Գրքեր

«Ով որ ունի, նրան կտրվի»

«Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկաս 8:18):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս.

Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ առիթ է տալիս խորհելու Աստվածաշնչյան այս պատգամի մասին: Սիրելինե՛ր, Աստվածապարգև կյանքը քաղցր է և հաճելի և իր բազում գրավչություններն ունի, որովհետև աշխարհն ու կյանքը Արարչաստեղծ են ու ներդաշնակ: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ և դյուրին է ընթանում կյանքում, քանի որ կյանքը նաև իր փորձություններն ունի: Նույնիսկ դրախտում, որտեղ մարդու համար ամեն ինչ լավ էր և կատարյալ, բարու և չարի գիտության ծառի պտղի համտեսելը և անհնազանդությամբ «աստվածներ լինելու ցանկությունը» Ադամին ու Եվային զրկեցին դրախտից: Նրանք զանց առան ամենակարևորը՝ պատվիրանապահությունը՝ ունկն դնելով չարի խաբեպատիր խոսքերին: Նրանք պատժվեցին՝ զրկվելով դրախտային անհոգ ու լիառատ կյանքից:

Այսօր և առհասարակ բոլոր ժամանակներում, ինչքան էլ մարդը կարողանա բարելավել իր կյանքի պայմանները, ունայն է ամեն ինչ առանց Աստվածային ճշմարտության և արդարության, որոնք կենսական ուժ են ստանում պատվիրանների կատարմամբ և իրագործմամբ: Աստվածային պատվիրանները մարդկությանը տրվեցին իբրև մարդկային բարօրության նախապայման և տիեզերակառույցի հիմնասյուն: Ուստի՝ հարկավոր է չանտեսել դրանք՝ կարծելով, թե «մարդկային ազատության» օրենքները կարող են գալ փոխարինելու Աստվածային օրենքներին: Չի կարելի կարծել, թե Աստվածային պատվիրանները սահմանափակում են մարդու լիիրավ ազատությունը: Դրանք սահմանափակում են մարդուն՝ հորդորելով հեռու մնալ մեղքի տիրույթից, և ազատություն են պարգևում՝ անսահմանորեն սավառնելու առաքինության և սրբության ոլորտում: Առանց այդ կենարար և շնորհաբաշխ պատվիրանների՝ թերարժեք են մարդկային ազատությունն ու արդարությունը:  Խեղաթյուրելով Աստվածային տիեզերահաստատ օրենքները՝ մարդը խաբում է ինքն իրեն: Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում գաղատացիներին ուղղված նամակում. «Չխաբվե՛ք, Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդը սերմանում է, նույնը և կհնձի, ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղատացիներ 6:7, 8): Ուստի՝ մենք պետք է զգույշ լինենք ինքներս մեր անձերի համար, որպեսզի մեր հոգին, որ առաջնահերթ է մեզ՝ քրիստոնյաներիս համար, նվազ կարևորություն չստանա մեր մարմնից: Աշխարհը սովորեցնում է հոգ տանել մարմնի համար, մարմնի բարեկեցության պայմաններ է սահմանում, մինչդեռ Սուրբ Գիրքը մեր ուշադրությունը բևեռում է մեր հոգիների վրա, որպեսզի «հավիտենական հարկերի տակ ընդունեն մեզ» (Ղուկաս 16:9): 

Աստվածային պատվիրանները մարդուն սրբագործում են, մաքրում հոգին, սիրտն ու միտքը, և դրանով մաքրվում է աշխարհը, կյանքը դառնում է պարզ և հստակ, որովհետև մաքրվում և հստակվում են մարդկային հարաբերությունները, մթնոլորտը լցվում է սիրով և ջերմությամբ: Թագավորում են անկեղծությունն ու ազնվությունը, և վերանում է անվստահության և անազնվության շղարշը: Ահա թե ինչպիսի զորություն և ազդեցություն է ունենում Աստծո խոսքը տիեզերքում: Այն միտված է երկրային կյանքում երկնային արքայություն հաստատելուն: Հետևաբար՝ մենք պետք է գործի վերածենք և կյանքի կոչենք Աստծո պատվիրանները:

Մարդը, Աստծուց հեռանալով, երբեք չի կարող երջանկություն գտնել: Կորոնի, բայց չի գտնի: Անառակ որդու պես, ստանալով հայրական ժառանգությունը, կփորձի իր բարին կամեցող ծնողից հեռու որոնել երջանկությունը, կմսխի ու կվատնի սեփական ունեցվածքն ու տաղանդները, վերջիվերջո ձեռնունայն կմնա և անառակ որդու բախտին կարժանանա: Իսկ Աստվածային օրենքների ու պատվիրանների սահմաններում մարդը գտնում է իր կատարյալ երջանկությունը: Քրիստոնեական բարոյական արժեհամակարգը դարերով ապացուցել է, որ միմիայն մարդու կատարելության և սրբագործման համար է: Պատվիրաններն անտեսելով, կամ փոփոխելով և հարմարեցնելով թվացյալ մարդկային ազատության գաղափարներին՝ մարդը կարող է մի բարձունքի հասնել, որից այն կողմ միայն անդունդ է, ուրիշ ոչինչ:

Դավիթ մարգարեն ասում է. «Քո օրենքը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն» (Սաղմոս 118:165): Սերն Աստծո նկատմամբ և հնազանդությունը Աստծո պատվիրաններին կարող են կարգավորել մեր կյանքը, խաղաղություն պարգևել մեզ, ջնջել մեր դեմքերից անհանգստության դրոշմը և մոլորվելու մեծ հավանականությունը: Սեփական կամքի հնազանդությունը Աստծո կամքին չի նշանակում սեփական ազատության սահմանափակում, այլ նշանակում է սիրով ընդունել սիրո օրենքը: Սիրով ընդունենք և կատարենք Աստվածային արդարությունը, որպեսզի Աստվածային բարկության առջև չկանգնենք:

Սուրբ Հակոբոս առաքյալը հորդորում է մեզ. «Դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Խոսքը կատարողնե՛ր եղեք, այլ ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը: Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում-գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի» (Հակոբոս 1:21-25):

Ուստի, սիրելինե՛ր, եկեք ուշադիր ու զգոն լինենք Աստվածային պատվիրանների կատարման և անաղարտ պահպանման հարցում, որպեսզի մեր հանդեպ չկատարվի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի դատաստանը. «Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկաս 8:18): Քրիստոնեությունը մեր կյանքը էապես փոխում է միայն դեպի լավը, դեպի գեղեցիկը, դեպի կատարյալը, այն մեզ անվերջ կոփում է՝ հարատևելու սրբության մեջ, շտկելու մեր առօրյան ու կենցաղը, մեր փոխհարաբերությունները: Քրիստոնեության իսկությունը սիրո, արդարության և ճշմարտության հաստատումն է: Սատանան Ադամի ու Եվայի մոտ ստեց և խեղաթյուրեց Աստծո խոսքերը, որպեսզի համոզի նրանց մեղք գործել: Հետևաբար անչափ կարևոր են Աստծո խոսքի անաղարտ պահպանությունը և կատարումը, որոնք արդեն երկու հազար տարի Քրիստոսի եկեղեցու առաքելությունն են հանդիսանում: Այս պատճառով մեզ անհրաժեշտ է հետևել մեր մայր եկեղեցուն, որի առաջնորդությամբ կխուսափենք խոտոր ուղիներից, քանի որ եկեղեցու գլուխը ինքը Աստծո Միածին Որդին է՝ Հիսուս Քրիստոս: 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

04.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․