Գրքեր

«Պատվիր Տիրոջը քո արդար վաստակից»

Հուլիսի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նիկոլյան ընտանիքին, որ բնակվում է Բագրատունյաց 28/4 հասցում: Քառանդամ ընտանիքը երեք տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է Հայաստան և այժմ սոցիալապես ծանր վիճակում է: Նիկոլյան Հասմիկը (40 տ.) միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին: Նա թարգմանչուհի է, գիդ էքսկուրսավար, տիրապետում է մի քանի լեզուների, բայց երեխաների խնամքին զուգահեռ ի վիճակի չէ մշտական աշխատանք գտնելու, միայն ժամանակ առ ժամանակ թարգմանություններ է կատարում: Ժամանակավոր աշխատանքի և ընտանեկան նպաստի գումարով փորձում է հոգալ ընտանիքի կարիքները: Հասմիկը նշեց, որ երեք տարի է, ինչ բարեկամի ընտանիքի հետ միասին նրանց տանն են ապրում, բայց այժմ պետք է դուրս գան այդ տանից, քանի որ երկու ընտանիքների համար բնակարանն այլևս փոքր է և անհարմար:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց այս անգամ մոսկվաբնակ Արսեն Գրիչկևիչի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ: Հասմիկն իր երախտագիությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ Արսենին:

Սբ. Հովհան Մանդակունին, Սողոմոնի առակներ գրքից հետևյալ համարները մեջբերելով, մեկնել է. ««Պատվիր Տիրոջը քո արդար վաստակիցդ և պտուղ հանիր Նրան քո արդարության արմատիքներից և պիտի լցվեն քո շտեմարանները ցորենով ու հնձաններիցդ գինի պիտի հորդի» (Առակներ 3:9-10), իսկ եթե դու ունեցվածք չունես, ով մարդ, դու էլ պտուղ հանիր քո մարմնիդ անդամներից, քանզի աչքերից քաղված պտուղն է, երբ կույրին առաջնորդում ես և հարթ տեղ ես հանում, ոտների պտուղն է կաղին ձեռնափայտ լինելը և նրա ոտքերի պահանջը գոհացնելը, ձեռքերի պտուղն է անդամալույծին առաջնորդելը և գոսացածին օգնելը, լեզվի պտուղն է մոլորյալին ուսուցանելը և տրտմածին սփոփելը, ականջի պտուղն է եղբոր հրամանը փութով լսելը ու խոնարհաբար նրա կամքին հնազանդվելը: Արդարև, այս բոլոր ողորմություններն էլ առանց ոսկու են, բոլորին էլ տրված է բաշխել և ավելի վարձատրվել, քան՝ ստացվածքի ողորմությունը»:

 

 

Կարինե Սուգիկյան

20.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․