Գրքեր

Պարզեցրեք ձեր կյանքը

«Ի՜նչ բախտավոր են նրանք, որ պալատներում են ապրում ու բոլոր բարիքները վայելում»,- ասում են այս աշխարհի մարդիկ: Սակայն երանելի են նրանք, ում հաջողվել է իրենց կյանքը պարզեցնել, ազատվել աշխարհիկ կատարելագործման սեղմօղակից՝ այն բազմաթիվ հարմարություններից, որ հավասարազոր են բազմաթիվ դժվարությունների, և ներկայիս դարաշրջանի սարսափելի հոգեկան տագնապից: Մարդը տանջվում է, եթե չի պարզեցնում իր կյանքը: Իսկ պարզեցնելով՝ ազատվում է նաև այդ հոգեկան տագնապից:

Մի անգամ Սինայում, եկվոր գերմանացիներից մեկը մի շատ ուշիմ բեդուին տղայի ասաց. «Դու շատ խելացի երեխա և ընդունակ կրթություն ստանալ»: «Հետո ի՞նչ»,- հարցրեց տղան: «Հետո դու դառնալ ինժեներ»: «Իսկ հետո՞»: «Հետո բացել մեքենաների նորոգման արհեստանոց»: «Հետո՞»: «Հետո այն ընդարձակել»: «Իսկ հետո՞, հետո ի՞նչ»: «Հետո վարձել ուրիշ վարպետներ, շատ աշխատողներ ունենալ»: «Դուրս է գալիս,- ասաց տղան,- նախ մի գլխացավ պիտի ունենամ, հետո մեկն էլ ավելացնեմ դրան, հետո էլի ու էլի՞: Մի՞թե հիմա հանգիստ գլխով ավելի լավ չէ»: Հիմնականում գլխացավը հենց այդպիսի մտքերից է առաջանում. «Սա կանենք, մյուսը կանենք»: Սակայն, եթե մտքերը հոգևոր լինեին, ապա մարդը հոգևոր մխիթարություն կունենար և չէր տանջվի գլխացավից:

Այժմ աշխարհիկ մարդկանց հետ զրուցելիս ես էլ եմ ընդգծում պարզության նշանակությունը: Որովհետև նրանց արածների մեծ մասի անհրաժեշտությունը չկա և նրանց հոգեկան տագնապն է կրծում: Պարզության ու ճգնակեցության մասին եմ ասում մարդկանց, չեմ դադարում կոչ անելուց. «Պարզեցրե՛ք ձեր կյանքը, որպեսզի հոգեկան տագնապն անհետանա»: Եվ ամուսնալուծությունների մեծ մասն էլ հենց դրանից է սկսվում: Մարդիկ շատ են աշխատում, այնքան բան պետք է հասցնեն անել, որ գլուխը պտտվում է: Ե՛վ հայրը, և՛ մայրն աշխատում են, իսկ երեխաներն առանց հսկողության են մնում: Հոգնածությունը, նյարդերը, նույնիսկ չնչին մի բանը մեծ վիճաբանության է հանգեցնում, իսկ հետո ավտոմատ կերպով հետևում է ամուսնալուծությունը: Մարդիկ արդեն այդտեղ էլ են հասել: Սակայն նրանք եռանդով լի և ուրախ կլինեն, եթե պարզեցնեն իրենց կյանքը: Այո՛, հոգեկան տագնապն իսկական աղետ է:

Մի անգամ, ինձ հրավիրեցին մի շատ շքեղ տուն: Զրույցի ընթացքում տանտերերն ինձ ասացին. «Մենք ուղղակի դրախտում ենք ապրում, իսկ ուրիշ մարդիկ կարիքի մեջ են»: «Դուք դժոխքում եք ապրում»,- պատասխանեցի նրանց,- «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են» (Ղուկ. 12:20),- Տերն ասաց անմիտ հարուստին: Եթե Քրիստոս հարցներ ինձ. «Որտե՞ղ քեզ համար տեղ հատկացնեմ՝ որևէ զնդանում, թե՞ սրա պես տանը», կպատասխանեի. «Որևէ մութ զնդանում»: Որովհետև զնդանն ինձ համար օգտակար կլիներ: Այն ինձ Քրիստոսի, սուրբ նահատակների ու «երկրի խորշերում» (Եբր. 11:38) թաքնվող ճգնավորների մասին կհիշեցներ, կհիշեցներ վանական կյանքի մասին: Այդ զնդանը իմ խցին էլ մի փոքր կնմանվեր ու ես կուրախանայի դրանից: Իսկ ձեր տունն ինձ ի՞նչ պիտի հիշեցներ և ի՞նչ օգուտ կստանայի դրանից: Այդ պատճառով էլ զնդաններն ինձ ավելի են մխիթարում, քան աշխարհիկ սրահները կամ գեղեցիկ հարդարանքով վանական խուցը: Բանտում ապրելը հազար անգամ լավ է նման տանն ապրելուց»:

Մեկ այլ անգամ, Աթենքում, ընկերոջս տանը հյուրընկալվեցի և նա ինձ խնդրեց հանդիպել մի բազմազավակ հոր հետ, բայց մինչև լուսաբաց, քանի որ մնացած ժամանակ այդ մարդը զբաղված էր: Նա եկավ՝ ուրախ ու անդադար Աստծուն փառաբանելով: Նա շատ խոնարհ ու պարզ մարդ էր և ինձ խնդրեց աղոթել իր ընտանիքի համար: Այդ եղբայրը երեսունութ տարեկան էր և յոթ երեխա ուներ: Երեխաները, ինքն ու կինը, իր ծնողներն էլ միասին՝ տասնմեկ հոգի: Նրանք բոլորը մեկ սենյակում էին ապրում: Իրեն հատուկ պարզությամբ պատմում էր. «Կանգնած՝ բոլորս էլ տեղավորվում ենք սենյակում, իսկ երբ պառկում ենք քնելու՝ տարածքը չի բավականացնում, նեղվածք է: Բայց հիմա, փա՜ռք Աստծո, ծածկ ենք կապել խոհանոցի համար ու մի քիչ թեթևացել է վիճակներս: Մենք գոնե տանիք ունենք գլխավերևում, հա՛յր, իսկ ուրիշները բաց երկնքի տակ են ապրում»: Նա որպես արդուկարար էր աշխատում Պիրեասում*, բայց Աթենքում էր ապրում և դեռ լույսը չբացված՝ դուրս էր գալիս տանից, որպեսզի ժամանակին աշխատավայրում լինի: Ոտքի վրա երկար մնալուց և արտաժամյա աշխատանքից՝ երակների վարիկոզ լայնացում էր ստացել, որից ոտքերը շուտ հոգնում ու ցավում էին: Բայց ընտանիքի հանդեպ ունեցած սերն այդ մարդուն ստիպում էր մոռանալ հիվանդությունների ու ցավերի մասին: Եվ դեռ ինքն իրեն էլ կշտամբում էր, ասելով, որ սեր չունի, քրիստոնյային վայել բարի գործեր չի գործում, իսկ կնոջը շատ էր գովում, քանի որ նա բարիք էր գործում, ոչ միայն երեխաների մասին էր հոգ տանում, այլև՝ սկեսրոջ ու սկեսրայրի, հարևանությամբ ապրող տարեցների հագուստն էր լվանում, նրանց տներն էր կարգի բերում և նույնիսկ «ապուր էր եփում նրանց համար»: Այդ բարի, ընտանիքասեր մարդու դեմքը շողում էր Աստծո շնորհից: Նա Քրիստոսին իր մեջ էր կրում և ուրախությամբ լի էր: Եվ նրանց զբաղեցրած փոքրիկ սենյակն էլ դրախտային ուրախությամբ էր լի: Իսկ իրենց մեջ Քրիստոսին չունեցող մարդիկ հոգեկան տագնապով են լեցուն: Նրանք նույնիսկ տասնմեկ սենյականոց տանը երկուսով չեն տեղավորվի, իսկ այստեղ տասնմեկ հոգի, Քրիստոսով, տեղավորվել են մի սենյակում:

Որքան էլ մարդիկ շատ տեղ ունենան, նույնիսկ հոգևոր մարդիկ, միևնույն է, նրանց չի բավականացնի, որովհետև իրենց մեջ Քրիստոսի համար տեղը չի բավականացրել, որովհետև Նա ամբողջությամբ չի տեղավորվել իրենց մեջ: Եթե Ֆարասում ապրող կանայք տեսնեին այսօր նույնիսկ շատ մենաստաններում առկա շքեղությունը, ապա կբացականչեին. «Աստված երկնքից կրակ կթափի ու կայրի մեզ: Աստված երես է թեքել մեզանից»: Այդ կանայք շատ աշխատասեր էին: Առավոտ կանուխ այծերին դուրս էին հանում փարախից, հետո տունն էին կարգի բերում, հետո մատուռ էին գնում կամ քարանձավներից մեկում էին հավաքվում և նրանցից մեկը, ով քիչ թե շատ կարդալ գիտեր, կարդում էր օրվա Սրբի վարքը: Այնուհետև, Հիսուսի աղոթքն ասելով, ծնրադրություններ էին անում: Բայց դրանից զատ նաև աշխատում էին, հոգնում: Կինը պետք է տան համար անհրաժեշտ ամեն բան կարողանար կարել: Եվ ձեռքով էին կարում: Ձեռքի կարի մեքենաները նույնիսկ քաղաքում էին հազվադեպ հանդիպում, էլ ուր մնաց՝ գյուղում: Եթե Ֆարասում մեկ կարի մեքենա լիներ, ուրեմն արդեն մեծ բան էր: Կանայք տղամարդկանց համար շատ հարմարավետ հագուստ էին կարում, իսկ գուլպաները շյուղերով էին գործում: Ամեն ինչ սիրով էին անում, ճաշակով և դեռ ազատ ժամանակ էլ էին ունենում, որովհետև ամեն ինչ պարզությամբ էին անում: Երկրորդական բաները ֆարասեցիներին չէին հուզում: Նրանք վանական ուրախություն էին ապրում: Ասենք, եթե նկատեիր, որ անկողնու ծածկոցը հարթ չէ ու նրանց ասեիր. «Ծածկոցն ուղղեք», ի պատասխան կլսեիր. «Իսկ դա քեզ խանգարո՞ւմ է աղոթել»:

Այսօր մարդկանց ծանոթ չէ այդ վանական ուրախությունը: Մարդիկ համարում են, որ չպետք է զրկանքներ կրեն ու տառապեն: Իսկ եթե մի քիչ վանական մտածելակերպ ունենային, եթե ավելի պարզ ապրեին, ապա հանգիստ կլինեին: Հիմա նրանք տանջվում են: Նրանց հոգում տագնապ է ու հուսահատություն. «Այսինչը երկու բարձրահարկ շենք է կառուցել», կամ. «Այնիչը հինգ օտար լեզու է սովորել» և այլն: «Իսկ ես,- ասում են,- նույնիսկ սեփական բնակարան չունեմ և նույնիսկ մեկ օտար լեզու չգիտեմ: Վե՛րջ, կորած մարդ եմ ես»: Կամ էլ ինչ-որ մեկն, ավտոմեքենա ունենալով հանդերձ, տառապում է. «Ուրիշների մեքենաներն իմից լավն են: Ես էլ պետք է ավելի լավը գնեմ»: Նա իր համար նոր մեքենա է գնում, բայց դա էլ չի ուրախացնում իրեն, քանի որ ինչ-որ մեկի մեքենան միևնույն է ավելի լավն է: Նա այդ լավից էլ է գնում, իսկ հետո իմանում է, որ ուրիշները սեփական ինքնաթիռներ ունեն և կրկին տանջվում է: Այդ ամենին վերջ չկա: Իսկ մեկ ուրիշը, որ նույնիսկ մեքենա չունի, փառաբանում է Աստծուն և ուրախանում: «Փա՜ռք Աստծո,- ասում է նա,- հետո ի՞նչ, որ մեքենա չունեմ: Ես ամուր ոտքեր ունեմ ու կարող եմ ոտքով քայլել: Իսկ որքան մարդիկ կան, որոնց ոտքերն անդամահատված են և նրանք չեն կարող իրենց մասին հոգ տանել, չեն կարող զբոսնելու գնալ ու խնամքի կարիք ունեն… Իսկ ես սեփական ոտքեր ունեմ»: Կաղ մարդն, իր հերթին, ասում է. «Իսկ ի՞նչ ասեն այն մարդիկ, որ երկու ոտքն էլ կորցրել են»,- և նույնպես ուրախանում է:

Երախտամոռությունն ու անհագությունը մեծագույն չարիք են: Նյութականից կառչած մարդը մշտապես անհանգիստ է ու հոգեպես տագնապած, որովհետև մեկ դողում է՝ վախենալով, որ իր հարստությունը ձեռքից կգնա, մեկ էլ իր կյանքի համար է վախենում: Մի անգամ, մի հարուստ մարդ եկավ Աթենքից ու ասաց. «Հա՛յր, երեխաներիս հետ շփման կետը կորցրել եմ: Նրանց եմ կորցրել»: «Իսկ քանի՞ երեխա ունես»,- հարցրեցի: «Երկու,- պատասխանեց նա,- նրանց թռչնի կաթով եմ կերակրել: Միշտ ունեցել են այն ամենն, ինչ ուզել են: Նույնիսկ ամեն մեկի համար առանձին ավտոմեքենա եմ գնել»: Հետո զրույցից պարզվեց, որ ինքն էլ առանձին մեքենա ուներ, կինն էլ: «Տարօրինակ մարդ ես,- ասացի նրան,- խնդիրներդ լուծելու փոխարեն, ավելի ես շատացրել դրանք: Հիմա քեզ մեծ ավտոկայանատեղի է պետք, քառակի անգամ ավելի պիտի վճարես դրանց նորոգման համար, էլ չեմ խոսում այն մասին, որ բոլոր չորսդ էլ ամեն վայրկյան վտանգում եք ձեր կյանքը: Իսկ եթե պարզեցնեիր կյանքդ, ապա ընտանիքդ միավորված կլիներ, մեկը մյուսին կհասկանար ու այդ բոլոր խնդիրները չէին լինի: Այդ ամենի մեղավորը դու ես, ոչ թե՝ երեխաներդ: Դու ես մեղավոր, որ այլ կերպ չես դաստիարակել նրանց»: Մի ընտանիքի համար չորս մեքենա, ավտոտնակ, սեփական մեխանիկ և այլն… Մի՞թե մեկը չի կարող մի քիչ շուտ գնալ մեքենայով, մեկն էլ՝ մի փոքր ուշ: Այդ ամբողջ հարմարավետությունն է դժվարություններ ծնում:

Մի անգամ էլ մեկ այլ, հինգ հոգուց բաղկացած ընտանիքի հայր եկավ ինձ մոտ և ասաց. «Հա՛յր, մենք մի ավտոմեքենա ունենք, բայց ուզում եմ երկուսն էլ գնել: Այդպես ավելի հեշտ կլինի»: «Իսկ մտածե՞լ ես, թե որքան խնդիրներ կառաջանան,- հարցրեցի նրան,- մի մեքենան չգիտես որտեղ կայանել, իսկ երեքն ի՞նչ ես անելու: Քեզ ավտոտնակ ու մի պահեստ վալեռիք է անհրաժեշտ լինելու: Մի վտանգի փոխարեն, երեքի եք ենթարկվելու: Ավելի լավ է մեկ մեքենայով բավարարվեք և սահմանափակեք ձեր ծախսերը: Ե՛վ երեխաների հետ զբաղվելու ժամանակ կունենաք, և՛ ինքներդ էլ խաղաղ կլինեք: Ողջ հիմքը պարզության մեջ է»: «Այո,- ասաց նա,- իսկ ես դրա մասին չէի մտածել»:

- Հա՛յր, մի մարդ պատմում էր, որ երկու անգամ այնպես է պատահել, որ ոչ մի կերպ չէր կարողանում անջատել իր մեքենայի հակաառևանգման ազդանշանը: Առաջին անգամ այն միացել էր, քանի որ բզեզ էր մտել ներս, իսկ երկրորդ անգամ ինքն էր խախտել այդ համակարգից օգտվելու կանոնները:

- Այդ մարդկանց կյանքն իսկական տառապանք է, քանի որ չեն պարզեցնում այն: Հարմարությունների մեծ մասն իրենց ետևից անհարմարավետություն են բերում: Աշխարհիկ մարդիկ շնչահեղձ են լինում շատ բաներից: Նրանք իրենց կյանքը բազմաթիվ հարմարություններով են լցրել և բարդացրել են այն: Եթե կյանքդ չպարզեցնես, ապա նույնիսկ մեկ հարմարությունն է մի կույտ խնդիր ծնում:

Երբ մանուկ էինք, թելի կոճի եզրերը կտրում էինք, մեջտեղում մի փայտիկ էինք դնում և հրաշալի խաղ էինք ստանում, որը մեզ իսկական ուրախություն էր պատճառում: Երեխաներն իրենց խաղալիք մեքենայով ավելի են ուրախանում, քան իրենց հայրը՝ գնած «Մերսեդեսով»: Որևէ աղջնակի հարցրու. «Քեզ ի՞նչ նվիրել՝ տիկնիկ, թե՞ բազմահարկ տուն»: Ա՛յ կտեսնեք, որ կպատասխանի. «Տիկնիկ»: Վերջիվերջո նույնիսկ փոքր երեխաները կհասկանան աշխարհի ունայնությունը:

- Հա՛յր, իսկ ի՞նչն է առավել օգնում պարզության պարգևած ուրախությունը հասկանալ:

- Կյանքի խորագույն իմաստը գիտակցելը: «Նախ Աստծո Արքայությունը խնդրեցեք…» (Մտթ. 6:33): Պարզությունն ու իրերի նկատմամբ ճիշտ վերաբերմունքը դրանից է սկսվում:

 

* Հունաստանի գլխավոր նավահանգիստը:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

16.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․