Գրքեր

Պարտաճանաչություն

«Ծառայք անպիտան եմք, զոր պարտեաքն առնել` արարաք» (Ղուկ. 17:10):

Որքա՜ն դառն են հնչում այս բառերը մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի ցանկանում ծառա լինել, այլ՝ տեր և իշխան, որտեղ անձնվիրությունից ավելի՝ եսապաշտությունն է տիրում, որտեղ ոչ ոք չի ընդունում պարտականությունների կատարումը, այլ իրավունքի է ձգտում՝ չհասկանալով, որ առանց պարտականությունների կատարման՝ իրավունք չկա:

Անուրանալի է, որ պարտաճանաչության գաղափարն ամեն մարդու մոտ առկա է, սակայն հաճախ այդ պարտաճանաչության ոգին կորչում է՝ տեղի տալով եսասիրական և անձնասիրական գաղափարներին: Պետք է իմանալ, որ որտեղ պարտաճանաչություն կա, այնտեղ բարոյականություն կա և իրավունքն էլ զորեղ ձայնով է հանդես գալիս:

Պարտաճանաչության վեհ սկզբունքը կայանում և խտանում է հետևյալ սկզբունքների մեջ. «Մի՛ արեք ուրիշին այն, ինչ չեք ցանկանում, որ ուրիշը ձեզ անի», «ուրիշին արեք այն, ինչ ցանկանում եք, որ ուրիշները ձեզ անեն», կամ հետևյալ ձևով ասենք. «Չարիք մի՛ արեք ուրիշին, արդար եղե՛ք», «բարիք արեք ուրիշին, գթասիրտ եղե՛ք»:

Երեք առաքինություններ կան, որ կարող են մեզ առաջնորդել դեպի մեր պարտականությունների իրագործումը՝ խոհեմություն, որը տարբերում է չարը բարուց, հանրային սեր [եղբայրասիրություն], որը մարդկանց միմյանց է կապում, բարոյական արիություն, որը մեզ զորություն է տալիս բարին գործել և չարից հեռանալ:

Առանց պարտականությունները կատարելու՝ կյանքը խաթարվում է, թուլանում և քայքայվում:

Խուսափեք բոլոր այն բաներից, որոնք չեք կարող ասել կամ անել այլոց առջև, սա մեծ կանոն է և սրանով հաստատ ենք մնում պարտաճանաչության գործում և խաղաղության ճանապարհին:

Պարտականության կատարումը ներքին բովանդակ բարության ճշմարիտ աղբյուր է: Մարդը պետք է իր պարտականությունն անթերի կատարի՝ մնացածն Աստծուն հանձնելով:

Մենք գլխավոր պարտականություններ ունենք, որոնց կատարման մեջ երբեք պետք չէ թերանալ, քանզի դրանցով միայն պիտի կարողանանք պատվով պսակված արժանավոր անձեր լինել և արժանանալ Աստծո օրհնությանը:

Այդ պարտականություններն են՝ պարտականություն մեր անձի նկատմամբ, պարտականություն՝ մեր նմանի նկատմամբ և պարտականություն՝ Աստծո նկատմամբ:

Մեր անձի նկատմամբ ունեցած պարտականությունը կայանում է մեր սրտերը սուրբ ու ազնիվ պահելու, մեր միտքը մշակելու, մեր խիղճը միշտ արթուն պահելու և նրա ձայնին հետևելու մեջ:

Մեր նմանի նկատմամբ ունեցած պարտականություններն են՝ հարգել և սիրել նրանց որպես եղբոր, ընկերական շրջանակներում ողջամտությամբ և արդարությամբ շարժվել, մեզանից բարձր դիրք ունեցողների հետ հարգանքով և մեծարանքով վարվել՝ առանց գծուծ ընթացքի, մեր աստիճանակիցների հետ բարեկամությամբ և սիրով հարաբերություն պահպանել, մեզանից ստորադասներին էլ առանց մեծամտության՝ կարեկցանքով նայել:

Իսկ Աստծո և Եկեղեցու հանդեպ մեր ունեցած պարտականություններն ավելի նվիրական են. որքան էլ որ թերահավատները խրտվիլակի դեր կատարեն եկեղեցում, դուք չերկնչե՛ք. փարվեք ձեր նվիրական ավանդություններին, որոնց ստուգությունը հաստատված է. պաշտե՛ք և սիրե՛ք ձեր Երկնավոր գթած Հորը. որքան էլ որ անարժան խոսքերով, թերահավատ արհամարհանքով նախատեն ձեզ, որպես ավելորդապաշտներ, մի՛ լսեք նրանց բարբաջանքները: Կատարե՛ք ձեր նվիրական պարտականությունները և անթերի կատարելուց հետո, երջանիկ և գոհունակ սրտով, կկարողանաք ասել. «ինչ որ պարտավոր էինք անել՝ արեցինք»:

Պարտականության սահմանը և պարտականություններից գլխավորները թվելուց հետո, այժմ մեզ միայն մնում է ասել, թե ինչպե՞ս է պետք կատարել մեր պարտականությունները՝ ի՞նչ ոգով և ի՞նչ չափով:

Մեր պարտականությունները՝ որոնք սահմանվում են արդարության և գթության սկզբունքով, պետք է այնպես կատարենք, որ ուրիշների համար էլ օրինակ լինենք, և մեր գործերը բարի կատարելատիպ լինեն: Այս կերպ [մարդկանց համար] կլինենք կենդանի թղթեր [նամակներ] «ծանուցված և բոլոր մարդկանց կողմից ընթերցված»: Արդարության և գթության պարտականությունները, որոնք մեր գլխավոր պարտականություններից են, պետք է ներշնչված լինեն բարոյական և կրոնական սկզբունքներից, այլ ոչ թե՝ փառասիրական կամ շահադիտական նկատառումներից: Մեր պարտականությունները պետք է անձնվիրությամբ կատարենք. միշտ պետք է հիշենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունը և ամեն բան Նրա անունով կատարենք:

Մեր պարտականությունները պետք է կատարենք առատասրտությամբ և ուրախությամբ: Պարտականության կատարում չէ այն, երբ մեկն, առանց որևէ անձնական զոհողության, առանց ինքն իրեն ամենափոքր պերճանքից [անգամ] զրկելու, բարեգործության նպատակով առատապես դրամ է տալիս միայն այն ցանկությամբ, որ ծափողջույնների արժանանա: Սրա մեջ անձնվիրում չկա և հետևաբար սեր էլ չկա: Ոչ միայն մեր Տեր Հիսուսը, այլև հասարակությունն է ցանկանում և սիրում պարտականությունների զվարթ և սիրով կատարումը. դժգոհությամբ կամ հպարտությամբ կամ անհաճո խոսքերով կատարված պարտականությունները կորցնում են իրենց արժեքն ու ազդեցությունը:

Մեր պարտականությունները մեր կարողության համեմատ պիտի կատարենք. ամեն մարդու հատկությունները և կամ կարողությունները միևնույն մակարդակի վրա չեն, ամեն անձ տարբեր է. նա, ով ավելի կարողություն ունի, իր կարողության համեմատ էլ իր պարտականությունները պիտի կատարի: Հիսուսի հետևյալ խոսքը. «Ում որ շատ է տրված, շատ էլ կպահանջվի», բացատրում է մեր ասածը: Մեծը իր մեծությունը պիտի անի, ազնվականն՝ իր ազնվականությունը: Այսինքն որքան բարձր լինի նրա աստիճանը, այդքան էլ բարձր պիտի լինի նրա պարտականությունը: Այս ոգով և էությամբ կատարված պարտականությունները կարող են կատարյալ և անթերի կատարված պարտականություններ համարվել, և այս ձևով իրենց պարտականությունները կատարողները կարող են ձեռքերն իրենց խղճին դնել և ասել. «Ինչ, որ պարտական էինք անել, արեցինք»:

Երբ մարդն այս կերպ իր պարտականություններն անթերի կատարում է, իրավունք էլ է ունենում. որտեղ պարտաճանաչություն չկա, այնտեղ իրավունքն իր ձայնը չի կարող լսելի դարձնել, այնտեղ իրավունքի զորությունը կորսված է: Պարտքը և իրավունքն արմավենիների նման են՝ պտղաբեր չեն կարող լինել, երբ միմյանց մոտ չեն աճում: Պարտաճանաչությունը և իրավունքը եղբայրներ են:

Ջանանք կատարել մեր պարտականությունները, որպեսզի իրավունք էլ ունենանք Աստծու հավատարիմ զավակներ լինելու և արժանանալու Նրա պատրաստած հավերժական պսակին և օրհնությանը. ամեն:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

30.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․