Գրքեր

Փառաբանությունը մեծագույն երախտագիտության արտահայտությունն է

- Մի՞թե սա անձրև է, հա՛յր, տերևները լրիվ չոր են(1):

- Ի՞նչ ասեմ: Անգամ այս անձրևը, որ ընդամենը տերևներն է թրջել, մի՞թե քիչ է: Երբ ես երկնքում ամպ տեսա, չկարողացա քնել Աստծու հանդեպ երախտագիտության զգացումից: «Տե՛ր Աստված,- ասում էի,- մենք արժանի չենք անձրևի»: Զգուշացե՛ք ապերախտությունից: Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք Աստծուն:

- Հա՛յր, երբ Աստված մեր մենաստանի կարիքների համար արված որևէ խնդրանք կատարի, ինչպե՞ս հայտնենք մեր երախտագիտությունը:

- Հսկում արեք, որպեսզի շնորհակալություն հայտնեք Աստծուն, որ օգնության է հասել Իր սրբերի միջոցով: Եվ միշտ հետևեք այս կանոնին՝ հենց որ Ողորմած Աստված կատարում է ջերմեռանդորեն և ի սրտե արված յուրաքանչյուր աղերս, ողջ սրտով փառաբանություն մատուցեք Նրան, և երախտագիտություն հայտնեք ուրախությամբ:

- Ինչպե՞ս փառաբանություն հայտնենք, հա՛յր:

- Փառաբանությունը լինում է բարձրաձայն(2), լինում է նաև միայն սրտում, այդժամ դա ներքին փառաբանություն է:

- Իսկ փառաբանության մեջ միշտ կա՞ երախտագիտություն:

- Էլ ի՞նչ փառաբանություն առանց երախտագիտության: Մի՞թե հրեշտակները շնորհակալություն չեն հայտնում Աստծուն, երբ փառաբանում են Նրան:

- Իսկ ո՞րն է տարբերությունը փառաբանության և երախտագիտության միջև:

- Փառաբանությունը ցնծալի երախտագիտություն է, երախտագիտության ցայտում, խայտում: Այդ խայտանքը գալիս է ներսից՝ սրտից: Մարդ կարող է բոլոր բառերն անգիր չիմանալ, կեսը իմանալ, իր խոսքերով ասել, բայց սիրտը թրթռա ուրախությունից: Եթե դուք երախտագիտություն եք հայտնում Աստծուն Նրա առատ ողորմության համար, ապա շնորհակալություն հայտնելով ու փառաբանելով, կզգաք Նրա ողորմածության ողջ առատությունը:

 

1. Ասվել է խիստ երաշտի ժամանակ, երբ մի օր մի քիչ անձրև է եկել:

2. Ի նշան երախտագիտության Աստծուն՝ կարելի է փառաբանական աղոթք կարդալ կամ աղոթել տերողորմյայով՝ արտասանելով. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված մեր, փա՜ռք Քեզ»:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

18.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․