19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Պայծառակերպություն

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Առաքելահաստատ Հայ Եկեղեցին, իր հավատավոր զավակների հետ միասին, այսօր նշում է Եկեղեցու տաղավար տոներից Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Տիրոջ երկրային ճանապարհի այս վսեմաշուք դրվագը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա՝ զարմացնելով, հիացնելով ու երկնային անանց ուրախությամբ լցնելով այնտեղ ներկա գտնվող առաքյալների սրտերը: Ավետարանիչները պատմում են, որ խաչելության չարչարանքներից կարճ ժամանակ առաջ Քրիստոս Իր առաքյալներից երեքի հետ բարձրացավ Թաբոր լեռան բարձունքը՝ աղոթելու, և մինչ նրանք աղոթում էին, Քրիստոս սկսեց այլակերպվել: Նրա դեմքն արեգակի պես փայլում էր, իսկ հագուստները շողում էին ճերմակաթույր լույսով: Նրա կողքին էին Հին Կտակարանի կարկառուն դեմքերից և մեծագույն մարգարեներից երկուսը՝ Մովսեսն ու Եղիան, որոնց հետ Տերը զրուցում էր գալիք բաների մասին: Աստվածային այս տեսիլքն այնքան զարմանահրաշ ու ապշեցուցիչ էր, որ տաքարյուն Պետրոս առաքյալը, չիմանալով ինչպես արտահայտել իրեն համակած զարմանքի ու աննկարագրելի ուրախության զգացումը, առաջարկեց ուղղակի տաղավարներ պատրաստել նրանց համար ու մնալ այնտեղ, որպեսզի իրեն պարուրած երանության զգացումը երբեք չանցնի: Սակայն սա էլ դեռ ամենը չէր: Մինչ դեռ նա խոսում էր, մի լուսավոր ամպ կախվեց նրանց վրա ու լսվեց Աստծո ձայնը, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք» (Մտթ. 17:1-8, Մրկ. 9:2-12, Ղուկ. 9:28-36): Եվ եթե հիշում եք, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այս նույն խոսքերով էր, որ Աստված հայտնեց Քրիստոսի ով լինելը Նրա երկրային գործունեության սկզբում՝ Հորդանանի ջրերում մկրտության ժամանակ և նույն խոսքերը հնչեցին նաև, երբ Նրա առաքելությունն ավարտին էր մոտենում՝ Թաբորի գագաթին պայծառակերպության ժամանակ՝ հաստատելով Նրա Աստծո Որդի լինելը:

Իմաստությունների Տերը երբեք ոչինչ անտեղի ու անժամանակ չի անում, սա հաստատուն և անկասկած ճշմարտություն է, ուստի, եթե Երկնակալը հարկ համարեց կրկին անգամ հայտնել Քրիստոսի ով լինելը, ապա, վստահաբար, դրա համար ծանրակշիռ պատճառ պիտի լիներ: Եվ իսկապես, դա պարզ է դառնում այն մտերմիկ զրույցից, որ պայծառակերպությունից վեց օր առաջ տեղի ունեցավ Վարդապետի և Իր աշակերտների միջև. «Եվ Հիսուս Փիլիպպյան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: Եվ նրանք ասացին. «Մեկը, թե՝ Հովհաննես Մկրտիչը, և ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թե՝ Երեմիան, կամ մարգարեներից մէկը»: Հիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»: Հիսուս պատասխանեց և նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է» (Մտթ. 16:13-17):

Տեր Հիսուս անշուշտ գիտեր, թե Իր մասին ինչ են ասում մարդիկ: Գիտեր, օրինակ, որ Իրեն չեն ընդունում Իր հարազատ քաղաքում՝ Նազարեթում, քանի որ ճանաչում էին որպես պարզ հյուսնի որդի և չէին ցանկանում իրենց իմացած պատկերից այն կողմ տեսնել: Գիտեր, որ փարիսեցիներն ու օրենսգետները նախընտրում են մտածել, որ Ինքը չարի զորությամբ է գործում կամ էլ անօրենի մեկն է, որ չի հարգում շաբաթը օրը պահելու իրենց սովորությունը: Նա ամեն բան գիտեր, սակայն Իր համար կարևոր էր, որպեսզի Իր աշակերտները, Իր հետևորդները իմանային ճշմարտությունը, որպեսզի հաստատվեր այն, ինչ հասկացել էին սրտով, ինչ տեսել էին ոչ միայն մարմնի, այլև հոգու աչքերով, որպեսզի բացարձակ վստահություն ունենային առ իրենց Վարդապետը, քանի որ այն, ինչ տեղի էր ունենալու մի քանի օր անց՝ Գողգոթայի բարձունքին, կարող էր խարխլել անհաստատ հավատի հիմքերը:

Երբ բանական էակը հասնում է գիտակցության որոշակի աստիճանի, մի օր անպայման հարց է ծագում նրա մտքում, թե ով է ինքը և ուր է գնում: Մեկի մոտ՝ շուտ, մյուսի մոտ՝ ուշ, բայց անպայման առաջանում են այս հարցերը: Աթեիստին, ըստ իս, շատ տխուր մտքեր են այցելում, քանի որ կարծում է, որ ինքը սահմանափակ ժամանակ ունեցող մարմին է միայն, աշխարհ է եկել, որպեսզի իր կարճ կյանքը լավ, թե վատ ապրի ու մահվամբ ավարտ գտնի, քանի որ մահվանից հետո ոչինչ չկա: Բուդդայականության, հինդուիզմի և հնդկական մի շարք այլ կրոնների ու փիլիսոփայությունների հետևորդները կարծում են, որ իրենք վերամարմնավորման երկար ու տառապալից մի շղթայով պիտի անցնեն՝ նույնիսկ սողունների, միջատների ու կենդանիների մեջ վերաբնակվելով, մինչև որ մի անգամ այնքան արդար կյանք ապրեն, որ վերջապես միավորվեն «համընդհանուր ոգու» հետ կամ բացարձակ անդորրի հասնեն: Եվ այլն, և այլն… Ուստի, շատ կարևոր է, թե ի՞նչ ենք մենք՝ քրիստոնյաներս մտածում մեր մասին և ինչի՞ հույսով ենք ապրում, սիրելի՛ հավատացյալներ: Ահա այստեղ է, որ Քրիստոսի պայծառակերպությունը գալիս է ակնառու կերպով պատասխանելու կարևորագույն այս հարցերին:

Աստված մարդուն ստեղծեց կատարյալ՝ Իր պատկերով և նմանությամբ, այսինք՝ Տեր Աստված Իր աստվածության մասնիկը դրեց մարդու մեջ, որը հետագայում պիտի ավելի աճեր ու զարգանար: Սակայն, մեղսագործումով մարդը զրկվեց այդ անգին պարգևից, քանի որ կտրվեց այն անմիջական կապը, որ կար Արարչի ու արարածի միջև: Եվ մարդը, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հեռանալով Իրեն կյանք պարգևող Ակունքից, մոռացավ իր իրական ինքնությունն ու նշանակությունը: Եվ Աստված մարդեղացավ, որպեսզի մարդուն դուրս բերի այդ մոռացումից, Իր կենդանի օրինակով ցույց տա, թե ով էր մարդն ի սկզբանե, և ինչ պետք է անի, որպեսզի կրկին դառնա այն, ինչ էր և ինչ պիտի լինի:

Աստվածորդին ծնվեց կենդանիների փարախում, մեծացավ հասարակ հյուսնի տանը, նյութական ոչ մի արժեք չկուտակեց և մահացավ անասելի չարչարանքներով ուղեկցվող անարգ մահով: Բայց Նրա առաքյալները, աշակերտներն ու հետևորդները չհիասթափվեցին այս ամենից, չկորցրեցին իրենց հավատն ու մինչ օրս շարունակում են քրիստոսավանդ իրենց առաքելությունը, քանի որ, բացի այն, որ այդ ամենի մասին իրենց նախապես զգուշացրել էր Քրիստոս, այլև նրանք ականատեսն էին եղել Նրա աստվածային փառքին՝ նախ՝ պայծառակերպության, այնուհետև՝ հարության ու համբարձման միջոցով:

Աստծո Միածին Որդին երկրային Իր առաքելությունը սկսեց մկրտությամբ, երբ աղավնակերպ Սուրբ Հոգին իջավ Նրա վրա և Հայր Աստված էլ հայտնեց, որ Նա է Իր սիրելի Որդին: Ուստի, Քրիստոսի օրինակով և պատվիրանով մկրտվում ենք նաև մենք, քանի որ միայն Սուրբ Մկրտությամբ ենք հոգևոր ծնունդ առնում՝ ազատվելով ադամական մեղքից, ընդունում Սուրբ Հոգու շնորհներն ու կանգնում փրկչական ուղու վրա: Մկրտությունից հետո Քրիստոս սկսեց քարոզչության Իր ուղին և հավիտենական կյանքի ավետիսը տվեց մարդկանց: Այսօր մենք էլ, որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ, այդ առաքելությունն ենք իրականացնում այս աշխարհում: Այնուհետև Տեր Հիսուս Քրիստոս ատելության, ծաղրի, անարգանքի ու ցավի միջով քայլեց խաչի ճանապարհով մինչև վերջ, որպեսզի Իր մահով կյանք պարգևի մեզ: Եվ մենք էլ վերցնում ենք մեր խաչերն ու Փրկչի ետևից գնում, քանի որ դա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի երկնային այն անանց երանությունը, որ Պետրոս առաքյալը զգաց Թաբորի վրա: Իսկ պայծառակերպության միջոցով Հիսուս Քրիստոս ոչ միայն Իր աստվածությունը հայտնեց, որպեսզի վայրկյան անգամ չկասկածենք, որ խաչի վրա Աստված ինքնակամորեն զոհեց Իր կյանքը հանուն մեզ, այլև ցույց տվեց, թե ինչին պիտի ձգտենք մենք:

Պայծառակերպություն: Ահա՛ մեր նպատակը, մեր ամենօրյա աշխատանքը, սիրելինե՛ր, փոփոխություն դեպի աստվածնմանություն, որ պիտի տեղի ունենա մեր հոգիներում և արտացոլվի աչքերում: Եվ ամենևին կարևոր չէ, թե քանի տարի ենք Եկեղեցում, բառիս բոլոր իմաստներով. եթե մեր հոգիներում չի սկսվել պայծառակերպության գործընթացը, ուրեմն դեռ ոչինչ չենք արել: Պիտի պայծառակերպվեն մեր մտքերը, խոսքերը, գործերը, իսկ դրա համար կրկին ու կրկին մաքուր սիրտ է պետք, աստվածային սիրով լցված սիրտ: Դրա համար անկեղծ ցանկություն ու անձանձիր աղոթք է պետք: Իսկ այդ ամենի համար բավարար է միայն սիրել Աստծուն, սիրել բոլորից ու ամեն ինչից առավել: Այդ սերը և՛ ուժ կտա մեզ, և՛ կամք, և՛ վճռականություն: Արդ, աղոթքս է առ մեր սիրելի Երկնային Ծնողը, որպեսզի բոցավառի Իր սերը մեր սրտերում, որպեսզի դրա հուրն այրի մեր հոգիներում եղող աղտի նստվածքներն ու միայն մաքուր ոսկին թողնի այնտեղ: Թող պայծառակերպյալ Տիրոջ անապական լույսն այսօր Սուրբ Հոգու թևերով իջնի յուրաքանչյուրիդ վրա և պատրաստ գտնի այն ճրագը, որը կվառվի աստվածային լույսով՝ մաքրելով և պայծառակերպելով աստվածապատկեր ձեր հոգիները: Եվ սուրբ Ներսես Շնորհալու սրտից ծնված աղոթքը թող այսօր վերածնվի մեր հոգիներում և արձագանքվի այս սուրբ տաճարի կամարների ներքո. «Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգուն կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով բնակվել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը, և ողորմիր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

08.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․