մենք ինչո՞ւ նման վերաբերմունք չունենք: Մի՞թե դեռևս Աստծո սրբագործող լույսը ներս չենք թողել մեր սրտերից ներս, մի՞թե դեռ չենք սովորել չարի գործիքները զանազանել, մի՞թե մեր հոգու դուռը թակող Քրիստոսին կանգնեցրել ենք դրսում, ասելով. «Մի քիչ էլ սպասիր, Տե՛ր, հիմա ժամանակ չունեմ», անմիտ հարուստի պես կարծելով, թե դեռևս ողջ կյանքն առջևում է: Իսկ ե՞րբ ենք վերջապես սթափվելու ու գործելու՝ մեր Երկնավոր Հոր ու մեր մերձավորի հանդեպ սիրո գործեր անելով: Ե՞րբ ենք խոնարհեցնելու մեր «ես»-ը, որպեսզի Աստված կարողանա մեր հոգին վեր բարձրացնել: Կառչել ենք մեր անձերի ծխարձակող ու դառնահոտ լամպից ու չենք հասկանում, որ դրանից հրաժարվելու դեպքում միայն կարժանանանք աստվածային կենարար, անեղծ, անսպառ ու սքանչելի Լույսին: Այդ Լույսն է, որ տեսնում ենք մանկան անմեղ աչքերում, այդ Լույսն է, որ նրա մեջ գրավում է մեզ ու հալեցնում մեղքից կարծրացած մեր սրտերը: Այդ Լույսն է, որ մաքրագործում է մեր հոգիներն ու փոքրագույնի մեջ մեծ դարձնում:

Չորսամյա մի փոքրիկ մի անգամ այսպես էր աղոթում. «Աստվա՛ծ իմ, շնորհակալություն Քեզ ամեն ինչի համար՝ հայրիկի, մայրիկի, քույրիկի, արեգակի»: Եվ հենց այդ պահին ամպրոպի ձայն է լսում դրսից ու շարունակում. «Անձրևի ու կայծակի համար էլ շնորհակալություն»:

Սիրելինե՛ր, այս մանկական, բայց շատ ուսուցանող աղոթքը և խոսքերս թող մտորելու տեղիք տան ձեզ ու հարցեր առաջացնեն, որ ինքներդ ձեզ պիտի տաք: Ավետարանական այսօրվա հատվածում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս հիշեցնում է մեզ, որ բոլորս էլ մանուկ ենք եղել, բայց շրջապատի և աշխարհի չար ոգու ազդեցության տակ փոխվել ենք. մեր միտքն ու հոգին, անեղծ Ակունքից հեռանալով, պղտորվել ու տկարացել են՝ անկարող դառնալով մտնել Աստծո ներկայության մեջ: Արդ, թող Երկնավոր Բարեգութ Հոր ողորմությունը ևս մեկ անգամ հեղվի ձեր սրտերից ներս՝ մաքրելով ու աստվածային սիրով լցնելով դրանք: Մենք էլ, Աստծո ողորմությունն ու օգնությունն անդադար խնդրելով, աշխատենք, ջանք թափենք հոգևոր կյանքում, խոնարհեցնենք մեր անձերը՝ գիտակցելով, որ «մեր մոր որովայնից մերկ ենք դուրս եկել ու մերկ էլ վերադառնալու ենք» (Հոբ 1:21) և այն ամենն, ինչ ունենք ոչ թե մեր արժանիքն է, այլ Տիրոջ անգին պարգևը: Այս գիտակցումն է, որ պիտի մեզ հետ պահի հպարտանալուց և մեզ ուրիշներից առավել կարծելու մեղավոր մտքից: Այս գիտակցումն էր կամենում Տեր Հիսուս Քրիստոս տեսնել իր աշակերտների ու մեր մեջ: Արդ, աղոթքս է առ Երկնավոր Բազումողորմ Հայր, որպեսզի աստվածային առաքինության շնորհները բազմանան ձեր հոգիներում, որպեսզի Տիրոջը նայեք Նրան անսահման ու անկեղծ սիրով սիրող զավակի աչքերով, որպեսզի ձեր մերձավորներին նայելիս մանկան անմեղ ուրախությունը շողա ձեր աչքերում, որպեսզի ձեզ երբևէ վեր չդասեք ձեր կողքին կանգնած մարդուց՝ որքան էլ մեղավոր միտքը փորձի ձեզ հակառակը ներշնչել: «Ով իր անձը բարձրացնում է, պիտի խոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա» (Մտթ. 23:12),- խրատում է Տերը և թող այս խրատը միշտ ուղեկցի ձեզ՝ խոնարհության անգին առաքինությամբ զարդարելով ձեր հոգիները և վեր բարձրացնելով դեպի Ամենասուրբ Երրորդություն, Որին վայել է փառք և իշխանություն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

13.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․