Գրքեր

Քանի դեռ ցերեկ է, պետք է գործել

«Ժամանակը Աստծո կողմից մարդուն տրված մի ողորմություն է՝ ի փրկություն նրա հոգու»,- այս են վկայում եկեղեցու հայրերը:

Այդ իսկ պատճառով Ս. Պողոս առաքյալը հորդորում է՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև, եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին: Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին (Գաղատացիներ 6:9-10):

Փրկարար հորդորի համաձայն՝ ոչ ոք չգիտի մեկ րոպե անց Տերը իրեն կարժանացնի այդ ողորմությանը, թե ոչ: Եթե ամեն մի բարի գործ իր պտուղն է տալիս, ապա ի՞նչն է մարդուն ետ պահում ժամանակին սերմանելուց: Երանելի Հերոնիմոսն ասել է. «Սերմանելու ժամանակը դա ներկա ժամանակն է, կյանքը, որը մենք ապրում ենք: Երբ անցնի այդ կյանքը, կդադարի և գործելու ժամանակը: Այդ պատճառով Փրկիչն ասաց՝ քանի դեռ ցերեկ է, Ես պետք է կատարեմ Ինձ ուղարկողի գործերը: Կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող աշխատել (Հովհաննես 9:4)»:

Ցերեկը գործելու Տիրավանդ հորդորի մղումով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կյանքի է կոչում սոցիալական ծրագրերի իր շարքը: Ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Հայրը Գրիգորյան Գայանեին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները: Յոթ հոգուց բաղկացած Նիկողոսյան ընտանիքը բնակվում է Թբիլիսյան խճուղու 1/102 հասցեում: Չորս անչափահաս զավակների մայրը՝ Գայանեն նշեց, որ ամուսինը՝ Նիկողոսյան Արմանը (42 տ.), շինարար է, բայց չունի մշտական աշխատանք, իսկ ընտանեկան նպաստի գումարով իրենք չեն կարողանում հոգալ ընտանիքի կարիքները:

Ըստ սաղմոսերգուի՝ երանելի է նա, ով գիշեր-ցերեկ խորհում է Տիրոջ պատվիրանների մասին և հաճույք է ստանում դրանք կատարելուց, այդպիսի մեկը նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողի նրան (Սաղմոս 1:1-3):

 

 

Կարինե Սուգիկյան

21.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․