Գրքեր

Փա՜ռք քեզ, Տե՛ր Աստված

Հայր Պաիսիոսը կրկնում էր.

- Աստված հոգ է տանում մեր մասին: Նա գիտի, թե ինչի կարիք ունենք, ինչ ենք ցանկանում: Եվ եթե դա օգտակար է մեզ համար՝ տալիս է:

Երբ մենք հույսներս Աստծո վրա ենք դնում և մեզ Նրան վստահում, Նա հետևում է մեզ և հոգ տանում մեր մասին, և յուրաքանչյուրին տալիս այնքան, որքան անհրաժեշտ է:

Եկեք անտարբերությամբ չվերաբերվենք դրան, այլ ասենք. «Փա՜ռք քեզ, Տե՛ր»: Ամեն ինչի համար փառք տանք Աստծուն:

Եվ ծերը մի այսպիսի պատմություն պատմեց.

Աթոս լեռան վրա մի վանական էր ապրում: Մի անգամ նա որոշեց սարը բարձրանալ, որպեսզի Աստծուն աղոթի: Սկսեց զառիվեր արահետով վեր բարձրանալ, երբ հանկարծ մի մեծ սունկ տեսավ:

- Փա՜ռք քեզ, Տե՛ր Աստված,- մտածեց նա՝ մի փոքր կանգ առնելով, աղոթելով և շնորհակալություն հայտնելով Աստծուն՝ իրեն ուղարկած սնկի համար: Նա որոշեց ետդարձի ճանապարհին կտրել այն, որպեսզի ընթրի:

Սարի վրա աղոթելուց հետո սկսեց ցած իջնել: Արևն արդեն մայր էր մտնում, մնթշաղ էր: Վանականը հասավ Աստծո ուղարկած սնկին և տեսավ, որ նապաստակն այն կոխ էր տվել և մնացել էր միայն դրա կեսը:

- Փա՜ռք քեզ, Տե՛ր Աստված,- կրկին ասաց նա,- Նշանակում է կեսն էլ է ինձ բավարար:

Արդեն իր խցին էր հասնում, երբ մի սունկ էլ նկատեց ճանապարհին: Բայց կռանալով տեսավ, որ փտած է: Իսկ միգուցե նաև թունավոր էր: Վանականը կրկին գոհաբանություն հայտնեց Աստծուն, որ իրեն պահպանեց թունավորումից և արդեն իր խցում կես սնկով ընթրեց: Առավոտյան դուրս եկավ խցից և ի՜նչ հրաշք՝ նրա խցի ողջ շրջակայքում սպիտակ սնկեր էին աճել:

Տեսնո՞ւմ ես նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն և՛ ամբողջական սնկի համար, և՛ կեսի, և՛ փտածի: Ամեն ինչի համար երախտապարտ էր:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

13.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․