31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր

Փրկության ճանապարհը

Երբ նպատակը ճանապարհ է ընկնում  այն հասնում է իր հանգրվանին, քանզի նպատակն  ուղղորդողը`  իրագործման այն մեծ ուժն ու  հավատն է, որն անգամ մեծ դեգերումներից,  միևնույն է ափ է հասցնում:  Աստծո հանդեպ  հավատարմության և ինքնանվիրաբերման  ապացույցը նաև ուխտավոր լինելու առաքելությունն է, որը ճանապարհ գնալու իրավունքը  ստանում է հենց Բարձրյալից:                                                                       

  Յուրաքանչյուր  քրիստոնյա ուխտավորի համար փրկությունը կամ Աստծո ճանապարհը սկսում է Սուրբ քաղաքից`Երուսաղեմից, երանելի մի սրբավայր, որտեղ` անգամ օդի մեջ, անբացատրելի խաղաղություն կա, անասելի զորություն և օրհնություն, ինչն էլ խոնարհեցնում է հոգիդ լռությամբ: Այստեղ ամեն ինչ հոգեբավ ու հոգեհարազատ է այնքան, որ թվում է, թե հենց սա է քոնը, քո որոնածը. և այդժամ է, որ գիտակցում ես.            – Պատվելի Խաչի ծանրությունը սրբորեն կրելու թանկ իրավունքը ընծայվեց նաև քեզ:  

 Աչքերս երանության բերկրանքն ապրեցին քեզ տեսնելով` Երուսաղեմ, սիրտս խանդավառված  երկրպագեց  քեզ` նվիրական քաղաք,  հոգուս տաճարը լուսավառվեց...   և ես ծնկած փարվեցի Սուրբ  հողիդ…  Փրկության ճանապարհ ելած հայ ուխտավորների` «Մահտեսիների» նավում ես միակը չեմ: Կանթեղված հոգիներում լույսեր վառած  հիսուն հավատացյալներին աստվածային կամքն էր մեկտեղել, համախմբել ու Տիրոջ ճշմարիտ լույսի նվիրական հետքերով գնալու նավը նստեցրել:   Նպատակը հանգրվանեց Սինա լեռան բարձունքին բազմած սուրբ Հարության տաճարում: Աստվածային լույսի առատությունից հոգիդ մի պահ կանգ է առնում, ուզում  ես տարածվել, ձուլվել ու անէանալ… որքան խոստովանանք, զղջում, սեր և  ապաշխարություն են ներառել իրենց մեջ տաճարի  զորաց  այս պատերը… Քանի, քանի  գոցված և քարացած  սրտեր են տաճարի ներսում  բացվել, խոնարհված հոգով մխիթարություն հայցել…  - Տեր, բաց իմ առջև Քո ողորմության դուռը,   քանզի դու չեկար կանչելու արդարներին, այլ` մեղավորներին ապաշխարության: Սրբագույն կամարների ներքո Քրիստոսի գերեզմանն է ու Գողգոթան` խաչելությունն  ու հրաշափառ հարությունը:  Իրականը միախառնվել է երկնայինին.  Հոգիդ աղավնու պես ճախրանքի ելած շարունակ ձգվում է դեպի վեր, չէ որ Լույսի առկայությունը այստեղ անսահման է: Կաթիլ առ կաթիլ այն հավաքվում և մի ողջ հոգեգոյություն է ստեղծում ` սուրբ էությունից:  Հոգիդ վերստին նորոգվելու պահանջ է դնում, Տիրոջ գրկում քեզ վերագտնելու աստվածային խորհրդին մոտեցնում:  Ուզում ես ճերմակով պատվել, մոմերը հոգուդ տաճարում վառել, փառաբանման և երկրպագության աղոթք  մրմնջալ, արտասուքով զղջալ,  օրհնաբանության պատարագը դեպ երկինք առաքել ու աղաղակել. – Տեր մեր, Հիսուս Քրիստոս, բաց է իմ սիրտը քո առաջ, եկ և հավերժ բնակվիր դու այնտեղ:                                                                                          

Տիրոջ Հարության սրբավայրի իրականության մեջ  սուրբ պատարագին ամեն օր ես հաղորդակից լինում,  ողջ գիշեր տաճարում խոկալու պատվին արժանանում:  Երուսաղեմը սրբազան ծեսերի խորհրդավորություն է.  Կեսգիշերից ժամեր անց,  Հարության Տաճարի ներսում,  հույներից հետո,  լսվում է հայերին ևս մեծագույն իրավունք վերապահված ոսկեղենիկ մայրենիով մատուցվող շարականների, սաղմոսների ու  աղոթքների` հոգիդ ներդաշնակող,  Տիրոջ փառաբանումը:  Սա միակ վայրն  է, ուր մարդկային կյանքն ու հոգեվիճակը միասնական կերպարի ու գույնի մեջ կարող են դրսևորվել:  Աշխարհիկ բոլոր երևակայություններն այստեղ անհետանում են և արդարության զանգը Տաճարի ներսում  հոգուդ հետ ներդաշնակության ոստն է պատվաստում, սակայն  հունձքի ընտրությունը քո սրտին թողնում:                                                                                           Երանելի են ուխտավորները. Սրբոց երկնակամարում` սուրբ եկեղեցիներն ու սրբավայրերն ամենուր են: Ներքին ձայնը մշտապես պահանջ է դնում. Հավասարապես  հագեցնել հոգու քաղցը, սրտին լսելի և աչքին տեսանելի դարձնել  գոյություն ունեցող  բոլոր սրբատեղիները, մասնակիցը լինել քրիստոնեական ծիսակատարություններին, հանդիսավոր թափորներին:                                                                                   

Սուրբ երկրում Սուրբ  Ծննդյան հրաշափառությունն է` ԽՈՐՀՈՒՐԴԸ ԽՈՐԻՆ:  Բեթղեհեմյան աստղի սուրբ սեղանին, ուր և ծնվեց Քրիստոսը, հայոց հոգևոր երևելիների  մի զգալի ընտրանի` բազում նվիրյալների մասնակցությամբ,  Աստվածահայտնությունն ավետող ժամերգությունների  ու  պատարագների վեհաշուք  հանդիսություն է  իրականացնում:  Յուրաքանչյուր  ուխտավոր` սպասավորության կանչին ընդառաջ,  վառվող մոմերը  պարզած` օրվա խորհուրդն ազդարարող լուսապայծառ երթին է միացել:                                                                                                                              

Իրար հաջորդող սուրբ պատարագներ, ճրագալույց, Նախատոնակ,  Ջրօրհնեք…

 Տիրոջ ծննդյան սրբավայրը  վերածվել է հոգու երգեհոնի,  սուրբ խնկաբույրով օծված և փառաբանման աղոթքներով հագեցած օդը ջերմացել է նվիրյալ հավատացյալների հոգու ցնծությունից: Բոլորի շուրթերին Աստվածահայտնության օրհնաբանված Մեծ Ավետիսն է. – Քրիստոս  ի մեջ մեր ծնվեցավ… 

 Սուրբ երկրում հոգևոր տաճարների  ու  սրբավայրերի մի ողջ համաստեղություն կա, որոնք ներդաշնակորեն  շղթայված են միմյանց: Մարդասեր Աստծո բարեհաճ աջը ամենուր ուղեկցում է քեզ: Քրիստոսի հետքերով ուխտագնացությունը`լինի դա սուրբ  եկեղեցի,  լեռ, գետ,  այգի, թե  մասունք,  միևնույն է այդ ամենին հաղորդակից ես լինում  հրաշքի լեզվով, յուրաքանչյուր սուրբ դռնով  ներս մտնելիս, անգամ դեպի այդ ճանապարհը տանող արահետն անցնելիս, թեկուզ և Վերնատունն ու  Հորդանանը  հեռվից վայելելիս` նորովի վերագտնելու, վերաիմաստավորվելու սուրբ  զգացումը` Արդարության Ճանապարհով,  ուղեկցում է քեզ դեպի  Անսահմանություն:  Քանզի Աստծո Լույսը տարածվող է:    Կափառնայում` նավով շրջելիս, ոչ այնքան հեռու հորիզոնից ծովի ալիքները  հասանելի են  դարձնում Բարձրյալի այստեղ շաղ տված բարեբեր այն հունդերը, որոնք արգասիքն են մարդկության փրկության:  Փրկչի  աստվածային հայտնությունները ծիլ են տալիս, արմատավորվում միայն բարեբեր հողում:

 Ուխտավորի պարտքն է լինել ջահակիր, Սուրբ երկրից  ժառանգած Աստծո Լույսը,  խորհուրդն ու օրհնությունը տարածել նաև մայր հայրենիքում, սեփական ժողովրդի  հոգում:

 

                                                                                                                                                                                                                                ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

     Սուսաննա Աբրահամյան

 

01.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․