«Քրիստոնեական հավատքը մեր ազգային տեսակն է» | Qristoneakan Havatqy Mer Azgayin Tesakn E



Գրքեր

«Քրիստոնեական հավատքը մեր ազգային տեսակն է»

Հարցազրույց կոմպոզիտոր, երգիչ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Վահան Արծրունու հետ

Պրն. Արծրունի անցյալ տարի լրացավ Ձեր բեմական գործունեության 30-ամյակը, շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ: Մեր մաղթանքն է, որ Ձեր բեղուն ստեղծագործական ուղին երկարատև ընթացք ունենա՝ մշտապես ջերմացնելով ունկնդիրների սրտերը Ձեր երգերի անկեղծ զրույցով:

Մասնագիտության ընտրության նախաշեմին ընտրեցիք բժշկության ասպարեզը, թեև ուսումնառության տարիներին զուգահեռ «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչն եք եղել: Ձեր պապի՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Վահան Մարգարի Արծրունու օրինակին հետևելո՞վ էր, որ ընտրեցիք բժշկության ասպարեզը: Պատմեք խնդրեմ, ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը այդ ասպարեզից դեպի երգարվեստ:

Վահան Արծրունու անունը կրողը և հետնորդը, բնական է, որ բժշկության ուղին պետք է շարունակեր, ուստի անցումը դեպի բժշկության ասպարեզ շատ օրգանական էր ինձ համար: Թե՛ դպրոցական և թե՛ համալսարանական տարիներին երաժշտությունը հոբբի էր ինձ համար՝ պայմանավորված կիթառով, «Բիթլզ»-ով և ռոք երաժշտությամբ, ինչն առավել խորացրեց իմ հետաքրքրությունը դեպի երաժշտության այլ ոլորտներ՝ հոգևոր, ֆոլկլորիկ և դասական: Երաժշտությունն ինձ համար հոբբի էր այնքան ժամանակ, քանի դեռ այն չէր ձևավորվել որպես հստակ նպատակ, հետագայում էլ՝ կյանքի գործ, այդ պատճառով էլ բժշկականն ավարտելուն պես ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամն եք: Ե՞րբ եք Ձեր քայլերն ուղղել դեպի եկեղեցի և ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեր կյանքում:

Շատ լավ եմ հիշում, մանկությանս տարիներին մարդիկ շատ քիչ էին այցելում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի, ձևավորված համայնք չկար և այդ ամենը կոմունիստական անաստվածության ու ստալինյան տարիների արդյունքն էր: Մարդիկ վախենում էին եկեղեցի գնալ, թեև կար անկեղծ հավատացյալների մի որոշակի զանգված, որ այցելում էր եկեղեցի: Մկրտվելու իմ որոշումը հասուն տարիքում ձևավորված որոշում էր, 21 տարեկան հասակում եմ մկրտվել: Ես հիմա միայն գոհունակությամբ եմ տեսնում, որ մեր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ ձևավորված համայնքը՝ գլխավորությամբ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, լավագույն և նվիրական համայնքներից մեկն է մեր քաղաքի: Այն սիրտն ու հոգին, որ Տեր Հայրը դնում է եկեղեցու բարեկարգման գործընթացի, մարդասիրական ծրագրերի և հոգևոր կյանքն ապահովելու համար, իրենց ցանկալի արդյունքներն են տալիս: Շատ ամուր հոտ է հավաքվել և այս ամենի մասին միայն ցնծությամբ կարող եմ խոսել: Յուրաքանչյուր հայի համար կարևորագույն հանգամանք է Հայ Առաքելական Սբ. եկեղեցու հոտի անդամ լինելը, որովհետև հայի տեսակը կերտող հանգամանքներից մեկն է այն: Բավարար չէ միայն զինված լինել գիտելիքներով և սեփական մշակույթի մասին պատկերացումներով, այս ամենը պետք է որոշակի հիմքի վրա կառուցվի, իսկ մտավոր և հոգևոր հիմքը, համենայն դեպս ինձ համար, միշտ հանդիսացել է քրիստոնեական հավատքը, որ մեր ազգային տեսակն է, ինչպես նաև Հայ Առաքելական Սբ. եկեղեցու աստվածաբանական և թեոսոֆիական դրվածքը: Իմ պարագայում այս հանգամանքը և գիտակցումը ներքին խաղաղության և հարմոնիային հասնելու լրջագույն լծակներից մեկն է:

Պրն. Արծրունի, որքանո՞վ եք կարևորում, որ Ձեր ընտանիքը՝ փոքր եկեղեցին, լիարժեք մասնիկը դառնա Մայր եկեղեցու:

Երեխաներս Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում են մկրտվել, քաղաքում իրենց ամենասիրելի վայրն է եկեղեցու բակը և այս ամենն այնքան օրգանական է ու բնական: Մեր եկեղեցու տարածքի խաղաղությունն ու հանգստությունը, իրենց անդրադարձն ունենալով, ձևավորում են որոշակի բնույթ: Շատ հարցերում ես հանգիստ եմ, քանի որ երեխաները մեծանում են եկեղեցու պատերի ներքո, այսինքն՝ սրբազան տարածքում, դա շատ կարևոր է: Աչքի առաջ ոչ թե բռնություն է կամ ծեծկռտուք, այլ իրենց եկեղեցին է՝ սիրելի մի վայր, Աստծո Խորանը և իրենց Սուրբը, ինչպես իրենք են ասում՝ գնանք Սուրբի մոտ՝ Սբ. Անանիայի մոտ, մոմերը վերցնում են, վառում, ապա իջնում են մատուռ և իրենց ձևով աղոթում: Եկեղեցու տարածքում իրենք միայն բարի մարդկանց են հանդիպում, տեսնում են նաև հոգեկան ծանր և կարիքի մեջ գտնվող մարդկանց, սովորում են կարեկցել, իմանալով, որ սա էլ կա կյանքում և թե ինչպիսին պետք է լինի իրենց ինքնադրսևորումը նման երևույթների նկատմամբ:

Որքա՞ն հաճախ եք զրուցում Երկնավոր Տիրոջ հետ:

Մշտապես այդ վիճակի մեջ եմ և կարծում եմ միշտ էլ այդպես է եղել:

Իսկ Ձեր երգերով զրուցո՞ւմ եք Աստծո հետ՝ այդ զրույցին մասնակից դարձնելով նաև Ձեր ունկնդիրներին:

Հոգևոր երաժշտությունը դեպի Աստված տանող ամենակարճ ճանապարհն է: Այս ոլորտում մոտենում ես Աստծուն, և առարկայական ամեն ինչ կորցնում է իր նշանակությունը: Առաջին իմ հպումը հոգևոր երաժշտության ոլորտին եղել է «Նարեկ» արական երգչախմբում: Շնորհիվ խմբավար Մկրտիչ Մկրտչյանի՝ ես առիթ ունեցա ճանաչելու մեր հոգևոր երաժշտությունը՝ կատարելով մեսրոպյան և միջնադարյան շարականներ, Սբ. Պատարագի մի քանի տարբերակներ: Իմ իրական դաստիարակությունն ու հղկումն այդ առումով կայացավ այդ տարիներին, ինչը, փառք Աստծո, շարունակական է մինչ օրս: Ուսումնառությանս տարիներին հնարավոր էր հոգևոր երաժշտություն ունկնդրել միայն եկեղեցում՝ ժամերգություններին և Սբ. Պատարագին, բայց ուրիշ է, երբ դու լսողի դերում ես և ուրիշ է, երբ դու ես կատարում: Աստծուն առավել մոտ լինելու զգացումն ակնառու էր այն տարիներին, երբ զբաղվում էի Ասորական ուղղափառ եկեղեցու հոգևոր երաժշտության և մեսրոպյան շարականների շարքի մշակմամբ:

Արարիչն Աստված Իր նմանությունն ու պատկերը կրող մարդուն շնորհազարդել է նաև արարելու պարգևով, և արվեստն աստվածնմանության նշաններից մեկն է: Ըստ Ձեզ՝ ճշմարիտ ստեղծագործությունն ի՞նչ հիմք և ուղղություն պետք է ունենա:

Իհարկե, յուրաքանչյուր ստեղծագործող իր ստեղծագործությամբ որոշակի առումով մասնակից է լինում արարչագործությանը՝ ոչնչից ինչ-որ բան արարելով: Կարծում եմ, որ եթե ընդհանուր արվեստի առումով թերթենք և փորձենք ամբողջացնել մեր պատկերացումները համաշխարհային նմուշների օրինակներով, ապա տեսանելի կլինի արարչագործության գործոնի հսկայական լինելը այդ ստեղծագործություններում և՛ գեղագիտական, և՛ հոգևոր ու իմացաբանական իմաստներով: Բախի երաժշտությունը լսելիս, Միքելանջոյի նկարները կամ որևէ սրբապատկեր դիտելիս հասկանում ես, թե ստեղծագործողն ինչ մեխանիզմ և մոտիվացիա է ունեցել, ինչ դրդումով է արարել: Ինձ համար սա առավել հստակ չափանիշ է, երբ զգում եմ և տեսնում այդ հանգամանքը ստեղծագործության մեջ, հասկանում եմ, որ ստեղծագործողը ճիշտ հոգեկերտվածք ունի և ճիշտ հոգևոր ֆազայի մեջ է եղել: Այլ դրդումներ ևս կարող են լինել արվեստի մեջ, օրինակներ էլ կան ծայրահեղ դրդումներով՝ չարության, ատելության, բնականաբար, այս պարագայում ես չէի օգտագործի արարչագործություն և արարում բառերը: Այստեղ այլ ուժեր ու մեխանիզմներ են գործում և այլ հետևանքներ են: Բացի այն, որ ես ստեղծագործող եմ, նաև ունկնդիր եմ և արվեստասեր, կարծում եմ արվեստը ճիշտ ընկալելու համար, նաև կարևոր է այս բոլոր հանգամանքների մասին սկզբնական պատկերացում ունենալ: Ժամանակակից արվեստն շատ տարաբնույթ է իր տեսակների ու ֆորմաների մեջ և եթե չունես հիմնային պատկերացումներ, հնարավոր է, որ իրականում չընդունես ճշմարիտը: Այստեղ շատ կարևոր է ինքնակրթությունը, որի ընթացքի մեջ պետք է լինի ամեն մի հոգևոր էակ:

Ինչպե՞ս փոխանցել երեխաներին ճշմարիտ ստեղծագործության հիմքը կազմող սկզբնական պատկերացումները:

Արդեն տասնհինգ տարուց ավել է, ինչ համագործակցում եմ ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախմբի հետ և եթե ես սահմանափակվեմ նման օրինակներով, ես չեմ կարող ինձ թույլ տալ որևէ անհանգստություն ունենալ: Հոգևոր տարածքում դաստիարակություն ստացած երեխան որոշ չափով պաշտպանված է առարկայական և նյութական վտանգների ազդեցություններից, որոնց ճնշման տակ քանդվում են ընտանիքներ, լրջագույն պատկերացումներ, նույնիսկ ոմանք իրենց հավատքով ի վիճակի չեն լինում դիմակայելու այդ ճնշումներին: Արվեստն այն միջոցն է, որ թույլ է տալիս դիմակայել և խուսափել նմանատիպ ճնշումներից: Ընդհանուր առմամբ մենք մեծ ճանապարհ ունենք մթնոլորտը հոգևոր լիցքերով լցնելու համար, որի հետևանքը կլինի նաև մատաղ սերնդի ինքնակրթությունը, ուստի այս առումով շատ կարևոր է երեխաների հոգևոր դաստիարակությունը և ծնողների հոգևոր օրինակը:

Մշակի կարևոր առաքելությունն է ժամանակին սերմանել և մշակել՝ ստանալու համար սպասելի պտուղները: Հայ երգի անդաստանում որպես մշակ ի՞նչ եք սերմանում՝ ի՞նչ պտուղների ակնկալիքով:

Հայ երգը, իր ազդեցությամբ բաժանվելով երկու տեսակի, նախ հարց է առաջադրում, որի պատասխանն ինքդ պետք է գտնես, իսկ երկրորդ՝ այն ֆոլկլորից սկսած մինչև հոգևոր երաժշտություն և հեղինակային արվեստ հաստատում է որոշակի արժեհամակարգ, որի տարածքում գտնվող ունկնդրի համար բազմաթիվ դռներ բացվելու հնարավորություն է ստեղծվում: Սա, իհարկե, երգի ողջ տիրույթին չի վերաբերում, քանի որ բովանդակային մասն այդ տիրույթի քչաքանակ է: Ընդհանրապես բովանդակայինն որպես առաջնակարգային ընկալելը և ընդունելը դա կոմիտասյան մոտեցում է: Մանուկ Աբեղյանն իր հիշողություններում գրել է, որ Կոմիտասը հայ երգի հսկայական տարբերակներ է ունեցել և իր նկարագրությամբ մոտ քսանհինգ հազար երգ էր կուտակվել, որը պետք է զտվեր: Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվել է Կոմիտասը, դա հետևյալն էր. նա հրաժարվում էր այն երգից, որտեղ բովանդակություն չկար, որովհետև համարում էր, որ հայ երգն առաջին հերթին հիմնվում է լեզվամտածողության վրա, իսկ բովանդակությունը լեզվամտածողության առաջին դրսևորումն է: Եվ ըստ այդմ էլ, այս տեսանկյունից դիտարկելով, կարելի է որոշել, որ երգն է բովանդակային և ունի գեղարվեստական արժեք և որն է ապազգային: Իմ գեղագիտական տեսլականը կիսող մարդիկ են իմ ունկնդիրները, ուստի իմ և նրանց միջև մեծ տարբերություն չկա: Չափազանց թանկ է ինձ համար նման հանդիսատես ունենալը, ինչը կցանկանայի յուրաքանչյուր երաժշտի:

Պրն. Արծրունի Ձեր հեղինակային մեկնաբանությամբ չորս տարի առաջ հայոց ձայնադարանը համալրեցիք «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» շարականներով, որը հայ երաժշտության մեջ բազմաձայնեցման առաջին էլեկտրոնային սեմպլերային փորձն էր: Ինչո՞ւ ընտրեցիք հոգևոր երգի ակունքը:

Դեռևս «Նարեկ» արական երգչախմբի տարիներից այդ հետաքրքրությունը կար այն հոգևոր երգերի նկատմամբ, որ ստեղծվել էին հինգերորդ դարում մեր մեծագույն սրբերի՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սբ. Սահակ Պարթևի կողմից: Յուրաքանչյուր անգամ այս շարականները կատարելիս կամ լսելիս այն զգացողությունն է, որ ակունքի մոտ ես կանգնած: Այդ զգացողությունն անփոխարինելի է՝ գիտակցելով նաև, որ սա քո բնույթն է, քո էությունը ձևավորող հանգամանքներից մեկը: Այդ շարականների մշակմամբ զբաղվելու մտահղացումը վաղուց կար, բայց համարձակությունն երկար տարիների ընթացքում ձեռք բերվեց, քանի որ երաժշտական մոտեցման առումով մի քանի տարիների աշխատանք էր հարկավոր: Այդ փորձառությունն ինձ տվեց Ասորական ուղղափառ եկեղեցու երաժշտական ժառանգության հետ տարված աշխատանքը: Այժմ փորձում ենք իրականություն դարձնել «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» շարականների էլեկտրոնային տարբերակի կենդանի կատարումը կամերային նվագախմբի և ձայնի համար:

Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ հանրության համար օրինակելի մի տեսակ է ձևավորվել, որ բացառիկ երևույթ է մեր քաղաքում: Մեր եկեղեցու տիրույթում նույնիսկ անծանոթ մարդիկ են միմյանց հարազատանում, այսինքն՝ սրբավայրի շուրջ համախմբվել են մարդիկ, որոնց պետք չէ միմյանց որևէ բան բացատրել, նրանք նույն զգացողությունը, գիտակցությունն ու հոգևոր իդեաներն ունեն: Կայքի ընթերցողներին և համայնքին մաղթում եմ բարեկեցություն, քաջ առողջություն և հավատքի մեջ մեծ ամրություն:

 

Զրուցեց Կարինե Սուգիկյանը

05.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․