Գրքեր

Քրիստոնեական արվեստում «Չորեքկերպյան աթոռ» հորինվածքը

«Չորեքկերպյան աթոռ» հորինվածքում գահանիստ Քրիստոս շրջապատված է Եզեկիելի տեսիլքի (Եզեկիել 1:1-28) անիվներով և «կենդանի արարածներով», որոնցից յուրաքանչյուրն ունի չորս գլուխ՝ մարդու, առյուծի, եզան և արծվի:

«Չորեքկերպյան աթոռ» մանրանկարը հանդիպում է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված ու ամենաբեղուն ներկայացուցիչներից մեկի՝ մանրանկարիչ Հովհաննես Խիզանցու գրեթե բոլոր Ավետարաններում, այն տարբերությամբ, որ մյուս ձեռագրերում ոչ թե բացում, այլ եզրափակում է թեմատիկ պատկերների շարքը: «Չորեքկերպյան աթոռ» մանրանկարում Հովհաննես Խիզանցին հորինվածքը կառուցել է եկեղեցու բեմի նմանողությամբ, այն հիշեցնում է եկեղեցու խորան: Բեմի կենտրոնում նա պատկերել է Հիսուս Քրիստոսին, Ով բազմել է չորեքկերպյանների վրա: Նա ավանդական հանդերձով է՝ կապույտ քիտոն և կարմիր թիկնոց: Աջ ձեռքը եռամատ օրհնության նշանով է, ձախում պահել է Ավետարանը: Լուսապսակը խաչազարդ է և կրկնվում է բոլոր այն մանրանկարներում, որտեղ պատկերված է Հիսուս Քրիստոսը: Հետաքրքիր են մանրանկարի խորհրդաբանական մանրամասները: Չորեքկերպյանի գրական հիմքը Եզեկիելի տեսիլքն է (Եզեկիել 1:1-28): Մանրանկարը, սակայն, այդ նկարագրության խիստ համառոտ պատկերագրական տարբերակն է: Մանրանկարում արտացոլվել են Քոբարական տեսիլքի ամենաէական դրվագները: Չորեքկերպյանները ՝ մարդը, առյուծը, եզն ու արծիվը, Եդեմի չորս գետերի, չորս ավետարանիչների խորհուրդն ունեն, Աստծո Գահը, որը Հիսուսի թիկնամասում պատկերված բարձն է, և Լույսը՝ աստվածայինի և Աստծո ներկայության խորհրդանիշը: Հովհաննես Խիզանցին, օգտագործելով կապույտ և սպիտակ գույների երանգների նուրբ համադրությունը, Լույսի ճառագումը արտահայտել է մանրանկարի վերին հատվածում՝ բեմի կոնքում: Մանրանկարի ստորին մասում, զարդապատկեր բեմի կամարակապ տարածքի մեջ Հովհաննես Խիզանցին գրել է. «Ս(ուր)բ Երրորդութի(ւ)ն աւրհնեսցէ հոգով և մարմնով ստացող Ս(ուր)բ Աւետարանիս զտ(է)ր Թադէոս կրաւնաւորն և ամ(ենայն) սրբոց մաղթանաւք զիս զանարժան և զսուտանուն ծ(ա)ղկ(ո)ղ զՅ(ո)վ(ա)ն(է)ս և զծնողսն իմ»:

Հետաքրքրական է նաև մանրանկարին տված անվանումը. «Սուրբ Երրորդութիւն»: Միջնադարյան մեկնիչները «…ի վերայ աթոռոյն՝ նմանութիւն կերպարանաց մարդոյ» (Եզեկիել 1:26) հատվածը բացատրելիս եզրակացնում են, որ խոսքը Հիսուս Քրիստոսի մասին է: Շատ դժվար է պատկերին տալ «Սուրբ Երրորդություն» անունը, քանի որ մանրանկարում Երրորդությունից միայն Հիսուս Քրիստոսն է: Հնարավոր է, որ Հովհաննես Խիզանցին նկատի է ունեցել Աստծո Որդուն բնութագրող Պողոս առաքյալի հետևյալ արտահայտությունը. «… Զի ի նմա հաճեցաւ ամենայն լրումն Աստուածութեանն բնակել» (Կողոս. 1:19-20):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

14.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․