Գրքեր

Պատկերագրության մեջ «Փախուստն յԵգիպտոս» հորինվածքը

Քրիստոսի մանկության պատկերաշարի ուշագրավ թեմաներից մեկը «Փախուստ Եգիպտոսն» է: Այս թեմային հայ մանրանկարչության ոչ բոլոր դպրոցներում են անդրադարձել: Տպավորիչ ու ինքնատիպ կերպով է լուծված «Փախուստ դեպի Եգիպտոս» հորինվածքը ձեռ. № 6319-ում, ուր Մարիամը՝ մանուկը գրկին, ոտքով գնում է Եգիպտոս: Առջևից քայլում է Հովսեփը. նրանք փախչում են թագավորի մանկասպան հրամանից: Նկարում չկա միջավայրն արտահայտող որևէ մանրամաս, և այդ լռությունը դիտողի մեջ առաջ է բերում հուզական ապրումներ: Այդ պատկերը հառնում է կենդանի տպավորությամբ և ընտանիքի նկատմամբ ջերմ զգացումով: Հատկապես ազդու են դեմքերը, հասարակ, երբեմն կոպիտ թվացող այդ դիմագծերը շատ արտահայտիչ են:

Միջնադարյան քրիստոնեական պատկերագրության մեջ «Փախուստի» թեման ներկայացվել է մեծ մասամբ ընդհանուր մի սխեմայով. առջևից քայլող Հովսեփից հետո մանկանը գրկած և ավանակի վրա նստած Մարիամն է: Կան դեպքեր, երբ մանուկը նստած է Հովսեփի ուսերին, իսկ Մարիամը՝ կամ ավանակի, կամ ձիու վրա: Առավել բնորոշ օրինակ է Վասիլ II մենոլոգիումի (979-986 թթ.) մանրանկարը, որտեղ և՛ Մարիամը, և՛ երեխան ավանակի վրա են: Պալերմոյի Պալատինյան մատուռում Մարիամը ձիու կամ ավանակի վրա է, իսկ մանուկ Հիսուսը՝ քայլող Հովսեփի ուսերին: Այս նույն սխեմայի նման է Կահրիե-Ջամիի, «Փախուստի» պատկերը: Առավել հնագույններն են Ռավեննայի Մաքսիմիլիանոսի տաճարում (XIդ.), «Էջմիածնի» ավետարանի փղոսկրե կազմի վրա (VI-VII դդ.), Վենետիկի Ս. Մարկոս եկեղեցում (XII-XIII դդ.) հանդիպող պատկերները և այլն: Կան դեպքեր, երբ Եգիպտոս փախուստի ժամանակ մանուկը քայլում է մոր և հոր կողքից:

Հիշարժան է գերմանական Մետցի դպրոցի գործ համարվող Ավորիայի (տուփ) X դարի քանդակապատկերը: Այդտեղ մանուկը գրկին Մարիամը նույնպես քայլում է. ըստ որում, մասնագետները դա համարում են սակավադեպ արխաիկ օրինակ: Փաստորեն XIII դ. վերջում ապրող հայ մանրանկարչի ձեռքի տակ եղել է «Եգիպտոս փախուստի» շատ հնամենի մի տարբերակ:

№ 7651 Ավետարանում «Փախուստ դեպի Եգիպտոս» նկարում շարժումը ձախից դեպի աջ է, Մարիամը, դիմահայաց արևելյան ձևով, նստած է ավանակին, իսկ Հովսեփը մանուկ Քրիստոսին կրում է ուսերի վրա, ընդ որում նկարիչը դիմել է ավելի բնական ձևի. Մարիամը ավանակի հետ առաջին պլանում է, Հովսեփը մանկան հետ՝ երկրորդ, այնպես որ ավանակի գլուխը նկարված է Հովսեփի հագուստի ֆոնին: Այնուհետև Հովսեփը, երեխան ուսերին, պրոֆիլից է պատկերված՝ շարժվելով դեպի առաջ: Սուրբ ընտանիքը շարժվում է դեպի տաճարը: Թեպետ վերջինիս մասին խոսք չկա Մատթեոսի մոտ, բայց հնուց այն ընդունված է եղել պատկերագրության մեջ (VI-VII): Հովսեփը ներկայացված է որպես հիսունն անց ծերուկ, պալիում հագած, ինչպես ընդունված էր Արևելքում և Բյուզանդիայում, VI-VII  դարերից: № 7651 Ավետարանում տեքստը և նկարները ուղեկցում են միմյանց, մեկը ներկայացնում է մյուսին: Ուշագրավն այն է, որ Փարիզի Ազգային գրադարանի cod. gr. 74 Ավետարանում Մանուկը Եգիպտոսի ճանապարհին նկարված է Աստվածամոր գրկում, իսկ այնտեղից Նազարեթ վերադառնալիս՝ Հովսեփի ուսերին: № 7651 Ավետարանի նկարիչը կարծես այդ վերադարձի նկարներից վերցրել է այն դրվագը, որ Փարիզի Ազգային գրադարանի gr. 74-ում Մանուկ Քրիստոսը նստած է Հովսեփի ուսերին՝ Նազարեթ վերադառնալու ճանապարհին:

Կիլիկյան դպրոցի միջնադարյան մանրանկարիչ Սարգիս Պիծակի լուսանցանկարները ունեն շեշտված նշանային բնույթ, այսինքն՝ վերցվում է տվյալ հատվածի բովանդակությունը բնորոշող մի պերսոնաժ կամ սխեմատիկ առարկա: «Փախուստ դեպի Եգիպտոս» թեման լուսանցքում ներկայացված է Հովսեփի երազում հայտնված հրեշտակով, որն զգուշացնում է՝ Մանուկ Հիսուսին և մորը փախցնել Եգիպտոս, խուսափելու համար Հերովդեսի զայրույթից (Մատթեոս 2:13-14):  

Ռշտունիքի Ս. Հակոբ եկեղեցու հարավային թևում տեղադրված «Փախուստ դեպի Եգիպտոս» նկարում Աստվածամայրը դիմահայաց դիրքով նստել է ավանակի վրա՝ Հիսուս մանկանը գիրկը դրած: Ետևից քայլում է Հովսեփը՝ գավազանն ուսին: Մյուս ձեռքով նա ցույց է տալիս Աստվածամորն ու որդուն:

Ի դեպ, ավետարանական բնագրում որոշակիորեն չի նշվում, թե Մարիամը Մանուկ Հիսուսին ինչպես է տարել Եգիպտոս. «…Եւ նա յարուցեալ, առ զմանուկն եւ զմայր իւր գիշերի՝ եւ գնաց յԵգիպտոս» (Մատթեոս 2:14): Ընդամենը մի փաստ և ոչ նկարագրություն, որը կոնկրետացվել և լրացվել է նկարիչների երևակայությամբ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

 

11.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․