Գրքեր

Քահանայություն

Հոգևորականը

Այսօր մեր ժողովրդի պատկերացման մեջ հոգևորականը` եկեղեցու սպասավորը, պատկերվում է իբրև մի անձնավորություն, որն անպայմանորեն պետք է ունենա բարոյական բարձր արժեքներ ու հոգու մաքրություն և կոչված է ծառայելու Աստծուն և ժողովրդին: Ոմանք էլ, սակայն, չեն գիտակցում, որ իր հույժ պատասխանատու ծառայության մեջ հոգևորականը խիստ կարիքն ունի իր համար արված ժողովրդի աղոթքների և աջակցության: Քահանային տրված է այնպիսի իշխանություն, որ երբեմն հատուկ է նույնիսկ միայն Աստծուն, այսինքն` մեղքեր սրբելը, հրաշագործությունը, Սուրբ Հոգով մկրտելը և այլն: Այդ իսկ պատճառով էլ սայթաքելու դեպքում քահանան ավելի խիստ է պատժվելու, քան նույնիսկ անկյալ հրեշտակները: Եվ այս պատասխանատու գործունեության համար մեղքերի պատճառով իրենց անարժան համարելով` որոշ հոգևորական սրբեր սկզբնապես խուսափել են քահանայական աստիճանից:

Աղոթք հոգևորականների համար

Սուրբ Պատարագի արարողության ընթացքում սարկավագները հորդորում են աղոթել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների համար, որովհետև նրանք մեր հոգիների տեսուչներն են: Խոսրով Անձևացին իր Պատարագի մեկնության մեջ բացատրում է, որ նրանց համար մեր խնդրվածքները առավելաբար մեզ համար են, որովհետև եթե հատկապես բարձրաստիճան հոգևորականը ջանասեր լինի վարդապետության մեջ, վերակացությունը քաջապես կկատարի և կքննի բոլորի հոգիները, թե ինչ վիճակում են. ու եթե տեսնի, որ այս կամ այն մարդիկ ծույլ են բարեգործության մեջ և կամ իրենց հոգիներում որևէ արատ կամ բիծ ունեն, չի ծուլանա լիակատար արթնությամբ նրանց համար աղոթել նաև խրատել ու զգուշացնել` իր շահից առավել իր հավատավոր հոտի շահը պաշտպանելով: Պետք է աղոթել հոգևորականների համար, քանզի հավատացյալները պարտապան են նաև աղոթքներով հատուցել իրենց համար աղոթող եկեղեցականներին, քանզի այսպես հոգևորականների խնդրվածքները, որ հավատացյալների համար են, առավել լսելի են Աստծուն այն ժամանակ, երբ նաև հավատացյալները նրանց` հօգուտ իրենց աղոթողների են խնդրում: Պողոս առաքյալն էլ կորնթացիներին այսպիսի խրատ է տալիս. «Մեր բերանները բաց են ձեզ պատգամելու համար և մեր սրտերը լայն, բայց մենք չենք նեղում ձեզ» (Բ Կորնթ. 6.11-12): Սա նշանակում է, որ թեպետև դուք բազում եք, և ուրիշներ էլ կան, որ հոգս են մեզ համար, սակայն մեր սրտերը չեն նեղվում և մեզ մղում որևէ մեկին մոռանալու և խրատից ու աղոթքից անտեսելու: Բայց դուք, ասում է, ձեր սրտերում նեղվում եք և իմ` մեկիս մասին չեք հոգում այնքան, որքան ես ձեր ու ամենքի, և ավելացնում է. «Արդ, դուք էլ նույն հատուցումն անելով, որդիների տեղ եմ դնում ձեզ, լայնորեն բաց արեք ձեր սրտերը» (Բ. Կորնթ. 6.13): Այսպես կարևոր է նաև հոգևորականի համար աղոթելը: Այդ պատճառով առաքյալը բոլոր թղթերում հրամայում է իր համար աղոթել` նրանց օգուտի համար առավել հոգալով, քան իր: Պողոսը նրանց աղոթքների կարիքն ուներ, բայց կամենում էր, որպեսզի նրանցից ինքը օգտվելով, նրանք ևս օգտվեն, և այդ պատճառով աղոթքի վերաբերյալ խոսելիս չէր ասում` որպեսզի շահեմ, այլ` «որպեսզի խոսքի գերազանցություն լինի մարդկանց փրկության համար» (հմմտ. Ա Կորնթ. 2.1):

Ճշմարիտ և ինքնակոչ քահանա

Առաքյալները Քրիստոսի կողմից արժանացել են հոգևոր աստիճանների: Նրանք դպիներ եղան` ժողովրդին սպասավորելով, սարկավագներ` հիվանդներին օծելով: Առաջին բերքը ըստ օրենքի պետք է քահանաներն ուտեին, և երբ Քրիստոս առաքյալներին ուտելու տվեց առաջին պտուղը (Մատթ. 12.1), նրանց քահանաներ դարձրեց: Հարությունից հետո նրանց դարձրեց եպիսկոպոսներ, իսկ Ձիթենյաց լեռը հանելով և նրանց օրհնելով՝ կաթողիկոսներ (Գործք 1.8): Այս բոլոր հովվական շնորհները առաքյալները փոխանցեցին ձեռնադրությամբ: Միայն Կաթողիկոսները կարող են եպիսկոպոսներ ձեռնադրել, և միայն Կաթողիկոսներն ու եպիսկոպոսները կարող են քահանաներ կամ սարկավագներ ձեռնադրել: Այս ձեռնադրության միջոցով են փոխանցվում այն լիազորությունները, որոնք Քրիստոս տվեց առաքյալներին: Հետևաբար, վերջերս առաջ եկած աղանդավորական հովիվները կամ երեցները ինքնակոչ են և մարդկանց տանում են մոլորության ճանապարհներով: Ճիշտ է, այսպես առանձին սկսեց գործել նաև Պողոս առաքյալը, պնդելով, որ Քրիստոս իրեն երևացել է և պատվիրել է Ավետարանը տարածել հեթանոսների մեջ: Պողոս առաքյալը նաև եպիսկոպոսներ ձեռնադրեց իր հիմնած եկեղեցիների համար, և նրա գործունեությունն այնքան արդյունավետ էր, որ հետո նրան սկսեցին կոչել 13-րդ առաքյալ: Սակայն Պողոս առաքյալը երբեք հակառակ չեղավ վաղ Քրիստոնեական Եկեղեցու պետերին՝ 12 առաքյալներին, և առաքյալներն իրենք ընդունեցին նրան` իբրև իրենց հավասար մեկի: Հետևաբար, նրանց ձևավորած Եկեղեցուց դուրս որևէ մեկը երբեք չի կարող փրկվել բոլորովին վերջերս առաջ եկած, այսպես կոչված, մասնավոր եկեղեցիներում: Եկեղեցին այս իմաստով որևէ կազմակերպություն կամ մասնավոր ուսումնական հաստատություն չէ, որպեսզի պետության կողմից լիազորություն ստանալով օրինական համարվի և գործի: Հետևաբար, եթե իրոք ցանկանում ենք փրկության արժանանալ, պետք է լավ մտածենք, թե ում ենք հետևում և ուր ենք գնում:

Հոգևորականին ընդառաջ

Շատերդ զբաղվում եք կյանքի տարբեր հոգսերով, որևէ գործի անհրաժեշտության համար գնում եք այս կամ այն մարդու մոտ, սակայն ավելի առաջնային համարելով մարմնականը` հաճախ եք մոռանում հոգևորականի հետ զրուցելն ու խորհրդակցելը: Եվ ձեզ բոլորիդ համար շատ օգտակար կլինի Սուրբ Եկեղեցու մեծագույն Հայրերից մեկի` Սուրբ Բարսեղ Կեսարացու խորհուրդը. «Հիվանդություն ունեցողներն իրենք են գնում բժշկի մոտ, ծանր հիվանդներն իրենց մոտ են կանչում բժիշկներին, իսկ անբուժելի հիվանդները նույնիսկ բժշկին մոտ չեն թողնում: Դա թող չլինի ձեզ հետ, մի փախեք նրանցից, ովքեր ճիշտ են դատում»:

Պատիժ քահանաներին

Հին Կտակարանում Աստված պատվիրում է, որ քահանան` Աստծո սպասավորը, պետք է լինի առանց մարմնական արատների (Ղևտ. 21.17-23): Հրեաները, ուղիղ իմաստով հասկանալով այս խոսքը, քահանայագործելու պատիվն ունեցող Ղևիի ցեղից այն անձանց, ովքեր արատներ ունեին, արգելում էին քահանայություն անել: Սակայն եկեղեցական Սուրբ Հայրերը ճշմարտապես ընկալմամբ աստվածային պատվերը բացատրեցին փոխաբերական իմաստով` կաղը ճշմարիտ ընթացքով կաղացողը և մեղավոր ճանապարներով գնացողն է, կույրը ճշմարտության առջև կուրացածն է, սապատավորը՝ մեղքերով ծանրաբեռնվածը և այլն: Միևնույն ժամանակ կանոններ կարգվեցին արատավոր վարք ու բարք ունեցող եկեղեցականներին պատժելու համար, որոնցից նշենք մի քանիսը:

Հարբեցողության մեղքը գործած հոգևորականներին արգելվում էր որոշ ժամանակաշրջան, իսկ ըստ մեկ այլ կանոնի` յոթը օր եկեղեցական արարողությունների ընթացքում Ավետարան ընթերցել և խորհուրդ կատարել: Խոստովանության գաղտնիքները հայտող հոգևորականները կարգալույծ են լինում, և եկեղեցական կանոնը նույնիսկ նրանց վրա է դնում խոստովանություն չկատարող բոլոր անձանց մեղքերը:

Քահանայական զգեստներ

Ավարայրում և մնացյալ մեր բոլոր ճակատամարտերում, երբ եկեղեցականները եղել են մեր զորքի հետ և ոգևորել ու քաջալերել, հոգևորականներն ու զինվորականները միմյանցից տարբերվել են իրենց զգեստներով: Եկեղեցական կանոնն արգելում է հոգևորականներին զինվորական զգեստ հագնել, որովհետև հոգևորականի զգեստը հատուկ խորհրդանիշ ունի, և պետք չէ այն փոխել այլ ասպարեզների մարդկանց համազգեստով: Քահանայի ձեռնադրության կանոնում Սուրբ Պատարագի համար նախատեսված քահանայական զգեստներն անվանվում են աստվածաստեղծ, որովհետև նման են այն զգեստներին, որոնք Աստված պատվիրեց Մովսեսին պատրաստել Ահարոնի և քահանաների համար (Ելք 28), իսկ քահանայական գեղեցիկ պատմուճանը խորհրդանշում է այն պատմուճանը, որ Հակոբը հորինել էր իր սիրելի որդի Հովսեփի համար (Ծննդ. 37.3): Քահանայական ամենօրյա զգեստը սև գույնի է, այն չունի աչքը, տեսողությունը զվարճացնող երանգներ: Աբեղայի` կուսակրոն քահանայի վեղարի օրհնության կարգում նշվում է, որ մեր Հայրերը այսպիսի զգեստ հագնելը հաստատեցին հատուկ խորհրդով` ի ցույց խոնարհության, և այդ զգեստը կոչվում է մեռելության զգեստ, ինչը նշանակում է, որ քահանան մեռած է աշխարհիկ ու մեղավոր կրքերի, հաճույքների ցանկությունների, զվարճությունների համար:

 

Քահանա և սպանություն

Ավարայրում, մեր ճակատագրական պայքարներում մարտնչել են նաև հոգևորականներ: Բայց հոգևորականները հիմնականում պայքարել են աղոթքով, իրենց ոգով ու խոսքով զինվորներին քաջալերելով: Չնայած եղել են հոգևորականներ, ովքեր օրհասական պահերին զենքները ձեռքներին ուս-ուսի կռվել են հայոց բանակի զինվորների հետ, սակայն ընդհանուր առմամբ հոգևորականի զենքը աղոթքն ու հավատքն է եղել: Պատճառն այն է, որ եկեղեցական կանոնի համաձայն` քահանային արգելվում է   ոչ միայն մարդու, այլև նույնիսկ կենդանու սպանություն գործել (Կանոնք Աթանասի ԼԲ) և անգամ մատաղի կենդանի մորթել, որովհետև սպանություն ու մահ գործած քահանան այլևս չի կարող նախկին մաքրությամբ ավետարանել կյանք հանդիսացող Քրիստոսին կամ առավել ևս` մատուցել կյանք տվող Քրիստոսի Սուրբ Պատարագի ահեղ խորհուրդը:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

07.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․