1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Պատվիրանի գլխավորը սերն է

«Պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից» (Ա Տիմ. 1:5):

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Սուրբ Պողոս առաքյալն այսօր մեզ մղում է խոսելու սիրուց: Կհամաձայնեք հավանաբար, եթե ասեմ, որ սերն ամենասքանչելի, ամենաջերմ ու ամենաապրեցնող զգացմունքն է, որ տրված է մարդուն: Թվում է, թե ամեն ինչ պարզ է ու հասկանալի, մենք ամեն ինչ գիտենք սիրո մասին. չէ՞ որ շատերս, ծնված օրվանից, շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով, որոնք էլ կյանքի ընթացքում պետք է որ մեզ սովորեցնեն սիրել: Տեսեք, թե քանի՜-քանի գիրք է գրվել սիրո մասին, քանի՜ երգ երգվել: Քանի՜ նկարիչ է ջանացել սերը պատկերել իր կտավներին, քանի՜ ֆիլմ է նկարահանվել՝ փորձելով պատմել մարդուն պարգևված ամենագեղեցիկ ու բաղձալի զգացմունքի մասին: Ասում են, որ անգամ օդում է զգացվում սերը, երբ շրջակայքում սիրող սրտեր կան: Այո, սերն Աստծու պարգևած գեղեցկագույն հրաշքն է, որ բոլոր մարդիկ են ուզում վերապրել, բայց իրականությունը, ցավոք, բոլորովին այլ պատկեր ունի:

Սեր ծնողի հանդեպ, կողակցի, զավակի, ընկերոջ, հայրենիքի… Իդեալական տարբերակում, իհարկե, առաջին տեղում սերն առ Արարիչ Աստված է, բայց դա սովորաբար հետո է գալիս, ավելի ուշ, գիտակցաբար… Եվ հաճախ մեզ միայն թվում է, թե սիրում ենք, գիտենք սիրել, իսկ իրականում՝ սխալվում ենք: Եթե այն իսկական է ու անկեղծ, ապա մարդու սրտում մնում է հավետ, եթե ոչ, ապա ծաղկի անուշաբույրի պես թռչում-անհետանում է օդում՝ հենց որ սկսում են կյանքի տարատեսակ քամիները փչել: Մեր կյանքում այն ավելի շուտ նմանվում է ավազե ժամացույցի ավազահատիկներին, որ ժամանակի հետ հոսում-վերջանում են, և մենք հեշտությամբ ու թեթևամտորեն կորցնում ենք այն, ինչն իրական լինելու դեպքում մեզ անպայմանորեն պիտի միավորեր անսկիզբ ու անվախճան Աստծու հետ: Հապա ի՞նչ անել, ինչպե՞ս գտնել ու պահպանել այն, ինչին ամենաշատն ենք ձգտում, սիրելի՛ հավատացյալներ: Սուրբ Պողոս առաքյալը ճշմարիտ սիրո հայտնի բանաձևը մեզ տվել է կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում (տե՛ս Ա Կորնթ. 13:4-8): Այսօր նա ևս մեկ չափազանց կարևոր հուշում է տալիս մեզ, ըստ որի՝ սերը պետք է բխի սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից: Եկեք խոստովանենք, սիրելինե՛ր, որ այստեղ մտածելու շատ լուրջ առիթ ունենք:

Որպես քարոզիս բնաբան վերցված այս խոսքերը սուրբ առաքյալը գրում է իր աշակերտ ու գործակից Տիմոթեոսին՝ պատվիրելով նրան մնալ Եփեսոսում ու տեղի քրիստոնյաներին ուսուցանել, որպեսզի Ավետարանի խոսքը տարածելիս հիմնվեն հենց այդպիսի սիրո վրա: Քանի որ ըստ առաքյալի խոսքի՝ միայն այդպիսի սիրուց ծնված վարդապետությունն է, որ ծառայում է Աստծու ծրագրերին, իսկ դրանից խոտորվելով՝ մարդիկ կապվում են առասպելներին, տրվում օտար ուսմունքների, ընկնում խոսքերի ունայնության մեջ՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են խոսում (հմմտ. Ա Տիմ. 1:1-7): Սա շատ կարևոր ցուցիչ է քրիստոնյաների համար, սիրելինե՛ր, թե՛ խոսքը կառուցելու հարցում, հատկապես, երբ Աստծու մասին ենք խոսում և թե՛ սիրո դրսևորումների հարցում ընդհանրապես, որովհետև մեզնից յուրաքանչյուրն Ամենակալի առջև պատասխանատու է և՛ իր խոսքերի, և՛ արարքների համար:

Այսօր մարդիկ շատ են խոսում, առավել, քան երբևէ, որովհետև տարվում են կարծիքի ազատ արտահայտման գայթակղությամբ ու սկսում ամեն անկյունում փողահարել այն, իսկ տեխնոլոգիական միջոցներն էլ հենց դրան են սպասում ու բազում հարթակներ առաջարկում դրա համար: Եվ այսօր, առավել քան երբևէ, արժեզրկվել է այդ խոսքը, որովհետև խոսում են բոլորը և հաճախ՝ առանց կշռադատելու, առանց գիտակցելու խոսքի արժեքը, դերն ու պատեհությունը: Իսկ խոսքը, սիրելինե՛ր, հենց այն է, ինչ մեզ՝ ասուններիս տարբերակում է դրանից զուրկ կենդանիներից՝ անասուններից: Այն աստվածային հատկանիշ է և ինչպես հիշում եք Հովհաննեսի ավետարանից՝ խոսքը հենց Բանն է և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր (1:1): Ուստի շա՜տ ու շատ կարևոր է, որպեսզի խոսքը գիտակցաբար ասվի և ծնվի սիրուց, որն էլ իր հերթին ծնունդն է սուրբ սրտի, բարի խղճմտանքի ու անկեղծ հավատքի, քանի որ սիրո այս բոլոր նախապայմաններն անքակտելիորեն փոխկապակցված են, լրացնում են միմյանց և բխում իրարից: Հայրերը սերը հաճախ նմանեցնում են դրախտային պտղատու ծառի, իսկ սրտի մաքրությունը, խղճի հանգստությունն ու հավատի անկեղծությունը հողին, մթնոլորտին, ջերմությանը, լույսին ու խոնավությանը, որ անհրաժեշտ են ծառը սնուցելու և աճեցնելու համար:

Իսկ ինչո՞ւ է Աստծու խոսքում այսքան կարևորվում սերը, սիրելի՛ հավատացյալներ, ինչո՞ւ է այդպես ընդգծվում դրա նշանակությունը: Որովհետև առաջին հերթին Աստված Ինքն է Սեր, Նրա ողջ արարչագործությունը՝ այդ սիրո պտուղը: Սիրո միջոցով է, որ մոտենում ու նմանվում ենք Աստծուն և այն այդքան կարևոր է մեզ համար նաև այն պատճառով, որ ինչպես սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում. «Երբ սեր կա, այլևս բազում պատվիրանների կարիք չկա»: Ի՜նչ հրաշալի է ասված, այնպես չէ՞: Սակայն ի՞նչ է դա նշանակում, Արդյո՞ք կարող եմ ասել՝ ես սիրում եմ Աստծուն, հետևաբար Նրա պատվիրանները պահելու կարիք չունեմ: Տրամագծորեն հակառակը, սիրելի՛ հավատացյալներ. ես սիրում եմ Աստծուն, ուստի և ինքնաբերաբար, հոժարակամորեն հնազանդվում եմ Նրա սուրբ կամքին: Որովհետև Աստծուն սիրել, նշանակում է՝ նախանձախնդիր լինել Նրա փառքին, Նրա կամքի կատարմանը: Նշանակում է՝ հետևել, որպեսզի Նրա Ավետարանի ճշմարտությունը չխեղաթյուրվի, այլ պահպանվի ու տարածվի, ինչպես որ սուրբ առաքյալներն էին անում և անում է առաքելահաստատ մեր սուրբ եկեղեցին: Իսկ Աստծու ճշմարտությունը, փրկության ավետիսը մարդկանց հասցնելով՝ նաև դրսևորվում է մեր սերը մերձավորի հանդեպ, քանի որ նրանց կերակրելու, հագցնելու, խնամելու հետ մեկտեղ հոգ ենք տանում նաև հոգու փրկությանը, հավիտենական կյանքը ժառանգելուն, որն ամենակարևորն է մեզ սիրող Երկնավոր Հոր համար: «Եվ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը: Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, այս խոսքի մեջ է բովանդակվում, թե՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպես քո անձը. սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի լրումը»,- գրում է Պողոս առաքյալը (Հռոմ. 13:8-10):

Նախանձից, եսասիրությունից, չարությունից, բղջախոհությունից զերծ, անկեղծ ու մաքուր սիրտդ ողջ էությունդ ուղղում է դեպի սրբության Աղբյուրը: Արթուն, հանգիստ ու մաքուր խիղճդ մեղքերի համար ապաշխարած հոգիդ պաշտպանում է վահանի պես և ուղղորդում դեպի Աստծու փրկչական սուրբ կամքը: Անկեղծ հավատքդ ճանաչում է Ճշմարիտ Վարդապետին, հետևում Նրա ձայնին (հմմտ. Հովհ. 10:4), ապրում Նրա զոհաբերության գիտակցումով ու քայլերդ ուղղում դեպի Երկնային Արքայություն: Այս երեք ճշմարիտ հիմքերի վրա հաստատված սերն է, ահա, որ առաքյալը կոչում է «պատվիրանի գլխավորը», որով և պիտի սիրենք մեր Տեր Աստծուն ու աստվածապատկեր մեր մերձավորին: Պիտի սիրենք, որպեսզի գոնե մեր սրտերում այն չցամաքի (տե՛ս 24:12) և դրանով բոլորն իմանան, որ Քրիստոսինն ենք (հմմտ. Հովհ. 13:35): Պիտի սիրենք, որպեսզի կարողանանք մերժել անօրենություններն ու հեռանալ չարից: Պիտի սիրենք, որպեսզի մոտենանք Արարչին ու նմանվենք Նրան: Պատմում են, որ «Սուրբ Հովհաննես առաքյալն ու Եփեսոսի ավետարանիչն ապրեց մինչև խոր ծերություն՝ այնքան, որ աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին նրան եկեղեցի տանում: Եվ քանիցս, ժողովարանում նրանց քարոզելիս, ուրիշ ոչինչ չէր ասում, միայն հիշեցնում էր. «Որդյակներ՛, սիրեցեք՛ միմյանց»: Իսկ եղբայրները, որ իր հետ էին, զարմանալով, որ նույն բանն է կրկնում, ասում են նրան. «Վարդապետ՛, ինչո՞ւ ես մշտապես նույն բանը կրկնում»: Պատասխանում է. «Այն պատճառով, որ սա Տիրոջ պատվիրանն է, և եթե միայն սա կատարեցիր, բավական է»: Արդ, ամեն օր խնդրենք սուրբ Աստվածամոր, սուրբ Հովհաննես առաքյալի և բոլոր սրբերի բարեխոսությունն առ Արարիչ Աստված, որպեսզի Տերն ավելացնի սերը մեր սրտերում, որպեսզի Իր առջև ներկայանանք որպես գլխավոր պատվիրանը կատարածներ՝ համարձակություն ունենալով Նրա ողորմությունը հայցելու մեր մեղավոր հոգու փրկության համար. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

17.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․