Գրքեր

Փորձություններն ու մեր սովորական առօրյան

«Փորձություն չէ՞ միթե երկրի վրա կյանքը մարդու» (Հոբ 7:1)

Ամեն օր մենք բախվում ենք ինչ-որ նոր բան փորձելու, դրանում փորձվելու, հաջողելու կամ ձախողելու, ձեռք բերելու կամ կորցնելու բազում իրավիճակների:   

Ամեն մեկիս համար նախատեսված որևէ փորձություն կա, որից մեզնից և ոչ ոք ձերբազատված չէ և իրավունք չունի դրանից ընկճվելու, հուսահատվելու, առավել ևս ուրիշներին մեղադրելու՝ անկախ այն փաստից, թե նրանք մեղավոր են մեզ հասցված վնասի համար, թե ոչ: Սբ. Հովհան Ոսկեբերանն ահա այսպիսի մի խոսք ունի. «Եթե ճանապարհին հանդիպում ես մեկին, ով քեզ վնասում է, ինքդ քեզ մեղադրի՛ր ասելով՝ եթե այդ ճանապարհով չգնայի, նրան չէի հանդիպի, նա էլ ինձ չէր վնասի»:Ժողովրդական ասացվածքն ասում է.  «Ամեն  փորձանք մի խրատ է. ո՛չ փորձանքը կվերջանա, ո՛չ խրատը»: Ամեն մի դիպված մեր կյանքում մեզ ինչ-որ բան է սովորեցնում, և բոլորովին այլ հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք սովորել, թե ոչ:  

Ըստ Օգոստինոս Երանելու՝ աշխարհը հնոց է, իսկ տառապանքը նրա կրակը: Բարիներն այդ հնոցում ոսկու պես են, ու կրակը միայն մաքրում է նրանց: Իսկ չարերը հարդի պես են, որոնք վառվում են ու կրակից ոչնչանում: 

Սուրբ Գրիգոր Տաթևացին էլ իր «Փորձությունների մասին» քարոզում փորձությունն այսպես է մեկնում. «Իմաստունն ասում է՝ ոսկին փորձվում է բովի մեջ, իսկ մարդը` տառապանքի բովում: Ոսկին ու արծաթը բովի մեջ փորձվում են այսպես, եթե պղինձ կա խառնված, այն փոխում է իր գույնը, այլափոխվում և սևանում է, իսկ եթե մաքուր է, նրա գույնը պայծառանում է և փայլուն լույսից, այդպես էլ նեղություններն են, եթե մարդը թերի է հավատի մեջ և կեղծավոր գործերում, փորձվելիս նա թուլանում է և տկարանում, սակայն եթե հավատարիմ և հաստատուն է փորձությունների մեջ, ավելի է ուղղվում դեպի բարին»: Եռամեծ վարդապետը նաև առանձնացնում է հետևյալը՝ մարդուն փորձողները երեքն են՝ Աստված, սատանան, մարդը, ուշադրություն դարձնենք, ըստ Տաթևացու՝ Աստծու և սատանայի՝ մարդուն փորձելու տարբերություններին. «Աստված մարդուն փորձում է, որպեսզի հայտնի դառնա բարին, ինչպես երբ Հոբին և Աբրահամին փորձեց, իսկ սատանան փորձում է և բարին հանում մարդու միջից, ինչպես օրինակ՝ երեխան  պատի մեջ ցից է տեսնում, մոտիկ է գնում, եթե ամուր է, թողնում է, քանի որ չի կարողանում հանել, իսկ եթե շարժվում է, այնքան է մնում, մինչև որ հանում է այն, այդպես էլ սատանան է աներևույթ մոտենում մարդուն, եթե ամուր են մարդու հավատն ու կամքը, չի մնում այնտեղ, այլ հուսահատված թողնում է նրան, սակայն եթե կամքը թուլանում է, նա զորանում և մնում է նրա մոտ` մինչև մեղք է գործել տալիս և հեռացնում բարուց: Աստված մարդուն փորձում է և տալիս համբերություն, իսկ սատանան փորձության հետ ձանձրույթ է տալիս  և կորստյան մատնում մարդուն: Աստված փորձում է մարդուն և  ելք է ցույց տալիս, որպեսզի նա չհուսահատվի, իսկ սատանան փորձում է, ձանձրացնում, որպեսզի մարդիկ ընկղմվեն: Փորձություններից հետո Աստված պսակներ է պարգևում, ինչպես ընտրյալ սուրբերին տվեց, իսկ սատանան փորձություններից հետո իր հետ միասին հավիտենական կորստյան է տանում, ինչպես օրինակ՝ չհամբերողներին, ովքեր ուրանում են Քրիստոսին, եկեղեցին  և սուրբ հավատը»: Իր քարոզում Սբ. Գրիգոր Տաթևացին մարդը մարդուն փորձելու երեք կերպ է առանձնացնում. «Մարդը մարդուն փորձում է, որպեսզի իմանա՝ նա տկար է, թե զորեղ, իմաստուն է, թե տգետ, բարի է, թե չար,  համբերող է, թե անհամբեր, փորձում է, որպեսզի մոլորեցնի նրան և գցի հավատից և գործից և այլնից, փորձում է մարդուն, որպեսզի հաղթի, նախատի  ու արհամարհի նրան»:

Հետամուտ լինելով Եռամեծ վարդապետի փորձությունների մասին քարոզին՝ առանձնացնենք նաև այն, որ մեզ համար անիմանալի է երեք բան` փորձությունների գալու ժամանակը, վայրը և կերպը: Նախ` չգիտենք ժամանակը, թե սատանան մեզ հետ մարտնչելու ինչ ժամանակ է փնտրում` մանկությունը, երիտասարդությունը, թե ծերությունը, գիշերը, թե ցերեկը, առավոտյան, թե երեկոյան և այլն: Չգիտենք տեղը, թե որտեղ կփորձի մեզ սատանան` տանը, դրսում, եկեղեցում, թե եկեղեցուց դուրս, քաղաքում, թե անապատում և այլն: Չգիտենք կերպը, թե ինչպես կփորձի մեզ՝ բարի, թե չար գործերով, հարստությամբ, թե աղքատությամբ, փառքով, թե անարգությամբ, առողջությամբ, թե հիվանդությամբ` ինչպես Հոբին: Եվ քանի որ հաղթողներին վարձատրողը Քրիստոսն է, որ մեզ հրավիրում է փորձությունների դեմ մարտի, իսկ ախոյանը սատանան է, որ մեզ հետ մարտնչել է փնտրում, իսկ մենք, որ չգիտենք ժամանակը, վայրն ու կերպը, պետք է միշտ պատրաստ լինենք ամեն տեղ և մեր բոլոր գործերում փորձության պատրաստելու մեզ: Հայր Եվագրոսն ասում է. «Որդյա՛կ, երբ մերձենում ես Տիրոջը` ծառայելու Նրան, պատրաստի՛ր քո անձը բոլոր փորձությունների համար»: Իսկ Դավիթ մարգարեն ասում է. «Պատրաստվեցի և չխռովվեցի»: Մենք մշտապես պետք է պատրաստվենք երկու բանի` փորձությունների և մահվան, որովհետև ինչպես չգիտենք, թե երբ կգա փորձությունը, այնպես էլ չգիտենք` որտե՞ղ, ինչպե՞ս և ե՞րբ կգա մահը՝ մանկության, թե ծերության ժամանակ: Չգիտենք, թե որտեղ ենք մեռնելու` տանը,  դրսում,  ճանապարհին: Չգիտենք նաև, թե ինչպես ենք մեռնելու` հիվանդությունից, թե հանկարծակի, բնական մահով, թե աղետից: Ահա, քանի որ այս երկուսը` մահն ու փորձությունը անիմանալի են մեզ համար, մենք մշտապես պետք է պատրաստվենք, որպեսզի սատանայի փորձության ժամանակ  անպատրաստ չլինենք, և նա մեզ չհաղթի կամ էլ մահը, հանկարծակի գալով, մեզ անպատրաստ չգտնի: Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ մարդը փորձվում է նաև յոթ եղանակով՝ հարստությամբ և աղքատությամբ, առողջությամբ և հիվանդությամբ, բարով և չարով, նեղություններով ու հեշտություններով, խաղաղությամբ և խռովքով, գովասանքով և պարսավանքով,  և ի վերջո  մարդու համար փորձություն են Աստծուց տրված հոգևոր և մարմնավոր շնորհները:

Մենք՝ բոլորս, փորձությունների հանդիպելիս, սկսում ենք սրտնեղել, տրտնջալ, բողոքել, սակայն համբերությամբ դրանք տանելով՝ Աստված Իր ողորմության դուռն է բացում մեր առջև: Մարկոս Ճգնավորն էլ նույնն է հորդորում. «Փորձությունից փախի՛ր համբերությամբ և աղոթքով։ Եթե փորձությանը դիմադրես առանց սրանց, այն միայն է՛լ ավելի ուժգնորեն կհարձակվի վրադ»։ Աստվածաշունչն էլ է մեզ պատգամում. «Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26:41): Տերունական սուրբ աղոթքի մեջ էլ մենք խնդրում ենք, որ Տերը մեզ չտանի փորձության, այլ փրկի չարից:

Չնայած մեր բոլոր ջանքերին, որպեսզի զերծ մնանք ամեն տեսակ փորձություններից՝ հաճախ դրանք մեծ օգուտ են բերում մարդկային հոգուն, ինչպես Հակոբոս առաքյալն է իր Ընդհանրական թղթում գրում. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակ. 1:12):

«Եթե դյուրին չէ գտնել Աստծո կամքի համաձայն ապրող մարդու, ով փորձության չի ենթարկվել, ապա մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն մեզ պատահող ամեն ինչի համար» (Մարկոս Ճգնավոր), քավ լիցի, Աստված ավելի մեծ փորձություն չի տա մեզ, քան կարող ենք տանել:

 

Նարինե Նահապետյան

 

19.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․