Գրքեր

Քրիստոնեությունը զարմանալի ստեղծագործական ուժ ունի

Հարցարզույց Ռուս Ուղղափառ եկեղեցու Ս. Կոզմա և Ս. Դամիանոս եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Իոհան Գուայտայի հետ

Դուք ուսումնասիրել եք հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ձեր աշխատությունները, մասնավորապես «Հարցազրույց Գարեգին Առաջինի հետ» գիրքը, թարգմանվել է 6 լեզուների: Ի՞նչ տեսակետից է Հայ Առաքելական եկեղեցին հետաքրքրում Ձեզ և աշխարհին:

Հայ Առաքելական եկեղեցին իրապես հետաքրքրում է թե ինձ և թե շատերին ողջ աշխարհում: Այն ամենահին եկեղեցիներից մեկն է և պահպանել է իր դիմագիծը, ինքնությունը: 20-րդ դարում ողջ աշխարհի աստվածաբանների համար գնալով ավելի հասկանալի դարձավ, որ չնայած քաղկեդոնական և ոչ-քաղկեդոնական եկեղեցիների դավանաբանական տարբեր ձևակերպումներին՝ հավատքը նույնն է: Շատերն են այդպես կարծում: Բոլորի համար պարզ դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցին դավանում է նույն հավատքն ի Քրիստոս՝ ինչպես Ռուս Ուղղափառ եկեղեցին և մյուս եկեղեցիները, որ Քրիստոս ճշմարիտ Աստված է և մարդ: Աստվածաբանական բոլոր տարաձայնությունները, որոնց պատճառով 1500 տարի շարունակ Հայ Առաքելական եկեղեցին անհիմն կերպով համարվում էր միաբնակ (մոնոֆիզիտ), մնացել են անցյալում:

Այնուամենայնիվ, դեռևս կան մարդիկ, ովքեր մինչ այժմ կարծում են, թե Հայ Առաքելական եկեղեցին միաբնակ է: Նրանք չգիտե՞ն, թե՞ չեն ցանկանում իմանալ ճշմարտությունը:

Բարդ հարց է: Անշուշտ, նախապաշարումները մեծ դեր են խաղում, և ինչպես հայտնի է, երկար կյանք ունեն: Դարեր շարունակ ընդունված էր Հայ Առաքելական եկեղեցին համարել միաբնակ: Հոգևորականներն իներցիայով շարունակում են այդպես անվանել՝ չվերանայելով իրենց դիրքորոշումը: Ցանկացած եկեղեցի պահպանողական է. հեշտ չէ վերանայել ունեցած դիրքորոշումը, վերաիմաստավորել:
Ի Քրիստոս հավատքի առումով Կաթոլիկ, Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև տարբերություններ չկան: Նույն ընդհանուր հավատքն է: Կան լեզվաբանական, պատմական և այլ տարբերություններ:
Նաև առանձնահատկություն կա: Հայ Առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, ունի իր ծեսերն ու ավանդույթները: Միասնության փնտրտուքը չպետք է վտանգի ինքնությունը, չպետք է նշանակի կորուստ: Ուղղափառ բոլոր եկեղեցիներն ազգային են, յուրաքանչյուրն ունի ոչ միայն իր ինքնուրույնությունը, այլև՝ ինքնությունը: Երբեմն նրանց միջև կան էական տարբերություններ պատարագի, ավանդույթների առումով:
Հայ Առաքելական եկեղեցին ինձ հետաքրքրում է որպես հին եկեղեցի, որը հավատարիմ է մնացել ինքն իրեն և ապրում ու գործում է արդի աշխարհում: Հայկական սփյուռքի շնորհիվ այն կյանքի արժեքավոր փորձ ունի ողջ աշխարհում և ամենուր պահպանում է իր դիմագիծը:

Արտերկրում ի՞նչ արձագանք ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք տեղի ունեցան Հայաստանում: Արդյո՞ք պետք է շարունակել պնդել, որ մյուս երկրներն էլ ճանաչեն ցեղասպանությունը:

Անցյալ տարի միջազգային հանրության ուշադրությունը սևեռվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սակայն այն փաստը, որ 100-ամյա տարելիցը նշվեց, դեռևս չի նշանակում, թե այդ հարցն այլևս օրակարգում չէ: Ընդհակառակը, 100-ամյա տարելիցը կարող է նշանավորել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցին գիտական մոտեցման նոր սկիզբ: Պետք է շարունակել ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, գրել այդ մասին:
Անշուշտ, պետք է հասնել Թուրքիայի և համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ընդունմանը: Բայց ոչ միայն այդքանը: Պետք է մանրակրկտորեն և հնարավորինս գիտականորեն ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում և Մերձավոր Արևելքի մյուս երկրներում, ցավոք, շատ նման է 1915թ. Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին: Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Արդեն ասվել է, որ եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը խիստ դատապարտվեր, չէին լինի հոլոքոսթը, 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությունը: Կարևոր է չսահմանափակվել 100-ամյա տարելիցով, կանգ չառնել: Շատ կարևոր էր ցեղասպանության զոհերի սրբադասումը՝ կատարված Հայ Առաքելական եկեղեցու կողմից:

Ձեր «Ճիչ Արարատից» գրքում Դուք գրել եք, թե Հայաստանին երբեմն դատապարտում են այն բանի համար, որ լինելով քրիստոնեությունը պետական ազգային կրոն հռչակած առաջին երկիր՝ չի ներում Թուրքիային գործած հանցանքի համար: Գրքում ցույց եք տալիս, որ դժվար է ներել, քանի դեռ Թուրքիան Հայաստանից ներում չի հայցել: Մեր օրերում ադրբեջանցիները կրկին խախտեցին խաղաղությունն Արցախում, հարձակվեցին հայերի վրա: Որպես հոգևորական՝ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Ինչպե՞ս պայքարել չարի դեմ:

Ոչ մի եկեղեցի չի ժխտում, որ երբ հարձակվում են հայրենիքի վրա, կարելի է պաշտպանվել: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հարձակմանը՝ մինչ այժմ ագրեսիայի իմաստը չեմ տեսնում, այն թեթևամտություն և հիմարություն էր: Ադրբեջանցիների կողմից շատ պարզունակ քայլ էր Արցախը վերադարձնելու փորձը: Հուսանք՝ ռազմական գործողությունները չեն շարունակվի: Պետք է աշխատել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, որպեսզի Արցախը լեգիտիմ կարգավիճակ ունենա:

Ինչպիսի՞ն է քրիստոնյա աշխարհն այսօր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն քրիստոնյաների միասնության, համախմբման: Արդյո՞ք բոլոր քրիստոնյաների միավորման կարիք կա:

Հայր Աստծուն ուղղված Իր վերջին աղոթքներից մեկում Քրիստոս ասաց. «…Աղաչում եմ … որպեսզի ամենքը մի լինեն, ինչպես Դու, Հայր, իմ մեջ, և Ես՝ Քո մեջ…» (Հովհ. 17:20-21)
Միասնության ձգտումը ոչ միայն հնարավոր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, այլև՝ ուղղակի պատասխան այդ աղոթքին:
Երբեմն, հատկապես Ռուս Ուղղափառ եկեղեցում, էկումենիզմի հանդեպ հստակ վախ կա: Ոմանք չիմացության արդյունքում վտանգավոր են համարում էկումենիկ երկխոսությունը: Դա, անշուշտ, տգիտությունից է գալիս: Քրիստոնյաների համար միասնության ձգտումը ոչ միայն հնարավոր է, այլև՝ անհրաժեշտ:
Այս տարի Ռուս Ուղղափառ եկեղեցու համար կարևոր էր Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի հանդիպումը Հռումի պապի հետ Կուբայում: Դա մեծ իրադարձություն է, որը կրկին պահանջում է հարբերությունների շարունակություն: Իհարկե, սկսվել է պատվիրակությունների փոխանակում, նաև այլ նախաձեռնումներ կան: Մեկ այլ կարևոր իրդարձություն է առաջիկա համաուղղափառ ժողովը (հավաքը):
Շատ ուրախալի իրադարձություն է Հռոմի պապի այցը Հայաստան: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, թե Հայ Առաքելական եկեղեցին շատ ավելի պարզ ու բաց վերաբերմունք ունի բոլոր եկեղեցիների հետ երկխոսության հանդեպ: Միգուցե դարեր շարունակ որոշակիորեն մեկուսացված լինելուց է, որ հայերը սովորել են երկխոսություն վարել: Ասեմ, որ Ռուս եկեղեցում այդպես չէ: Մեզ մոտ բավական ուժեղ են որոշակի հոսանքներ, որոնք դեմ են ցանկացած երկխոսության:
Իհարկե, միջեկեղեցական երկխոսություն վարելը չի նշանակում, թե մեր միջև որևէ տարբերություն չկա: Դեռևս պետք է հասնել լիակատար միասնության, սակայն դրան կարելի է հասնել հենց երկխոսությամբ:
21-րդ դարում համացանցը մարդկանց միավորել է տեղեկատվության տեսակետից: Իսկ քրիստոնյաները մինչ օրս չեն սիրում միմյանց, դատապարտում են միմյանց: Դա անհեթեթություն է:

Արդյո՞ք տարբերություն կա Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների խնդիրների, նրանց դիմագրաված մարտահրավերների միջև:

Մեծ հաշվով խնդիրները միանման են: Հսկայական խնդիր է ամեն ինչ ժխտող ծայրահեղ աշխարհականությունը, բարոյական ռելյատիվիզմը (հարաբերականապաշտությունը), երբ ամեն ոք ցանկանում է ինքնուրույն որոշել, թե որն է բարին և որը՝ չարը: Բնականաբար, ճշմարիտ քրիստոնյան ադպես չի մտածում: Կա օբյեկտիվ բարին և օյեկտիվ չարը: 
Մեկ այլ խնդիր էլ քրիստոնեության և քիրստոնյաների հանդեպ վախը, ֆոբիան է: Վերոհիշյալ խնդիրներն ընդհանուր են բոլոր քրիստոնյաների համար: 
Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիներն ունեն ևս մեկ ընդհանուր խնդիր՝ հետխորհրդային համախտանիշը: Դեռևս իներցիայով շարունակվում են ինչ-ինչ երևույթներ, որոնք բնորոշ էին խորհրդային ժամանաշրջանին և որոնցից ձերբազատվելն այդքան էլ դյուրին չէ: Օրինակ՝ հաճախ է պատահում, որ մարդիկ պատասխանատվության զգացում չունենան. այդ առումով նրանց մտածելակերպը և վարքն ինֆանտիլ, մանկամիտ բնույթ ունի: Ճանապարհները, մետրոպոլիտենը, տրասպորտային միջոցները, այսինքն՝ այն ամենն ինչ ընդհանուր է, ոչ մեկինը չէ: Անխոս, դա դաստիարակության խնդիր է: Եվ այստեղ է, որ կարևոր է եկեղեցու դերը: Հասարակության համար եկեղեցին ասես կողմնացույց լինի. այն ուղղություն է ցույց տալիս:

Ձեր կարծիքով քրիստոնյան կարող է փոխվել երկու հազարամյակի ընթացքում:

Քիրիստոնյան շատ կարևոր մի բան է բերում աշխարհ: Դա Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսն է այն մասին, որ Նա հաղթեց մահին: Սակայն Նա հաղթեց մահին հանուն մեզ բոլորիս: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ աշխարհը դա ընկալում է: Նույնիսկ այսպես կոչված քրիստոնյա երկրները և ազգերը հաճախ վախենում են այդ ճշմարտությունից: Մինչդեռ մենք չենք կարող մեզ քրիստոնյա համարել միայն որովհետև հայ ենք, ռուս, կամ ասենք, իտալացի: Մենք քրիստոնյա ենք, եթե քրիստոնյային վայել կյանք ենք վարում:

Ո՞րն է Ձեր մաղթանքը մեր կայքի ընթերցողներին:

Գիտակցել և լինել Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակներ: Հասկանալ, որ այն ինչ անում է քրիստոնյան, չափազանց կարևոր է, սակայն պահանջում է ջանք, պատասխանատվություն, ամենօրյա հերոսություն, ստեղծագործական աշխատանք, եռանդ: Քրիստոնությունը զարմանալի ստեղծագործական ուժ ունի:

 Զրուցեց Էլիզա Մանուկյանը

 

Սկզբնաղբյուր՝ www.qahana.am

 

08.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․