Գրքեր

Փորձությունից չգայթակղվելու մասին

Ոմն եղբայր հարցրեց մի ծերի և ասաց. «Եթե մարդը, Աստծո թույլտվությամբ,­ փորձության մեջ ընկնի՝ հոգու օգտի համար, ի՞նչ պետք է անի իր` փորձությունից գայթակղվելու համար»: Ծերը նրան ասաց. «Եթե ապաշխարի և ապաշխարության մեջ գոհացնի Աստծուն և ասի, թե` ճշմարտապես խոնարհվեցի, Աստված կարող է գայթակղվածին վերստին հաստատել»: Եվ ծերը հետևյալը պատմեց. «Եգիպտոսում՝ միաբանության մեջ, մի անվանի սարկավագ կար: Մի քաղաքապետ, իշխանից հալածվելով, իր ընտանիքով ապաստանեց միաբանությունում, և այն սարկավագը շնացավ նրա կնոջ հետ, որը մեծ խայտառակություն և ամոթ եղավ ողջ միաբանությանը: Գիտակցելով իր արարքի ողջ անօրենությունը՝ սարկավագը գնաց իր մի մտերիմի մոտ, պատմեց նրան եղելությունը և աղաչեց՝ թաքցնել իրեն, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ինքն ուր է: Այդ մտերիմի տանը թաքստոցներ կային, և նա նրան ասաց. «Կենդանի թաղի՛ր ինձ այստեղ»: Եվ իջնելով այդ խավար գբի մեջ՝ Աստծո առաջ ապաշխարեց ողջ սրտով ու ճշմարտությամբ: Բավական ժամանակ անցավ, բայց Նեղոս գետը չվարարեց: Բոլորն ուխտի և աղոթքների մեջ էին դրա համար, իսկ այդ ընթացքում մի սրբի հայտնություն եկավ Տիրոջից և ասաց. «Եթե չգա այն սարկավագը, որ թաքնված է այսինչ տանը, ջուրը չի վարարի»: Եվ մարդիկ, այս լսելով, ապշեցին, եկան հանեցին սարկավագին իր թաքստոցից, նա աղոթք արեց, և գետի ջուրը վարարեց: Եվ նրանք, ովքեր երբևէ պարսավել էին նրան, այժմ առավել ևս օգուտ քաղեցին փառավորեցին Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․