Գրքեր

Քարոզ Սուրբ Խաչի երևման տոնի

«Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա» (Սղմ. ՂԶ 6):

Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Ս. Խաչի Երևման տոնն է: Եվ մեր Եկեղեցու Ճաշոց գրքում, որտեղից ընթերցում ենք Աստվածաշնչի հատվածները, պատգամը ժողովրդին, այսօրվա ընթերցվածը բացվում է սաղմոսերգու Դավիթ թագավորի մարգարեական այս տողերով. «Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա»:

Քրիստոսից շուրջ հազար տարիներ առաջ Դավիթ արքայի մարգարեությունը Քրիստոսից հետո 351 թ. մայիսի 7-ին իրականացավ Երուսաղեմում: Ցերեկվա երրորդ ժամին Երուսաղեմի երկնքում երևաց Ս. Խաչի նշանը, որը լուսային և ճառագայթարձակ փայլմամբ տարածվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Ահա թե ինչպես է նկարագրում այս սքանչելի իրադարձությունը Ս. Կյուրեղ հայրապետը, որ ժամանակի Երուսաղեմի պատրիարքն էր, Կոստանդիանոս Մեծի որդուն գրած իր նամակում. «Եվ որովհետև Ս. Խաչափայտն արեգակից ավելի հզոր իր ճառագայթներն էր մատուցում տեսնողներին այն աստիճան, որ աստվածտեսության երկյուղով և ուրախությամբ բռնված, քաղաքում բոլորն անխտիր շտապում էին Եկեղեցի. մանուկներն ու ծերերը, տղամարդիկ և կանայք, բոլոր տարիքի մարդիկ, մինչև իսկ տնարգել աղջիկները, բնիկները և օտարները, քրիստոնյաները և այլ տեղերից եկած ազգերը: Բոլորը միահամուռ, միաբերան օրհնում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝  Աստծո Միածին Որդուն՝  Սխրագործին»:

Ժողովուրդը տեսել էր Տիրոջ խաչափայտի փառքը, Տիրոջ խաչափայտի արդարությունը և շտապում էր եկեղեցի, ինչպես այսօր մենք եկել ենք Մայր Տաճար՝ տոնախմբելու Մեր Տիրոջ Ս. Խաչի Երևման տոնը: Լուսավոր Խաչը, ցոլալով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, ցույց տվեց, որ սա նշանն է Նրա, Ով խաչվեց Գողգոթայի վրա և համբարձվեց Ձիթենյաց լեռան վրայից: Եվ որ այս նշանը առաջնորդում է մարդկանց դեպի Խաչյալի արդարությունը և փառքը:

Աշխարհում չկա մի մարդ, որ իր կյանքում գոնե մեկ անգամ լսած չլինի Քրիստոսի խաչափայտի մասին: Դա պատմական փաստ է. Քրիստոս խաչվել է շուրջ 2000 տարի առաջ, Երուսաղեմում՝ քաղաքից դուրս, և թեև շատերն են տեղյակ Քրիստոսի խաչելությանը, սակայն քչերն են գիտակից այդ խաչի, խաչափայտի բերած փառքին և արդարությանը: Եվ ահա այսօր, սիրելինե՛ր, ուզում եմ խոսել Տիրոջ խաչափայտի արդարության և փառքի մասին: Այսօր մարդիկ այնպիսի ոգևորությամբ են գործածում արդարություն բառը, որ կարծես գյուտ արած լինեն և կարծես այն աստվածաշնչային ժառանգության կամ մեր հավատքի բովանդակության մի մասնիկը բնավ չի եղել:

Մարդիկ արդարադատության նախարարություններ են հիմնում, հիմնում են մարդու իրավունքների պաշտպանության զանազան կառույցներ, հասարակական կազմակերպություններ, հանցագործներին հանուն արդարության պաշտպանության բանտարգելում են, բայց չնայած այս ամենին՝ հանցագործները շարունակում են ավելանալ: Մարդու իրավունքները շարունակվում են ոտնահարվել, անարդարությունը շարունակում է տեղ գրավել և իշխել աշխարհում: Երեկ հեռուստատեսությամբ մի հաղորդում էի դիտում գողերի մասին, նաև օրենքով գողերի մասին և փաստավավերագրական այդ հաղորդման ընթացքում ոստիկանության մի գնդապետ հետևյալ միտքն արտահայտեց. «Բանտերը, ուղղիչ աշխատանքային գաղութները մինչև այսօր ոչ ոքի չեն ուղղել, ո՞րն է այն պատճառը, այն շատ կարևորը, էականը, որ բացակա է արդար հասարակություն ունենալու համար»: «Եվ ի՞նչ է արդար հասարակությունը»,- ասում ենք հաճախ:

Ուզում ենք ունենալ արդար հասարակություն, որ շուկայում մեզ մի կիլոգրամ ալյուրի կամ շաքարավազի համար չխաբեն, կշեռքը չկեղծեն և այլն, և այլն: Պարզապես զոհ ենք անարդարության և քաղցն ու ծարավն ունենք արդարության, ինչպե՞ս լինել արդար ընտանիքում, խմբում, ընկերության մեջ, եկեղեցում, հասարակության մեջ, միևնույն երկրում և ընդհանրապես աշխարհում, ժողովուրդների մեջ: Ես որպես Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր, սիրելինե՛ր, այս Երևման Ս. Խաչի տոնին հրավիրում եմ ձեզ բոլորիդ հառելու ձեր աչքերը երկինք, որովհետև, ինչպես սաղմոսերգուն է ասում. «Երկինքը պատմում է Նրա արդարության մասին»: Եվ այնտեղ բոլորս կգտնենք մեր հարցերի պատասխանները:

Սիրելինե՛ր, հասկանալու համար Աստծո արդարությունը և փառքը Քրիստոսի Խաչի միջոցով, պիտի մարդկության անցած ճանապարհով ետ գնանք դեպի Արարչագործություն: Եսայի մարգարեն ասում է. «Աստված մեզ ստեղծել է Իր փառքի համար»: Սրանից հետևում է, որ բոլորս պետք է ապրենք Աստծո փառքի համար:

Աստծո փառքի համար ապրելու մերժումը, նրա փառքի դեմ ոտնձգությունը, որին բոլորս հանցակից ենք, Աստվածաշունչն անվանում է մեղք: «Որովհետև բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին փառքից»,- ասում է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում»:

Մեր մեղքերի պատճառով մենք բոլորս ժառանգեցինք Աստծո զայրույթի հավիտենական պատիժը՝ մահը:

Մարդկային հասարակության մեջ, երբ որևէ մեկը հանցանք է գործում հասարակական օրենքի նկատմամբ, պետք է համապատասխան պատիժ կրի, որպեսզի պահպանվի օրենքը և պահպանվի հասարակության կայունությունը: Ուրեմն, Աստված պետք է պատժի մեղքը՝ պահպանելու համար Իր օրենքը և պահպանելու համար Իր փառքը, որի դեմ մենք հանդգնել ենք մեր բազում մեղքերով, սակայն Աստծո պարագային բարի լուրն այն է, որ Աստված սեր է և այսուհանդերձ ներում է նրանց մեղքերը, ովքեր զղջում են և հավատքով դառնում Իր Որդին: Սակայն այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է Աստված ներել մեղքը, առանց Իր փառքի հետ փոխզիջման գնալու: Այստեղ է, որ մեր առջև հառնում է Աստծո արդարության խնդիրը:

Ուշադիր ընթերցենք, թե ինչ բացատրություն է տալիս Պողոս առաքյալը այս հարցի առնչությամբ Հռոմեացիներին գրված իր թղթում. «Արդարև, թեպետ բոլոր մարդիկ մեղանչեցին և զրկված են մնում Աստծո փառքից, սակայն Աստված արդարացնում է նրանց ձրիաբար Իր պարգևած շնորհով, Հիսուս Քրիստոսի փրկագործության միջոցով, որովհետև Աստված նախասահմանեց, որ Քրիստոս Իր թափած արյունով քավության միջոց պիտի դառնա նրանց համար, ովքեր հավատում են Իրեն: Անցյալում Աստված Իր արդարությունը ցույց էր տալիս՝ անհիշաչար գտնվելով մարդկանց գործած մեղքերի հանդեպ, իսկ ներկայում Նա Իր նույն արդարությունը հայտնում է՝ թողություն շնորհելով մեղավորներին, ցույց տալով, որ Ինքն արդար է և արդարացնում է ամեն մեկին, ով հավատում է Քրիստոսին» (Հռոմ. Գ 23-26):

Սիրելիներ, Խաչի Երևման տոնը մեզ հրավիրում է վերադառնալ հենց այս իրականությանը: Հիսուս խաչվեց՝ հայտնելու, ցույց տալու համար Աստծո արդարությունը: Սա շատ էական և կարևոր է: Մարդկանց միշտ հուզել է այս խնդիրը: Ինչո՞ւ, որովհետև երբ դու հասկանում ես, որ Աստված արդար է, և երբ հասկանում ես, որ դու մեղավոր ես, սա քեզ դնում է մի շատ դժվար իրավիճակի մեջ: Ինչպե՞ս կարող է մեղավոր մարդը արդար լինել Աստծո հետ, արդար լինել ընդհանրապես իր հասարակության մեջ: Սա մարդկային պատմության դարավոր ընթացքն է, ինչպե՞ս կարող եմ ճանաչել Աստծուն, ինչպե՞ս կարող եմ ներված լինել Աստծո կողմից, ինչպե՞ս կարող եմ արդար լինել Աստծո նկատմամբ:

Այս կարևոր հարցադրումն է, որ դրել է բոլոր կրոնների հիմքերը: Կրոնը, ինչ աստվածության էլ որ մարդ հավատա, ում իշխանության տակ էլ որ լինի, որ հեղինակությունից, իշխանությունից էլ վախենա, իր հիմնական իմաստով ձգտում է պատասխան տալ այս հարցին: Փորձում է հանդարտեցնել մարդկանց սրտերի այս հուզմունքը, փոթորիկը: Շատ առաջարկներ են եղել, թե ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Աստծո հետ, բայց քրիստոնեությունից բացի մնացյալ բոլոր կրոններն էլ հիմնված են մարդու սոսկական ջանքերի ու աշխատանքի վրա, իսկ դա չի բավարարում Աստծուն: Դրանք մարդուն չեն նախապատրաստում և չեն արդարացնում Աստծո առաջ: Քրիստոնեության մեջ Աստված հստակ ծրագրով ցույց է տալիս Իր արդարությունը. վերը ընթերցված Հռոմեացիների թուղթն ասում է, որ մենք արդարացված ենք, մենք արդար ենք Աստծո առաջ ձրիաբար, Իր Միածին Որդու շնորհիվ: Քավություն բառը հունարենում նշանակում է փրկագին: Գիտե՞ք՝ որն է փրկագինը, երբ օրինակ գողանում են մի երեխայի, տանում, թաքցնում են ինչ-որ մի տեղ և զանգահարում են ծնողներին ու ասում. «Քո երեխան մեզ մոտ է, և եթե ցանկանում ես ետ ստանալ, ապա պիտի վճարես համապատասխան այս գումարը, որպեսզի վերադարձնենք նրան»:

Սա է փրկագինը, սիրելիներ, և ծնողը վճարում է իր սեփական երեխայի համար, որպեսզի նրա կյանքը գնի, որպեսզի երեխային փորձանք չպատահի: Սա կիրառվել է վաղ ժամանակներում, երբ փրկագին էին վճարում ստրուկների համար, որպեսզի նրանց ազատեին ստրկությունից:

Եվ այսպիսով, Ավետարանն ասում է, որ Աստված մեզ մեղքի ստրկական ծառայությունից գնելու համար վճարեց այդ գինը: Գինը շատ ավելի բարձր էր, քան որևէ մարդկային էակ կարող էր վճարել: Ինչպե՞ս կարող է ստրուկը վճարել իր ազատության համար կամ ինչպե՞ս կարող է մարդն իր աշխատանքի շնորհիվ արդար լինել Աստծո առաջ: Եթե մեղավորը տառապելու լիներ իր սեփական մեղքերի համար, ապա նա կտառապեր իր ողջ կյանքի, անգամ հավիտենության մեջ, և այդ հավիտենությունը չէր կարող բավարար լինել քավելու համար իր մեղքերը: Ո՛չ մեկը, ո՛չ մի մեղավոր չէր կարող քավել իր սեփական մեղքը, էլ ուր մնաց ուրիշներինը:

Սաղմոսերգուն ասում է. «Եղբայրը եղբորը չի կարող սիրել, ոչ էլ մարդն ինքն իրեն: Նա փրկագին չի կարող տալ Աստծուն, ոչ էլ իր հոգու փրկագինը»: Բայց Աստված գթասիրտ է և ասում է մեզ. «Տե՛ս, քեզ պիտի տամ Ինձ հետ արդար հարաբերության շնորհը, մեղքիդ ստրկական ծառայությունից քո ազատությունը, և հավիտենական կյանքի նվերը, բայց գինը պիտի վճարեմ»: Եվ ո՞րն էր այդ գինը: Գինը նշանակված էր դեռևս եդեմական դրախտում՝ մահը: Բայց Աստված այնքան սեր ուներ և ողորմած էր, որ վճարում է Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի կյանքի գնով: Հիսուս անմեղ էր, մեր մեղքերը վերցրեց Իր վրա և մահացավ մեր փոխարեն: Նա պետք է մարդ լիներ մարդկայնապես մահանալու համար, նա պետք է Աստված լիներ, մահվանը՝ մեղքին հաղթելու համար: Եվ, այսպիսով, աստվածամարդը պիտի տառապեր: Դրա համար էլ Քրիստոս որպես կատարյալ Աստված և կատարյալ մարդ եկավ աշխարհ, Իր վրա կրեց ողջ աշխարհի մեղքը և խաչի վրա Իր արյան հեղումով վճարեց Աստծո արդարության գինը:

Սիրելինե՛ր, ահա Քրիստոսի խաչը, որը ոչ միայն Աստծո արդարության, այլև Նրա փառքի հայտնությունն է: Խաչը մեզ միշտ էլ դեմ դիմաց է բերում մեղքի սարսափին, որն առաջնորդում է մահվան և մեր նկատմամբ Աստծո ու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անչափելի սիրո, որն առաջնորդում է դեպի Աստված՝ անսահման փառքի օրհներգությունը: Այսու, հավատալ խաչյալ Որդուն, նշանակում է հավատալ, որ այդ անսահման սերը ներկա է աշխարհում, որ այդ սերը շատ ավելի զորավոր է, քան բոլոր տեսակի չարիքները. մեղքն ինքնին, որի մեջ թաթախված է մարդը, և՛ մարդկությունը, և՛ համայն աշխարհը:

Եթե ուզում եք արդար կյանքով ապրել, արդար հասարակություն ունենալ և սակայն ջանքերն անընդհատ ձախողվում են, ապա Աստծուց պիտի սովորենք, թե ինչպես ապրել և արադարություն արարել:

Տիրոջ խաչափայտը մեզ սովորեցնում է, որ աշխարհի ազատագրման ուժը ո՛չ բռնության, ո՛չ վրեժխնդրության, ո՛չ ատելության, ո՛չ անգամ դասակարգերի պայքարի մեջ չէ, այլ սիրո:

Տիրոջ խաչափայտի արդարությունը մեզ ուղղորդում է դեպի մեր դիմացինը, մեր նմանը: Քրիստոսի կյանքն է ճանապարհ դեպի խաչելություն: Մի կյանք, որն ամբողջությամբ մեղավորների և այս աշխարհի կողմից մերժվածների համար է, որը զոհաբերվում է շատերի փրկության համար: Նա, Ով եկել է, որովհետև սիրում է: Նա, Իր կյանքը որպես փրկագին տվեց շատերի համար՝ փրկելու մարդկությանը: Զոհաբերության և սիրո ինքնամոռաց նվիրումի մեջ Նա է, Ով պիտի ծնի արդարության արքայությունը և նոր մարդկությունը: Ուրեմն հասարակությունը, ըստ Աստվածաշնչի, այն է, ուր յուրաքանչյուր մեկը հոգ է տանում ուրիշի համար, ուր թագավորում է սերը: Ասվում է. «Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք»: Արդարությունն, ավելին ասեմ, առանց սիրո անարդարություն է: Գողերն իրենց թալանը հավասար կերպով, արդարությամբ բաժանում են իրար մեջ: Այդպիսին կլինի նաև մեր երկիրը, պետությունը և հասարակությունը, եթե Աստծո և մեր դիմացինի, մեր նմանի սերը չիշխի և մեզ չառաջնորդի, այլ միայն օրենքի խստությամբ և արդարությամբ շարժվենք:

Աղոթեք Աստծուն, որ մեզ իմաստություն և ուժ տա, սիրենք և կարողանանք Քրիստոսի կյանքի նման մեր կյանքը ևս դարձնել ծառայության ճանապարհ. աղքատի, կարիքավորի, հիվանդի, անդամալույծի, թույլի, տկարի և ամեն մի մեղավորի համար, որ ձերբազատվենք մեր սեփական եսի տաղտկալի ոչնչաբանությունից, և սիրով ընթանանք դեպի մեր դիմացինը: Աստծուց պարգև ստացած փրկությունը և սերը փոխանցենք մեր շրջապատի մարդկանց, փոքրիկ զանցառուից մինչև անծանոթ հեռավորը, մեր ամենալավը տանք, ամենաբարին անենք սեփական անձի զոհաբերության աստիճան, որ մեղավոր ընկերը ետ դառնա իր չար ճանապարհից, զղջա և բարիք արարի:

Եվ միայն այդ ժամանակ մենք կունենանք իրական արդար հասարակություն, երբ ամեն մեկը հոգ տանի ուրիշի մասին: Այն ժամանակ միայն կգտնենք ճշմարիտ արդարությունը և մեր փրկությունը և կլինենք կատարյալ, ինչպես մեր երկնավոր Հայրն Աստված, որին փառք հավիտյանս. Ամեն:

 

 

Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Երևման Ս. Խաչի տոնին մատուցված Ս. Պատարագին: 20 ապրիլի 2008 թ.)

14.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․