Գրքեր

Քառասուն սուրբ մարտիրոսների վկայաբանությունը

Լիկիանոս թագավորի ժամանակներում քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսվեցին, և բարեպաշտությամբ ի Քրիստոս հավատացողներին ստիպում էին զոհ մատուցել կուռքերին: Պարտադրում էին զոհ մատուցել նաև բանակում եղած քրիստոնյաներին: Եվ ժանտ, հանդուգն և սատանայի արբանյակության ձգտող Ագրիկողայոսի դատարանի առջև կանգնեցին Գամրաց գավառի մի խումբ զինվորներ, որ Աստծու բարեպաշտությամբ էին ապրում: Եվ նրանք թվով քառասուն հոգի էին` պատերազմում հաղթող: Եվ նրանց անուններն են` Դոմետիանոս, Կյուրղոս, Վաղես, Եվտիքոս, Եվնուկիոս, Վաղենտիանոս, Փղավիդոս, Մարոգդոս, Սիսինիոս, Ղևոնդիոս, Մելիտոս, Սևերիանոս, Փիլիկտիմոն, Անտիոս, Երակղիոս, Ագդեկիոս, Կյուրիոն, Ավետիոս, Ալեքսանդրոս, Ակակիոս, Վաղերիոս, Նիկողայոս, Եվտիքոս, Հովհաննես, Լիբիանոս, Գուդիոն, Լյուսիմաքոս, Գաղիտոս, Կլավդիոս, Կանդիտոս, Եղիոս, Սարկեդոն, Դոմնաս, Դիգիանոս, Աթանասիոս, Սուգղոս, Արիսկոս, Թեոփիլոս, Մելիտոս, Անգղեոս:

Նրանց ամենքին մատնել էին դատավորի ձեռքն ու ստիպում էին զոհ մատուցել: Եվ դատավորն սկսեց խոսել և ասել. «Ձեր միաբանությունը ցույց տվեցիք և հաղթանակ բերեցիք պատերազմում: Այժմ ևս ցո՛ւյց տվեք ձեր միասնությունը, ենթարկվեցե՛ք թագավորի հրամաններին և զոհեր մատուցեցե՛ք աստվածներին, որ տանջանքների չենթարկվեք»: Իսկ սրբերը պատասխանեցին և ասացին. «Եթե քո իսկ վկայությամբ, մահկանացու թագավորի համար պատերազմելով, հաղթեցինք, ապա Անմահի համար ինչպես կճգնենք հաղթել քո չարահնար խորհուրդներին»: Դատավորն ասաց. «Երկուսից մեկն է ձեր ընտրությունը. կամ զոհ եք մատուցում աստվածներին և արժանանում պատվի և պարգևների, կամ, եթե չեք համաձայնում, կյանքից կզրկվեք»: Սրբերը պատասխանեցին. «Թե ո՛րն է օգտակարը` Աստված կհոգա մեզ համար»: Դատավորն ասաց. «Մի՛ շատախոսեք. վաղը կգաք և զոհեր կմատուցեք աստվածներին»: Եվ հրամայեց նրանց բանտ տանել:

Եվ բանտ մտնելով` սրբերը ծնկի իջան և սկսեցին աղոթել. «Տե՛ր, մեզ հեռու պահիր անօրինություն գործողների որոգայթներից ու գայթակղություններից»: Իսկ երբ երեկոն իջավ, սկսեցին երգել այս սաղմոսը. «Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, կհանգչի երկնքում` Աստծու հովանու ներքո: Տիրոջը կասի. «Իմ ապավեն Աստված, Դու ես ինձ ընդունողը, որի վրա եմ դրել հույսս»:- Նա մեզ կփրկի որսացողների որոգայթներից» (Սաղմ. Ղ. 1-3): Ավարտելով սաղմոսն` ասացին` «Ամեն» և շարունակեցին աղոթել մինչև ուշ գիշեր: Եվ աղոթքի ժամանակ նրանց առաջնորդում էր Կյուրիոնը, իսկ [ատյանում] պատասխանելիս` Կանդիտոս և Դոմնաս սրբերը: Եվ նրանց երևաց Փրկիչն ու ասաց. «Բարվոք է ձեր հոժարությունը. ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Մատթ. Ժ. 22): Եվ բոլորին երկյուղ պատեց, և անքուն մնացին մինչև առավոտ:

Եվ դատավորը կանչեց իր մտերիմներին և հրամայեց սրբերին ատյան բերել: Եվ երբ եկան, դատավորն ասաց նրանց. «Հաճոյախոսություն չէ ասածս, այլ իրականությունն եմ ասում. թագավորի մյուս զինվորները ձեզ պես հանճարեղ չեն և ոչ վայելչատես: Եվ ոչ մեկն այնպես սիրված չէ, ինչպես դուք եք: Արդ սերն ատելության մի՛ վերածեք. ձեր ձեռքերում են ատելությունն ու սերը»: Սուրբ Կանդիտոսը պատասխանեց. «Ըստ քո բարքի դրվեց քո Ագրիկողայոս անունը, որովհետև վայրենի ես ու շողոքորթ»: Դատավորն ասաց. «Չասացի՞, որ ձեր ձեռքերում են ատելն ու սիրելը»: Կանդիտոսը պատասխանեց. «Եթե մեր ձեռքերում են ատելն ու սիրելը, ապա քեզ ատում ենք և սիրում ենք մեր Աստծուն: Եվ դու, Աստծո՛ւց օտարացած, հույս մի՛ ունեցիր, թե սիրելի կլինես մեզ, ո՛վ անսուրբ, խավարածա՛ծկ և վայրենի»: Երբ այս լսեց բռնակալը, մռնչաց իբրև գազան և հրամայեց կապել և քարշ տալով` բանտ տանել: Եվ Կյուրիոնն ասաց. «Մեզ չարչարելու իշխանություն չունես, այլ միայն հարցաքննելու»: Այնժամ երկյուղած դատավորը հրամայեց նրանց առանց կապանքների բանտ տանել` պատվիրելով Ագղեոս բանտապետին զգոն հսկել նրանց, որովհետև սպասում էր դքսի գալստյանը:

Եվ սրբերը գիշեր ու ցերեկ սովորում էին Կյուրիոնից, որ ասում էր նրանց. «Եթե Աստծու կամքով ընկերներ եղանք զինվորական ծառայության ժամանակ, իրարից չենք բաժանվի և այժմ, այլ ինչպես համաշունչ և միախորհուրդ էինք` կձգտենք նույն կերպ հաճո լինել անմահ Աստծուն»: Եվ երբ նրանք յոթ օր բանտում մնացին, Կեսարիա եկավ դուքսն ու մտավ Սեբաստիա: Եվ ութերորդ օրը դատավորի հետ նստեց ատյանում և հրամայեց բերել սրբերին: Եվ սուրբ Կյուրիոնը խրատելով ասում էր նրանց. «Եղբայրնե՛ր, մի՛ երկնչեք: Չէ՞ որ երբ ճակատում էինք, աղոթում էինք Աստծուն և օգնում էր մեզ, ու հաղթում էինք: Հիշո՞ւմ եք [մի անգամ] կռվի մեջ մտանք և մեր բոլոր զորակիցները փախան, և միայն մենք` քառասունս մնացինք թշնամիների մեջ: Եվ սրտագին աղոթեցինք Աստծուն, և մեզ զորություն տվեց: Եվ թշնամիներից ոմանց սպանեցինք և ոմանց փախուստի մատնեցինք: Եվ մեզանից ոչ մեկը խույս չտվեց այդ անթիվ բազմությունից: Իսկ այժմ [ընդամենը] երեք հոգի է մարտնչում մեր դեմ` դուքսը, դատավորն ու սատանան, որ բնությամբ մեկ են և աննշան: Եվ այս մեկը պիտի հաղթի՞ մեզ: Ո՛չ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ: Եկե՛ք այժմ Աստծուն աղոթենք երեկվա պես, և տանջանքն ու լլկանքները մեզ չեն մոտենա: Մի՞թե ամեն անգամ կռիվ մտնելիս մշտապես այս սաղմոսը չէինք ասում. «Աստվա՛ծ, Քո անվամբ փրկի՛ր ինձ և Քո զորությամբ արդա՛ր հանիր ինձ: Աստվա՛ծ, լսի՛ր իմ աղոթքները, ակա՛նջ դիր բերանիս խոսքերին» (Սաղմ. ԾԳ. 3-4): Այժմ ևս ասենք այս սաղմոսը»:

Եվ բոլորը հավաքվել էին սրբերին տեսնելու: Եվ երբ [սրբերը] կանգնեցին դքսի և դատավորի առջև, նրանց վրա նայելով` դուքսն ասաց. «Սրանք կամենում են բռնադատվելով ավելի մեծ պատվի արժանանալ… Այո՛, մեծ պատվի և պարգևների կարժանացնեմ, առավել, քան մյուսներին: Արդ, երկու [ճանապարհ] ունեք. կա՛մ զոհ մատուցել աստվածներին և [հաղթական] պսակի ու մեծ պատվի արժանանալ, կա՛մ, եթե չենթարկվեք, տանջանքներով կզրկվեք կյանքից»: Սուրբ Կանդիտոսը պատասխանեց. «Խավարի՛ առաջնորդ և վարդապետ անօրինության, սկսի՛ր և կտեսնես պատուհասդ»: Եվ ատամները կրճտացնելով` դուքսն ասաց դահիճներին. «Ո՛վ չար սպասավորներ, ինչո՞ւ անհապաղ չեք կատարում մեր հրամանը»: Եվ քարեր վերցնելով` սպասավորներն սկսեցին սրբերի վրա շպրտել, [սակայն] իրար էին խփում: Եվ կատարվածը տեսնելով` երանելիները քաջալերվեցին: Անսահման ցասմամբ լցվելով` դուքսը կամենում էր մի վիրգ վերցնել, որ խփի սրբերից որևէ մեկին, և [այդ պահին] մի քար դիպավ նրան ու երեսը ջարդեց: Եվ սուրբ Կյուրիոնն ասաց. «Մեր դեմ մարտնչող այս թշնամիները ձախողվեցին և ընկան: Արդարև` նրանց սրերը կխոցեն իրենց սրտերը, և նրանց աղեղները կփշրվեն» (Սաղմ. ԼԶ. 15): Դատավորն ասաց. «Երդվում եմ բոլոր աստվածներով, ինչ-որ կախարդություն գործեցին»: Սուրբ Դոմնասն ի պատասխան ասաց. «Աստուծով եմ երդվում` մեր Տերն արեց այս. Աստծու առջև անիրավություն խոսող երեսն անարգեց: Չզգացի՞ր, խորայի՛ն և խավարային սատանա, ճշմարտությունի՛ց խորթացած և գայթակղություն տարածող: Դու, Ագրիկողայո՛ս, սատանայի գլուխ ես: Նաև Լյուսիաս դուքսը, երբ նստում է կողքիդ, երկուսով սատանայի գլուխ եք դառնում: Արդ, եթե այս առաջին սքանչելիքը ձեզ չհամոզեց, ձեռնամուխ եղեք երկրորդին»: Դահիճներն ասացին սրբերին. «Ա՜յ ապշահարնե՛ր և աստվածների երկայնամտության թշնամիներ, ինչո՞ւ զոհ չեք մատուցում»: Սուրբ Կյուրիոնը պատասխանեց. «Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու շնորհիվ մենք ընծայվել ենք միակ Աստծուն և հոժարությամբ շարունակում ենք մեր ճգնական ընթացքը, որպեսզի ընդունենք անապական պսակն ու հաղթենք ձեր չարարվեստ խոհերին»: Այնժամ դուքսը հրամայեց սրբերին բանտ տանել, որպեսզի մի բան մտածի նրանց համար: Եվ բանտ մտնելով` սրբերն սկսեցին Կյուրիոնի հետ ասել. «Աչքերս դեպի քեզ բարձրացրեցի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Ինչպես ծառաների աչքերն իրենց տերերին, ինչպես աղախնի աչքերն իր տիրուհուն, այնպես և մեր աչքերն են Քեզ ուղղված, մեր Տե՛ր Աստված, մինչև որ գթաս մեզ» (Սաղմ. ՃԻԲ. 1-3): Եվ կարգով ասացին սաղմոսն ու աղոթեցին: Եվ գիշերով ձայն հնչեց նրանց, և երևալով` Փրկիչն ասաց. «Ով հավատում է Ինձ, անգամ եթե մեռնի, կապրի (Յովհ. ԺԱ. 25): Քաջալերվե՛ք և մի՛ երկնչեք նրանց տանջանքներից, որովհետև ժամանակավոր են: Դիմացե՛ք մի փոքր և ճգնեցե՛ք կարգով, որպեսզի պսակն ստանաք»: Եվ Քրիստոսի քաջալերությամբ սրբերը գիշերն անցկացրեցին ցնծությամբ: Իսկ երբ բացվեց առավոտը, հրամայվեց սրբերին բանտից բերել: Եվ բռնակալների առջև կանգնելով` սրբերն ասացին. «Ինչ կամենում եք` արե՛ք շտապ»: Եվ երևաց սատանան` աջ ձեռքում սուսեր բռնած, իսկ ձախում` վիշապանախշ դրոշ, և ասաց Ագրիկողայոսի ականջին. «[Դու] իմն ես. քաջությա՛մբ մարտնչիր»: Եվ դատավորը հրամայեց հաստ պարաններով կապել սրբերին և բոլորին իրար հետ տանել լճի մոտ. Սեբաստիայում մի խորունկ լիճ կար, իսկ սրբերի այս գուպարը պարզ և սաստիկ ցուրտ եղանակի էր: Եվ տանելով` նրանց մորեմերկ լիճը մտցրեցին և Ագղեոս բանտապետին ու զինվորներին իբրև պահապան կանգնեցրին սրբերի մոտ:

Ձմեռ էր` օդը սառնաշունչ, իսկ օրը թեքվել էր դեպի երեկո: Եվ [դիվագլուխները] լճի մերձակա բաղնիքը ջեռուցեցին, որպեսզի ով կամենա զանց առնել` [դուրս գա սառն լճից և ջերմ] բաղնիքը մտնի: Գիշերադեմին սրբերը սառնամանիքից քարացել էին, և պաղության պրկումից նրանց մարմինները պատռվում էին: Եվ քառասուն սրբերից մեկը, երբ այլևս չկարողացավ դիմանալ, վազեց դեպի բաղնիքը, բայց ջերմ [սենյակը] մտնելով` իսկույն ավանդեց հոգին: Իսկ սրբերը, տեսնելով այս, ասես միաբերան ասացին. «Մի՞թե գետերի վրա ես բարկանում, Տե՛ր, Քո բարկությունը գետերի՞ վրա է, թե՞ զայրանում ես ծովերի վրա» (Ամբ. Գ. 8): Մեզնից այն մեկը, որ վարանեց` հեղվեց ջրի պես և նրա ոսկորները ցրվեցին: Բայց մենք չենք հեռանա Քեզանից` մինչև որ փրկես մեզ, և մենք գոչենք Քո անունը, որն օրհնում են բոլոր խորքերը, հուրն ու կարկուտը, ձյունն ու սառնամանիքը, հողմն ու մրրիկը, որ ենթարկվում են Քո խոսքին: [Դու], որ ծովի վրա քայլում ես ինչպես հատակին, [Դու], որ ձեռքդ բարձրացնելով` զսպում ես մրրկված ծովի ալիքները: Եվ Դու, որ այն նույն Տերն ես, որ լսեցիր Եսավի սպառնալիքից փախած Հակոբի աղոթքները, [Դու], որ վաճառվեցիր Հովսեփի հետ և փրկեցիր նրան: [Դու], որ լսեցիր Մովսեսին և հրաշք գործեցիր Փարավոնի և նրա զորքի առջև` կիսելով Կարմիր ծովն ու անապատ առաջնորդելով Քո ժողովրդին: [Դու], որ ականջալուր եղար Քո սուրբ առաքյալներին, լսի՛ր նաև մեզ, Տե՛ր, որ ջրապտույտը չընկղմի մեզ և խորքը կուլ չտա, և մենք ի սպառ չվերանանք: Օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստված, որ Քո անվամբ [կանգնած] մնանք այս խոր ջրում: Մեր մարմինները ներկվեցին մեր արյամբ: Տե՛ր, մեղմի՛ր օդի սառնությունը, որ ամենքն իմանան, որ Քեզ աղերսեցինք և քեզնով փրկվեցինք»:

Եվ գիշերվա երրորդ ժամին արև ծագեց նրանց վրա` ամառվա պես կիզիչ, սառնությունը կոտրվեց և ջուրը դարձավ ջերմ: Եվ բոլոր պահապանները քնած էին, և միայն բանտապանն էր արթուն: Ականջ էր դնում նրանց աղոթքներին և մտածում էր, թե ինչպես եղավ, որ բաղնիքի ջերմությանն ապավինածը կործանվեց իսկույն, իսկ մյուսները դեռ ողջ են: Եվ լույս տեսավ նրանց շուրջը: Եվ նայեց երկնքին, որ տեսնի, թե որտեղից է լույսը: Եվ պսակներ տեսավ, որ իջնում էին սրբերի վրա. թվով` երեսունինը: Եվ սկսեց ինքնիրեն մտածել, թե ինչո՞ւ է մի պսակ պակաս: Եվ հասկացավ, որ բաղնիք փախածն այլևս քառասունից չի համարվում: Այնժամ արթնացրեց իր մոտ եղած պահապաններին, հանեց հանդերձներն և վազեց դեպի լիճը` գոչելով, թե` «Ես ևս քրիստոնյա եմ»: Եվ սկսեց ասել. «Տե՛ր Աստված, հավատում եմ Քեզ, ում նրանք ևս հավատացին: Նրանց խումբն ընդունի՛ր և ինձ արժանացրու փորձության, որ ես ևս ընտիր լինեմ»: Իսկ սատանան, պարտության մատնվելով և վարանելով, մարդկային կերպարանք առավ և բոլորի ներկայությամբ ասում էր. «Վա՜յ ինձ, որ պարտության մատնվեցի սրբերի կողմից և բոլորի ծաղրի առարկան դարձա: Արժանի արբանյակներ չունեի, այլապես չէի պարտվի: Բայց այժմ կբորբոքեմ իշխանների սրտերը և այրել կտամ սրբերի նշխարներն ու շաղ տալ գետի ջրերին: Եվ այնպես կանեմ, որ նրանց ոսկորների նշխարները չգտնվեն»: Իսկ սուրբ Կյուրիոնն ասաց. «Ո՞վ է մեծ Աստված, ինչպես մեր Աստվածը» (Սաղմ. ՀԶ. 14), կամ` «Ո՞վ է Աստված` մեր Աստծուց բացի» (Սաղմ. ԺԷ. 32): «Դու ես միակ Աստվածը, որ սքանչելիքներ ես գործում» (Սաղմ. ՁԵ. 10), որովհետև բանտապանին մեր կողմը դարձրեցիր և չորս տասնյակի պակասը լրացրեցիր` ամոթահար անելով սատանային»:

Իսկ երբ բացվեց առավոտը, եկան բռնակալներն ու տեսան, որ բանտապանը սրբերի հետ է: Եվ սկսեցին հարցնել զինվորներին, թե ինչ եղավ, որ այդպես վարվեց: Եվ պահապան զինվորները պատասխանեցին. «Մենք ընդարմացած քնել էինք, իսկ նա ամբողջ գիշերն արթուն էր: Եվ հանկարծ արթնացրեց մեզ, և լճում եղածների շուրջը սաստիկ լույս տեսանք: Իսկ բանտապանն արագ իր հանդերձները գցեց մեր առջև և վազեց նրանց մոտ` աղաղակելով, թե` «Ես ևս քրիստոնյա եմ»: Եվ ցասումով լի բռնակալները հրամայեցին սրբերին դուրս քաշել լճից և բրերով ջարդել նրանց ազդրերը:

Եվ սրբերից մեկի մայրը եկել էր նրանց մոտ, որովհետև իր որդին ամենափոքրն էր բոլորի մեջ: Եվ կինն անհանգստանում էր, թե գուցե որդին երկյուղի, և ձեռքերն իր դեպի տղան պարզելով ասում էր. «Քաղցրի՛կ որդի, համբերի՛ր մի փոքր ևս, որ ընտիրների կարգը դասվես: Մի՛ երկնչիր, ահա Քրիստոս ձեզ օգնության է հասել»:

Եվ երբ ջարդեցին նրանց ազդրերը, արդեն մահամերձ սրբերն ասացին. «Մեր հոգիները փրկվեցին, ինչպես ճնճղուկը որսորդների որոգայթից. նրանց որոգայթները փշրվեցին, իսկ մենք փրկվեցինք: Մեզ օգնում է անունն այն Տիրոջ, որ արարեց երկինքն ու երկիրը»: Եվ միաբան արտաբերեցին` «Ամեն» ու ավանդեցին հոգիները: Իսկ պատանի Մելիտոնը, որին մայրը մխիթարում էր, դեռևս ողջ էր: Եվ բռնակալները հրամայեցին սրբերի մարմինները սայլին դնել և գետափ տանել: Իսկ պատանուն թողեցին լճի ափին` կարծելով, թե կապրի: Եվ մայրը որդուն մենակ տեսավ. մի կողմ դրեց կանացի տկարությունը և տղամարդկային միտք և ուժ ստանալով` որդուն ուսին առավ և առաքինաբար ընթացավ սայլի ետևից: Եվ պատանին ցնծությամբ հոգին ավանդեց, երբ մոր ուսին էր: Եվ բերելով` մայրը որդուն սայլին դրեց: Սպասավորները կրակ վառեցին և այրեցին սրբերի ոսկորները: Այնժամ բռնակալները միասին խորհեցին. «Եթե այսպես թողնենք սրանց նշխարները, քրիստոնյաները կվերցնեն [և համբավը] կտարածեն աշխարհով մեկ»: Եվ քերեցին ու մսազերծ արեցին սրբերի ոսկորներն ու գետը գցեցին:

Եվ գետը սրբերի նշխարները կուտակեց իր զառիվայր ափի մոտ, և ոչինչ չկորավ: Իսկ երկու օր անց քաղաքի եպիսկոպոսին մի տեսիլք հայտնվեց, թե` «Նշխարներն այսինչ ապահով տեղում են. գիշերով արի՛ և մեզ հանիր գետից»: Եվ իր հետ վերցնելով եկեղեցու ուխտավոր և նվիրյալ հավատացյալներին, գնաց գետի մոտ: Եվ սրբերի նշխարները ջրի տակ լուսատուի պես փայլում էին, և ուր որ մնացած էր լինում նրանց ոսկորներից, այնտեղ լուսավոր ճաճանչ էր երևում: Եվ ժողովեցին սրբերի նշխարներն ու մեծ ցնծությամբ քաղաք վերադարձան:

Եվ արդ, այսպես նահատակվելով, սրբերն այս երկնքի լուսատուների պես փայլում են, որովհետև հավատացին Աստծուն, Քրիստոս դավանեցին, զորացան Սուրբ Հոգով և փառավորվեցին ընդ Քրիստոս, բոլոր հավատացյալներին փրկության բարի հիշատակ թողնելով առ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, որին փառք հավիտյանս. ամեն:

 

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

25.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․