19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Քանի որ թագավոր է և տեր, կարող է տալ, քանի որ դատավոր է, գիտի տալ, և քանի որ բարեկամ է, կամենում է տալ

Աղոթքը հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Առանց դրա մարդն ավելի խոցելի և տկար է: Աղոթքը վահան է և զորություն: Հայրաբանական գրականության մեջ եկեղեցական հայրերը բազմիցս անդրադարձել են աղոթքի կարևորությանը: Քրիստոնյայի համար էական նշանակություն ունի իմանալ, թե սուրբ հայրերն ինչ խորհուրդներ, խրատներ են տալիս, որովհետև նրանց թողած հոգևոր ժառանգությունը մարդուն օգնում է ավելի շատ գիտելիք և փորձառություն ձեռք բերել և բազմաթիվ հարցերում չսխալվել: Այս առումով նաև հետաքրքրական է, թե սուրբ Գրիգոր Տաթևացին ինչ է ասում աղոթքի մասին: Պետք է, որ աղոթողի սիրտը ցրված չլինի: Հարկ է իմանալ, որ աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են, իսկ հոգին սրտից դուրս եկող և Աստծուն հաճո իղձն ու սերն է: Ինչպես երևացող մարմինն ունի աներևույթ հոգի, և նա է մարմինը շարժողն ու նրա կենդանությունը, այնպես էլ աղոթքի մարմնի կենդանությունը սրտի բաղձանքն է և սերն առ Աստված՝ ըստ Նրա կամքի շարժվելու: Նա, ով չունի սրտի բաղձանքը, այլ միայն աղոթքի խոսքերը, մեռած մարմին է, և աղոթքից միայն տարրն է մնացել, և ոչ հոգին: Ինչպես խունկը հրին չհպվելով անուշ հոտ չի բուրում, այդպես էլ աղոթքի խունկը, սրտի սիրո ջերմությանը չհպվելով, հաճելի չէ Աստծուն: Աղոթքը հոգու կենդանության նշանն է: ՈՒստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելիս, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին: Բազում են աղոթքի խորհուրդները: Նախ՝ աղոթքը խոսք է Աստծո հետ: Եվ հետո մեծությունն այն է, երբ ընթերցում ենք, Աստված է մեզ հետ խոսում, և երբ աղոթում ենք, մենք ենք Աստծո հետ խոսում: Եվ եթե փառք և պատիվ է մեզ, երբ խոսում ենք երկրավոր թագավորների հետ, որքան առավել, երբ Աստծո հետ ենք խոսում: Իսկ եթե թագավորների առաջ ահով, խելացի և վայելուչ ենք խոսում, որ չանարգվեն, առավել ևս պետք է ահով, իմաստությամբ և կարգով աղոթքներում խոսել: Երկրորդ՝ աղոթելիս մենք մտքով Աստծո հետ ենք լինում, և Աստված բնակվում է մեզանում, ինչպես ասվում է. «Ես և Հայրը նրա մոտ կգանք» (Հովհ. 14.23), նաև ասում է, թե Սուրբ Հոգին սկզբից բնակված էր աղոթողի հոգում «և բարեխոս էր լինում անմռունչ հեծություններով» (Հռոմ. 8.26): Երրորդ՝ աղոթքներով սատանան հալածական է լինում, ինչպես խավարը՝ լույսից, և այնժամ նրա բոլոր որոգայթներն ու փորձությունները կորչում են, ինչպես Տերն է ասում. «Այս տեսակ դևն այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ՝ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. 17.20): Չորրորդ՝ աստվածազգաց և հրեշտակներին հավասար ենք լինում, երբ աղոթում ենք և մտքով առ Աստված ելնում: Հինգերորդ՝ մեր բոլոր գործերն աղոթքներով հաջողվում են և կատարվում, քանի որ ամեն գործում մարդ օգնականի կարիք է զգում, և երբ աղոթում ենք, Աստված օգնական է լինում՝ լինի վաստակ, աշխատանք, թե ճանապարհ և այլն: Իսկ եթե չենք աղոթում, սատանան ամեն գործում հակառակում և խանգարում է: Վեցերորդ՝ աղոթքը հոգու և մարմնի զորությունն է: Որպես նեցուկ հաստատում է տունը և վերցնում տկարությունը, ինչպես Հոբն աղոթքներով վերստին զորացավ և առողջացավ տկարություններից: Նաև տան շինությունն է, ինչպես Հոբի տունն աղոթքներով կրկին շինվեց ավելի լավ, քան նախկինն էր: Յոթերորդ՝ աղոթքը հաղթում է պատերազմը, այդպես Մովսեսն աղոթքներով՝ Ամաղեկին, Դավիթն՝ այլազգի Գողիաթին, և Հոբը՝ թշնամի սատանային: Եվ մենք էլ ենք աղոթքներով հաղթում, երբ թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր պատերազմ է լինում: ՈՒթերորդ՝ աղոթքը սրտի մխիթարությունն է, մարդու հոգուց հեռացնում է տրտմությունը, հոգին թեթևացնում, մեղքերը սրբում, միտքը պահում է լուսավոր, ինչպես ասում է Դավիթը. «Ինչո՞ւ ես տրտում, ա՛նձ իմ, հուսա՛ առ Աստված, խոստովանի՛ր Նրան, քո անձի փրկիչն Աստված է» (Սաղմ. 42.5): Իններորդ՝ աղոթքով խաղաղությամբ ենք ննջում և համարձակ արթնանում: Հավատով հույս ունենք և մահից հետո Աստծո մոտ ենք մտնում: Այս է ասում Դավիթը. «Այսուհետև մենք խաղաղությամբ կննջենք ու կարթնանանք» (Սաղմ. 4.9), այսինքն՝ աղոթքներով: Տասներորդ՝ աղոթքը գոհություն և շնորհակալություն է Աստծո երախտիքներին, որ արեց մեզ համար, թե անցյալում՝ ստեղծելով մեզ համար երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և այլն, թե ներկայում, որ ամեն բարություն մեզ է տվել՝ կյանք, խաղաղություն, առողջություն, հոգի, մարմին, շունչ, խոսք, միտք և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Նրանով ապրում ենք, և շարժվում ենք, և կանք» (Գործք 17.28): Եվ հանդերձյալում խոստացել է հարություն, արքայություն և անմահություն, հրեշտակներին հավասար մեծություն և փառք. «Ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու սիրտը չընկավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար» (Ա Կորնթ. 2.9): Հարկ է իմանալ, որ մենք տասը բանից պետք է զգուշանանք աղոթքի վայրում: Նախ՝ աղոթքի վայրում պետք չէ զրուցել, որովհետև սատանային խոսակից է նա, ով զրուցում է, քանի որ մեր խոսակիցն այստեղ Աստված է, իսկ Նրան թողնել և ուրիշ մեկի հետ զրուցել պատշաճ չէ: Երկրորդ՝ աղոթքի տեղում պետք չէ ո՛չ միմյանց նայել և ո՛չ՝ կնոջ, որպեսզի սատանան արատ չներմուծի մեր մեջ՝ աղոթքի փրկությանը հակառակ: Երրորդ՝ պետք չէ աչք տնկել քաղցրանվագ ձայնին կամ աղտեղի գիջական խոսքերին, որպեսզի, երգողը չհպարտանա: Չպետք է նաև ծիծաղել: Հինգերորդ՝ չպետք է մաղել մտքերը խոսքից, քանի որ աղոթքը խոսք է Աստծո հետ. պետք է միտքն ու խոսքը միասին հարմարեցնել և զգուշությամբ աղոթել: Վեցերորդ՝ չպետք է ննջել աղոթքի տեղում, այլ արթուն մնալ, ըստ այնմ՝ «Արթուն կացեք, քանի որ չգիտեք...» (Մատթ. 24.42): Եվ եթե այնտեղ ննջում ես, ինչ տարբերություն տանը ննջելուց, և եթե քնի համար ես գալիս, ավելի լավ է չգալ: Յոթերորդ՝ չպետք է առանձնական աղոթքն աղաղակելով ասել, այլ սրտում գոչել: Այդպես Մովսեսը ծնկեց երեսն ի վայր և սրտում աղոթեց և այս մասին է ասում. «Ինչո՞ւ ես աղաղակում ինձ» (Ելք 14.15): Եվ Տերը սովորեցրեց. «Մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները» (Մատթ. 6.6): ՈՒթերորդ՝ չպետք է անունկնդիր լինել աղոթքի խոսքերին, այլ ունկերով և մտքով հետևել աղոթքին, և երբ ինքը չի ասում բերանով, թող ուրիշների աղոթքը լսի և միտքն առնի. այդպես էլ Սուրբ գիրքն ընթերցելիս «ուշ դիր ընթերցվածներին» (Ա Տիմոթ. 4.13),- ասում է առաքյալը: Իններորդ՝ պետք չէ շտապել, թե երբ եմ ելնելու աղոթքից: Որքան խնդրում են, այնքան էլ ստանում են, ըստ դրա էլ՝ «Ով փնտրում է, գտնում է» (Ղուկ. 11.16): Մեր Տերը ողջ գիշերն աղոթքի մեջ էր անցկացնում: Տասներորդ՝ պետք է թողություն խնդրել բոլոր պարտապանների համար, որպեսզի և քեզ համար թողություն տրվի: Հարկ է իմանալ, որ աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունը, ինչպես Տերն աղոթեց. «Հայր, ներիր դրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34), այսինքն՝ Աստծուն պետք է աղոթել` զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ: Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Իր հանդեպ, որ մաքուր լինի մեղքերից և այդ դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմ. 65.18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ, որ նենգություն չունենա իր ընկերոջ նկատմամբ, այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ, որ սրտի զգաստությամբ պետք է աղոթել՝ իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի: Այդպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն: Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, որ ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմ. 122.2-3): Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ: Համառոտ այսպես է, քանի որ թագավոր է և տեր, կարող է տալ, քանի որ դատավոր է, գիտի տալ, և քանի որ բարեկամ է, կամենում է տալ: Ահա այսպես մեր բոլոր խնդիրքներն Աստծո հաճությամբ են կատարվում: Ինչպես պատկերն արտացոլվում է հստակ հայելու մեջ, աչքերի լույսն անդրադարձնում է արեգակի լույսը և ինչպես ոսկու և արծաթի պայծառ ճառագայթումն է, այսպես էլ աղոթողի հստակ միտքը ձգում է Սուրբ Հոգու պայծառ լույսը և լուսավորվում: Այդպես սրբերը, ըստ Տիրոջ ձայնի, իրենց աղոթքներում տեսնում են Աստծուն, որոնցով մեզ մեր Քրիստոս Աստվածն Իրեն տեսնելու թող արժանացնի:

Հովհաննես սրկ. Մանուկյան

24.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․