Գրքեր

Պատմություն և խոսք Ելլադիոսի՝ սուրբ և փառաբանված Բարսեղ հայրապետի՝ Կապադովկիո Կեսարիայի արքեպիսկոպոսի կյանքի և սքանչելագործությունների մասին

Սիրելիներ և բարեկամներ, պատմությունս անհավատալի չէ աներկմիտ որդիներին, որոնք հայրենատուր վարքի են հետևում: Այլև իրավացի եմ համարում, որ արտասուքով ու չարչարակցությամբ վշտակից լինեք, նաև մանավանդ գոհությամբ աղոթք մատուցեք մեր բոլորի Աստված և Տեր Քրիստոսին, որպեսզի, ինչպես խոստացա, գեղեցկապես սկսեմ գրել մեր հովվապետ և վարդապետ Բարսեղի անհաս վարքն ու սքանչելագործությունը, որ ժամանակ անց խոր մոռացության չմատնվի: Ու նաև` երիցս երանյալ և սքանչելի այրերինը, որ և ասում եմ իսկ, Գրիգորինը, որ աստվածաբանությամբ գերազանցելով ճոխանում էր, և Նյուսա քաղաքի ստացվածք չունեցող Գրիգորինը, և ոչ միայն նրանց, այլև ամենագովելի Եփրեմինը, որոնք միմյանց շուրջը խմբված փայլեցին: Ախորժելով ես կամեցա Սուրբ Հոգու տեսիլի միջոցով գրել սքանչելի այրերի ժուժկալության դրվագը, ընտրել պատմությունները և լրացնել պակասը` և որպես հարազատ որդի պարտքս հատուցել, ինչպես վերևում ասացի, հետևեմ ու ճշմարտությամբ շարադրեմ: Լավ գիտեք արեգակի` ամպերով ծածկվելը, [այդպես] և ժամանակի անցնելով վայելուչ պատմությունը ծածկվում է մոռացության [քողով]: Դրա համար մեր մեծ հայրապետը, որ գոչումն է աշխարհի, Բասիլիոսը, երկնային ուժերին էր զրուցակից, փորձառու վարդապետը եկեղեցիների, որ իր բնությունն արիացրեց, որ Երրորդությանն աղոթելով խորտակեց կործանյալ Հուլիանոսին, որ խցեց աղանդավոր հայհոյիչների բերանը, որ խզեց արիանոս[ական]ների չարափառությունը, որ քրիստոսական իմաստությամբ բռնեց ուղղափառությունից, որ հովիվ էր համորեն եկեղեցիների Քրիստոսի ժողովրդյան, որ երկնքի արքայության քահանայագործող էր, որ քրիստոսական հոտի փարելին էր, որ աստվածային հավատի ժիր վարդապետն էր, որ կենդանությանն ու մահվանից հետո մեծապես փայլեցնում էր սքանչելիքներ, որ ինչպես վերևում ասացինք, աղոթքով սատակեց աստվածամարտ Հուլիանոսին, նրան, որ բարձունքներ հանեց իր եղջյուրը և անիրավություն խոսեց Աստծու դեմ, նրան, որ անարժանն էր թագավորական պատվի և զորավիգ էր արիանոսականների չարափառությանը, նա, որ հանուն կայսրության քաղաքն ամբարշտության էր ուզում դարձնել: Եվ թե ինչից և ինչպես [եղավ], չկա ժամանակ այս պատմելու, այլ վերստին առաջ ընթանանք և պատմենք սրբի վարքը ծնունդից մինչև վախճան: Միայն Բարսեղը, որ վայելչական ճառերով վարք ցույց տվեց և աստվածային իմաստությամբ խոսքերն ու գործերը պայծառացրեց, բոլորը տալով Քրիստոսին` հոգին և մարմինը` խոսքով և գործով, և հելլենական մոլորությունը` սարդի ոստայնի նման, հերքում էր:

Սա յոթնամյա լինելով տրվում է գրքերի ուսման, և հինգ տարի այնտեղ մնալով ու չընդդիմանալով ուսմանը, ցանկանում էր հմտանալ փիլիսոփայության մեջ և մտածում էր թողնել Կապադովկիո Կեսարիան, որ իր բնակավայրն էր: Եվ մի օր ելնելով, մայրն առնում է նրան և գնում Աթենք` բազում պարկեշտությամբ և ժուժկալությամբ, իմաստությամբ զարդարուն: Եվ գնում, տալիս է նրան փիլիսոփայական ուսման հելլենների իմաստության վարդապետին, որի անունը Եվուղոս էր: Իսկ նա դյուրությամբ այնքան հասու եղավ, որ վարդապետն ու աշակերտները զարմանում էին: Իսկ նրա աշակերտակիցն էր Գրիգորիոս Մեծը, որ հետո Նազիանզի եկեղեցու և Ասիայի Աթոռի վերատեսուչ դարձավ:

Մինչև տասներկու տարի ուսանեց, երբ Հուլիանոսը, որ սկզբնական մի կարճ միջոցի քրիստոնյա էր, և Լիվիանոսը, շեղվեցին ուղիղ ճանապարհից: Իսկ սուրբ Բարսեղն առավել էր սքանչանում այրերի մեջ և մտքին դրել էր չճաշակել հաց կամ գինի` մինչև չիմանա աստվածային իմաստության հանգամանքները վերին տեսչությունից` մինչև տասնհինգ տարեկանը հանձն առնելով բոլոր խրատները և ընթանալով հելլենական ամենայն իմաստություններով և աստղաբանության մեջ կատարելության հասնելով, նրանցից լավագույնն ընտրվեց և չկարողացավ գտնել ամենքին հրաշագործող մի բան նրանցից: Եվ մի գիշեր նրա տքնելու ժամանակ աստվածային ծագում եղավ նրան, որ թողնի աղանդավորական գրքերը: Ելավ անմիջապես գնաց Եգիպտոս և եկավ առաջնորդներից մեկի մոտ, որի անունը Պորփյուրոս էր, որ տվեց նրան քահանայական գրքերը, ուր գրված էին աստվածային պատմությունների հանգամանքները: Իսկ նա այս տեսնելով դադարեցրեց ընթերցանությունը և հաստատելով աստվածային պատգամները` մեկ տարի մնաց այնտեղ, ջուր և բանջար ճաշակելով, և սերտում էր ճշմարիտ հավատքի խոսքերը, մնում էր այնտեղ` քննում և ստուգում էր ճշմարտության բանը:

Սրանից հետո վանականին խնդրեց, որ թույլ տա գնալու Երուսաղեմ` աղոթելու, տեսնելու այնտեղ եղած սքանչելիքները: Վերջինս աղոթելով արձակեց նրան:

Դառնալով վերստին եկավ [այնտեղ], ուր փիլիսոփայական կրթություն էր ստացել, սկսեց բազում փիլիսոփաների և հելլենացիների նվաճելով դարձնել առ Աստված, նրանց ցույց տալ փրկության ճանապարհը: Փնտրում էր իր Եվուղոս ուսուցչին, քանի որ նա էր առաջնորդը խոսքի, նրա աշխատանքի դիմաց նրան բերելով անբիծ հավատքը, որ նրան դարձնի ուղիղ հավատքի: Եվ գտավ նրան մի ագարակում` այլ փիլիսոփաների հետ, որ վիճում էին ինչ-ինչ բաներից, ոչ մի ցանկություն չունենալով, բացի ինչ-որ ավելի նոր բան ասելուց կամ լսելուց` առհասարակ հարցուփորձելով իրար: Մոտենալով և ունկնդրելով` Բասիլիոսը հանդիմանում էր նրանց: Եվ այնտեղ եղածներից մեկն ասում է [Եվուղոսին]. «Ինչ-որ մեկը քեզ հանդիմանում է, ո՛վ իմաստասեր»: Եվ նա ասում է. «Կամ Աստված է, կամ Բասիլիոսը»: Երբ իմացավ, որ Բասիլիոսն է, բաց թողեց մոտը եղած այրերին: Եվ Բասիլիոսն այնտեղ մնաց երեք օր, և ոչինչ չճաշակելով` հարցուփորձ էին անում իրար: Հարցնում է Եվուղոսը Բասիլիոսին և ասում.

– Բասիլիոս, ո՞րն է իմաստության սահմանումը:

Եվ նա ասում է.

– Իմաստության առաջին սահմանումը մահվան ճանաչողությունն է:

Իսկ նա զարմացած ասում է.

– Ի՞նչ կա ավելի քաղցր քան աշխարհը: Եվ նա ասում է.

– Իրերն աշխարհի. բայց դառն է աշխարհը [նրանց համար], որ ախտով են գնում. այլ է ճանապարհը, որ ըստ մարմնի է, և այլ` որ ըստ մարմնի բնության. և [նրանք], որ մի անգամ գնում են այդ ճանապարհներով, չեն կարող ընդունելի լինել, որովհետև չեն կարող երկու տերերի ծառայել (Հմմտ. Մատթ. Զ. 24): Բայց միայն [Նրան], որ կարող է քաղցյալներին գիտության հաց բրդել և անօթևաններին առաքինությամբ ծածկի տակ առնել, և եթե մերկ տեսնի` կհանդերձավորի և ընտանիքի զավակից երես չի դարձնի:

Այս ասելով` օրինակներով նրան մղում էր դեպի փրկության և ապաշխարության, մարդասիրության ճանապարհ:

– Երեքն են,- ասում է,- գրվածքները, որ դրված են մեր կամքի դռան սեմի աջ կողմը` ստուգությունից առաջ, որ առաքինություն է բերում. իմաստություն, զորություն և արդարություն: Իսկ ձախից են նախ` ստությունը, որի պատճառով կործանվում են, [ապա] անբարեգթությունները, անաշխատությունները, անառակությունները, չարաշահությունները, բանսարկությունները, անակնածելի լեզվագարությունները և որ այս չարիքների նման են: Իսկ ապաշխարությունը վայելչապես հաստատուն է դարձնում, անդրդվելի պայծառացնում է [նրանց], ովքեր իրենով են ղեկավարվում, իսկ ովքեր դեմ են` դիմադարձ են լինում: Ակնածելի ժողովի բնակիչներին ի մի հավաքելը լցնում է նրանց ժուժկալությամբ, լսողությամբ, զգաստությամբ, պարկեշտությամբ, մարդասիրությամբ և բազում բարությամբ, իսկ այս հմտության միտքն է տեսանելիքի ուշադրությունը: Իսկ [նա], ով լսում է իմ խոսքը, նախանձում է այն պատճառով, որ այս ու այն [բաները] տեսնող և տեղյակ եղա և պատմում եմ քեզ, ո՛վ Եվուղոս, որ մենք այլ օրինակ չունենք, քան ամուր կառչել ճշմարտությունից, որ առաջնորդում է մեզ դեպի փրկություն, բոլորը ելնելու են հավիտենական կյանքին և կանգնելու են Քրիստոսի բեմի առջև, ինչպեսև մեզ բարձրաձայն ասում են մարգարեները` Եսայիասը, Երեմիան, Եզեկիելը, Դանիելը, Դավիթ թագավորը և Պողոսը առաքինի, նրանց հետ և Ինքը, որ ապաշխարության պարգևատուն է` բոլորի Տերը, որ կորուսյալ ոչխարին էր որոնում, և հոր ծոցից բաժանված և իր անառակությամբ բազում ստացվածքները վատնած, սովամահ եղած մանուկին վերստին ընդունեց և մտերմությամբ գիրկն առնելով համբուրեց, և զարդարեց պատմուճանով և ավելի շատ թանկագին մատանիով շքեղացրեց նրան (հմմտ. Ղուկ. ԺԵ), այնպես, իբր նա երբեք չէր մեղանչել Տիրոջ դեմ, որ առավել գթություն ունի, և այսպիսի հաստատությամբ է տալիս հատուցումը: Որպես և մշակների մեջ, որ տասնմեկ ժամ տքնեցին, տվեց նրանց վարձը ինչպես առաջիններին (հմմտ. Մատթ. Ի. 12): Այսպես և մեզ կընդունի` եթե ջրից և Հոգուց վերստին ծնվենք, և մեզ կպարգևի այն, ինչ աչքը չի տեսել, և ունկը չի լսել և մարդու սրտից չի ելել, որովհետև Աստված դա պատրաստել է իր սիրելիների համար:

Եվուղոսն այս ամենը լսելով` ուշքի եկավ և ասաց.

– Ո՛վ Բասիլիոս, երկնային զորությունների տեսնող, քեզնով հավատում եմ մի Աստծուն` ամենակալ Հորը, երկնքի ու երկրի և մնացյալի արարչին, հավատում եմ մեռյալների հարությանը և հավերժ անվախճան կյանքին: Ես,- ասում է,- հավատս ցույց կտամ քեզ և ամբողջը, որ իմն է` կտամ քո ձեռքը և ինձ մնացած ժամանակը կլինեմ քեզ հետ, և եթե հաճո է Աստծուն` կընդունի ինձ սուրբ ջրով և աստվածային Հոգով վերստին ծննդյամբ:

Եվ Բասիլիոսն ասում է.

– Ո՛վ Եվուղոս, օրհնյալ է մեր Տեր Աստվածը, այսուհետև մինչև հավիտյան, որ ճշմարտության լույս ծագեցրեց քո մտքին և փոխեց բազմաստված մոլորությունից դեպի իր ճշմարտության գիտությունը: Արդ ասեմ քեզ, թե ինչպես գտնենք մեր փրկությունը և այս կենցաղից ազատվենք: Տո՛ւր, ինչպես ասացիր, քո ինչքը, և վաճառենք այն ու տանք աղքատներին և մեր ամեն ինչն այդպես անենք և այնպես գնանք Երուսաղեմ սուրբ քաղաքը, որ տեսնենք այնտեղի սքանչելիքները և Աստծու առաջ համարձակությամբ կանգնենք:

Եվ այդպես բարեպաշտությամբ կարգավորեցին իրենց բոլոր գործերը և սուրբ մկրտության էին փափագում: Ապա գնացին դեպի Երուսաղեմ, և երբ հասան Անտիոք քաղաքը, իջևանեցին մի պանդոկում: Իսկ պանդոկապետի որդին, որի անունը Փիլիքսիանոս էր, որ օտարասեր է թարգմանվում, շատ տրտում նստած էր դռանը. նա Լիվիանոս փիլիսոփայի աշակերտն էր և նրանից առել էր բանաստեղծական հատվածներ, որ դրանք մեկնի ճարտասանորեն և բազում հոգեկան հուզմունքի և հոգսերի մեջ վարանում էր, դրանք մեկնել` չկարողանալու պատճառով: Եվ նրան տեսնելով Բասիլիոսն ասում է.

– Ինչից ես այդպես վարանել, ո՛վ դու պատանի: Ասում է նրան պատանին.

– Ինչ օգուտ կունենամ, եթե ասեմ քեզ:-Եվ ասաց նրան պատճառը: Իսկ Բասիլիոսը մոտ կանգնելով կարդում էր հատվածները և վերցնելով գրում էր դրանց մեկնությունը երեք կերպ: Իսկ պատանին խնդությամբ վերցնելով դրանք` եկավ Լիվիանոսի մոտ: Եվ [Լիվիանոսը] մեկնությունների լուծմունքն ընթերցելով ուրախացած ասում է.

– Աստվածուհու նախախնամությամբ այժմյան փիլիսոփաներից ոչ ոք չի կարող գտնել դրանց լուծմունքը. ո՞վ է, որ այս իրերը հորինեց:

Պատանին ասում է.

– Մի ոմն օտարական երեկ եկավ իմ պանդոկը և սիրահոժար իմաստասիրեց դրանց լուծմունքը:

Եվ առանց հապաղելու նույն պահին Լիվիանոսը եկավ պանդոկ և տեսավ Բասիլիոսին Եվուղոսի հետ և զարմանքով ծանոթացավ նրանց, որովհետև նրանց տեսնելու [հույս] չէր ունեցել, աղաչում էր, որ արժանանա նրանց իր տանն ընդունելու [պատվին]: Եվ նրանք հավանություն տալով եկան նրա հետ, և նրանց առաջ սեղան դրեց, և ճաշակեցին միայն հաց և բանջար և ուրախությամբ լցվեցին` գոհանալով Աստծուց: Իսկ Լիվիանոսն սկսեց ինչ-ինչ ճարտասանական խնդիրներ արծարծել, և նրանք առաջադրեցին Քրիստոսի հավատքի բանը: Լսում է Լիվիանոսը և ասում.

– Ե՞րբ է դրանց ժամանակը: Բարսեղն ասում է.

– Երբ որ կամքը հաստատվի` ոչինչ չի կարող խանգարել:

Եվ նա ասում է.

– Մեծ օգուտի մեզ հասցրիր, ո՛վ Բասիլիոս, խոսիր և ինձ աշակերտող մանուկների հետ:

Իսկ Աստծու բարեշուք այրը տեսնելով հավաքված մանուկներին` նրանց ուսուցանում էր մաքրություն անձանց և անախտություն մարմինների, հեզ ընթացք, չափավոր ձայն և արժանավոր խոսք, անխռով կերակուր, լռություն ծերերի առջև, ունկնդրություն իմաստունների առջև, հնազանդություն վերակացուների հանդեպ, սեր ընկերակիցներին, անկեղծություն կրտսերներին, քիչ խոսել և շատ իմանալ. չերկարացնել խոսքը, չհանդգնել ծաղրախոսության, զարդարվել ամոթխածությամբ, անպարկեշտ կանանց հետ ամենևին չխոսել, հառել աչքերը ներքև, իսկ մտքերը` վերև, հեռու մնալ հակառակությունից, չուսուցանել իշխանաբար, ամեն մեկից հեշտությամբ պատիվ չընդունել, և ձեզնից ով որ կարող է ընկերոջը փոխ տալու, թող չպահանջի զուգակշիռը նորից ու նորից, այլ Աստծու վարձերին ակնկալել և հավիտյան կյանքի հատուցումն ընդունել Քրիստոսից:

Այս ամենն ասաց Բասիլիոսը Լիվիանոսի աշակերտներին և ինքը, հրաժեշտ տալով, Եվուղոսի հետ գնաց իր ճանապարհը:

Երբ հասան Երուսաղեմ` [մեծ] բաղձանքով ամբողջապես քննեցին ուղղափառ հավատքը և այդ ամենի համար Աստծուն երկրպագություն մատուցեցին, եկան տեսնելու քաղաքի եպիսկոպոսին, որի անունն էր Մաքսիմիանոս: Եվ նրա առջև ընկած աղաչում էին արժանի լինել Հորդանան գետում վերստին ծնվելուն: Եվ նրանց տեսնելով սուրբ եպիսկոպոսը առավել ևս նրանց լցրեց հավատով` հանձն առնելով կատարել նրանց հայցածը: Եվ նրանց ու այլ հավատացյալների առնելով եպիսկոպոսը եկավ Հորդանան գետի մոտ: Իսկ Բասիլիոսը մոտիկ կանգնելով ամբոխին` գետնին ընկած, մեծ հառաչանքով արտասվում էր և խնդրում էր Աստծուց հավատքի համար որևէ նշան տեսնել. և դողալով մերկացավ հանդերձից ու դրա հետ նաև հին մարդուց և աղոթելով մտավ ջուրը: Եվ մոտեցավ քահանան մկրտեց նրան, և նույն պահին հրեղեն սյուն կանգնեց նրա վրա, և մի աղավնի ելավ լույսից, իջավ Հորդանանի մեջ և խառնեց ջրերը և բարձրացավ երկինք: Իսկ ովքեր այնտեղ կային` տեսնելով փառք էին տալիս Աստծուն: Եվ երբ մկրտվեց, դուրս եկավ Բասիլիոսը ջրերից: Սքանչանում էր Մաքսիմիանոս եպիսկոպոսը առ Աստված ունեցած Բասիլիոսի սիրուց և աղոթելով գցեց նրա վրա Քրիստոսի վարշամակը: Մկրտեց նաև Եվուղոսին և օծեց նրանց սուրբ մյուռոնով, տվեց նրանց և կենդանարար հաղորդությունից: Ապա Բասիլիոսը ևս Աստծու քահանայապետից հայցեց աղոթքով կերակուր տալ, որպես և արեց:

Իսկ Բասիլիոսն ասում է.

– Հիսուս Քրիստոս, Աստված մեր, ինչպես հավատում եմ քո ավետարանական խոսքերին և հուսացյալ եմ քո բարերարությանը, Սուրբ Հոգուդ գործակցությամբ` ուտելով և ըմպելով կհաղթեմ ինձ հակառակող սատանային:

Իսկ Աստծու քահանայապետը` իր հավատացյալներով շրջապատված, այնտեղից վերադարձավ Երուսաղեմ սուրբ քաղաքը:

Իսկ սուրբ Բասիլիոսը Եվուղոսի հետ շրջեց սուրբ վայրերում, և մեկ տարի հետո կամեցան գալ Անտիոք: Նրանց մոտ եկավ եպիսկոպոսը, որ այնտեղ էր: Բասիլիոսը ընթերցում և մեկնում էր առակների խոսքերը եպիսկոպոսի առջև` զարմացնելով նրան: Ապա բազում օրեր հետո Եվուղոսի հետ գնաց կապադովկացիների աշխարհը: Ուզում էին Կեսարիա քաղաքի դռնից ներս մտնել: Քաղաքի եպիսկոպոսին, որի անունը Եվսեբիոս էր, գիշերային տեսիլքով հայտնվեց, թե` «Քեզնից հետո Բասիլիոսը պետք է նստի եպիսկոպոսական աթոռիդ»: Երբ զարթնեց` կանչեց քաղաքի առաջնորդներին և եկեղեցու բարեպաշտ սպասավորներից ոմանց և նրանց պատմելով տեսիլը` նրանց ուղարկեց քաղաքի արևելյան դռան մոտ: Եվ դռան մոտ գնացողները ճանաչեցին նրանց և աղաչելով տարան եպիսկոպոսի մոտ: Երբ մտան` սրբասեր քահանայապետը նրանց տեսնելով նկատեց նմանությունը տեսիլքի հետ և Աստծուց գոհանալով հարցնում էր, թե ո՛րտեղից են գալիս կամ ո՛ւր են գնում և ինչ վարդապետություն ունեն: Եվ երբ ամենն իմացավ` սպասավորներին հրամայեց տեղավորել նրանց, և առնելով տարան նրանց մի նշանավոր տեղ ու նրանց բոլոր կարիքները հոգացին:

Նույն ժամանակ Աստծու բարեսեր այրը [մարդիկ] առաքեց և կանչեց եկեղեցու և քաղաքի ընտրյալներին և պատմում էր նրանց` ինչ որ Աստված ցույց էր տվել իրեն: Եվ նրանք միաբան ասում են նրան.

– Ճշմարիտ, սա արժանի է քո վարքին, դրա համար Աստված հայտնեց քեզ, որ քեզնից հետո պայծառությամբ կընդունի քո եպիսկոպոսության աթոռը. այսուհետ մի՛ վարանիր, այլ արա ինչ հաճո կթվա աչքիդ:

Իսկ նա մոտը կանչելով Բասիլիոսին Եվուղոսի հետ, խոսում էր նրանց հետ [սուրբ] Գրքից և սքանչանում նրանց իմաստությամբ, մոտն էր պահում նրանց իբրև աջ կողմի սեմ (Հմմտ. Եզեկ. Խ. 6, Նէեմ. ԺԲ. 25), մինչև սուրբ եպիսկոպոսը փոխվեց աշխարհից:

Ապա սուրբ եպիսկոպոսները Հոգու գործակցությամբ հավաքվելով Բասիլիոսին ձեռնադրեցին եպիսկոպոսության Աթոռին` Աստծու կամքով պահելով եկեղեցին: Եվ օրեր անց խնդրեց Աստծուց, որ իրեն շնորհ, իմաստություն և հանճար տա, որ խոսքով կարգավորի և անարյուն պատարագ մատուցի Աստծուն, և Սուրբ Հոգուց տրվեց նրա խնդրանքը: Եվ վեց օր անց Սուրբ Հոգին այցելեց նրան, և յոթերորդ օրը [նա] սկսեց պատարագ մատուցել Աստծուն: Եվ քիչ օրեր անց հավատով և բազում աղոթքներով կամենում էր սկսել և իր ձեռքով գրել պատարագի խորհուրդը: Եվ այն գիշեր տեսիլքով եկավ Տերը սուրբ առաքյալների հետ և առաջավորության հացն ու բաժակը պատրաստեց Խորանում, բարձրացրեց Բասիլիոսին և ասում է նրան.

– Քո խնդրածների համաձայն կլիանա քո բերանը գոհությամբ, որպեսզի քո կարգավորությամբ ինձ մատուցեն անարյուն պատարագ:

Երբ [այլևս] ի վիճակի չէր սքանչելիքները տեսնելու` ելավ և դողալով եկավ եկեղեցի և մագաղաթին այսպես գրեց. «Լցրո՛ւ բերանս գոհությամբ, որպեսզի օրհնեմ քո փառքը, մեր Տեր Աստված, որ մեզ ստեղծեցիր և առաջնորդեցիր դեպի այս կենդանությունը»,- և` սուրբ պատարագի այլ աղոթքներ: Եվ աղոթքները կատարելուց հետո բարձրացրեց հացն ասելով. «Սրբություն սրբոց»: Եվ ժողովուրդն ասում էր. «Միակ սուրբ, միակ Տեր, Հայր Աստծու փառքով միակ Հիսուս Քրիստոս»: Բաժանեց հացը երեք մասի` մեկը մեծ երկյուղով հաղորդություն [ընդունեց], իսկ մյուսը պահեց` որ թաղվի իր հետ և երրորդը դրեց ոսկյա աղավնու մեջ և կախեց սուրբ խորանից: Իսկ Եվուղոսը և այլ սպասավորներ ու իշխաններ, եկեղեցուց դուրս կանգնած լինելով, տեսնում էին իմանալի լույսը խորանին և սպիտակազգեստ փառավոր այրերի, որ մեծաձայն փառավորում էին Աստծուն: Ու Բասիլիոսը ևս նրանց մեջ էր: Եվ տեսիլքից հիանալով` ընկան իրենց երեսների վրա և արտասվագոչ հառաչմամբ փառավորում էին Աստծուն: Եվ երբ Բասիլիոսը դուրս եկավ` երեսնիվայր ընկած երկրպագեցին նրան: [Նա] հարցրեց երկրպագության պատճառը, և նրանք ասում են փառավոր սքանչելիքները, որ տեսան խորանի մոտ: Այնժամ Բասիլիոսը ձեռքերը երկինք հառելով գոհացավ Աստծուց և նրանց պատմեց զարմանալի տեսիլքը, որ տեսավ:

Եվ մոտը կանչելով մի ոսկերչի` նրան հրամայեց զուտ ոսկուց աղավնի պատրաստել, այն աղավնու նմանությամբ, որ երևաց նրան Հորդանանում` Տիրոջ մկրտության ժամանակ, և մեջը դնելով մասունքը` կախեց սուրբ սեղանի վերևում: Այս եղելություններից հետո պատվիրեց, որ ամենքը եկեղեցում հավաքվեն, և ժողովրդի անթիվ բազմություն հավաքվեց, որոնց մեջ էր և առաքինի մեծ Եփրեմը, որ հետո կպատմենք ձեզ, թե ինչպես աստվածային հայտնությամբ սուրբ հայր Բարսեղին տեսավ:

Մի ոմն հրեա միանալով քրիստոնյաների խմբին` եկեղեցի գալով դիտում էր պատարագի կարգը և սուրբ խորհրդի հաղորդությունը. և սուրբ պատարագի ավարտից հետո հրեան տեսավ, որ Բասիլիոսը իր ձեռքով [հացը] փոքրիկ մասերի է բաժանում և հաղորդում ամենքին: Հրեան ևս եկավ, որ հաղորդվի, և նրան ճշմարտապես միս տրվեց և բաժակով` արյուն: Իսկ նա, տրվածներից մի մասը պահելով, գնաց իր տուն և ցույց տվեց իր կողակցին, որ հաստատի իր ասածները, թե ինչ է տեսել իր աչքով և հավատացել, թե որքան ճշմարիտ և փառավոր է քրիստոնյաների խորհուրդը: Եվ առավոտյան եկավ Բասիլիոսի մոտ, աղաչում էր նրան, որ իրեն տա Քրիստոսի մկրտությունը: Իսկ նա [Բասիլիոսը] այս լսելով` փառք էր տալիս Աստծուն, որ կամենում է, որ ամեն մարդ ապրի և ճշմարտության գիտության գա: Եվ մկրտեց նրան` Տիրոջը հավատացող նրա ամբողջ տնով հանդերձ:

Սրանից հետո մի անգամ Բասիլիոսը դրսում էր, [երբ] մի կին մոտեցավ նրան` աղաչում էր, որ նա օգնի իրեն, որովհետև իշխանը նեղում էր հարկերի պարտքի համար: Իսկ նա թղթում այսպես գրեց. «Մի աղքատ կին մոտս գալով ասում է, թե բռնի ուժ ես գործադրում. արդ հանուն մեզ, որքան կարող ես, օգնիր նրան»: Եվ տվեց թուղթը կնոջը, իսկ նա առնելով տարավ իշխանին: Երբ ընթերցեց` գրեց այսպես. «Հանուն քեզ, ո՛վ սուրբ հայր, կամեցա թողնել կնոջ պարտքերը, բայց չկարողացա, որովհետև հարկը թագավորինն է»: Եվ դարձյալ գրում է նրան. «Եթե ցանկացար, բայց չէիր կարող` ներում եմ քեզ, սակայն եթե կարող էիր և չցանկացար` մի այլ պատշաճ ժամի Աստված քեզ այնպես կանի, որ երբ ցանկանաս` չկարողանաս»: Եվ իսկույն նրան պատահեցին այն դեպքերը, որ թագավորական կապանքներով բանտեցին նրան, որ հատուցի իր անիրավությունների համար: Այնժամ եղկելին աղաչում էր Բասիլիոսին, որ իր աղոթքով թագավորին իմաց տա ներել իրեն, ինչպես և եղավ, քանի որ հրաման ելավ թագավորից ազատել նրան: Եվ երբ նրան պատահեց մարդասիրությունը, չանգիտացավ, այլ գնալով Բասիլիոսի մոտ գոհանում էր նրանից և [այն] կնոջը կանչելով ներեց նրան այն ամենը, ինչ պարտք էր արքունիքին:

Անաստաս քահանայի մասին

Մեծագործ Բարսեղ հայրապետի մյուս սքանչելիքները ևս պատմեմ: Օրերից մի օր սուրբ հայրապետը կամեցավ դուրս գալ քաղաքից որևէ մեկին չասելով, թե ուր է գնալու, և մենք հանդիպեցինք նրան. ասում է մեզ. «Որդյակներս, եկեք իմ հետևից, որպեսզի տեսնեք Աստծու փառքերը»,- և ելնելով մեր քաղաքից` գնացինք: Սուրբ Հոգին լուր տվեց Անաստաս քահանային, և [նա] ասում է իր կնոջը, որ անվամբ կին էր, իսկ գործերով` քույր. «Ես գնում եմ հող մշակելու, ո՛վ իմ տիկին և քույր, և դու արի՛ և զարդարի՛ր քո տունը և իններորդ ժամին խնկով և մոմերով դուրս արի սուրբ Բարսեղ արքեպիսկոպոսին հանդիպելու, որովհետև գալու է մեր` մեղավորներիս հարկի տակ»: Իսկ նա դողաց փառավորագույն խոսքերից, արեց` որպես և հրամայվեց իրեն: Ինքը կույս էր, պարկեշտությամբ էր վարել իր կյանքը, քառասուն տարի տնակեցությամբ մնացել էր ամուսնու մոտ, և պահել իր խորհուրդը` մարդկանց ասելով թե ինքն ամուլ է: Եվ մեզ հանդիպեց ճանապարհին` ինչպես կարգն է և պատշաճ` երկրպագություն տվեց, նախ օրհնվեց մեր հորից, ապա ասում է նրան սուրբը. «Ի՞նչպես ես տիկին Թեոկնի, որ թարգմանվում է Աստվածածանուհի»: Իսկ նա հիանալով իր անունը տալուց` ասում է. «Լավ եմ, Աստծու սուրբ»: Մեր սուրբ հայրն ասում է. «Ո՞ւր է տեր Անաստասը` Աստծու քահանան, քո եղբայրը»: Կինը նրան ասում է. «Այրն իմ տերն է և գնացել է երկրագործության»: Սուրբը նրան ասում է. «Տուն է դարձել, մի՛ շփոթիր»: Իր անունը տալու համար հիանում էր կինը նրա խոսքերից և ոչ միայն դրանով, այլ նաև, որ ասաց իրեն թե` «Նրա կինն ես, բայց միայն անունով, իսկ գործերով քույրն ես»: Եվ հիացմունքից նա դողով բռնվեց և երեսնիվայր ընկնելով գոչում էր ասելով. «Աստծո՛ւ սուրբ, աղոթիր ինձ` մեղավորիս համար, որ մեծ և սքանչելի իրողություններ եմ տեսնում քո մեջ»: Եվ աղոթելով անցավ մեր ամենքիս առջևից գնաց: Երբ եկանք տան մոտ, երեցը սրբի դիմաց ելավ և նրա ոտքերն ընկնելով` աստվածային ողջույն տվեց: Երեցն ասում է սրբին. «Ո՛րտեղից է այս [պատիվն] ինձ, որ Աստծու սուրբը եկել է ինձ մոտ»: Իսկ Աստծու սուրբն ասում է նրան. «Բարի գտա քեզ, Քրիստոսի աշակերտ, գնա, որպեսզի Աստծու սուրբ պատարագը մատուցես»: Որովհետև երեցը օրն անց էր կացնում պահքով` բացի շաբաթ և կիրակիներից և ոչինչ չէր ճաշակում բացի հացից և ջրից:

Եվ երբ եկեղեցի հասանք, սուրբ արքեպիսկոպոսը հրաման տվեց քահանային, որ պատարագ մատուցի: Եվ նա ասում է. «Սուրբդ Աստծու, ինչպես ուսուցանում են` նվազը լավից կօրհնվի»: Ասում է նրան մեր երջանիկ հայրը. «Քո առաքինի վարքից հետո նաև անսա»: Եվ լսելով` երեցը մատուցում էր սուրբ պատարագը և երբ բարձրացնում էր Աստծու Որդու կենդանարար մարմինն ու արյունը, սուրբ Բասիլիոսը` արժանավորներից ոմանց հետ միասին, տեսնում էր ամենաՍուրբ Հոգին` լույսի նմանությամբ շրջապատած խորանն ու քահանային: Եվ մեր հաղորդվելուց հետո գոհություն մատուցեցինք Տեր Աստծուն, եկանք քահանայի տունը, և կերակուր ճաշակելիս արքեպիսկոպոսը նրան ասում է. «Պատմի՛ր ինձ, ո՛րտեղից է քո այդ գանձը, և ինչ է քո վարքը»: Երեցը նրան ասում է. «Մեղսավոր մարդ եմ, հանրային հարկի հնազանդ. երկու եզան լուծ ունեմ` մեկով ես եմ վարում, իսկ մյուսով` վարձկանը: Եվ ինչ Աստված տալիս է, երկու մասի ենք բաժանում` մեկն առնում ենք օտարասիրության կարիքների համար, իսկ մյուսը` հարկահանների: Եվ ծառայակիցս, որ հետս է, իմ կինն է. սպասարկում է ինձ և օտարներին»: Սուրբը նրան ասում է. «Նրան քույր կոչիր, որպես և է իսկապես: Եվ պատմիր ինձ քո կյանքը»: Երեցը նրան ասում է. «Երկրում բարիք չեմ ստացել, օտար եմ ամենայն բարի գործերից»: Այնժամ սուրբը նրան ասում է. «Վեր կաց, միասին գնանք»: Եվ երեցի ձեռքից առնելով` մեզ մի խուց բերեց և ասում է. «Բաց մեզ տանդ դուռը»: Պատասխան է տալիս երեցը և ասում է. «Ո՛չ, տե՛ր, սուրբդ Աստծու, մի՛ մտեք այդտեղ»: Ասում է նրան սուրբը. «Ես հենց քո այդ կարիքների համար եկա»: Երեցի չկամենալով` փականքները բացվեցին, և ներս մտնելով այնտեղ տեսանք մի բորոտ տղամարդու, որ վրան առողջ տեղ բոլորովին չուներ: Եվ ոչ ոք չգիտեր, թե այնտեղ հիվանդ կա` բացի քահանայից և իր զուգակցից: Սուրբն ասում է երեցին. «Ինչո՞ւ կամեցար թաքցնել այս գանձը»: Երեցը նրան ասում է. «Բարկացկոտ է, տեր իմ, և թշնամանող ու նեխած: Դրա համար արգելափակել եմ սրան, որ մեջ չընկնի»: Ասում է նրան մեր սուրբ հայրը. «Բարով ես ծառայել դրան, բայց հրամայիր ինձ այս գիշեր սպասավորել դրան, որ ես քո վարձքն ընկալեմ»: Եվ սրբին ներս թողնելով բորոտի մոտ, որն այնքան ախտավոր էր, որ նույնիսկ ձայն չուներ, որպեսզի պատմեր ախտի ծանրությունը, դուռը փակելով գնացինք:

Իսկ վիրավորյալների բժիշկը ամբողջ գիշեր նրա վրա աղոթեց Աստծուն, որ բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկի և առողջություն տա նրան: Իսկ քահանան Հոգով ախտերի բժշկվելն իմանալով, մեզ մոտ լինելով ասում է. «Փառք քեզ, Աստված, որ կատարում ես քո երկյուղածների կամքը և նրանց խնդրածները»: Եվ ասում է մեզ. «Ահավասիկ հիվանդների բժիշկը բուժեց մարդուն»: Եվ նույն ժամանակ ձայն տալով սուրբն ասում է. «Բացեք դռները մեզ [համար]»: Եվ մենք գնալով բացեցինք տան դռները, և նա հանեց փտախտավոր բորոտին` ամբողջովին ողջանդամ, մարմնի վրա վերք չունենալով, հստակ խոսելով և Աստծուն փառավորելով: Եվ այս մեծ սքանչելիքների լինելուց հետո ցնծությամբ քաղաք վերադարձանք` հավիտյան Աստծուն օրհնելով:

Ասորի և ճգնավոր Եփրեմի մասին

Իմ սիրելի եղբայրներ, մեր երանելի հայր Բարսեղից պատմեմ ևս մի սքանչելիք, որ արեց Եփրեմ անապատականին, որ այսպես եղավ: Մի ոմն Եփրեմ մենաստանում լսել էր հրաշագործություններն ու սքանչելիքները, որ Աստված անում էր սուրբ Բարսեղի միջոցով: Եվ ցանկանում էր տեսնել նրան: Եվ ձեռքերը երկինք բարձրացնելով աղաչում էր Աստծուն, որ հայտնի իրեն, թե ո՛րչափ առաքինի է Բասիլիոսը: Եվ Սուրբ Հոգու նշանը եղավ նրան. գիշերային տեսիլքի մեջ տեսավ մի հրեղեն սյուն, որի գագաթը մինչև երկինք էր հասնում, և ձայն [լսեց] վերևներից, որ ասում էր. «Եփրեմ, Եփրեմ, ինչպես հրե սյունն ես տեսնում, այնպես [կտեսնես] և մեծն Բասիլիոսին»: Եվ նա անմիջապես վերցնելով իր թարգմանին, որովհետև հելլենական լեզվով չէր կարողանում խոսել, և սուրբ Հայտնության տոնին հասավ Կեսարիա քաղաքն ու եկավ կաթուղիկե եկեղեցին` տեղ բռնելով, որպեսզի տեսնի սուրբ Բասիլիոսին: Եվ գալիս էր սուրբը սպիտակազգեստ զարդարված, և սպասավորները, որ գալիս էին նրա առջևից ու ետևից, բոլորը սպիտակ զգեստներով զարդարված ու պաճուճված գալիս էին եկեղեցի: Եվ նրանց տեսնելով առաքինի Եփրեմն իր հետ եկած մի այրի ասում է. «Իզուր ջանացինք, եղբա՛յր, սա չէր, որ ես տեսա»: Եվ գնալով կանգնեց մի տեղ` եկեղեցու անկյունում, հիանալով իր մտքում ասում էր. «Եթե մենք, որ ծանր և տոթ օրեր ենք կրում և ոչինչ չենք օգտվում, [ապա ինչու] սքանչանամ սրանով, որ այսպիսի փառքով և պատվով հրեղեն սյուն է»:

Սա էր մտքով անցնում, [երբ] սուրբն իր նախասարկավագին ուղարկում է ասելով.

– Գնա՛ եկեղեցու արևմտյան դռան կողմը և եկեղեցու վերջում մի կրոնավորի կգտնես, որ գլխին վեղար ունի, և մի ուրիշին նրա հետ` նոսր մորուքով մի կարճահասակ մարդու,-ուրիշ նշաններ ևս տվեց և ասում է,- գնա՛ և ասա նրան. «Համեցե՛ք, մտե՛ք խորան, արքեպիսկոպոսը ձեզ կանչում է»:

Իսկ նախասարկավագը ճեղքեց ամբոխը և գնալով այն տեղն, ուր կանգնել էր սուրբ Եփրեմը, ասում է նրան.

– Օրհնի՛ր հայր. համեցեք խորանը, արքեպիսկոպոսը քեզ կանչում է:

Եվ թարգմանի միջոցով իմա նալով, թե ինչ ասաց իրեն, պատասխան է տալիս և ասում.

– Խաբվեցիր, եղբա՛յր, մենք օտարական ենք և անծանոթ նրան:

Եվ նախասարկավագը գնալով պատմեց հայրապետին` ինչ որ Եփրեմն ասաց իրեն: Իսկ մեծն Բասիլիոս քահանայական գրքերը կարդում էր ժողովրդին. տեսնում էր երանելի Եփրեմը, որ հրեղեն լեզու էր խոսում նրա բերանում: Նորից է [Բասիլիոսն] ասում իր նախասարկավագին.

– Գնա՛ և ասա՛ նրան. «Տե՛ր Եփրեմ, համեցեք, մտեք խորանը, արքեպիսկոպոսը քեզ կանչում է»:

Եվ գնալով նախասարկավագն ընկավ նրա ոտքերը, ասում է նրան` ինչպես հրամայեց իրեն սուրբ Բարսեղը: Եվ նա, սրանով հիանալով, փառավորում էր Աստծուն. ծունր դնելով և ասում է.

– Ճշմարտապես Սուրբ Հոգին խոսում է նրա բերանով: Եվ աղաչեց սարկավագին, որ պատասխանի իրեն, թե պատարագի վերջանալուց հետո ավանդատանը ողջույն կտա Բասիլիոսին: Եվ ավարտելուց հետո Բասիլիոսը ավանդատուն եկավ, կանչեց սուրբ Եփրեմին և նրան քրիստոսական ողջույն տալով` ասում է.

– Բարով ես եկել, անապատի որդիների հայր, բարով եկար [դու], որ բազմացրիր Քրիստոսի աշակերտներին և դևերին Քրիստոսով հալածեցիր, ինչո՞ւ չարչարվեց քո սրբությունը, հա՛յր, և եկար տեսնելու մեղավոր մարդուն, թո՛ղ Տերը տա քո ջանքերի վարձը:

Իր հետ եղած կրոնավորի թարգմանությամբ պատասխան տվեց սուրբ Եփրեմն ու ասաց ինչ-որ կար սրտում: Եվ հաղորդվեց նրա սուրբ ձեռքով, և մեծ սիրով ճաշակեցին: Երանելի Եփրեմն ասում է.

– Սո՛ւրբ հայր, մի բան եմ խնդրում և այս եմ աղաչում, որ տաս ինձ:

Եվ նա ասում է.

– Հրամայեցեք ինչ որ ձեր կամքն է, քանի որ բազում բաներ եմ պարտք քո աշխատանքի դիմաց, որ ինձ համար արեցիր:

Երանելի Եփրեմն ասում է.

– Գիտեմ, սո՛ւրբ հայր, որ այն ինչ խնդրում ես Աստծուց` Աստված քեզ տալիս է. արդ իմ կամքն է, որ Աստծուց խնդրես, որ ես հունարեն խոսեմ:

Եվ նա ասում է.

– Կարողությունից առավել է խնդիրդ, բայց որովհետև հավատով հայցեցիր, արի աղոթենք Տիրոջը, որ կարող է Աստված ընդունի քո ցանկությունը, [որովհետև] գրված է. «Իր երկյուղածների կամքը կատարում է Տերը, լսում նրանց աղոթքները և ապրեցնում նրանց» (Սաղմ. ՃԽԴ. 19):

Եվ նրանք աղոթք արեցին երկար ժամանակ, և բարձրանալով սուրբ Բասիլիոսն ասում է.

– Տե՛ր Եփրեմ, ինչո՞ւ քահանայության ձեռնադրություն չես առնում, որ քեզ պատշաճ է:

Թարգմանի միջոցով նրան ասում է. – Որովհետև մեղավոր եմ:

Ասում է նրան սուրբը.

– Քո մեղքերը կամենում էի վերցնել, բայց ծունր դնենք:

Եվ մինչ [Եփրեմը] գետնին էր ընկած` սուրբ հայրապետն իր ձեռքերը դրեց նրա վրա և սարկավագության աղոթքն ասաց: Եվ ասում է.

– Բարի եղեք` կանգնեցե՛ք:

Եվ երբ կանգնեց, նրա լեզուն զորեղացավ և խոսում էր հույների բարբառով.

– Ընդունի՛ր և պահի՛ր Զիսէ. ողորմի՛ր. Ելէիսոն. պահի՛ր. Փիլաքսիմաս, մեզ, Աստված, քո շնորհով:

Եվ կատարվեց գրվածը, որ ասում է. «Կաղը եղջերուի նման կվազի, և ծանրախոսների լեզուները կպարզվեն» (Մատթ. ԺԱ. 5): Եվ դրանից հետո խոսում էր հույների լեզվով, փառավորելով Աստծուն, որ լսում է իր երկյուղածներին: Եվ հոգեպես ուրախ եղան միասին երեք օր: Եվ նրա թարգմանին սարկավագ ձեռնադրեց, իսկ սուրբ Եփրեմին` քահանա և խաղաղությամբ ճանապարհեց նրանց` փառավորելով և օրհնելով Աստծուն. հավիտյանս հավիտենից. ամեն:

Այրի կնոջ մասին, որ քավություն ստացավ

Մի ազնվատոհմ և մեծատուն, բազում ինչք ունեցող կին` Կեսարիա քաղաքից, մատաղ հասակից այրի մնաց և սատանայի ու չարարվեստ մարդկանց պատրանքներով անձն անառակության տվեց, ուտելով և խմելով, անցնող ժամանակը ծախսեց ամեն տեսակ ունայնությունների վրա, Աստծու կամքին հաճո ոչ մի գործ չանելով: Եվ երկար ժամանակ անց, Սուրբ Հոգու [ազդեցությամբ], նա մի օր զղջաց և հիշելով իր մեղքերի բազմությունը` հառաչելով ասում էր.

– Վա՜յ ինձ` թշվառականիս, վա՜յ ինձ` մեղավոր ու եղկելիիս. ի՛նչ պատասխան պիտի տամ իմ գործած անթիվ մեղքերի համար. իմ հոգու տաճարն ապականեցի, պղծեցի մարմինն իմ: Վա՜յ ինձ, ինչ անեմ. այլ թե ասեմ` պոռնիկի պես եմ, կամ մաքսավորի պես` և մեղա, բայց մկրտությունից հետո մեղանչեցի: Եվ ինչ անեմ հիմա, որովհետև ահա ինձ մնում է հավիտյան հրի աններելի տանջանքը: Այժմ ինչպես կարող եմ ստուգել ճշմարտապես, որ եթե զղջամ` կընդունի ինձ Աստված:

Եվ նրա մտքով սա էր անցնում, [Նա], որ կամենում է, թե բոլոր մարդիկ ապրեն և ճշմարտության գիտությանը գան, [կնոջ] հիշողությանը բերեց մանկուց ի վեր գործածները, և նա նստելով թղթին էր գրում ամենը: Եվ թղթի վերջում գրեց մեծ մեղքերը, որ գործել էր, և թուղթը կապարով կնքելով` եկավ, ուշադիր սպասում էր պատշաճ ժամանակի: Եվ երբ սուրբ Բասիլիոսը եկեղեցի էր գալիս մշտական աղոթքի, առաջանալով` նետեց թուղթը նրա ոտքերի առաջ և երեսնիվայր ընկնելով գոչում էր ասելով.

– Ողորմի՛ր ինձ, սուրբդ Աստծու, ճարտա՛ր բժիշկ, ողորմի՛ր ինձ` բանսարկուի ախտից վիրավորվածիս, որ խոցված եմ մեղքերով առավել քան ցանկացած մարդ:

Իսկ Քրիստոսի երանելի ծառան կանգ առնելով` հարցնում է իրերի ճշմարիտ պատճառները: Եվ նա ասում է.

– Ահա գրեցի իմ բոլոր մեղքերը այդ թղթի վրա և կնքել եմ այն, իսկ դու, ծառադ Աստծու, մի՛ բացիր կնիքը, այլ քո աղոթքով ջնջիր դրանք, որովհետև ինձ այս միտքը տվողը կարող է լսել քո աղաչանքները հանուն ինձ:

Իսկ մեծ Բասիլիոսը թուղթն առավ իր սուրբ ձեռքը և եկեղեցի մտավ և ձեռքերը վեր բարձրացնելով հայցում էր Տիրոջից` այս աղոթքն ասելով. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ճշմարիտ Աստված, որ առաքվեցիր Հոր ծոցից և մարմին առար Սուրբ և փառավորված Աստվածածին Կույսից` վերցնելու աշխարհի մեղքերը: Եվ հիմա քո մարդասիրությամբ ջնջիր այս կնոջ ձեռքի գրածը, որովհետև միայն քո կարողությունն է այս գործը: Տեր, որովհետև քո առջև թվարկված են մեր ամենքի հանցանքները, և ոչինչ ծածուկ չէ քեզնից, իսկ քո ողորմությունները անթիվ և անբավ են [նրանց հանդեպ], որ հավատով դառնում են և խնդրում քեզնից»: Այս ասելով առաջացավ և թուղթը խորան նետեց և ամբողջ գիշեր մնաց աղոթելով և հաջորդ օրն էլ բազմության հետ աղաչում էր Աստծուն: Եվ սուրբ պատարագի ավարտից հետո կանչեց կնոջը և թուղթը նրան տալով ասում է.

– Լսե՞լ ես երբևէ, ո՛վ կին, որ ոչ ոք չի կարող մեղքերին թողություն տալ բացի Աստծուց:

Եվ նա ասում է.

– Այո՛, հա՛յր սուրբ, դրա համար էլ դիմեցի քո սրբությանը` քեզ բարեխոս ունենալով առ բազմագութ և մարդասեր Աստված:

Եվ այս ասելով բացեց թուղթը և ամեն ինչ առանց գրերի գտավ. և մնացել էր միայն մեծ մեղքերի գիրը, որ չէր ջնջվել. և ձեռքերով երեսին խփելով` ընկավ Բարսեղի ոտքերը [և] գոչում էր ասելով.

– Ողորմի՛ր ինձ, բարձրյալ Աստծու ծառա, և ինչպես իմ բոլոր մեղքերի համար մեծահոգություն արեցիր, նույն կերպ և այս մեկի համար աղաչիր, որ ջնջվի:

Իսկ մեծ Բասիլիոսը կարեկցանքով արտասվեց և ասում է.

– Ե՛լ դու, կին, որովհետև ես [ևս] մեղավոր մարդ եմ և [նույնպես] թողության կարիքն ունեմ. քո մեղքերից որը կամեցավ Աստված ջնջեց, կարող է սա էլ վերցնել քեզնից [Նա], որ խափանում է մեղքերն աշխարհի, բայց եթե այսուհետ զգուշանաս և մեղք չգործես, ոչ միայն թողություն կգտնես, այլև փառքի կարժանանաս: Այլև գնա անապատ և այնտեղ կգտնես մի սուրբ այրի, որ բոլորից Եփրեմ է անվանվում. տար այնտեղ թուղթդ, և նա կաղաչի Աստծուն, և կջնջվի դա:

Իսկ կինը չերկնչելով ճանապարհի երկարությունից` եկավ նրա նշած տեղը` Եփրեմ հայրապետի մոտ և դուռը թակելով գոչում էր ասելով.

– Ողորմի՛ր ինձ` Աստծու սուրբ:

Իսկ նա Հոգով իմանալով, թե ինչ բանի համար է եկել, ասում է նրան.

– Ինձանից հեռացիր, դո՛ւ, կին, որովհետև ես մի մեղավոր մարդ եմ և [նույնպես] կարիք ունեմ օգնության:

Իսկ նա, թուղթը նետելով նրա մոտ, ասում է.

– Բասիլիոս արքեպիսկոպոսն ինձ ուղարկեց քեզ մոտ, որ աղոթես Աստծուն և ջնջես մեղքը, որ գրված է այդ թղթի վրա, որովհետև մյուսները սուրբ Բասիլիոսը ջնջեց իր աղոթքներով, իսկ դու միակ [մեղքի] համար մի՛ հապաղիր աղաչել Աստծուն, որովհետև քեզ մոտ եմ ուղարկվել:

Եվ սուրբն ասում է.

– Ո՛չ, քույր, ո՛չ. որովհետև ինչպես շատի համար կարող էր աղաչել Աստծուն, կարող էր և այդ մեկի համար անել` ավելի քան ես: Հիմա գնա՛ և մի՛ հապաղիր, որ հասնես նրան նախքան նրա` մարմնից ելնելը, որովհետև մերձ է երանելիի վախճանը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ գնալու:

Այս լսելով նրանից` կինը բազում հառաչանքով այնտեղից գնաց Կեսարիա: Եվ երբ քաղաք մտավ, դագաղ տեսավ. հանում էին սուրբ Բասիլին: Եվ կինը տեսնելով սկսեց աղաղակել` հանդիմանելով սրբին և ասում էր.

– Վա՜յ ինձ, Աստծու սուրբ, սրա համար ինձ ուղարկեցիր մենաստան, որ դու առանց [ինձ համար] աշխատանք թափելու վախճանվես, և ահա ես օգուտ չստացա, իզուր չարչարվեցի ճանապարհի երկայնությանը: Աստված կտեսնի և արդարությամբ կդատի ինձ և քեզ, որովհետև կարող էիր աղաչել Աստծուն և ջնջել իմ մեղքերը, [մինչդեռ] ուրիշ տեղ ուղարկեցիր ինձ:

Եվ այս ասելով նետեց թուղթը դագաղի վրա և բոլոր եղելությունները պատմեց ժողովրդին: Իսկ սարկավագները, կամենալով տեսնել, թե ինչպիսին են հանցանքները, վերցրին թուղթն ու բացին և գտան ամբողջությամբ մաքուր, որև ոչ մի նշանագիր չէր մնացել: Եվ կանչելով կնոջը` թուղթը տվեցին նրան` լիովին մաքուր և ասում են.

– Ինչո՞ւ ես լաց ու կոծ անում` չիմանալով քո հանդեպ եղած Աստծու անսահման մարդասիրությունը:

Եվ ժողովրդի բազմությունը տեսնելով սքանչելիքները, փառավորում էր Աստծուն, որ երկրի վրա մեղքերը թողնելու կարողություն ունի և նույն շնորհը տալիս է իր ծառաներին, որ կենդանության [օրոք] և մահվանից հետո բժշկեն ցավերն ու հիվանդությունները, և ովքեր հավատով խնդրում են` իր բարերարությամբ թողնում է նրանց մեղքերը: Որով և մենք հասնենք` մեր Աստված Քրիստոսի ողորմությանը, որին փառք հավիտյանս. ամեն:

Հրեա և բժիշկ Հովսեփի մասին

Այս Հովսեփը, ո՛վ եղբայրներ, հույժ հմուտ էր բժշկության արվեստում, կատարելապես փորձված էր երակների, այլև հիվանդների տեսքի որոշման մեջ, մինչև իսկ անվրեպ իմանում էր վախճանվելուց երեք կամ հինգ օր առաջ, [այնքան որ] նրան նախանձեցին մյուս բժիշկները: Իսկ մեր աստվածազգեստ հայր Բասիլիոսը, Սուրբ Հոգով նախապես իմանալով ամենն ինչ լինելու էր, շատ էր սիրում նրան, մշտապես կանչելով խոսում էր հետը, նրան` երկնային արքայության ճանապարհը ուսուցանելով, նրան [սովորեցնում էր] ճշմարտության ճանապարհով շարժվել և պիղծ աղանդից հեռու մնալ և մկրտությամբ Քրիստոսով զարդարվել: Եվ նա չէր համաձայնում, ասելով` «Ո՛ր հավատքով ծնվել եմ, այն եմ պաշտում»: Եվ սուրբն ասում էր.

– Ո՛վ Հովսեփ, հավատա ինձ, քեզ այն եմ ասում, որ ո՛չ ես, ո՛չ դու [և ոչ ոք], եթե չծնվի ջրից և Հոգուց, չի կարող մտնել երկնքի արքայություն: Հիրավի ձեր հայրերը չմկրտվեցի՞ն ամպով և ծովի մեջ և [չէ՞ին] ըմպում իրենց հետ գնացող հոգևոր վեմից, վեմից, որ ինքը Քրիստոսն էր, որ վերջին օրերին կույսից մարմին առավ, և հանուն մեր փրկության մարմնացավ և չարչարվեց մարմնով քո նախահայրերից, թաղվեց և երրորդ օրը հարություն առնելով նստեց Հոր աջ կողմը և գալու է բազում փառքերով` իր սուրբ հրեշտակների հետ` դատելու կենդանիներին և մեռածներին` յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցելով: Այժմ անհնար է ցանկացած մարդու համար տեսնել հավիտենական կյանքը` առանց ջրի և Հոգու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի անարատ մարմնին ու արյանը հաղորդվելու:

Եվ այս խոսքերը կրկնում էր Քրիստոսի անարատ մշակը, [իսկ] հրեան չէր կամենում լսել նրան, և ընդունել Սուրբ Հոգու շնորհները:

Այժմ սուրբը աշխարհից փոխադրվելու էր: Կանչեց նրան իբր բժշկության պատրվակով, որ տեսնի: Եվ ասում է նրան. «Ի՞նչպես ես տեսնում ինձ»: Եվ բժիշկը երակներից իմացավ, որ նա մահվան [դռանն] է, և ասում է սպասավորներին, որ շուրջը կային, որպեսզի պատրաստեն նրա թաղման պատանքը: Ասում է. «Նա հիմա հանկարծ կվախճանվի»: Մեծ Բասիլիոսը ասում է նրան. «Չգիտես, ինչ ես ասում»: Հրեա Հովսեփը նրան ասում է. «Հավատա, տեր, որովհետև արեգակն արևմուտքում է այսօր»: Ասում է նրան սուրբը. «Իսկ եթե այսօր չվախճանվեմ, ի՞նչ [կլինի]»: Ասում է նրան հրեան. «Հնար չկա այդպես լինելու, դժվար թե հոգիդ այսօր քեզ հետ լինի. այլ հրաման տուր եկեղեցու և քո, և այլ իրերի համար, որովհետև մինչև այս երեկո չես հասնի»: Ասում է նրան սուրբը. «Իսկ եթե ապրեմ մինչև այգաբացի վեցերորդ ժամը, ի՞նչ կանես»: Եվ նա ասում է. «Կմեռնեմ ես»: Ասում է նրան սուրբը. «Այո՛, մահանում ես մեղքերից և կենդանանում իմ Քրիստոսով»: Ասում է նրան հրեան. «Գիտեմ, ինչ ես ասում, կանեմ քո կամքը, սուրբ հայր. եթե ասածդ լինի, երդմամբ կընդունեմ սուրբ մկրտության շնորհների կնիքը, եթե Աստծու ծառադ ապրի»: Իսկ սուրբ Բասիլիոսը Աստծուց խնդրեց, որ իրեն կյանք տա, որ [հրեային] փրկի և ապրեցնի: Եվ լսեց նրան Աստված, իսկ [ինքը] մարդ ուղարկելով կանչեց հրեային: Նա առանց կասկածելու եկավ, կարծելով, թե վախճանվել է, և նրան կենդանի տեսնելով զարմացավ և նրա ոտքերն ընկնելով ասում է. «Ճշմարտությամբ եմ ասում, որ չկա մեծ Աստված ինչպես քրիստոնյաներինը, և չկա ուրիշ Աստված նրանից բացի. այժմ հրաժարվում եմ հրեաների քրիստոսատյաց աղանդից և հավատով կընթանամ ճշմարտության հետ: Հիմա հրամայիր մկրտությամբ կնքել ինձ և իմ ամբողջ ընտանիքը»: Սուրբը նրան ասում է. «Ես իմ ձեռքով կմկրտեմ քեզ և քո ընտանիքը»: Եվ բժիշկը հանկարծակի մոտեցավ, բռնեց նրա ձեռքից, որ տեսնի երակների զորությունը և ասում է. «Քո զորությունից ընկար, հայր սուրբ, և բնությունդ իսպառ նվաղել է»: Ասում է նրան սուրբը. «Բնությունս հրաշագործող ունեմ, որ կզորացնի»: Եվ ելնելով եկավ եկեղեցի և ժողովրդի առջև մկրտեց նրան իր ընտանիքով հանդերձ և անունը Հովհաննես կոչեց և տվեց նրան կենդանարար խորհուրդը, տարավ իր սենյակը և նրան կերակուր տվեց: Բացատրում էր նրան հավիտյան կյանքի մասին: Իր հավատքին միացրեց նրան` տիկնոջ և որդիների հետ: Եվ մի ուրիշ օր [Հովհաննեսը] եկավ սուրբ եկեղեցի և աղքատներին բաժանեց իր ինչքը, որ ձեռք էր բերել բժշկությամբ, և ամբողջ ստացվածքը բարեպաշտությամբ տնօրինեց:

Իսկ սուրբ Բասիլիոսը իններորդ ժամին եկեղեցում էր, պատարագի խորանում` այլ սպասավորների հետ և կատարում էր սուրբ խորհուրդը: Դարձյալ նրանց հետ ճաշակեց հացով և արձակեց ամբողջ հավատացյալ ժողովրդին` սրբության համբույրով նրանց համբուրելով` Քրիստոսի ընտիր և նոր զորականին և բոլորին հանձնելով Հայր Աստծուն և Նրա Միածին Որդուն և Սուրբ Հոգուն: Եվ հրամայեց, որ իր հետ թաղեն Տիրոջից հաղորդության համար իրեն տրված երրորդ Մասը և բազմելով իր մահիճի վրա ու ձեռքերը բարձրացնելով` օրհնեց Տեր Աստծուն` հոգին մարմնից անջատելու և բժշկի դարձի համար, և նույն ժամին հոգին ավանդեց ի փառս Աստծու: Եվ հրեան, որ հավատաց, տեսնելով, թե ինչպես այրն ասաց` այնպես և եղավ, ու նրա կրծքին ընկնելով ողբալով ասում էր. «Աստծու ճշմարիտ ծառա Բասիլիոս, եթե չլիներ քո կամքը` հիմա չէիր վախճանվի»:

Եվ այգաբացին հավաքվեց ամբողջ բազմությունը, պատվական սուրբ մարմինը` յուղով և խնկով բերում էին եկեղեցի: Լսել էր և մեծ Գրիգոր Նազիանզայի եպիսկոպոս աստվածաբանը, որ և շտապով եկավ և տեսավ նրա սուրբ մարմինը և վրան ընկնելով դառնապես լացեց: Ապա եկած այլ տասներկու եպիսկոպոսների հետ հրաման տվեց ժողովրդին, որ սաղմոսներով և օրհնությամբ` պատշաճ պատվով կատարեն փառավոր հիշատակը մեծ հայրապետի: Եվ քաղաքի բազմությունը սրբին դրեց տապանի մեջ, ուր Ղևոնդ հայրապետի սուրբ նշխարներն էին` սուրբ Սուքիանոսի վկայարանում:

Հունվար ամսվա առաջին օրը` պատկերով հինգշաբթի, Վաղեսի և Վաղենտիանոսի թագավորության ժամանակ, հանգեց երանելի սուրբ հայրապետ Բասիլիոսը, որ հրեշտկական վարքով ապրեց երկրի վրա` բարի հիշատակ թողնելով եկեղեցում, ի փառս Քրիստոսի:

Սուրբ Հոգու գործակցությամբ գրեցի սուրբ հայրապետի վարքը, ի փառս և ի պատիվ ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.

20.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․