Գրքեր

Քրիստոնեությունը ոչ այնքան ուսմունք է, տեսություն, որքան՝ ապրելակերպ

Քրիստոնյայի համար առաջնագույն նպատակ է նմանվել իր Արարչին: Աստվածնմանության՝ կատարելության, ձգտողներին Տերն օգնում է և աստիճանաբար ավելի ու ավելի վեր՝ դեպի Իր մոտ, բարձրացնում: Սուրբ Գրքում Եկեղեցին հաճախ նմանեցվում է բարձր լեռան (Ես. 2:2-3, 11:1-10): Մկրտությամբ քրիստոնյա դարձած անձը մոտենում է լեռան ստորոտին, և նրա հետագա կյանքը կատարելության սանդուղքով մշտապես վեր բարձրանալն է: Սուրբ Գիրքը բազմիցս հաստատում է, որ փրկությունն անքակտելիորեն կապված է հոգու նորոգման հետ: Հոգու նորոգման ուղին քրիստոնյային պարգևում է դրախտային անասելի ուրախություն: Այդ պատճառով քրիստոնեությունը ոչ այնքան ուսմունք է, տեսություն, որքան՝ ապրելակերպ:

Հոգու նորոգման կարևորագույն միջոցներից է միմյանց հանդեպ սերը, ուշադրությունն ու հոգածությունը: Այդ միջոցը հերթական անգամ կյանքի կոչվեց, երբ սեպտեմբերի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, արցախյան վերջին պատերազմին մասնակից Համզոյան Անդրեյին (36 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Անդրեյը՝ որպես Հադրութի զորամասի հրամանատարի տեղակալ, արցախյան վերջին պատերազմին մասնակցել է Մարտունիում և հոկտեմբերի 31-ին ծանր վիրավորում ստացել: Նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել, կորցրել է մի աչքի տեսողությունը, իսկ մյուս աչքի տեսողությունը պահպանելու համար պետք է վիրահատության ենթարկվի: Անդրեյն իր կնոջ, երկու զավակների և ծնողների հետ, Հադրութից տեղափոխվելով, այժմ վարձակալությամբ բնակվում է Երևանում՝ Շիրազի 42, բն. 13 հասցեում: Համզոյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

Եկեղեցու հայրերից Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Ինչպես նորածինը հավիտյան նորածին չի մնում, այլ ամեն օր աճում է, բնության օրենքի համաձայն, մինչ հասունանալը, այնպես էլ ջրով և Սուրբ Հոգով վերստին ծնված քրիստոնյան չպետք է մնա հոգևոր մանկության մեջ: Այլ, ջանքերի, սխրանքների և երկայնմատության մեջ մնալով, պետք է ջանա հասնել հավատի չափահասությանը՝ Պողոս առաքյալի խոսքի համաձայն. «Եվ Նա Քրիստոսն էր, որ «պարգևներ բաշխեց մարդկանց», որպեսզի ոմանք լինեն առաքյալ, ոմանք՝ մարգարե, ոմանք՝ ավետարանիչ, ոմանք՝ հովիվ և ուսուցանող՝ պատրաստելու համար Աստծու ժողովրդին և նրանց դնելու Աստծու ծառայության մեջ, որպեսզի Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճի և զորանա, մինչև որ բոլորս հասնենք հավատի չափահասությանը, Քրիստոսի կատարյալ նմանությանը» (Եփես. 4:11-14):

 

Կարինե Սուգիկյան

29.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․