Գրքեր

Քաջարի Հովիվը

«Ահա եկեսցէ ժամ, եւ եկեալ իսկ է, զի ցրվեսջիք յուրաքանչյուր տեղիս եւ Զիս միայն թողուցուք, եւ չեմ միայն, զի Հայր ընդ Իս է» (Հովհ. 16:32):

Երբ մարդը վճռում է իր անձը նվիրել ճշմարտությանը կամ արդարությանը, երբ աշխարհիկ փառքերը իրենից թոթափելով՝ նոր ուղով է ընթանում, որը տանում է դեպի հավիտենականը, ուշ, թե շուտ միայնակ է մնում աշխարհում: Ամեն մի ճշմարտություն, ամեն մի նորություն նախապես չի ընդունվում, այլ ատելության և հայհոյանքի առարկա է դառնում: Համաշխարհային փորձով ապացուցված այս դրությունը ավելի է հաստատվում կրոնական ճշմարտության վերաբերյալ: Կրոնական ճշմարտությունն է, որ իր սրբության համեմատ հակառակվում է մեր մեղանչական ձգտումներին, մատնանիշ է անում մեր ոչնչությունը, մերկացնում է մեր սրտի զազրելիությունն ու հանցանքը, պարսավում է մեր գոռոզությունը և սրա պատճառով, վաղ թե ուշ, իր դեմ են զինվում մարդկային բոլոր կրքերը:

Թերթելով հավիտենական ճշմարտության և արդարության քարոզիչ և վկա եղող բոլոր անձանց պատմությունները, տեսնում ենք, որ բոլորն էլ միայնակ են մնացել: Միայնակ էր Մովսեսը, երբ Եգիպտոսում քառասուն տարիներ շարունակ տանջվում էր իր ժողովրդի համար: Նա միայնակ էր նաև այն ժամանակ, երբ այդ ժողովրդի փառավոր ապագան պատրաստելու համար առաջնորդում էր նրանց անապատում: Միայնակ էր Եղիան Աքաբի և Հեզաբելի ժամանակ, երբ տխուր ձայնով աղաղակում էր Աստծուն ասելով. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրջ համար, քանզի Իսրայելացիները լքեցին Քեզ, Քո զոհասեղանները կործանեցին, և Քո մարգարեներին սրակոտոր արեցին: Միայն ես եմ մնացել և ինձ էլ փնտրում են, որ սպանեն» (Գ Թագ. 19:10): Միայնակ էր Եսային, երբ վշտաբեկ ձայնով աղաղակում էր. «Ո՞վ հավատաց մեր պատգամին»: Միայնակ էր Պողոսը բանտում, երբ իր թղթում գրում էր. «Ամենքն էլ ինձ թողեցին»: Որոշակի ժամանակ հետո ճշմարտության այս մեծ քարոզիչները ստացան և՛ փառք և՛ պատիվ, և իրենց հիշատակը հավերժացավ և պաշտելի անուններ դարձան, սակայն նրանք իրենց փրկության օրերին միայնակ էին:

Այժմ նկատի առնենք ոչ թե այն մեծ անձնավորություններին, ինչպիսիք էին Մովսեսը, Եղիան կամ Պողոսը, այլ Ամենասրբին, Ամենաարդարին, որը ճշմարտորեն կոչվում է «Բարի և քաջ Հովիվ», և պիտի տեսնենք, որ Նա Իր Անձը դնելով Իր գառների, Իր սիրելիների համար, դարձյալ մարդկանց մեջ միայնակ է մնացել:

Նա, որպես Քաջարի Հովիվ, ի՜նչ ազնիվ դյուցազնագործություններ արեց Դավթի նման, որը Նրա հովվության նախերգանքն էր տվել և օրինակն էր եղել (Ա Թագ. 16:11): Նա, որպես «Բարի Հովիվ», այնքան սիրեց մարդկությանը, որ վերջապես Ինքն Իրեն զոհեց նրա փրկության համար: Նա, որպես «Քաջ Հովիվ», կատարյալ գիտություն ունեցավ և ունի մեր բարիքների և բնության, մեր նեղությունների և փորձությունների, մեր տկարությունների և կարիքների մասին, և ըստ այդմ արեց ինչ որ անհրաժեշտ է և դեռևս խնամում է: Նա իմացավ, թե ինչպես մարդկանց վերքերը վիրակապել և հոգու հիվանդությունները, որոնք մարդկանց մեջ թաքնված են, բուժել: Նա չեղավ մի վարձկանի նման, որ իր արածեցրած գառները իր սեփականությունը չհամարեր, որը վտանգի ժամանակ ոչխարների հովվությունից փախչում է՝ իրեն ազատելու համար:

Իսրայելը որտե՜ղ պիտի կարողանար գտնել մի այդպիսի քաջարի և բարի Հովվի: Նրա հովիվները որքա՜ն հեռու էին անձնվեր, բարի և քաջարի հովիվ լինելուց: Նրա հովիվները իրենց անփութությամբ պատճառ էին հանդիսանում, որ ամբողջ հոտը ցրվի և կորստյան գնա. նրա հովիվները, փոխանակ հոտը արածեցնելու, իրենք էին արածում: Եզեկիելը, իր խոսքը նրանց ուղղելով, ասում է. «Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենք են արածում, հովիվները իրենք չպիտի՞ արածեցնեն հոտը: Դուք ճարպն եք ուտում, բուրդը հագնում, գերերին մորթում եք, սակայն չեք արածեցնում հոտը: Տկարներինն չզորացրիք և հիվանդներին չբժշկեցիք և կոտրվածն էլ չվիրակապեցիք, և մոլորվածին չդարձրիք և կորածին չփնտրեցիք: Նրանք հովիվ չունենալու համար ցրվեցին և ցրվելով դաշտի բոլոր գազաններին կերակուր դարձան: Իմ ոչխարները բոլոր լեռների վրա և բոլոր լեռների բարձր բլուրների վրա մոլորվեցին և նրանց ման եկող, փնտրող չկա» (34:2-6):

Եսայի, Երեմիա և Եզեկիել մարգարեները շատ վաղուց նկարագրեցին Իսրայելի կյանքն ու վիճակը, որը առանց հովվի էր և հաճախ թշնամիների ճիրաններն էր ընկնում, նման այն գառնուկների, որոնց գազանները հոշոտում և բզկտում են:

Հիսուսը պիտի լիներ ճշմարիտ Հովիվը, Հովվսպետը, ինչպես որ նախապես ասվել էր. (Ծննդ. 49:24, Եսայի 40:11, Եզեկ. 34:23, 37:24): Մի Հովիվ, որը պատրաստ պիտի լիներ Իր Անձը զոհել Իր հոտի փրկության համար, Որը պիտի կանչեր Իր հեռացած և ցրված հոտին, պիտի ժողովեր, պիտի առաջնորդեր, պիտի գրկեր ու պիտի պահպաներ:

Իսրայելի հովիվները, որ իրենց շահն էին փնտրում, իրենց ձեռքով գառներին ցիրուցան արեցին, որոնք գազաններին կեր դարձան, և հովիվներն էլ իրենց մեղքերի և անփութության պատճառով կործանվեցին: Սակայն Հիսուսը՝ Ճշմարիտ Հովիվը, ի՞նչ հանցանք ուներ, որ հարվածվեց և Իր հոտը ցրվեց, արդյո՞ք այն բարիքների փոխարեն էր, որ Նա բոլորի հանդեպ հավասարապես գործեց, այն գգվանքի՝ որով ժողովուրդներին, մարդկանց հավաքեց, արդյո՞ք այն գուրգուրանքի փոխարեն էր, որով վիրավորները բժշկվեցին, կաղերը քայլեցին, բորոտները սրբվեցին, արդյո՞ք այն գործած բարիքների փոխարեն էր, որոնք առհասարակ բոլորն ել վայելեցին:

Ինքը, որպես բարի և քաջ Հովիվ, ինչքա՜ն դժվարություններով էր կարողացել Իր աշակերտներին և ժողովրդին սովորեցնել Աստծո կամքը, խաժամուժին հայտնել գերազանց արդարությունը: Հիսուս Իր սերը թաղում էր Իր մշակած արտերի, Իր վարդապետության և Իր հայտնած ճշմարտության խորքերում: Նա բոլոր զոհողությունները արեց, պաշտպան կանգնեց, խոսեց, գործեց Իր ժողովրդի օգտի և առաջադիմության համար:

Եվ սակայն նախատեցին, անարգեցին, հարվածեցին, չարչարեցին, տանջեցին և վերջապես իրենց կիրքը հագեցնելու համար Խաչեցին Նրան: Նա, որ Իր աշակերտների համար էլ մասնավորապես տքնել էր, այնքան սիրել էր, խնամել, խոսել, խրատել և համոզել, հիմա Իր տագնապալի և վշտալի վայրկյաններին, Իր ցավերի և նեղությունների մեջ նրանցից լքվել էր: Նա Գեթսեմանիի այգում միայնակ մնաց, երբ Իր աշակերտները խորը քնով քնած էին, Նա միայնակ մնաց այն խորհրդավոր ժամին, երբ Իր մարմինը դողաց և սիրտը արյունով լցվեց, Նա միայնակ մնաց խաչի վրա, Իր աշակերտներից սրտապնդող կամ քաջալերող խոսքեր չլսեց, երբ սարսուռ ազդող ձևով Խաչի վրա էր, Իր աշակերտներին շատ փնտրեց Խաչի վրայից, սակայն նրանք ցրվել էին ամբոխի մեջ, այն ամբոխի, որը մինչև վերջ ծիծաղի և հայհոյության սարսափելի աղաղակներ արձակեց: Սակայն իրականում Նա միայնակ չէր, քանի որ Իր Հայրը Իր հետ էր. «Ես մենակ չեմ, քանի որ Իմ Հայրը Ինձ հետ է»: Ահա թե ինչում է կայանում Քրիստոսի ուժն ու զորությունը տառապանքի և վշտի վայրկյաններին: Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ երկրային բոլոր միայնությունները, երբ Հայրն Իր հետ էր: Մարդիկ Նրան ատում են, սակայն Նա հավիտյան լսում է այն հրաշալի և հիանալի խոսքը, որ ասում է. «Դու Իմ սիրելի Որդին ես, Քեզ հաճեցի»:

Իր համար ի՜նչ նշանակություն ուներ, եթե նույնիսկ բոլորն էլ Իրենից հեռացած լինեին, եթե նույնիսկ հեռվից Իրեն նայող և Իրեն սպասող մեկն էլ չլիներ, Իր համար ի՜նչ նշանակություն ուներ, եթե նույնիսկ Իրեն Ձիթենյաց լեռան վրա միայնակ թողեցին, եթե նույնիսկ թշնամու ձեռքը մատնվեր և ծեծվեր, նախատվեր և անարգվեր, քանի որ Հայրը Իր հետ էր, ի՜նչ նշանակություն կարող էր ունենալ, եթե նույնիսկ Իրեն Խաչի վրա միայնակ թողեցին և ոչ մեկը Իրեն մի քաջալերող խոսք չուղղեց: Ինքը միայնակ չէր, այլ Աստծո հետ էր և այս աստվածային հավատքն էր, որ Իրեն բարձր պահեց Իր տկարության, Իր չարչարանքների մեջ: Հիսուսի հավատքը մեծ էր, անգամ Իր տկարության մեջ պիտի բարձրանար, ինչպես մի ամպ, որը բարձրանում է դեպի կապույտ երկինք և խառնվում դրա հետ:

Մեր Առաջնորդն ու Հովիվը Ինքը Քրիստոսն է, մեր Փրկիչը, Որի ձայնը հավիտենապես հնչում է մեր ականջներում և սրտերում, Որի վերքը արնահոսում է մեր սրտի մեջ, Որի քարոզած վարդապետությունը մեր հոգիների սնունդն է: Ինչո՞ւ միայնակ մնար, ինչո՞ւ չլիներ մեկը, որ Իրեն մխիթարեր և քաջալերեր և թերևս սրա համար էր, որ մարդկանց փոխարեն բնությունը պիտի ողբար, բնությունը պիտի Նրան վշտակիր լիներ և իր ցավն ու ողբը պիտի հայտներ, արեգակը՝ իր խավարմամբ, երկինքը՝ իր սգով և տխրությամբ, շիրիմներն ու վեմերը՝ իրենց սասանմամբ և Ինքը Հիսուս այս տեսարանների մեջ պիտի ասեր. «Ես Հովիվս վիրավորվել և միայնակ եմ մնացել նրանցից, որոնց Իմ հոտը դարձրի, որոնց խնամեցի, Անձս նվիրեցի, սակայն մենակ չեմ, Հայրս Ինձ հետ է և Ես Նրա հետ»:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

24.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․