Գրքեր

Փորձություն

Ոմն եղբայր հայրերից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս է բանսարկուն  փորձություններ բերում սրբերի վրա: Եվ ծերը նրան ասաց. «Լսեցի Նիկոն անունով սրբի մասին, որը բնակվում էր Սինա լեռանը: Մի մարդ գնաց փարանացու վրանը և այնտեղ միայնակ գտնելով նրա դստերը՝ խառնակվեց նրա հետ և ասաց. «Եթե մեկը քեզ հարցնի, թե ո՞վ էր, ասա՛, թե անապատական հայր Նիկոնն արեց»: Եվ երբ եկավ աղջկա հայրը և իմացավ կատարվածի մասին, դստերը վերցնելով՝ գնաց ծերի մոտ, բախեց դուռը, և երբ ծերը դուրս եկավ, քաշեց սուրը, որ հարվածի նրան, սակայն այդ պահին նրա ձեռքը չորացավ: Չկարողանալով սպանել` փարանացին գնաց եկեղեցի և պատմեց երեցներին, իսկ երեցները մարդ ուղարկեցին՝ ծերին կանչելու: Եկավ ծերը, և նրան սաստիկ գանահարեցին և կամենում էին հալածել: Իսկ նա աղաչում էր, թե. «Թողությո՛ւն տվեք ինձ, հանուն Աստծո, որպեսզի այստեղ ապաշխարեմ»: Եվ նրան երեք տարվա ապաշխարություն սահմանեցին և պատվիրեցին, որ ոչ ոք չգնա նրա մոտ: Եվ այդ երեք տարին կիրակիից կիրակի գալիս էր եկեղեցի, ապաշխարում էր և աղաչելով ասում. «Աղո՛թք արեք ինձ համար»: Եվ դրանից հետո դիվահարվեց այն փարանացին, որ մեղքը գործեց և փորձությունը գցեց անապատականի վրա, և խոստովանեց եկեղեցում և ասաց. «Ե՛ս գործեցի այդ մեղքը և Աստծո ծառային զրպարտեցի»: Եվ ողջ ժողովուրդը ողբալով գնաց ընկավ ծերի ոտքերն ու ասաց. «Թողությո՛ւն տուր մեզ, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Ինչ մնում է թողությանը` թողնված  է ձեզ, ինչ վերաբերում է իմ` այստեղ մնալուն, ապա այլևս չեմ բնակվի ձեզ հետ, որովհետև ոչ մեկը չգտնվեց ձեր մեջ, որ ինձ վշտակցելու քաջությունն  ունենար»: Եվ այդպես  գնաց այնտեղից»:  Եվ ծերն ասաց. «Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է բանսարկուն փորձություն բերում սրբերի վրա»:

 

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․