10 Օգոստոս, Բշ, Աստվածածնի պահքի Ա օր

Գրքեր

Պահապան հրեշտակը մեր կողքին է

- Հա՛յր, պահապան հրեշտակը մշտապես մեր կողքի՞ն է:

- Միշտ մեր կողքին է. հետևում է մեր յուրաքանչյուր քայլին:

- Իսկ որքա՞ն մոտ է մեզ գտնվում:

- Մեր հոգևոր վիճակից է կախված:

- Երբ մեղք ենք գործում, նա հեռանո՞ւմ է:

- Հեռու է գնում, բայց չի լքում մեզ: Երբ մեղավոր կյանքով գայթակղությանը իրավունք ենք տալիս մեզ վրա, մեր պահապան հրեշտակն այնքան չի հիասթավում, որպեսզի բոլորովին լքի մեզ, այլ հեռվում տխուր կանգնած՝ հետևում է, թե ինչ ենք անում:

- Հա՛յր, նրա ներկայությունն ինչո՞ւ չենք զգում:

- Այն նույն պատճառով, որով մինչ այժմ անգամ Աստծու ներկայությունը չենք զգում: Մեր աչքերը փակված են պղտոր ծածկոցով: Սեր ու խոնարհություն է անհրաժեշտ, որպեսզի այդ ծածկոցն անհետանա: Երբ մարդը զգում է Աստծու ներկայությունը, իր կողքին նաև պահապան հրեշտակին է զգում: Այդժամ նրա շարժումները հանգիստ, ուշադիր և միևնույն ժամանակ ազատ են դառնում: Նման մտահավաքությունից նա չի լարվում, որովհետև այն նրան դուր է գալիս: Նրա շարժումներում հոգևոր ազատություն է զգացվում: Բարեպաշտությունն ու ուշադրությունը սրտին բերկրանք են պատճառում, և մարդը մշտապես հսկում է, որպեսզի չզրկվի այն քաղցրությունից, որ զգում է: Իր անկողնում համեստորեն է պառկում, համեստորեն, բարեպաշտությամբ քնում է, հանգիստ արթնանում: Երբ որևէ մեկը նրա դուռը թակում է, նա չի նայում, թե ինչ հավաքի. նրա մոտ ամեն ինչ միշտ իր տեղում է: Նա մշտապես հոգ է տանում, որպեսզի չվշտացնի իր պահապան հրեշտակին:

Երկնային պահապան հրեշտակն իրեն շատ լավ է զգում երկրային հրեշտականման մարդու կողքին: Երբ մարդը հոգևոր կյանքով է ապրում և իրեն հեզ երեխայի պես պահում, նրա հրեշտակը չի տառապում, այլ ուրախանում է նրա կողքին և վերջում հոգու հետ ուրախությամբ պիտի վերադառնա Աստծու մոտ, որովհետև հոգին գործել է այն, ինչ հրեշտակին է դուր գալիս, այն, ինչ հաճո է Աստծուն: Բայց գիտե՞ք, թե պահապան հրեշտակի համար ինչ է նշանակում տարիներ շարունակ տանջվել որևէ մարդու հոգու հետ ու արդյունքում դատարկաձեռն վերադառնալ Աստծու մոտ: Հենց միայն այդ պատճառով, իմ պահապան հրեշտակի թափած ջանքերի հանդեպ հարգանքի պատճառով, պետք է պայքարեմ, որպեսզի դժոխքում չհայտնվեմ:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

25.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․